Jump to content

Վիտո Ջենովեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտո Ջենովեզե
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1897(1897-11-21)[1]
ԾննդավայրRisigliano, Իտալիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 14, 1969(1969-02-14)[2] (71 տարեկան)
Մահվան վայրՍպրինգֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ
ԳերեզմանՍուրբ Հովհաննեսի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ,  Իտալիայի թագավորություն և  Իտալիա
ՄասնագիտությունԹմրավաճառ
 Vito Genovese Վիքիպահեստում

Վիտո Ջենովեզե (անգլ.՝ Vito Genovese, նոյեմբերի 21, 1897(1897-11-21)[1], Risigliano, Իտալիայի թագավորություն - փետրվարի 14, 1969(1969-02-14)[2], Սպրինգֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ), հայտնի է որպես Դոն Վիտո, իտալական ծագմամբ ամերիկացի մաֆիոզ։ Տարբեր ժամանակներում եղել է կապորեջիմե, կրտսեր պարագլուխ, իսկ հետո՝ Ջենովեզեի ընտանիքի պարագլուխ։ 1957-1959 թվականներին հայտնի է եղել որպես «Պարագլուխների պարագլուխ»[3]։ Եղել է «Կզակ» մականունով մաֆիայի ապագա պարագլուխ Վինսենթ Ջիգանտեի ուսուցիչը[4]։ Նրա երկու եղբայրները՝ «Մայք Տրուբկա» մականունով Մայքլը և Կարմինե Ջենովեզեն, ևս նրա կլանում էին, իսկ զարմիկը՝ Մայքլ Ջեյմս Ջենովեզեն, Փիթսբուրգի հանցավոր ընտանիքի պարագլուխն էր[5]։

Վիտո Ջենովեզեն ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 21-ին Ռիսիլյանոյում[6][7][8][9]՝ Տուֆինոյի արվարձանում (Կամպանիա մարզ, Իտալիա1913 թվականին հոր, մոր և երկու եղբայրների հետ մասին գաղթել է ԱՄՆ[10]։ Սկզբնապես Ջենովեզեի ընտանիքն ապրել է Քուինսում, սակայն հետո տեղափոխվել Մանհեթեն[11], որտեղ այդ ժամանակ շատ իտալացիներ էին ապրում։ Այնտեղ սկսվել է Վիտո Ջենովեզեի քրեական կարիերան։ Նա եղել է Լակի Լուչանոյի թիմի անդամ, որը մտնում էր Ջո Մասսերիայի՝ այդ ժամանակվա Նյու Յորքի մաֆիայի գլխավոր պարագլուխի ընտանիքի մեջ։ Սկզբում Ջենովեզեի հիմնական գործունեությունը գողությունն էր և խաղացողներից գումար հավաքելը, ավելի ուշ նա անցել է ավելի շահավետ զբաղմունքերի՝ շորթման և բուտլեգերության։ Պարբերաբար հանդես է եկել որպես մարդասպան։ Նրան ճանաչողները հիշում էին, որ Վիտոն վաղ տարիքից բռնության նկատմամբ հակում է ունեցել։ Իր քրեական գործունեության առաջին տասնամյակում Ջենովեզեն հաճախ ձերբակալվել է ոստիկանության կողմից, սակայն նրան քրեական պատասխանատվության ենթարկել կարողացել են միայն երկու անգամ։ Երկու անգամն էլ ապօրինի զենք կրելու համար։

Իշխանության նվաճում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակը, երբ ԱՄՆ-ում գործել է «չոր օրենքը», իտալո-ամերիկյան մաֆիայի համար ոսկե է դարձել։ Շատ մաֆիոզներ կարողացել են հարստանալ և դառնալ կազմակերպության առանցքային դեմքեր։ Վիտո Ջենովեզեն բացառություն չէր։ 1920-ական թվականների վերջին նա զգալիորեն առաջ է անցել քրեական հիերարխիկ աստիճաններով։ 1929 թվականին սկսվել է Նյու Յորքում կազմակերպված հանցավորության նկատմամբ վերահսկողության համար հակամարտությունը՝ Կաստելամմարյան պատերազմը՝ Մասերիա և Սալվատորե Մարանցանոյի ընտանիքների միջև։ Պատերազմի ընթացքում Ջենովեզեին օգտակար են եղել նրա մարդասպանի հմտությունները։

