Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/«Մայր Հայաստան» ռազմական թանգարան/Երվանդ Սաղումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երվանդ Արտուշի Սաղումյան Q53035874[խմբագրել կոդը]

Պապ, էդ սարերը ես տուն եմ բերելու…

Երվանդ Սաղումյան․ հայրենիքի նվիրյալ, մարտիկ, առաջնորդ, մարդ, ում երակներում հոսում էին զեյթունցի ու տավուշցի պապերի հերոսական արյունը՝ կորուստների, զրկանքների ցավով ու հետագա հաղթանակների անկոտրում կամքով շաղախված։ Խորհրդային Հայաստանում ծնված և հերոս նախնիներ ունեցող ծնողների ընտանիքում մեծացած Երվանդին հերոսի կոչումը պատգամված էր դեռ մանկուց։ Մինչև 1988 թվականի փետրվարի 20-ը դեռ երեսուն տարի կար․․․ սակայն իր ծննդյան հենց առաջին օրը Երվանդը հաստատեց, որ ինքն է լինելու հայոց նորօրյա անկախության պայքարի առաջամարտիկներից մեկը։ Դեռևս մանկության և պատանեկության տարիներին Երվանդն առանձնանում է հասակակիցներից․ նորանոր գիտելիքներ ձեռք բերելու անհագ ցանկությամբ տոգորված՝ ուսման մեջ նա աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ, բայց և մեծ սեր ուներ նաև սպորտի նկատմամբ․ հմուտ լողորդ էր, առագաստանավային սպորտի իսկական նվիրյալ։ Նրա համար չկար ուրիշի հոգս․ կնետվեր յուրաքանչյուրի համար։ 12 տարեկան էր, երբ հմուտ լողորդի մարդասեր պատանու խիզախությունն ուղղորդեց նրան կատարելու իր՝ երեք տասնյակից քիչ ավել տևած կյանքի առաջին սխրանքը․ փրկեց Սևանա լճում խեղդվող երեխային։ Դա առաջին քննությունն էր, որին հաջորդեցին բազմաթիվ ուրիշները։ Դեռևս 4-րդ դասարանում Երվանդի ռուսաց լեզվի ուսուցչուհի, պայծառատեսի մարգարեական ձիրքով աչքի չընկնող Գալինա Մարտիրոսովան մորն ասել էր․

«Ваш сын будет героем»… հիրավի… նա ճիշտ էր:

Հայաստանում և ողջ Խորհրդային Միությունում խաղաղություն էր, և ոչ մեկի մտքով չեր կարող անցնել, որ հզոր ԽՍՀՄ-ում կարող էր զինված խմորումներ սկսվել, անկախանալու ցանկություններ կծնվեն։ Երվանդն այն առաջիններից էր, ով բռունցք արած դուրս եկավ Ազատության հրապարակ։ Անկախ Հայրենիք տենչալու անհագ մղումով եռանդուն մասնակցում էր փետրվարյան խաղաղ ցույցերին ու հանրահավաքներին, սակայն սումգայիթյան եղեռնը բեկումնային եղավ նրա կյանքում․ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողության ներկա սգակիր բազմությունը շանթահար եղավ Երվանդի կոչից՝ <<Ի զեն>>։ Ինքն առաջինը հետևից իր կոչին և դարձավ նորաստեղծ կամավորական ջոկատի անդամ։

Հերոս նախնիների արյան կանչն ու Հայրենիքի կարոտը սրտում պահած պապին տված խոստումը` <<Պապ, էդ սարերը ես տուն եմ բերելու…>>, Երվանդին մղեցին Արցախյան ազատամարտի մարտի դաշտ:

Ոչ պրոֆեսիոնալ զինվորականներով ստեղծված ազգանվեր հայորդիներից կազմված կամավորական ջոկատների խոցելի տեղն աղքատիկ սպառազինությունն էր։ Այստեղ ևս Երվանդն իր անգնահատելի լուման ներդրեց։ Նա հմուտ մեխանիկ էր․ ձեռնամուխ եղավ ինքնաշեն զենքերի պատրաստմանը։ Նա այդ գործում էլ էր բարձր պրոֆեսիոնալ, և ընկերների հավաստմամբ նրա զենքերը հուսալիությամբ գրեթե չէին զիջում գործարանային արտադրանքին։ Անչափելի էր նաև Երվանդի գործած սխրագործություններից հերթականը․ երբ նա Կոռնիձորի պաշտպաններին սպառազինությամբ ապահովելու համար սահմանապահ զորքերի զինապահեստներից կարողացավ դուրս բերել մեծ քանակությամբ զինամթերք, ինքնաձիգեր, գնդացիրներ և անգամ զենիթային հրանոթ։

