Jump to content

Վիքիպեդիա:Շահերի բախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանոնակարգի հապավում:

Շահերի բախմամբ (ՇԲ) խմբագրումը ենթադրում է ներդրում այնպիսի հոդվածներում, որոնք վերաբերում են հենց ձեզ, ձեր ընտանիքին, ընկերներին, հաճախորդներին, գործատուներին կամ ձեր ֆինանսական և այլ փոխհարաբերություններին։ Ցանկացած արտաքին փոխհարաբերություն կարող է առաջացնել շահերի բախում։ Շահերի բախում ունենալը իրավիճակի նկարագրություն է, այլ ոչ թե դատողություն տվյալ անձի կարծիքների, ազնվության կամ բարեխղճության վերաբերյալ։

ՇԲ խմբագրումը Վիքիպեդիայում չի խրախուսվում: Այն թուլացնում է հանրության վստահությունը Վիքիպեդիայի նկատմամբ: ՇԲ ունեցող մասնակիցները երբեմն չեն գիտակցում, թե արդյոք դա ազդել է իրենց խմբագրումների վրա կամ որքանով է ազդել: Եթե շահերի բախմամբ խմբագրումը հանգեցնում է նախագծի բնականոն աշխատանքի խաթարման, ադմինիստրատորը կարող է արգելափակել ներգրավված մասնակցային հաշիվները:

ՇԲ ունեցող մասնակիցներին խորհուրդ չի տրվում ուղիղ խմբագրել առնչվող հոդվածները. դրա փոխարեն նրանք կարող են փոփոխություններ առաջարկել հոդվածի քննարկման էջում՝ պարտադիր նշելով, որ ունեն ՇԲ տվյալ թեմայի հետ:

ՇԲ խմբագրումն ուսումնասիրելիս չի կարելի բացահայտել մասնակիցների ինքնությունը հակառակ նրանց կամքի: Վիքիպեդիայի՝ Հալածանքների դեմ քաղաքականությունը, և մասնավորապես՝ անձնական տվյալների հրապարակման արգելքը, գերակայում են սույն ուղեցույցի նկատմամբ: ՇԲ խմբագրման մասին զեկուցելու համար հետևեք «Ինչպես վարվել շահերի բախման դեպքում» բաժնի խորհուրդներին:

Վիքիպեդիայի դիրքորոշումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հանրագիտարան՝ Վիքիպեդիայի առաքելությունն է հանրությանը տրամադրել հոդվածներ, որոնք ամփոփում են ընդունված գիտելիքները՝ շարադրված չեզոք տեսակետից և հիմնված վստահելի աղբյուրների վրա։ Ընթերցողն ակնկալում է գտնել անկախ հոդվածներ, որոնք գրված են իրենց նյութից (թեմայից) անկախ, այլ ոչ թե կորպորատիվ կամ անձնական էջեր, գովազդային հարթակներ կամ ինքնախթանման միջոցներ։ Հոդվածները պետք է պարունակեն միայն այնպիսի նյութեր, որոնք համապատասխանում են Վիքիպեդիայի բովանդակային կանոնակարգերին ու լավագույն փորձին, իսկ մասնակիցները պետք է հանրագիտարանի և ընթերցողների շահերը վեր դասեն անձնական հետաքրքրություններից։

Շահերի բախմամբ խմբագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահերի բախում (ՇԲ) ունեցող մասնակիցները պետք է խստորեն հետևեն Վիքիպեդիայի կանոնակարգերին և լավագույն փորձին.