Երկու կողմերի համար կործանարար պատերազմի վերջը դրել է Ջո Մասերիայի հեռացումը, որը 1931 թվականի ապրիլին կազմակերպել էին նրա ենթականեր Լակի Լուչանոն և Վիտո Ջենովեզեն, որոնք Մարանցանոյի հետ պայմանավորվել էին վերջ դնել արյունահեղությանը[12][13]։ Վիտոն այն չորս մարդասպաններից մեկն էր, որոնք գնդակահարել էին Մասերիային։ Դրանով նա, իր ընկերն ու զուգընկեր Լուչանոն կանգ չեն առել։ Այդ նույն տարվա սեպտեմբերին նրանք սպանել են Մարանցանոյին, որը Մասերիայի մահից հետո դարձել էր «կապո դի տուտի կապի»՝ իտալո-ամերիկյան մաֆիայի պարագլուխը։ Սպանությունից հետո Լուչանոն դարձել է ընտանիքի պարագլուխը, իսկ Վիտո Ջենովեզեն՝ նրա օգնականը, կրտսեր պարագլուխը։ Միաժամանակ Ջենովեզեի անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել։ 1931 թվականին մահացել է նրա կինը, որի հետ նա ապրել էր 7 տարի[14]։ Սակայն մերձավորները սկսել էին կարծել, որ նրա մահը պատահական չէր, այլ Վիտոն ուղղակի սպանել է նրան կազմակերպության մյուս անդամների նկատմամբ չափից ավելի սիրալիրության պատճառով։ Շուտով Ջենովեզեի կրքի օբյեկտ է դարձել Աննա Վերնոտիկոն (ի ծնե՝ Պետիլո)[15][16][17]։ Վերջինիս ամուսին ունենալը չի անհանգստացրել Վիտոյին[18]։ 1932 թվականի մարտի 16-ին Թոմսոն սթրիթ 124 հասցեում գտնվող բազմահարկ շենքի տանիքում հայտնաբերվել է Աննայի ամուսնու՝ Ջերարդ Վերնոտիկոյի դին[19][20][21]։ Մահը վրա է հասել խեղդումից։ Մոտակայքում հայտնաբերվել է նաև Անտոնիո Լոնցոյի մարմինը[22][23]։ Համարվում է, որ նա պարզապես պատահական վկա է եղել։ Տեղի ունեցածից 12 օր անց Վիտո Ջենովեզեն ամուսնացել է Աննայի հետ[24]։

Հաստատված խաղաղությունից հետո Լուչանո (հետագայում՝ Ջենովեզե) ընտանիքը տարեցտարի հարստացել է։ Դոն Վիտոն իր բարձր դիրքի շնորհիվ փորձել է ոստիկանության ուշադրությունը չգրավել։ Բայց 1934 թվականին տեղի է ունեցել մի պատմություն, որն ունեցել է մեծ հետևանքներ։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Ստվեր» մականունով Ֆերդինանդ Բոչիան և փոքր գանգստեր Վիլլի Գալոն կողոպտել էին Ջենովեզեի ընկերոջը՝ Էնթոնի Ստրոլոյին (նույն ինքը՝ Թոնի Բենդերը)։ Նրանք նրա ավտոտնակից խոշոր գումարի ալկոհոլային խմիչքներ են գողացել։ Ստրոլոն արագ տեղեկացել է, թե ովքեր են առևանգողները և այդ մասին հայտնել Ջենովեզեին։ Բոչիան մեղքի քավության և փոխհատուցման կարգով Ջենովեզեին առաջարկել է ծանոթացնել իրեն և «Մեծ Մայք» մականունով հայտնի Միշել Միրանդային՝ հարուստ իտալացի գործարարին, շուլերական քարտախաղի և խարդախ գործարքի անցկացման համար[25][26]։

