Վիեննայի Թանգարանային թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիեննայի Թանգարանային թաղամաս (Մուզեումսքուարթիեր, անգլ.՝ MuseumsQuartier, կրճատ՝ MQ), խոշոր թանգարանային համալիր է, որը քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող Նոյբաու շրջանում զբաղեցնում է 60 000 քառ. կիլոմետր տարածք[1][2][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի թանգարանային համալիրի գլխավոր շինությունը Սրբազան Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում կառուցվել է որպես կայսրերին սպասարկող պալատական ձիանոցի գլխավոր շինություն։ 1713 թվականին կայսր Կառլ VI-ը Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էրլախին հանձնարարեց վիեննական Գլասիսի արտաքին դարպասների մոտ կայսերական ձիանոց կառուցել։ 1725 թվականին շենքի շինարարությունն ավարտել է ճարտարապետի որդին՝ Ջոզեֆ Էմանուել Ֆիշեր ֆոն Էրլախը։ Առաջին համաշխարհային պատերազմից և Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո ձիանոցի շենքը դադարել է գործարկվել և գույքի մեծ մասը վաճառվել է[2]։

Թանգարանային թաղամասի գլխավոր մուտք
Լեոպոլդ թանգարան
Ժամանակակից արվեստի թանգարանը (MUMOK)
Լեոպոլդ թանգարանի գլխավոր շենքի ներքին բակ

1921 թվականին նախկին ձիանոցի համալիրի տարածքում առաջին անգամ ցուցահանդես է կազմակերպվել և հետագա տարիների ընթացքում շենքը վերակառուցվել և վերանվանվել է որպես Ցուցահանդեսային տաղավար։ Համալիրի վերակառուցման և համալրման աշխատանքները տևել են ընդհուպ մինչև 1960-ական թվականները[1][2]։

1985 թվականին այստեղ առաջին անգամ կազմակերպվել է Վիեննայի փառատոնը։ 1980-ական թվականներին ի հայտ է եկել Թանգարանային թաղամասի առաջին նախագիծը, որի կորիզը Փարիզի Պոմպիդու կենտրոնի նմանությամբ պետք է դառնար ժամանակակից արվեստի թանգարանը[1][2]։

Նախագծի կյանքի կոչման համար ճարտարապետական մրցույթն անց է կացվել մի քանի փուլով։ Մրցույթի արդյունքում 1990 թվականի ապրիլին միաձայն հաղթանակ է տարել ճարտարապետներ Լաուրիդս և Մանֆրեդ Օրտներների նախագիծը։ Սակայն հաղթող նախագիծը հասարակության մեջ բուռն բանավեճերի առիթ տվեց՝ նոր շենքերի բարձրության և այսպես կոչված «ընթերցասրահ-աշտարակ»-ի առիթով։ Համաձայն նախագծի՝ հենց «ընթերցասրահ-աշտարակ»-ի շենքի բարձրությունը պետք է դառնար թանգարանային համալիրի խորհրդանիշը։ 1993 թվականին նախագծի դեմ բողոքի ցույցին են միանում ավելի քան 140 ճանաչված արվեստագետներ և ճարտարապետներ ամբողջ աշխարհից։ Նրանց թվում էր նաև Լուվրի բուրգի հեղինակ Բեյ Յույմինը և ավստրիացի հայտնի պատմաբան ու տեսաբան Էռնստ Գոմբրիխը[1][2]։

1994 թվականի հոկտեմբերին Վիեննայի բուրգոմիստեր Հելմուտ Ցիլկը իր որոշման մեջ հրաժարվում է «աշտարակ-ընթերցասրահ»-ի կառուցումից։ Արդեն «թաղված» նախագիծը վերանայելիս որոշում է կայացվում թանգարանային կառույցները ավելի փոքր չափերով կառուցել։ Շենքերի նախապես որոշված ապակե ճակատային մասերը փոխարինվում են բնական քարերով։ Կառույցների շինարարությունը սկսվում է 1998 թվականի ապրիլին և ավարտվում 2001 թվականին[1][2]։

