Վիկենտիոս Լանցաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկենտիոս Լանցաս
Ծնվել է1822
ԾննդավայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն
Վախճանվել է1902
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
 Vikentios Lantsas Վիքիպահեստում

Վիկենտիոս Լանցաս (հուն․՝ Βικέντιος Λάντσας, 1822, Վենետիկ, Ավստրիական կայսրություն - 1902, Աթենք, Հունաստան), իտալացի և հույն նկարիչ, 19-րդ դարի ակադեմիական ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկենտիոս Լանցասը (իտալ.՝ Vicenzo Lanza) ծնվել է 1822 թվականին Վենետիկում։ Ավարտել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիան (Accademia di Belle Arti di Venezia)։ Ուսումն ավարտելուց հետո մնացել է Ակադեմիայում որպես հեռանկարչության կաֆեդրայում պրոֆեսորի օգնական։ Լանցասը մասնակցել է Վենետիկը վերահսկող Ավստրիական կայսրության դեմ 1848 թվականի հեղափոխությանը։ Որոշ հունական աղբյուրներով գրում են ռազմական գործողություններին նրա մասնակցության մասին՝ հեղափոխական նավատորմի կրտսեր լեյտենանտի կոչումով[1]։ Ավստրիական զորքերի ապստամբությունը ճնշելուց հետո Լանցասը փախել է Հունաստանի թագավորություն, որտեղ նրան, ինչպես հարյուրավոր այլ իտալացի, լեհ և հունգարացի հեղափոխականների, 1821 թվականի Հունաստանի հեղափոխության վետերան Կոստանդին Կանարիսի կառավարությունը քաղաքական ապաստան է տվել։ Այդ քաղաքական գաղթականներից շատերը մշտապես մնացել են Հունաստանում, անցել են պետական ծառայության՝ հիմնականում զինվորական, և ժամանակի ընթացքում «հելլենիզացվել են» (հպատակագրվել)[2]։

Հունաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի հեղափոխականները Հունաստան էին ժամանել, որպես կանոն, Պատրաս քաղաք-նավահանգստի միջոցով, որտեղ Լանցասը բնակություն է հաստատել 1849 թվականի վերջին։ 2 տարի անց Լանցասը տեղափոխվել է Աթենք։ Հունաստանի մայրաքաղաքում Լանցասը ստացել է Ամալիա թագուհու աջակցությունը, որը նրան հանձնարարել է նկարել քաղաքից դուրս գտնվող թագավորական նստավայրը։ Իր հերթին, Օտտոն թագավորը նրան հանձնարարել է ավարտել Աթենքի ռուսական եկեղեցու նկարը, որը սկսվել էին գերմանացի նկարիչ Լյուդվիգ Թիերշը (1825—1909) և հույն նկարիչ Նիկիֆորոս Լիտրասը։ Այդ աշխատանքի համար ռուսական կայսր Ալեքսանդր II-ը նկարչին շնորհել է ոսկե մեդալ։ Օտտոնի պատվերով նկարիչը նկարել է «Ռազմական ճամբարը Թեբեում» նկարը, որից հետո ճանաչում է ստացել հույն նկարիչների շրջանում։ Կրկին Օտտոնի պատվերով Լանցասը նկարազարդել է Աթենքի համալսարանի շենքի առաստաղները։

Ակադեմիական ուսուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականի սեպտեմբերին և Փիլիպոս Մարգարիտիսի աշխատանքից ազատվելուց հետո[3] Լանցասը որպես ուսուցիչ ընդունվել է Աթենքի գեղարվեստի դպրոցզ, որտեղ մինչև 1901 թվականը դասավանդել է հեռանկարային, պատկերագրական, տարրական գրաֆիկա և դեկորատիվ արվեստ։ Միևնույն ժամանակ, Լանցասը նկարչություն է դասավանդել էվելիդների ռազմական դպրոցում։

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականին Լանցասը մասնակցել է հունական «Օլիմպիա» գեղարվեստական ցուցահանդեսին։ Այդ նույն ցուցահանդեսներում 1870 թվականին ստացել է արծաթե մեդալ, իսկ 1888 թվականին՝ բրոնզե մեդալ։ Լանցասը մասնակցել է 1867 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին։ Լանցասը ոչ միայն ցուցադրվել է բազմաթիվ ցուցահանդեսներում, այլև ինքն է եղել բազմաթիվ գեղարվեստական ժյուրիի անդամ։ Օգտագործելով հիմնականում ջրաներկ՝ Լանցասը նկարել է հնագիտական բնապատկերներ և պատկերել է հուշարձաններ՝ այս միտումը դարձնելով բնապատկերի առանձին ժանր։ «Նրա աշխատություններում ակադեմիական կլասիցիզմի սկզբունքները գոյակցում են ռեալիզմի հետ»[4]։ Հունական հնությունները ռոմանտիզմի դարաշրջանի նկարիչների սիրված թեման էր մինչև և հատկապես Հունական հեղափոխության շրջանում։ Լանցասը հեռացել է ռոմանտիզմից և նկարել է իր բնապատկերները «ոչ միայն որպես փառավոր անցյալի կենդանի վկայություն, այլև որպես ամենօրյա տարածություն՝ պայծառ արևի տակ հստակ փայլող, ինչը գույները շողշողուն է դարձնում»[5]։ Լանցասը Հունաստանի կառավարությունից պարգևատրվել է «Փրկիչ» շքանշանով։ Ռիսորջիմենտոյից հետո Իտալիայի թագավորության կողմից պարգևատրվել է երեք շքանշաններով, որոնցից մեկը 1848 թվականի հեղափոխությանը նրա մասնակցության համար էր։ Վիկենտիոս Լանցասը մահացել է 1902 թվականին Հունաստանի մայրաքաղաքում։ Նրա որդին՝ Ստեֆանոս Լանցասը (1861—1933), նույնպես դարձել է նկարիչ և Աթենքի գեղարվեստի դպրոցի դասավանդող։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Λάντσας, Βικέντιος (Βενετία, 1822 — Αθήνα, 1902). — Εκδοτική Αθηνών Α.Ε
  2. Στέφανος Π. Παπαγεωργίου, Από το Γένος στο Έθνος, 1821—1862, εκδ. Παπαζήση 2005, σελ.450, ISBN 960-02-1769-6
  3. «Η Πινακοθήκη της ΑΣΚΤ: Καθηγητές σπουδαστές». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  5. «Averoff Museum». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.