Հայ-սլովենական համատեղ խմբագրաթոնը մեկամսյա նախաձեռնություն է, որը կազմակերպել են «Վիքիմեդիա Հայաստանը» և Սլովենիայի վիքիպեդիացիների օգտատերերի խումբը: Նախագիծը կմիավորի երկու համայնքների խմբագիրներին՝ Հայաստանին և Սլովենիային վերաբերող հանրագիտարանային բովանդակություն ստեղծելու և բարելավելու համար: Երկու երկրների միջև համատեղ նախագիծ իրականացնելու գաղափարը ծագել է CEE Peer Learning Exchange շրջանակում:
2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը մասնակիցները կաշխատեն երկու երկրների մշակույթը, անձանց, սպորտը, աշխարհագրությունը և պատմությունը ներկայացնող ընտրված թեմաների շուրջ: Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդելու հայկական և սլովենական վիքիհամայնքների միջև համագործակցությունը՝ միաժամանակ երկու երկրների մասին գիտելիքներն ավելի մատչելի դարձնելով Վիքիպեդիայի ընթերցողների համար:
Հոդված ստեղծելուց առաջ հարկավոր է գրանցվել մասնակիցների էջում։ Ստեղծված հոդվածների քննարկման էջում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։ Կարող եք նաև Ձեր մասնակցային էջերում դնել խմբագրաթոնի մասնակցի կաղապարը։
Հոդվածը ցանկերից ընտրելուց հետո նույն տողում անհրաժեշտ է գրել ստեղծվելիք հոդվածի հայերեն անվանումը՝ ներքին հղումով, ինչպես նաև ստորագրել ընտրված հոդվածի դիմաց։ Միաժամանակ թույլատրվում է ստորագրել երկու հոդվածի դիմաց։ Դրանք ստեղծելուց հետո կարող եք ստորագրել ևս երկուսի դիմաց։
Հոդվածը ստեղծելուց հետո 24 ժամվա ընթացքում նրա անվանումը պարտադիր պետք է տեղադրեք մասնակիցների էջում։ Հոդվածների վերնագրերը չավելացնելու դեպքում մրցույթի արդյունքներն ամփոփելիս դրանք չեն հաշվարկվի։
Ստեղծված հոդվածները պետք է բավարարեն Հայերեն Վիքիպեդիայում սահմանված նվազագույն չափանիշներին՝ ունենան առնվազն 3000 բայթ ծավալ, ծանոթագրություններ, գրված լինեն հանրագիտարանային ոճով, չլինեն թարգմանված արհեստական բանականության և մեքենայական թարգմանության ծրագրերի միջոցով։ Այդպիսի հոդվածները պիտակվելու են և ջնջվելու սահմանված կարգով։
Գնահատման արդյունքում, համաձայն խմբագրումների քանակի և որակի, կընտրվեն երեքական խմբագիր երկու մասնակից երկրներից, որոնք ամփոփման արարողության ժամանակ կստանան մրցանակներ և հավաստագրեր։