  • դուք պետք է բացահայտեք ձեր ՇԲ-ն, երբ առնչվում եք համապատասխան հոդվածներին,
  • ձեզ խստորեն խորհուրդ չի տրվում ուղիղ խմբագրել այդ հոդվածները։

Նկատի ունեցեք, որ Վիքիպեդիայում որևէ մեկը չի վերահսկում (չի տնօրինում) հոդվածները: Եթե Վիքիպեդիայում առկա է հոդված ձեր կամ ձեր կազմակերպության մասին, այլ մասնակիցներ կարող են ավելացնել տեղեկություններ, որոնք հակառակ դեպքում կարող էին քիչ հայտնի մնալ: Նրանք կարող են նաև որոշել ջնջել հոդվածը կամ պահպանել այն, եթե նույնիսկ դուք հետագայում ջնջման հայտ ներկայացնեք: Լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այն ընկերություններին, որոնք զբաղվում են Վիքիպեդիայում շահերի բախմամբ խմբագրումներով, ինչը հանգեցրել է տվյալ կազմակերպությունների հեղինակության անկմանը և անհարմար իրավիճակների:

Ինչպես բացահայտել ՇԲ-ն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնակարգի հապավում:

Ընդհանուր շահերի բախում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե խմբագրում եք մի թեմա, որի հետ ունեք շահերի բախում, խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ հոդվածում ուղիղ փոփոխություններ կատարելուց: Դրա փոխարեն կարող եք օգտվել հետևյալ տարբերակներից.

  • Բացահայտեք շահերի բախումը. միշտ տեղյակ պահեք այլ մասնակիցներին ձեր կապի մասին՝ անկախ նրանից, թե որտեղ է տեղի ունենում քննարկումը: Դա կարող եք անել հոդվածի քննարկման էջում կամ ձեր մասնակցային էջում:
  • Առաջարկեք փոփոխություններ. հոդվածն ինքնուրույն խմբագրելու փոխարեն՝ ձեր առաջարկները ներկայացրեք հոդվածի քննարկման էջում:
  • Հիմնավորեք. ձեր առաջարկները շարադրեք հնարավորինս չեզոք և կցեք ստուգելի աղբյուրներ: Եթե առաջարկը պատշաճ է, այլ խմբագիրներն այն սովորաբար կիրականացնեն ձեր փոխարեն:

Օրինակ. Սթիվ Ջոբսի հոդվածի քննարկման էջի այս խմբագրման մեջ մասնակիցներից մեկն ավելացրել է շահերի բախման (ՇԲ) բացահայտում մի այլ մասնակցի համար:

Ի՞նչ է շահերի բախումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնակարգի հապավում:

Արտաքին դերեր և փոխհարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում խմբագրելիս մասնակցի հիմնական դերը հանրագիտարանի շահերին նպաստելն է: Երբ որևէ արտաքին դեր կամ փոխհարաբերություն կարող է ողջամտորեն վտանգել այդ հիմնական դերը, մասնակիցը հայտնվում է շահերի բախման իրավիճակում: Դա նման է այն դեպքին, երբ դատավորի՝ որպես անկողմնակալ իրավարարի հիմնական դերը կասկածի տակ կդրվեր, եթե նա ամուսնացած լիներ կողմերից մեկի հետ:

Ցանկացած արտաքին փոխհարաբերություն՝ անձնական, կրոնական, քաղաքական, ակադեմիական, իրավական կամ ֆինանսական, կարող է առաջացնել շահերի բախում: Թե որքան մոտ պետք է լինի այդ կապը, որպեսզի այն խնդրահարույց համարվի Վիքիպեդիայում, որոշվում է առողջ դատողությամբ: Օրինակ՝ երաժշտական խմբի մասին հոդվածը չպետք է գրվի այդ խմբի մենեջերի կողմից, իսկ կենսագրությունը չպետք է լինի ինքնակենսագրություն կամ գրվի տվյալ անձի ամուսնու կողմից: Շահերի բախում կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ խմբագրումն իրականացվում է հոդվածի սուբյեկտի մրցակցի կամ հակառակորդի անունից՝ ճիշտ այնպես, ինչպես հենց սուբյեկտի անունից գրելիս:

