Վիլիս Լացիսը ծնվել է 1904 թվականին Ռինուժի գյուղում, նավահանգստի բանվորի ընտանիքում։ 1917 թվականին մինչև գերմանական օկուպացիան ընտանիքով տարհանվել է Ալթայի երկրամասիԲարնաուլ քաղաք։ Սովորել է Բարնաուլի ուսուցիչների սեմինարիայում։ 1918-1921 թվականներին աշխատել է գյուղատնտեսությունում, ապա եղել գյուղական խորհրդի քարտուղար։ 1921 թվականին վերադարձել է Լատվիա։ 1921-1923 թվականներին եղել է բեռնակիր, ձկնորս, նավի հնոցապան։ Ազատ ժամանակ ստեղծագործել է, գրել է հոդվածներ, պատմվածքներ, որոնք 1921 թվականին հրապարակվել են պարբերականներում։ 1931-1933 թվականներին ստեղծել է իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Անթև թռչուններ» եռերգությունը («Հինգ հարկանի քաղաք», 1931, «Ծովերով», 1932, «Անթև թռչուններ», 1933), որը պատկերել է աշխատողի իրական կյանքը։
1940 թվականից եղել է Լատվիայի ժողովրդական կառավարության և կոմկուսի Կենտկոմի անդամ, 1940-1946 թվականներին՝ ժողկոմսովետի, 1946-1959 թվականին՝ ԼԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ։ ՍՄԿԿ XIX, XX և XXII համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու։ Եղել է ԽՍՀՄ II-V գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր։
Լատվիական գրականության մեջ մտցրել է ուժեղ կամքի տեր, ժողովրդի լավագույն հատկությունները կրող հերոսի կերպարը («Անթև թռչուններ», 1931-1933, եռերգությունը, «Ձկնորսի որդին», հ. 1-2, 1933-1934, «Ծովայինի հին բույնը», 1937, «Ցամաք ու ծով», 1938 վեպերը և այլն)։ Լատվիայում խորհրդային կարգերի հաստատումից (1940) հետո ստեղծել է «Փոթորիկ» (1945-1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949) վեպ-էպոպեան, «Դեպի նոր ափ» (1950-1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952) վեպը[4]։ Լացիսի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Գրել է նաև մանուկների համար։
Rožkalne, Anita; LU literatūras; folkloras un mākslas institūts (2003). Latviešu rakstniecība biogrāfijās. (in Latvian). Riga: Zinātne. ISBN 9984-698-48-3. OCLC 54799673.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 507)։