2025 թվականի դեկտեմբերի 1-ին «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության հետ համաֆինանսավորմամբ մեկնարկում է «10×15» խմբագրաթոնը։ Խմբագրաթոնը կտևի 15 օր և այդ ընթացքում ամեն օր կտեղադրվի 10 հոդված պարունակող ցանկ։ Ամեն օր թեմաները լինելու են տարբեր՝ մաթեմատիկայից մինչև կինեմատոգրաֆիա, ընդգրկելով բազմաբովանդակ և հետաքրքիր ոլորտներ։
Եթե մինչև օրվա ավարտը հաջողվի գրել բոլոր 10 հոդվածները, ապա կավելացվեն նոր թեմատիկ հոդվածներ։
Խմբագրաթոնը սկսվելու է դեկտեմբերի 1-ին և ավարտվելու է ամսի 15-ին (ժամը՝ 23։59)։ Արդյունքները կհայտարարվեն մրցույթի ավարտից մեկ ամիս անց։ Հոդված ստեղծելուց առաջ հարկավոր է գրանցվել մասնակիցների էջում։ Նախագծի ընթացքում հոդվածները պարտադիր պետք է ստեղծվեն ներկայացված ցանկերից։ Մասնակիցը, հոդվածն ընտրելուց հետո, պետք է ստորագրի ցանկերի համապատասխան վանդակում։ Նախապես կարելի է ստորագրել միայն երկու հոդվածի անվան դիմաց։ Հոդված ստեղծելուց հետո կարող եք ստորագրել նոր հոդվածի անվան դիմաց։ Ստեղծած հոդվածների քննարկման էջերում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։ Կարող եք նաև Ձեր մասնակցային էջերում դնել խմբագրաթոնի մասնակցի կաղապարը։
Մրցույթի շրջանակներում երեք ամենաշատ և ամենաորակյալ ներդրում կատարած մասնակիցները կստանան դրամական մրցանակներ, իսկ ակտիվության սահմանված շեմը հաղթահարողները՝ հավաստագրեր։
Պայմաններ
Ստեղծված և բարելավված հոդվածները պետք է բավարարեն Հայերեն Վիքիպեդիայի պահանջներին (ծավալ, որակ, աղբյուրներ)։ Թարգմանելիս ցանկալի է օգտվել առավել որակյալ այլալեզու հոդվածից։ Աղբյուրների առկայությունը ողջ տեքստի համար պարտադիր է։
Մրցանակներ
Լավագույն երեք խմբագիրները կստանան դրամական մրցանակներ․
• 1-ին տեղ՝ 50․000 դրամ և հավաստագիր
• 2-րդ տեղ՝ 30․000 դրամ և հավաստագիր
• 3-րդ տեղ՝ 20․000 դրամ և հավաստագիր
Հաջորդ 2 լավագույն խմբագիրները (քանակ և որակ) կստանան հավաստագրեր։