Հայրենիքի հանդեպ ունեցած անսահման նվիրումով և ազատագրված Արցախ տեսնելու անհագ ցանկությամբ ու անձնվիրումով Երվանդը մասնակցեց Կոռնիձորում, Սոֆլույում, Ոսկեպարում, Պառավաքարում, Սևակավանում և Քյարքիում մղվող մարտերին, մինչև 1990 թվականի հունվարի 20-ը․․․ Այդ օրը սանձարձակ թշնամին կրակի ճիրանների մեջ էր վերձրել Երասխավանը։ Հայրենիքը պաշտպանելու էր եկել հայազգի երիտասարդների սերուցքը․ նրանք, ովքեր Երվանդի պես և Երվանդի հետ հաճախ էին կռվում։

<<Տես, ինչ Հայաստան ենք կերտելու…>>: Այս միտքը հանգիստ չէր թողնում ազատ, անկախ և հայրենակիցներով լեցուն Հայրենիք կերտելու ձգտում ունեցող հայկյան կորյուններին, ովքեր անտեսում էին ֆիզիկական ցավն ու նորից նետվում մարտի դաշտ: Մորը տված խոստումը` ազատագրել Զեյթունը և նրան տանել նախնյաց բնօրրանը, ցավոք, դատապարտված էր իրականություն չդառնալու: Մահագույժ բոթը ցնցեց զինակից եղբայրներին` <<Մովսեսին խփեցին>>: Չգրված ու անարդար կանոններից մեկն էր գործել` առաջին գնդակը միշտ դրոշակակրին է խոցում: Բաց տարածքը անդադար պատվում էր թշնամու կողմից անկանոն արձակած գնդակներով: Մովսեսին մոտենալն այդ իրավիճակում կնշանակեր մահ: Այդ ամենի քաջ գիտակցումով Երվանդն անվարան նետվեց Մովսեսին օգնելու, սակայն թշնամու թափառող գնդակը մահացու վիրավորեց հայորդուն, ով գետնատարած ընկավ Մովսեսի կողքին, և թաղվեց նրա կողքին:

Երվանդին հրաժեշտ տալու օրը, արցունքն աչքերին, մորմոքը` սրտում, հավերժության ու փառքի ճամփան բռնած իրենց զինակից եղբորը խոստացան. <<Երվանդ ջան, մեր գործով մենք հավերժ կպահենք քո անունը, այն բարձունքը, որին դու չհասար, խոստանում ենք` անպայման հասնելու ենք…>>:

Մարտընկերները պահեցին հերոսին տված խոստումը․ այսօր՝ ազատ Արցախ աշխարհ ունենք։

Այժմ Երվանդը, իր պապերի կարոտին մնացած, Ծիծեռնակաբերդի բարձրունքից նայում է Մասիսի գագաթին՝ մտովի հասնելով Զեյթուն՝ Տավրոսի կեռներին փարվելու․․․

2018 թվականի փետրվարի 20․․․ այդ օրը մեծն հայրենասերը կդառնար 60 տարեկան։ Մեծ հպարտության և երախտագիտության զգացումով են Երվանդին ճանաչողներն ու անծանոթները նշում նրա սխրանքների ու վերմարդկային արարքների մասին՝ հավերժականների շարքը դասելով ազգանվեր հայորդուն, ինքնազոհ ընկերոջը և պարզապես՝ լավ մաևդուն։

Ներկայումս Երվանդի պայծառ անունը մեծ հպարտությամբ կրում է նրա եղբորորդին՝ որպես կյանքի շարունակականություն և մարդկային ոգու անմահության անխոս ապացույց։

Պարգևատրվել է ՀՀ << Արիություն>> մեդալով:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]