Խարդախ գործողությունը հաջողությամբ է իրականացվել և բերել է ավելի քան 100 000 դոլար։ Սակայն Բոչիան ագահություն է արել։ Իմանալով գումարի մասին՝ Նա Ջենովեզեից և Միրանդայից պահանջել է ստացած գումարի մեկ երրորդ մասը։ Պահանջը Վիտո Ջենովեզեի հասցրել է ծայրահեղ բարկության։ ՎՃարելու փոխարեն, նա վարձել է «Բազե» մականունով Էռնեստա Ռուպոլոն և «Սոլլի» մականունով Ռոզարիո Պալմերիին Բոչիային վերացնելու համար։ Դրանից բացի, Բոչիայի սպանությունից հետո Ռուպոլոն ստիպված է եղել վերացնել նաև Վիլլի Գալոյին։ Ավելի ուշ, կասկածելով Ռուպոլոյի կոմպետենտության մեջ, Ջենովեզեն վստահել է նրան Գալոյի վերացումը, իսկ Բոչիային հանձնարարել է Ջորջ Սմուրիին և «Գաս» մականունով Կոզմո Ֆրասկին[27]։ 1934 թվականի սեպտեմբերի 19-ին Բոչիան գնդակահարվել էր քարտախաղի ժամանակ, որը հատուկ կազմակերպել էր Պիտեր ԼաՏեմպան։ Մի քանի օր անց Ռուպոլոն երկու անգամ փորձել է սպանել Գալլոյին, սակայն ձախողվել է։ Վերջինս էլ նրա վրա ոստիկանությունում հայտարարություն է գրել։ Արդյունքում Ռուպոլոյին բանտ են նստեցրել և սկսվել է հետաքննություն։ Հանուն ժամկետի նվազեցման Ռուպոլոն ցուցմունք է տվել, որ սպանության պատվիրատուն եղել է Վիտո Ջենովեզեն։ Սակայն դատարանը ցուցմունքը բավականաչափ համոզիչ չի համարել։ Ի վերջո, Ռուպոլոն դատապարտվել է 9-20 տարի ազատազրկման։ 1936 թվականին Թոմաս Դյուիի ջանքերով բանտ է ուղարկվել Չարլի Լուչանոն[28][29][30]։ Լուչանոն, հասկանալով, որ բանտից ընտանիքը ղեկավարելը խնդրահարույց է, Ջենովեզեին նշանակել է գործող պարագլուխ։ Դրանից հետո Դյուին Վիտո Ջենովեզեին հայտարարել է № 1 գանգստեր։ Կրկին սկսվել է Ֆերդինանդ Բոչիայի մահվան հետ կապված հանգամանքների ուժեղացված հետաքննությունը, ինչպես նաև այն ամենը, ինչը կարող էր թույլ տալ Ջենովեզեին բանտ ուղարկել։ Վիտո Ջենովեզեն, կանխազգալով իրադարձությունների անցանկալի զարգացումը, շտապ մեկնել է Իտալիա[31][32][33]։

Կյանք և գործունեություն Իտալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա ժամանելով՝ Վիտո Ջենովեզեն բնակություն է հաստատել Նեապոլից ոչ հեռու՝ Նոլա քաղաքում։ Նա Ամերիկայից Իտալիա է բերել 750 000 դոլար։ Դրանից երեք տարի առաջ նա արդեն եղել է Իտալիայում և ըստ նրա շրջապատի խոսքերի՝ այն ժամանակ խոշոր գումար է ներդրել բանկերում՝ որպես ավանդ։ Իտալիա գանալուց հետո նա ծանոթացավ և բարեկամացավ Բենիտո Մուսոլինիի հետ[34]։ Վիտո Ջենովեզեն մասնակցել է էլեկտրակայանի կառուցման ֆինանսավորմանը, ինչպես նաև 250 000 դոլար է նվիրաբերել քաղաքապետարանին՝ սեփական կարիքների համար, ինչի համար պարգևատրվել է Իտալիայի թագի շքանշանով[35][36]։ Դուչեի հովանավորության շնորհիվ՝ Ջենովեցեն օրինական բիզնեսից բացի, արդեն զբաղվում էր նաև ստվերային գործունեությամբ։ Օգտագործելով Մուսոլինիի փեսայի հետ ծանոթ լինելու հանգամանքը՝ նա կազմակերպել է ափիոնի փոխադրումը Թուրքիայից Միլան, որտեղ դրանից ստացել են հերոին և Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով տեղափոխել միջերկրական նավահանգիստներ։ Բացի այդ՝ Վիտոն սիցիլիական մաֆիայի ամենաազդեցիկ ղեկավար Կալոջերո Վիցինիի հետ սև շուկայում կազմակերպել է ապրանքների, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների վաճառք։ 1943 թվականին նա, որպես Մոսուլինի հովանավորությանն ուղղված շնորհակալություն, կազմակերպել Է ԱՄՆ-ում սինդիկատի անդամներից մեկի՝ Կարլո Տրեսկի սպանությունը, լրագրող, որը պարբերաբար հակաֆաշիստական հոդվածներ էր թողարկում ընդդեմ Մուսոլինիի ռեժիմի։ Այն հաջողությամբ է ավարտվել։

1943 թվականինին վերացվում է Մոսուլինի ռեժիմը, իսկ Իտալիայի տարածք են մտնում հակաֆաշիստական դաշնակից զորքերը։ Ջենովեզեն այս իրավիճակում ևս ապացուցում է իր «գոյատևման ունակությունը»։ Շատ շուտով նա դառնում է թարգմանիչ և ԱՄՆ բանակի կապի աշխատակից։ Դրա շնորհիվ նա բանակային պահեստների մուտքի թույլտվություն է ստանում։ Դրանից հետո Ջենովեզեն կազմակերպել է տարբեր ապրանքների պահեստներից դուրս բերումը և սև շուկայում դրանց վաճառքը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում ազատության մեջ մնալուց հետո ձերբակալվել էր Էռնեստ Ռուպոլոն, որին կատարված հանցագործությունների համար երկարաժամկետ ազատազրկում էր սպառնում։ Ռուպոլոն ՀԴԲ-ին հայտնել է, որ սպանության կազմակերպմանը մասնակցել է Փիթեր Լատեմպան։ Լաթեմպան ձերբակալվել և ստիպված է եղել համաձայնել Ռուպոլոյի ցուցմունքների հետ։ Երկու վկաների ցուցմունքը թույլ է տվել հետաքննությանը Վիտո Ջենովեզեն նկատմամբ հետախուզում հայտարարել։

1944 թվականին Օրինջ Դիքիին՝ ռազմական ոստիկանության գործակալը, Իտալիայում ձերբակալել է երկու կանադացի դասալիքների, որոնք մեղադրվում էին երկու բանակային բեռնատարների առևանգման մեջ։ Ձերբակալվածները ներկայացել են որպես Ջենովեզայի ղեկավարության տակ աշխատողներ։ 1944 թվականի օգոստոսի 27-ին Դիքին ձերբակալել է Վիտո Ջենովեզեին[37]։ Ի պատասխան այս ձերբակալության՝ նա երեք հանձնարարական նամակներ է ստացել բարձրաստիճան բանակային պաշտոնյաներից։ Նման նամակների առկայությունը հետաքրքրել է Դիքին և նա կապվել է ՀԴԲ-ի հետ և տեղեկացել, որ Վիտո Ջենովեզեն Ֆերդինանդ Բոչչիայի սպանության կասկածանքով գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Դիքին իտալական իշխանություններից Ջենովեզեի բանկային հաշիվները ստուգելու թույլտվություն է խնդրել, սակայն թույլտվություն ստանալու պահին պահեստից ամեն ինչ դուրս բերված է եղել։ Բացի այդ, Օրինջ Դիքին հյուպատոսարանից տեղեկացրել են, որ Ջենովեզեն Իտալիայի քաղաքացի է, ուստի չի կարող պահվել ամերիկյան բանտում։ Հասկանալով, որ բախվել է դավադրության, որի նպատակն է պաշտպանել Ջենովեզեին, Դիքին խորհրդակցության համար գնացել է Հռոմ։

Այնտեղ նա հանդիպել է Բրուքլինի նախկին շրջանային դատախազ Ուիլյամ Օ'Դուայերի հետ, որը նրան խորհուրդ է տվել դիմել Բրուքլինի գործող շրջանային դատախազին, ինչը և արել է Դիքին։ Դրանից հետո պետական մեքենան գործի է անցել։ Վիտո Ջենովեզեն, հասկանալով աճող վտանգը, Դիքին առաջարկել է 250 000 դոլար կաշառք, սակայն վերջինս, ամսական ստանալով 210 դոլար, հրաժարվել է։ Այդ ժամանակ Ջենովեզեն սպառնացել է, որ ոստիկանի ընտանիքը կարող է խիստ տուժել նրա սխալ քայլերի պատճառով։ Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարությունը արտահանձման նպատակով Ջենովեզային անձնագիր է տրամադրել, սակայն Սիցիլիայի իշխանությունները ամեն կերպ շարունակել են տարբեր խոչընդոտներ ստեղծել։ 1945 թվականի հունվարին Փիթեր Լատեմպան՝ Բոչչիայի սպանության գործով երկրորդ (և գլխավոր) վկան, մահացել է իր խցում։ Մահվան պատճառը եղել է թունավորումը[38]։ Դրանից հետո Ռուպոլոն այլևս ոչ մի բանի մասին վկայություն տալու ցանկություն չի ունեցել։ 1945 թվականի մայիսին Դիքին, ձերբակալելով Ջենովեզեին, նստեցրել է նավ, միայնակ նրան տեղափոխել Նյու Յորք և հանձնել իշխանություններին։ 1946 թվականին տեղի է ունեցել դատավարություն, որի ժամանակ Ջենովեզեի սպանության մեղադրանքը հանվել է[39]։

