Վիքիպեդիա:Թարգմանիչի անկիւն/Արեւելահայերէն/18

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժան Ռենօ

hy

1990-ական Թուականներ

1990 թ.-ին լույս տեսած վարձու մարդասպան աղջկա մասին պատմող «Նիկիտա» ֆիլմում Ժան Ռենոն առաջին անգամ մարմնավորեց պրոֆեսիոնալ մարդասպանի կերպար, որի կերպարը նրա համար դարձավ հարազատ։ Այս դերից հետո նրան շատերն անվանում էին «կապույտ էկրանի լավագույն մարդասպան»։ «Մինչ «Նիկիտան» ես ոչ մի նկարահանման առաջարկ չէի ստանում։ Իսկ այդ ֆիլմից հետո ինձ հրավիրում էին մասնակցելու խելագար մարդասպանի դերերի։ Ես բոլորին մերժեցի և անգամ Մայքլ Մանին, որն ինձ հրավիրեց խաղալու «Ձեռնամարտ» ֆիլմում։ Իրականում սրիկաների դերեր խաղալը վտանգավոր թակարդ է, երբ դեռ չես հասցրել քեզ ցույց տալ, որ դեռ ինչերի ես ընդունակ». ասել է Ժան Ռենոն։ Էկրանում ընդամենը 15 րոպե հայտնված հոգեհիվանդ «հավաքարարի» կերպարը այնքան էր տպավորել Բեսոնին, որ նա որոշեց վերամշակել այդ կերպարի բնավորությունը և նրան նվիրել մի ամբողջ ֆիլմ։ Ժան Ռենոյի կերպարը՝ պրոֆեսիոնալ մարդասպան Վիկտորը, այնքան էր տպավորել հանդիսատեսներին, որ նրա մահվան տեսարանի ժամանակ նրանք արտասվում էին։ Հենց Վիկտորն էր նախատիպ հանդիսացել չորս տարի անց հայտնի Լեոնի կերպարի ստեղծելուն Լյուկ Բեսոնի համանուն ֆիլմում, որը 45-ամյա Ժան Ռենոյի բերեց համաշխարհային ճանաչման։

Չսափրված, անգրագետ և միայնակ, բարի, տխուր աչքերով վարձու մարդասպանը մինչև հիմա հանդիսանում է դերասանի այցեքարտը։ Նրա էկրանի հերոսը չնայած իր մեծ ուժերին, ունենալով նաև որոշ թուլություն, դարձավ թմրամոլ ոստիկանի որբացած աղջկա՝ Մաթիլդայի միակ ընկերը։ Մաթիլդայի դերը հիանալիորեն խաղում էր Նատալի Փորտմանը։ Պրոֆեսիոնալ մարդասպանի և փոքրիկ անպաշտպան աղջկա հարաբերությունների հուզիչ տեսարանը չկարողացավ աննկատ մնալ ո՜չ կինոքննադատների աչքերից, ո՜չ էլ հանդիսատեսների։ Ժան Ռենոն «Լեոն» ֆիլմի համար Ֆրանսիական կինոակադեմիայի կողմից արժանացավ պարգևի։ Այսպես Լյուկ Բեսոնի և Ժան Ռենոյի համար ճանապարհ բացվեց դեպի Հոլիվուդ։

90-ական թվականների սկզբերին Ժան Ռենոն նկարահանվել է նաև «Ոսկե դիմակով մարդը», «Փախուստ արդարադատությունից», «Խելացնորություն» և «Ժլատը» ֆիլմերում, որոնք նրան այնքան էլ հաջողություն չբերեցին։ Այդ տարիներին նա հնչյունավորել է նաև Մուֆասա կերպարին «Առյուծ արքան» մուլտֆիլմի ֆրանսիալեզու տարբերակում։ Բնօրինակի հնչյունավորման վրա աշխատել էր Ջեյմ Էրլ Ջոնսը։ Այդ ժամանակաշրջանում նրա հաջողված ֆիլմերից եղան նաև Մեգ Ռայանի և Քևին Քլայնի մասնակցությամբ «Ֆրանսիական համբույր» (1995), «Հիմարները» (1995) և «Յագուար» (1996) ֆիլմերը։ Իսկ 1993 թ.-ին նա Քրիստեան Կլավյեի հետ նկարահանվեց «Եկվորները» ֆիլմում, որի համար նրան ներկայացրեցին Սեզար կինոմրցանակի, իսկ 5 տարի անց նկարահանվեց ֆիլմի երկրորդ մասը՝ «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները», իսկ ևս երեք տարի անց նկարահանվեց «Եկվորներն Ամերիկայում» (2001) ֆիլմը, որը հանդիսանում էր նախորդ երկու ֆիլմերի ամերիկյան տարբերակը։

Ժան Ռենօ-ի թարգմանութիւն

Թարգմանիչ --Galy02 06:45, 25 Մարտի 2016 (UTC) Եղած է
Վերստուգող

1990 թուականին լոյն տեսած վարձու մարդասպան աղջկան մասին պատմող «Նիքիթա» ֆիլմին մէջ Ժան Ռենոն առաջին անգամ մարմնաւորեց բարձրորակ մարդասպանի կերպար, որուն կերպարը դարձաւ հարազատ: Ա՛ս դերէն ետք շատեր զինք կ'անուանէին «կապոյտ պատառի լաւագոյն մարդասպան»: «Մինչեւ «Նիքիթա»ն ես ոչ մէկ նկարհանումի առաջարկ չէի ստանար: Իսկ այդ ֆիլմէն ետք զիս կը հրաւիրէին մասնակցելու խելագար մարդասպանի դերերու: Ես բոլորին մերժեցի եւ անգամ Մայքըլ Մանին, որ զիս հրաւիրեց խաղալու «Ձեռնամարտ» ֆիլմին մէջ: Իրականին մէջ սրիկաներու դերեր խաղալը վտանգաւոր թակարդ է, երբ դեռ չես հասած դուն քեզ ցոյց տալու, որ դեռ ինչերու ընդունակ ես». ըսած է Ժան Ռենոն: Պաստառին վրայ ընդհամէնը 15 վայրկեան յայտնուած հոգեպէս հիւանդ «հաւաքարարի» կերպարը այնքան տպաւորած էր Պեսոն, որ ան որոշեց վրամշակել այս կերպարի բնաւորութիւնը եւ անոր նուիրել ամբողջ ֆիլմ մը: Ժան Ռենոյի կերպարը՝ բարձրորակ մարդասպան Վիքթորը, այնքան տպաւորած էր հանդիսատեսը, որ անոր մահուան տեսարանին ժամանակ անոնք կ'արտասուէին: Վիքթորը նախատիպ հանդիսացած էր չորս տարի ետք յայտնի Լէոնի կերպարը ստեղծելուն համար համանուն ֆիլմին մէջ, որ 45-ամեայ Ժան Ռենոյին բերաւ համաշխարհային ճանաչում:

Չսափրուած, անգրագէտ եւ միայնակ, բարի, տխուր աչքերով վարձու մարդասպանը մինչեւ հիմա կը հանդիսանայ դերասանի այցաքարտը: Անոր պաստառի հերոսը՝ չնայած իր մեծ ուժերուն, ունենալով որոշ թուլութիւն, դարձաւ թմրամոլ որբացած աղջկան՝ Մաթիլտայի միակ ընկերը: Մաթիլտայի դերը հիանալիօրէն կը խաղար Նաթալի Փորթմանը: Բարձրորակ մարդասպանի եւ փոքրիկ անպաշտպան աղջկան յարաբերութիւններուն յուզիչ տեսարանը չկրցաւ աննկատ մնալ ո՛չ շարժապատկերի քննադատներու աչքերէն, ո՛չ ալ հանդիսատէսներուն: Ժան Ռենոյի «Լէօ»ն ֆիլմի համար ֆրանսական շարժապատկերի ակադեմիայի կողմէ արժանացաւ պարգեւի: Այսպէս Լիւք Պեսոնի եւ Ժան Ռենոյի համար ճանապարհ բացուեցաւ դէպի Հոլիվուտ:

90ական թուականներուն սկիզբը Ռենոն նկարահանուած է նաեւ «Ոսկէ Դիմակով Մարդը», «Փախուստ Արդարադատութենէն», «Խելացնորութիւն» եւ «Ժլատը» ֆիլմերուն մէջ, որոնք անոր այնքան ալ յաջողութիւն չբերին: Այդ տարիներուն ան հնչիւնաւորած է նաեւ Մուֆասա կերպարին «Առիւծ Արքան» մանակական շարժապատկերի ֆրանսալեզու տարբերակին մէջ: Բնօրինակին հնչիւնաւորման վրայ աշխատած էր Ճէյմ Էրլ Ճոնսը: Այդ ժամանակաշրջանին անոր յաջողած ֆիլմերէն եղան նաեւ Մէկ Ռայանի եւ Քեւին Քլայնի մասնակցութեամբ «Ֆրանսական Համբոյր» (1995), «Յիմարները» (1995) եւ «Ժակուար» (1996) ֆիլմերը: Իսկ 1993 թուականին ան Քրիսթեան Քլաւիէի հետ նկարահանուեցաւ «Եկուորները» ֆիլմին մէջ, որուն համար անոր ներկայացուցին Սեզար շարժապատկերի մրցանակին, իսկ 5 տարի ետք նկարահանուեցաւ ֆիլմին երկրորդ մասը՝ «Եկուորներ 2. Ժամանակի միջանցքները», իսկ եւս երեք տարի ետք նկարահանուեցաւ «Եկուորները Ամերիկայի Մէջ» (2001) ֆիլմը, որ կը հանդիսանայ նախորդ երկու ֆիլմերուն ամերիկեան տարբերակը:

Ծանոթագրություններ



Պատահական