Թանգարաններ ու ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային թաղամասի տարածքում տեղակայված են մի քանի թանգարաններ, մշակութի և արվեստի հաստատություններ։ Այստեղ խոշոր թանգարանները երեքն են՝ Լյուդվիգ հիմնադրամի ժամանակակից արվեստի թանգարանը (MUMOK), Լեոպոլդ թանգարանը և վիեննական Կունստհալլեն։ Երեխաների համար գործում է ZOOM Kindermuseum թանգարանը։ Վիեննայի Թանգարանի թաղամասում պարբերաբար կազմակերպվում են տարբեր տեսակի մշակութային միջոցառումներ, ինչպիսիք են «O-Töne» գրական փառատոնը և Վիեննական ջազի փառատոնի շրջանակներում կազմակերպվող համերգները[2][4][5][6][7]։

Լեոպոլդի թանգարանի շենքը, որը մշակվել է «Ortner & Ortner» ճարտարապետական բյուրոյի կողմից, իրենից ուղղանկյուն զուգահեռանիստ է ներկայացնում, որը պատված է խեցակրով։ Թանգարանի ցուցասրահում ներկայացված է ավստրիացի հռչակավոր նկարիչ, ավստրիական էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Էգոն Շիլեի նկարների ամենամեծ հավաքածուն[5]։

Վիեննայի Թանգարանային թաղամասում «Ortner & Ortner» ճարտարապետական բյուրոյի մյուս նախագիծն էլ Ժամանակակից արվեստի թանգարանն է։ Թանգարանի շենքը կառուցված է խորանարդի տեսքով և պատված է հրաբխային լեռնային ապարով։ Նախագծի բնօրինակ տարբերակով շենքը նախատեսված էր ավելի բարձր կառուցել, սակայն երկար քննարկումներից հետո, երբ կառույցը որոշվեց ավելի ցածր կառուցվել, այն մի քանի ստորգետնյա հարկ ձեռք բերեց։ Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցադրությունների հիմքում ավստրիական Լյուդվիգ հիմնադրամին պատկանող հայտնի հավաքորդներ Իռենի և Պետեր Լյուդվիգի հավաքածուներն են, որոնք նախկինում ցուցադրվում էին Վիեննայի 9-րդ շրջանում՝ Ալզերգրունդում գտնվող Լիխտենշտայնների պալատում[5]։

Նախկին ձմեռային հեծելարանի տարածքում այժմ վիեննական Kunsthalle-ն է գտնվում, որի երկու սրահներում ժամանակակից արվեստի ցուցադրություններ են ներկայացվում[5]։

Բացի թանգարանային գործունեությունից, Թանգարանային թաղամասը հայտնի է նաև Վիեննայի փառատոնի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներով։ Այդ միջոցառումները կազմակերպվում են «Պարային թաղամասում» և Ճարտարապետական կենտրոնում։ «21-րդ դար» թաղամասում էլ գործունեություն են ծավալում արվեստի բնագավառի մի քանի ստեղծագործական խմբեր և կազմակերպություններ[5]։

Վիեննայի Թանգարանի թաղամասի կենտրոնական բակը ներկայում Ավստրիայի մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բացօթյա հանգստի վայր է ծառայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Margaret Gottfried: Das Wiener Kaiserforum. Utopien zwischen Hofburg und Museumsquartier. Böhlau Verlag, Wien 2001, ISBN 3-205-99196-6.(գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Chronology of MuseumsQuartier.(անգլ.)
  3. The MuseumsQuartier Wien.(անգլ.)
  4. 4,0 4,1 About the MuseumsQuartier Wien
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Architecture of MuseumsQuartier.(անգլ.)
  6. Leopold Museum Privatstiftung (Hrsg.): 5 Jahre Leopold Museum. 12 Jahre Leopold Museum-Privatstiftung. Eine Zeitskizze. Edition Jesina & raum.kunst.wien, Wien 2006, ISBN 3-902216-29-8.(գերմ.)
  7. Öffentliche Verkehrsmittel.(գերմ.)


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի Թանգարանային թաղամաս» հոդվածին։