Կորցրած ազդեցության վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով ԱՄՆ՝ Վիտո Ջենովեզեն չի ստացել ակնկալվող բարձր դիրքը։ 1946 թվականին Լուչանոն փոխել է կալանքի տակ գտնվելու ժամկետը, իսկ դրանից հետո արտաքսվել է Իտալիա[40]։ Ֆրենկ Կոստելոն, որը զբաղեցրել է պարագլխի պաշտոնը, Ջենովեզեի Իտալիա մեկնելուց հետո նրան վերցրել է իր պաշտպանության տակ։ Վիտոն չի կարողացել ստանալ նույնիսկ փոխպարագլխի պաշտոնը։ Նա իր ենթակայության տակ ունեցել է վարժեցված գրոհայինների փոքրիկ բանակ։ Ջենովեզեն ստիպված էր դառնալ Գրինվիչ Վիլիջի թիմի վերահսկողը։

1950 թվականին Վիտո Ջենովեզեի մոտ տհաճություններ են սկսվել։ Դրանցից առաջինն այն էր, որ 1950 թվականի մայիսին ԱՄՆ Սենատը լայնածավալ հետաքննություն է սկսել կազմակերպված հանցավորության գործունեության վերաբերյալ։ Հետաքննությունը պատմության մեջ է մտել որպես «Կեֆովերի լսումներ»։ Բացի այդ, նույն տարում նրա երկրորդ կինը՝ Աննան, սկսել է ամուսնալուծության գործընթացը, որի ընթացքում նա ցուցմունք է տվել Ջենովեզեի եկամուտների մասին և նկարագրել նրա ստվերային բիզնեսը, հատկապես դրամախաղերի և դրամաշորթության հետ կապված[41]։ Ջենովեզեն, հակառակ մաֆիոզ սովորությունների, չի պատվիրել որպեսզի սպանեն կնոջը, այլ հետևել է Ֆրենկ Կոստելոյի խորհրդին և փաստաբան վարձել, որը մասնագիտացած էր  ամուսնալուծությունների մեջ։ Կեֆովերի լսումները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել մաֆիայի մի շարք հեղինակավոր դեմքերի մոտ։ Սակայն Վիտո Ջենովեզեին լսումները անուղղակիորեն օգուտ են բերել։ Լսումների ընթացքում սիֆիլիսի պատճառով Վիլլի Մորետտին դարձել է չափազանց շատախոս և իրեն չափազանց տարօրինակ է պահել։ Լսումների ֆոնին նման պահվածքը բավական անհանգստացրել է մաֆիայի մյուս առաջնորդներին։ 1951 թվականի հոկտեմբերի 4-ին Մորետին հրավիրվել էր ռեստորան և գնդակահարվել լանչի ժամանակ։ Այսպիսով, Ֆրենկ Կոստելոն կորցրել է ուժեղ դաշնակից, իսկ Ջենովեզեի հաջողության շանսերն աճել են։

Չնայած Մորետիի սպանությանը, Ջենովեզեն նախկինի պես ստիպված էր սպասել։ Հետագա մի քանի տարիների ընթացքում Կոստելոն երկու անգամ հայտնվել է բանտում, սակայն երկու անգամ էլ արդարացվել է։ Իսկ 1956 թվականին նրա դաշնակից Ջո Ադոնիսը արտաքսվել է Իտալիա։ 1957 թվականի մայիսին Կոստելոյի վրա մահափորձ էր կատարվել։ Նա գլխին վնասվածք էր ստացել։

Ապալաչինական համաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի նոյեմբերին Վիտո Ջենովեզեն որոշել էր ԱՄՆ-ի և Կանադայի մաֆիայի առաջնորդների մեծ հավաք կազմակերպել Ապալաչի քաղաքում։ Ջենովեզեն ենթադրում էր բոլորի առջև հանդես գալ ընտանիքի լիիրավ ղեկավարի դերում, բացի այդ մաֆիայի առաջնորդները պատրաստվում էին քննարկել ստվերային բիզնեսի հետ կապված մի շարք պահեր։ Ապալաչինում հավաքի նպատակի մասին ևս մեկ տարբերակ կար։ Մի շարք հետազոտողներ կարծում էին, որ Վիտո Ջենովեզեն պատրաստվում էր գլխավորել հանձնաժողովը։ Իմանալով Դոն Վիտոյի նման մտադրությունների մասին՝ մաֆիոզ հեղինակություններից մեկը ոստիկանությանը տեղեկացրել է, որպեսզի խափանի Ջենովեզեի ծրագրերը։

Սակայն հենց սկզբից ամեն ինչ անցել է ոչ ըստ պլանի։ Ժողովը պետք է տեղի ունենար Ջոզեֆի «Ջո կրկեսային» Բարբարա կալվածքում։ Տեղի ոստիկան Էդգար Քրոսվելը, բազմաթիվ տղամարդկանց նկատելով Բարբարա կալվածքում, սկսել է հսկողություն իրականացնել։ Բացի այդ, նա իմացել է, որ նրանք շատ սենյակներ են պատվիրել տեղական հյուրանոցներում։ Ստուգելով համարները՝ Քրոսվելը հայտնաբերել է, որ նրանցից շատերը գրանցված են հայտնի հանցագործների անվան տակ։ Հավաքի մասնակիցները փորձել են փախչել, սակայն նրանց կեսին ձերբակալել են։ Անհաջող հավաքի հետևանքով մաֆիայի մյուս անդամների շրջանում Ջենովեզեի հեղինակությունը նվազել է։

Բանտարկություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանտային լուսանկար։ Վիտո Ջենովեզեն մահից երկու շաբաթ առաջ

1959 թվականին Վիտո Ջենովեզեն մեղադրվել է թմրավաճառության մեջ։ Մեղադրանքի գլխավոր վկան է դարձել մանր թմրավաճառ Նելսոն Կանտելոփսը[42]։

Ջենովեզեին պաշտպանել է այդ ժամանակվա լավագույն փաստաբաններից մեկը՝ Էդվարդ Բենեթ Ուիլյամսը։ Բայց դա այնքան էլ կարևոր չէ։ Իշխանություններին անհրաժեշտ էր Դոն Վիտոյին բանտ նստեցնեին, որպեսզի ցույց տային իրենց հաջողությունները կազմակերպված հանցագործության դեմ պայքարում։ Բացի այդ, ինչպես ավելի ուշ պարզ է դարձել, նույնը ցանկացել են մաֆիայի շատ առաջնորդներ, առաջին հերթին՝ Կոստելոն, Լուչանոն, Լանսկին, ինչպես նաև նրանց միացած Կարլո Գամբինոն։ Ջենովեզեն կարծել է, որ հենց ինքը՝ Դոն Կառլոն, պարտական է, որ Անաստազիայի սպանությունից հետո ստացել է ընտանիքի ղեկավարի պաշտոնը, բայց չի ենթադրել, որ դրանով թշնամի է ձեռք բերել։ Իմանալով Ջենովեզեի իշխանության անհագ ծարավը և նրանց կրողների հետ խնդիրները վերացնելու նրա սովորությունը՝ մաֆիայի շատ առաջնորդներ լրջորեն վախեցել էին, որ Դոն Վիտոն ավելի արմատական ձևով կազատվի նրանցից, քան նրանք պատրաստվում էին ազատվել նրանից։ Այդ պատճառով նրանք պարզապես կաշառել են Քանթելոփսին և նրան են փոխանցել այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ էր, որպեսզի ցուցմունքները ճշմարտացի տեսք ունենան։ Գործընթացը շատ հարթ չի ընթացել։ Ժյուրիի անդամները մեղադրական դատավճիռ են կայացրել Վիտո Ջենովեզեի և գործով անցնող մարդկանց նկատմամբ[43]։