Ոլորտի մասնագետները (փորձագետները) ողջունելի են Վիքիպեդիայում իրենց մասնագիտական տիրույթներում՝ պայմանով, որ հետևեն ֆինանսական շահերի բախման և սեփական աշխատանքների մեջբերման վերաբերյալ ստորև տրված ուղեցույցներին: Ակնկալվում է, որ փորձագետները հետևողական կլինեն, որպեսզի իրենց մասնագիտական ոլորտում ունեցած արտաքին դերերն ու կապերը չհակասեն Վիքիպեդիայում իրենց ստանձնած հիմնական դերին:

ՇԲ-ն պարզապես կողմնապահություն չէ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահերի բախման առկայության փաստումը իրավիճակի նկարագրություն է։ Այն դատողություն չէ տվյալ անձի մտադրությունների կամ ազնվության վերաբերյալ։ Շահերի բախումը կարող է գոյություն ունենալ նույնիսկ կողմնակալության բացակայության դեպքում, իսկ կողմնակալությունը հաճախ դրսևորվում է առանց շահերի բախման։ Համոզմունքներն ու ցանկությունները կարող են հանգեցնել կողմնակալ խմբագրման, սակայն դրանք ինքնին շահերի բախում չեն հանդիսանում։ ՇԲ-ն բխում է մասնակցի ստանձնած դերերից ու փոխհարաբերություններից, ինչպես նաև կողմնակալության հակվածությունից, որը, ենթադրաբար, ի հայտ է գալիս, երբ այդ դերերն ու հարաբերությունները հակասության մեջ են մտնում։

Ինչո՞ւ է շահերի բախումը խնդիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնակարգի հապավում:

Վիքիպեդիայում շահերի բախում ունեցող այն խմբագիրները, որոնք միակողմանիորեն նյութեր են ավելացնում, հակված են խախտելու Վիքիպեդիայի բովանդակային և վարքագծային կանոնակարգերն ու ուղեցույցները: Նրանց ավելացրած բովանդակությունը սովորաբար լինում է առանց աղբյուրների կամ թույլ աղբյուրներով և հաճախ խախտում է չեզոք տեսակետի կանոնակարգը՝ լինելով գովազդային և բաց թողնելով բացասական տեղեկատվությունը: Նրանք կարող են ներգրավվել խմբագրական պատերազմի մեջ՝ իրենց արտաքին շահերին ծառայող բովանդակությունը պահպանելու համար: Նման մասնակիցները կարող են չարաշահել առաջնային աղբյուրները կամ կախյալ աղբյուրները, ինչպես նաև կարող են չափազանց մեծ կշիռ տալ որոշակի գաղափարների:

Իրական, պոտենցիալ և առերևույթ ՇԲ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնակարգի հապավում:

Իրական ՇԲ առկա է այն դեպքում, երբ մասնակիցն ունի շահերի բախում որոշակի դատողության (որոշման) հարցում և գտնվում է մի իրավիճակում, որտեղ այդ դատողությունը պետք է կիրառվի:

  • Օրինակ. Բիզնեսի սեփականատերն ունի իրական ՇԲ, եթե խմբագրում է այդ բիզնեսի մասին հոդվածները կամ մասնակցում է դրանց վերաբերյալ քննարկումներին:

Հնարավոր (պոտենցիալ) ՇԲ առկա է այն դեպքում, երբ մասնակիցն ունի շահերի բախում որոշակի դատողության հարցում, սակայն չի գտնվում այնպիսի իրավիճակում, որտեղ այդ դատողությունը պետք է կիրառվի:

  • Օրինակ. Բիզնեսի սեփականատերն ունի հնարավոր ՇԲ տվյալ բիզնեսի մասին հոդվածների և քննարկումների նկատմամբ, սակայն նա չունի իրական ՇԲ, քանի դեռ հեռու է մնում այդ էջերից:

Առերևույթ (երևացող) ՇԲ առկա է այն դեպքում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ մասնակիցն ունի շահերի բախում:

  • Օրինակ. Մասնակիցներն ունեն առերևույթ ՇԲ, եթե խմբագրում են որևէ բիզնեսի մասին հոդված, և ինչ-ինչ պատճառներով տպավորություն է ստեղծվում, թե նրանք տվյալ բիզնեսի սեփականատերն են կամ կապի մեջ են սեփականատիրոջ հետ, թեև իրականում կարող են որևէ նման կապ չունենալ: Առերևույթ ՇԲ-ն առաջացնում է համայնքի մտահոգությունը և հնարավորության դեպքում պետք է հարթվի քննարկման միջոցով:

ՇԲ այլ կատեգորիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավ, քաղաքական գովազդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնակարգի հապավում:

Գործունեությունը, որը ներսից պարզապես ընկալվում է որպես «իրազեկվածության բարձրացում», արտաքին աշխարհի կողմից կարող է դիտարկվել որպես գովազդ կամ քարոզչություն։ Եթե դուք խմբագրում եք հոդվածներ՝ միաժամանակ ներգրավված լինելով նույն ոլորտի որևէ արշավում, դուք կարող եք հայտնվել շահերի բախման իրավիճակում։ Քաղաքական թեկնածուներն ու նրանց աշխատակազմի ներկայացուցիչները չպետք է խմբագրեն իրենց, իրենց աջակիցների կամ մրցակիցների մասին հոդվածները։ Պետական ծառայողները չպետք է խմբագրեն իրենց գերատեսչությունների, կառավարության, քաղաքական կուսակցության, քաղաքական հակառակորդների կամ քաղաքական վիճահարույց թեմաների վերաբերյալ հոդվածները։

Գրել քո, ընտանիքի, ընկերների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնակարգի հապավում:

Դուք ընդհանուր առմամբ պետք է ձեռնպահ մնաք ձեր կամ ձեր ծանոթների մասին (լինեն նրանք ողջ, թե մահացած) հոդվածներ ստեղծելուց: Եթե դուք անձնական կապ ունեք որևէ թեմայի կամ անձի հետ, որի մասին արդեն իսկ կա հոդված, ձեզ խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ այդ հոդվածը խմբագրելուց և ամբողջությամբ բացահայտել այդ կապը, եթե մեկնաբանություն եք թողնում հոդվածի քննարկման էջում կամ այլ քննարկումներում:

Ինքդ քեզ մեջբերելը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնակարգի հապավում:

Ձեր կողմից գրված կամ հրատարակված նյութերի օգտագործումը թույլատրելի է ողջամտության սահմաններում, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք տեղին են, համապատասխանում են բովանդակային կանոնակարգերին և չափազանց մեծ ծավալ չեն կազմում: Մեջբերումները պետք է կատարվեն երրորդ դեմքով և չպետք է անհարկի շեշտադրում կատարեն ձեր աշխատանքի վրա: Դուք էջի խմբագրումների պատմության մեջ մշտապես կնույնականացվեք որպես այն անձը, որն ավելացրել է մեջբերում սեփական աշխատանքից:

Կասկածի դեպքում ապավինեք համայնքի կարծիքին. առաջարկեք խմբագրումը հոդվածի քննարկման էջում և թույլ տվեք, որ այլ մասնակիցներ վերանայեն այն: Այնուամենայնիվ, սեփական հրատարակած աշխատանքներին բազմաթիվ հղումներ ավելացնելը՝ առանց այլ հետազոտողների աշխատանքները հաշվի առնելու, դիտվում է որպես սպամի տեսակ:

Մշակութային ոլորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանների համակարգողները, գրադարանավարները, արխիվագետները և նմանատիպ մասնագետները խրախուսվում են օգնել Վիքիպեդիայի բարելավմանը կամ կիսվել իրենց տեղեկատվությամբ՝ իրենց ռեսուրսներին հղումներ կատարելու միջոցով: Եթե հղումը չի կարող օգտագործվել որպես հավաստի աղբյուր, այն կարող է տեղադրվել «Գրականություն» կամ «Արտաքին հղումներ» բաժիններում, եթե համապատասխանում է արտաքին հղումների ուղեցույցին: Նկատի ունեցեք նաև, որ Վիքիպեդիան հղումների, պատկերների կամ մեդիաֆայլերի հայելի կամ շտեմարան չէ:

Ինչպես կարգավորել շահերի բախումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդել շահերի բախման մասին հայտարարությունների տախտակին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե կարծում եք, որ մասնակիցն ունի չբացահայտված շահերի բախում (ՇԲ) և խմբագրում է սույն ուղեցույցի խախտմամբ, ապա հարցը բարձրացրեք հարգալից կերպով տվյալ մասնակցի քննարկման էջում: Սա մասնակիցների վարքագծի հետ կապված խնդիրների լուծման առաջին քայլն է՝ համաձայն վեճերի լուծման կանոնակարգի, հղում անելով սույն ուղեցույցին: Եթե դա չի լուծում խնդիրը (օրինակ՝ երբ մասնակիցը տևական ժամանակ պարբերաբար ավելացնում է խնդրահարույց նյութեր), ապա քննարկում բացեք Ադմինիստրատորների տեղեկատախտակում: Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ՇԲ-ն բացահայտված է, բայց խնդիրներ է առաջացնում. օրինակ՝ երբ Ապրող անձը խմբագրում է իր սեփական կենսագրությունը:

Ադմինիստրատորների տեղեկատախտակում խուսափեք տվյալ մասնակցի, նրա դրդապատճառների կամ հոդվածի սուբյեկտի հասցեին արվող արժանապատվությունը նվաստացնող դիտողություններից: Ներկայացրեք ՇԲ-ի առկայությունը կամ դրա պատճառով առաջացած խնդիրը հիմնավորող ցանկացած հանրային ապացույց՝ տվյալ մասնակցի կատարած խմբագրումների կամ իր մասին հրապարակած տեղեկությունների տեսքով: Մի՛ հրապարակեք անձնական (մասնավոր) տեղեկություններ։

Խուսափեք ինքնության բացահայտումից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահերի բախմամբ խմբագրումներն ուսումնասիրելիս հալածանքների դեմ կանոնակարգը ունի գերակա ուժ։ Այն պահանջում է, որ վիքիպեդիացիները չբացահայտեն խմբագիրների ինքնությունը հակառակ նրանց կամքի։ Դրա փոխարեն ուսումնասիրեք խմբագիրների վարքագիծը և, անհրաժեշտության դեպքում, խորհուրդ հարցրեք էլեկտրոնային փոստի միջոցով։ Մի՛ հարցրեք մասնակցին՝ արդյոք նա հանդիսանում է այս կամ այն անձը. փոխարենը կարող եք հարցնել՝ արդյոք նա ունի չբացահայտված կապ տվյալ անձի հետ։

Մեկ նպատակ հետապնդող հաշիվներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնակարգի հապավում:

Այն հաշիվները, որոնք ակնհայտորեն մեկ նպատակ հետապնդող են և ստեղծվել են բացառապես կամ գերազանցապես որևէ անձի, ընկերության, արտադրանքի, ծառայության, կայքի կամ կազմակերպության գովազդման (PR) կամ վարկաբեկման նպատակով, և որոնց գործողություններն ակնհայտորեն խախտում են սույն ուղեցույցը, պետք է տեղեկացվեն այս կանոնակարգի մասին և զգուշացվեն՝ դադարեցնելու իրենց խնդրահարույց խմբագրումները: Եթե զգուշացումից հետո խմբագրումների նույն գործելաոճը շարունակվում է, ապա տվյալ հաշիվը կարող է արգելափակվել: