Վիկտորինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիկտորինա, գիտելիքների տարբեր ոլորտների վերաբերյալ բանավոր կամ գրավոր հարցերին պատասխանելու խաղ։

Վիկտորինաները հիմնականում տարբերվում են իրարից այն կանոններով, որոնք սահմանում են հերթականությունը, հարցի տեսակը և բարդությունը, հաղթողների որոշման կարգը, ճիշտ պատասխանի համար պարգևատրումը։

Կան սեղանի վիկտորինաներ՝ նախապես պատրաստված հարցերով։ Շատ հաճախ սեղանի խաղերի շուկայում միաժամանակ ներկայացված է նույն խաղի մի քանի տարբերակ, որոնք միմյանցից տարբերվում են մի շարք (հաճախ բարդության մակարդակով) հարցերով։ Կան նաև լրացուցիչ հարցաշարեր, որոնք վաճառվում են խաղից առանձին։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիկտորինա» բառը հայտնվել է 1928-ական թվականներին «Օգոնյոկ» ամսագրում։ Խորհրդային լրագրող և գրող Միխայիլ Կոլցովն այդպես է վերնագրել այն ժողովածուները, որոնք պարունակում են հարցեր, վանկախաղեր, հանելուկներ և այլն։

Այդ ժամանցային խաղերը պատրաստում էր ամսագրի աշխատակից ոմն Վիկտոր Միկուլինը։ Վիկտորի անվան և ազգանվան վերջին տառերի անունից էլ ձևավորվել է «վիկտորինա» բառը[1]։

Հետագայում այդ բառը կապվել է «հաղթանակի» հետ․ Վիկտոր լատին․՝ հաղթող։

Գործնական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն, վիկտորինաները օգտագործվում են որպես մրցակցային, զվարճալի ժամանցի միջոց։ 1975 թվականից սկսած՝ վիկտորինաները օգտագործվում են որպես խաղեր հեռուստատեսային ծրագրերում` մրցույթների և մրցանակների ձեռքբերման համար։ Նաև վիկտորինաները լայնորեն օգտագործվում են գովազդային բնույթի զվարճանքի՝ ապրանքների կամ իրադարձությունների լսարան ներգրավելու համար։ Բացի այդ, կան օրինակներ (IQ թեստեր, կրթական վիկտորինաներ), որոնց դեպքում խաղացողների պատասխաններն օգտագործվում են տարբեր ոլորտների վերաբերյալ գիտելիքները ստուգելու նպատակով։ Հաշվի են առնվում հարց բարդությունը, պատասխանների արագությունը, թեմաները և այլ չափանիշներ։

Հեռուստատեսային վիկտորինաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաշոուների մեծ մասում պետք է գտնել վարողի հարցի պատասխանը անհատական (Քո խաղը, Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր) կամ թիմային խաղի (Բրեյն ռինգ, Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ) միջոցով։

Առցանց վիկտորինաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետի գալուստով հնարավոր դարձավ ստեղծել մասնագիտացված վիկտորինային կայքեր՝ թույլ տալով, որ վիկտորինան անցկացվի իրական ժամանակում։ Դրանցից որոշները դրամական պարգևներ են նախատեսում հաղթողների համար։

Բացի վիկտորինային կայքերից կարելի է խաղալ առցանց և jabber-զրուցարաններում, օրինակ՝ Quizer բոտով (quiz@conference.jabber.ru)։

Շատ թեմատիկ կայքեր ունեն վիկտորինային էջեր, որոնք նախատեսված են այցելուներին զվարճացնելու և կայքի նկատմամբ ուշադրություն գրավելու համար։ Այս վիկտորինաներին մասնակցելը սովորաբար անվճար է, իսկ ճիշտ պատասխանողները կարող են ստանալ մրցանակներ։

Սմարթֆոնների դարաշրջանի հետ կապված՝ վիկտորինան հասանելի է դարձել նաև դրանցում, ինչը հնարավորություն է տալիս խաղալ ցանկացած վայրում ցանկացած պահի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամեծ վիկտորինան, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, անցկացվել է 2010 թվականին Գենտ քաղաքում (Բելգիա)։ Դրան մասնակցել է 2280 մարդ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Феномен Игры»,В. Я. Ворошилов
  2. Largest Quiz