Վիտրուվյան մարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Վիտրուվյան մարդ
լատ.՝ Homo vitruvianus
Da Vinci Vitruve Luc Viatour.jpg
տեսակ Գծանկար
նկարիչ Լեոնարդո դա Վինչի
տարի 1492
բարձրություն 34.3
լայնություն 24.5
ուղղություն Իտալական Վերածնունդ
գտնվում է Ակադեմիայի պատկերասրահ
հավաքածու Ակադեմիայի պատկերասրահ
քաղաք Վենետիկ
Vitruvian Man Վիքիպահեստում

Վիտրուվյան մարդ (լատ.՝ Homo vitruvianus), Լեոնարդո դա Վինչիի նկարներից։ Ստեղծվել է 1490-1492 թվականներին որպես Վիտրուվիոսին նվիրված գրքի նկարազարդում. գտնվել է նկարչի օրագրերից մեկում։ Նկարում պատկերված են մերկ տղամարդու երկու կերպարներ, որոնք մեկը մյուսի վրա տեղադրված դիրքով են ներկայացված, ձեռքերը պարզված են կողքի, ոտքերը զատված են։ Կերպարները ձեռքերով և ոտքերով ներառված են քառակուսու մեջ։ Նկարը հաճախ մեկնաբանվել է որպես կանոնավոր համաչափությունների բացահայտման օրինակ։

Նկարը կատարված է թանաքով և ջրաներկով մետաղական մատիտի օգնությամբ։ Նկարի չափերն են 34,3 × 24,5 սմ։ Ներկայումս այն գտնվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում։

Նկարը միաժամանակ և' գիտական աշխատանք է, և' արվեստի գործ։ Այն ներկայացնում է Լեոնարդոյի հետաքրքրությունը համաչափությունների համդեպ։ Նկարչի գրառումների համաձայն` այն ստեղծվել է մարդկային մարմնի համաչափությունները որոշելու համար, ինչպես նկարագրել է հռոմեացի անտիկ ճարտարապետ Վիտրուվիոսը իր «Ճարտարապետության մասին» գրքում (գիրք III, գլուխ I).

  • ձեռքի ափը հավասար է ամենաերկար մատի ծայրից մինչև չորս մատների հիմքը ընկած երկարությանը
  • ոտնաթաթը կազմում է չորս ափի երկարություն
  • արմունկը կազմում է վեց ափի երկարություն
  • մարդու հասակը կազմում է չորս արմունկ մինչև մատների ծայրը (համապատասխանաբար` ձեռքի 24 ափ)
  • քայլը հավասար է չորս ափի
  • մարդու թևերի բացվածքը հավասար է հասակին
  • մազերի գծից մինչև կզակը կազմում է հասակի 1/10 մասը
  • գլխի գագաթից մինչև կզակը կազմում է հասակի 1/8 մասը
  • գլխի գագաթից մինչև կուրծքը կազմում է հասակի 1/4 մասը
  • ուսերի առավելագույն լայնությունը կազմում է հասակի 1/4 մասը
  • արմունկից մինչև ձեռքի ծայրը կազմում է հասակի 1/4 մասը
  • արմունկից մինչև թևատակը կազմում է հասակի 1/8 մասը
  • ձեռքի երկարությունը կազմում է հասակի 2/5 մասը
  • կզակից քիթը կազմում է դեմքի երկարության 1/3 մասը
  • մազերի գծից մինչև հոնքերը կազմում է դեմքի երկարության 1/3 մասը
  • ականջների երկարությունը կազմում է դեմքի երկարության 1/3 մասը
  • պորտը շրջանագծի կենտրոնն է։

Մարդկային մարմնի համաչափությունների վերաբացահայտումը, որ կատարեցին Լեոնարդո դա Վինչին և ուրիշ գիտնականներ 15-րդ դարում, դարձավ իտալական վերածննդի խոշորագույն ձեռքբերումներից։

Ինչպես կարելի է նկատել նկարի հետազոտություններից, ձեռքերի և ոտքերի դասավորությունը իրականում երկու տարբեր դիրք է ներկայացնում. ձեռքերը կողք պարզած և ոտքերը միացրած դիրքով կերպարը քառակուսու մեջ է ներառված, իսկ ոտքերը բացած կերպարը շրջանագծի մեջ է։ Առավել ուշադիր դիտելու դեպքում համոզվում ենք, որ շրջանագծի կենտրոնը կերպարի պորտն է, իսկ քառակուսու կենտրոնը` սեռական օրգանները։

Այս սկզբունքով Կորբյուզիեն կազմել է համաչափությունների իր սանդղակը` Մոդուլորը, որը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի ճարտարապետական գեղագիտության վրա։

Նկարը հաճախ է օգտագործվում որպես մարդկային մարմնի, երբեմն նաև ողջ տիեզերքի համաչափությունների խորհրդանիշ։ 2011 թվականին իռլանդացի աերոնկարիչ Ջոն Կվիգլին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցներին պատկերել է հանրահայտ նկարի հսկայական կրկնօրինակը` մարդկության ուշադրությունը հրավիրելով բնապահպանական հավասարակշռության խնդիրներին[1]:

2012 թվականին տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ «վիտրուվյան մարդու» առաջին պատկերը ոչ թե Լեոնարդոն է նկարել, այլ նրա ընկեր Ջակոմո Անդրեա դա Ֆերարան, ով մանրամասն ուսումնասիրել էր Վիտրուվիոսի աշխատությունները։ Չնայած դրան` Ֆերարայի նկարը գեղարվեստական արժանիքներով զիջում է Լեոնարդոյի նկարին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]