Ըստ դատավճռի՝ Ջենովեզեն դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ինչը, հաշվի առնելով նրա տարիքը, նշանակել է ցմահ ազատազրկում։ Բանտից Դոն Վիտոն արդեն չէր կարող նախկին ազդեցությունն ունենալ քրեական աշխարհի վրա։

Ջենովեզեի հետ նույն խցում է եղել Ջո Վալաչին, որը կասկածել է, որ Վիտոն պատրաստվում է նրան վերացնել։ Դա, նրա խոսքով, ստիպել է նրան խախտել օմերտան և սկսել համագործակցել իրավապահ մարմինների հետ։ Դրանից կարճ ժամանակ անց հեռուստատեսությամբ ցույց են տվել նրա խոստովանությունները։ Ենթադրվում է, որ դա Ջենովեզեին դրդել է հրաման տալ Էռնեստ Ռուպոլոյին հեռացնելու մասին։ 1964 թվականի ամռան վերջին Ռուպոլոն անհետացել էր, իսկ օգոստոսի 27-ին նրա խեղված մարմինը հայտնաբերվել էր Բրիզի Փոյնթի (Քուինս) լողափում։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ռուպոլոյի մահը վրա է հասել բազմաթիվ հրազենային և դանակի հարվածներից։ 1965 թվականին բարում կռվի ժամանակ դանակահարվել է Նելսոն Կանտելոփսը։ Մարդասպանը այդպես էլ չի գտնվել։ Զառամյալ Ջենովեզեի առողջությունն աստիճանաբար վատացել է և 1969 թվականի փետրվարի 14-ին նա մահացել է 71 տարեկան հասակում Միսսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում գտնվող բանտային հիվանդանոցում։ Մահվան պատճառ է դարձել սրտամկանի ինֆարկտը[3]։ Մաֆիայի նախկին պետը թաղվել է Քուինսի Սուրբ Ջոն գերեզմանատանը[44]։

Կինոմարմնավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.familysearch.org/ark:/61903/3:1:3QS7-L9M8-Y8GH?i=297&cc=1999177&personaUrl=%2Fark%3A%2F61903%2F1%3A1%3A78JR-BH6Z
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Grutzner, Charles (1969 թ․ փետրվարի 15). «Ruled 'Family' of 450. Genovese Dies in Prison at 71. 'Boss of Bosses' of Mafia Here». The New York Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  4. DeVico, Peter J. "The Mafia Made Easy: The Anatomy and Culture of La Cosa Nostra". (p. 186).(անգլ.)
  5. Bureau of Narcotics, Sam Giancana, The United States Treasury Department. Mafia: The Governments Secret File on Organized Crime. p. 307).
  6. https://books.google.ca/books?redir_esc=y&id=xrOoHAAACAAJ&focus=searchwithinvolume&q=1897
  7. https://books.google.ca/books?id=Ps_04cWxKz4C&pg=PA233&lpg=PA233&dq=vito+genovese+November+21,+1897&source=bl&ots=fxfezCdHSC&sig=ACfU3U2yWBrEBrTklObAaEGtAThimECq0A&hl=en&sa=X&ved=2ahUKEwiolL66gcnkAhUtm-AKHQUGAcc4ChDoATAAegQIBhAB#v=onepage&q=vito%20genovese%20November%2021%2C%201897&f=false
  8. Dom Frasca (1963). Vito Genovese: King of Crime. Avon Books.
  9. Gil Reavill (2013). «Mafia Summit: J. Edgar Hoover, the Kennedy Brothers, and the Meeting That Unmasked the Mob».
  10. Blackwell, Jon. Notorious New Jersey: 100 True Tales of Murders and Mobsters, Scandals and Scoundrels, p. Rutgers University Pres, 2007. 9780813543994. Accessed January 29, 2020. "The mob leader resumed control of his rackets and settled himself again in New Jersey, this time from a plush homestead in the Shore town of Atlantic Highlands. There, Vito and Anna Genovese dined on gold and platinum plates and enjoyed what was hardly a conventional Mafia marriage."
  11. Philip Carlo The Ice Man: Confessions of a Mafia Contract Killer (pp. 68–69).
  12. «Racket Chief Slain By Gangster Gunfire. Giuseppe Masseria, Known as Joe the Boss, Shot Mysteriously in Coney Island Cafe. Police Say He Was Leader in Every Kind of Racket. He Escaped Death Many Times. Shooting Still a Mystery» (PDF). New York Times. 1931 թ․ ապրիլի 16. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին. «It took ten years and a lot of shooting to kill Giuseppe Masseria—he was Joe the Boss to the underworld—but his enemies found him with his back turned yesterday in a little Italian restaurant in Coney Island, and when they walked out into»
  13. Raab, Selwyn. Five Families: The Rise, Decline, and Resurgence of America's Most Powerful Mafia Empires. New York: St. Martin Press, 2005. 0-312-30094-8
  14. Николас Пиледжи: «Мафия обслуживает наше общество с 1890 года», New York Magazine, 24.07.1972 г.
  15. Sifakis, (2005). pp. 87–88
  16. Martin A. Gosch; Richard Hammer; Lucky Luciano (1975). The Last Testament of Lucky Luciano. Little, Brown. էջեր 130–132. ISBN 978-0-316-32140-2.
  17. Davis, John H. (1994). Mafia dynasty : the rise and fall of the Gambino crime family (1st Harper paperbacks ed.). New York, N.Y.: HarperPaperbacks. էջ 40. ISBN 0-06-109184-7.
  18. Abadinsky, Howard (2010). Organized crime (9th ed.). Belmont, Calif.: Wadsworth/Cengage Learning. էջ 97. ISBN 978-0-495-59966-1.
  19. Milhorn p. 221
  20. Sifakis p. 277
  21. Sifakis, Carl (2005). The Mafia encyclopedia (3. ed.). New York: Facts on File. էջ 277. ISBN 0-8160-5694-3.
  22. Maas, Peter (2003). The Valachi papers (1st Perennial ed.). New York: Perennial. էջ 130. ISBN 0-06-050742-X.
  23. Sudol, Valerie (2012 թ․ ապրիլի 23). «The Gangster's Garden». nj.
  24. Питер Маас: «Исповедь Валачи». HarperCollins. 18.03.2003
  25. «Fugitive Miranda Gives Up» (PDF). New York Times. 1946 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  26. «AMG Aide in Italy Held in Murder Here» (PDF). New York Times. 1944 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  27. «Истсайд Вестсайд: организованная преступность в Нью-Йорке в 1930—1950 годах», автор Алан А. Блок, 1999 г.
  28. «Luciano Trial Website». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին.
  29. «Lucania Sentenced to 30 to 50 Years; Court Warns Ring» (PDF). The New York Times. 1936 թ․ հունիսի 19. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  30. «Lucania Sentenced to 30 to 50 Years; Court Warns Ring» (PDF). New York Times. 1936 թ․ հունիսի 19. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  31. Martone, Eric (2016 թ․ դեկտեմբերի 12). Italian Americans: The History and Culture of a People. ISBN 9781610699952.
  32. Mafia Summit. Gil Reavil. 2013 թ․ հունվարի 22. ISBN 9781250021106.
  33. The Mafia at Apalachin, 1957. Michael Newton. 2012. ISBN 9780786489862. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  34. Даглас Валентайн: «Сила волка: секретная история американской нарковойны». New Left Books, 2004
  35. Нунцио Перниконе: «Карло Треска: портрет бунтаря». 2005
  36. The Mafia Restored: Fighters for Democracy in World War II Արխիվացված Ապրիլ 17, 2011 Wayback Machine, The Politics of Heroin in Southeast Asia, Alfred W. McCoy.
  37. Тим Ньюарк: Hunting Down Vito Genovese in WWII Italy. Crime Magazine, 01.07.2007(անգլ.)
  38. Тим Ньюарк: Lucky Luciano: The Real and the Fake Gangster. St. Martin’s Press, 31.08.2010
  39. The New York Times: Genovese is freed of murder charge
  40. Информация из энциклопедии Британника
  41. Грэм К. Белл: Murder, Inc: The Mafia’s Hit Men in New York City(չաշխատող հղում). The Histori Press, 2010
  42. Thom L. Jones: Get ’The Right Man’: How the FBN nailed Vito Genovese Արխիվացված 2012-05-14 Wayback Machine. Gangsters Inc., 24.11.2010
  43. John H. Davis: Mafia Dynasty: The Rise and Fall of the Gambino Crime Family. HarperCollins, 11.05.1994
  44. Фотография могилы Вито Дженовезе

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտո Ջենովեզե» հոդվածին։