Վերելակային երաժշտություն
Վերելակային երաժշտություն կամ երաժշտություն վերելակի համար, կախված նշանակությունից՝ նաև երաժշտություն խանութի համար, երաժշտություն օդանավակայանի համար կամ մուզակ (անգլ.՝ muzak), կիրառական կամ ֆոնային երաժշտության ենթատեսակ, որը ստեղծվում է առևտրի կենտրոններում կամ արտադրության մեջ զանգվածային օգտագործման համար։ Այդպիսի երաժշտությունը նպաստում է աշխատանքի արտադրողականության, հաճախորդների հավատարմության բարձրացմանը, ինչպես նաև առևտրի կենտրոններում հատուկ՝ գնումը խթանող մթնոլորտի ստեղծմանը[1]։ «muzak» եզրույթով մեծամասամբ բնորոշվում է ֆոնային երաժշտությունը՝ անկախ երաժշտության աղբյուրից։ Եզրույթը ծագում է ամերիկյան «Muzak Holdings» բրենդի անվանումից, որը 20-րդ դարի երկրորդ կեսին առաջատար էր ֆոնային երաժշտության շուկայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին ամերիկյան նախկին զինվորական և ձեռնարկատեր Ջորջ Սքվեյրը հիմնադրել է «Muzak Holdings» ընկերությունը և առաջարկել Նյու Յորքի երկնաքերների մարդատար վերելակներում բարձրախոսների միջոցով միացնել երաժշտություն, որպեսզի երկար բարձրանալու ժամանակ մարդիկ իրենց ավելի հարմարավետ զգան։
Շուտով ֆոնային երաժշտության ֆենոմենն սկսել է հետաքրքրել հոգեբաններին։ 1937 թվականին Սթենլի Ուայթն ու Ջեյ Լենդգոնն ապացուցել են, որ ֆաբրիկայի աշխատակիցներն ավելի ջանասիրաբար աշխատում են չձանձրացնող, միօրինակ երաժշտության ներքո, որը միացվում էր 15 րոպե ընդմիջումներով։ Որոշ ժամանակ անց նկատել են, որ այդպիսի երաժշտության շնորհիվ նվազում է աշխատանքից անհարկի բացակայությունների և շուտ դուրս գալու դեպքերի թիվը[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերելակային երաժշտությունը պոտենցիալ գնորդի տրամադրությունը ղեկավարելու գործիք է։ Նման երաժշտությունը որպես մարքեթինգային գործիք օգտագործվում է վաճառքի կենտրոնում (խանութ, սուպերմարկետ, սրճարան, ռեստորան և այլն)՝ ներկայացված ապրանքների և բրենդների վրա հաճախորդի ուշադրությունը ձայնային ծրագրի հատուկ տարրերի միջոցով կենտրոնացնելու նպատակով։ Ֆոնային երաժշտության համապատասխանությունը վաճառքի կենտրոնի ընդհանուր մթնոլորտին և ձայնային ծրագրի կազմում գովազդային հաղորդագրությունների սահմանափակ օգտագործումը գնմանը խթանող արդյունավետ գործոն է[3]։
Հոգեբանական կողմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտությունը մարդու վրա բազմակողմ էսթետիկ ազդեցություն է գործում։ Ճիշտ ընտրված ֆոնային երաժշտությունը մարդու վրա դրական հոգեֆիզիոլոգիական ներգործություն է ունենում․ թուլացնում է լարվածությունն ու հոգնածությունը, կարգավորում աշխատանքային շարժումների ռիթմը, մեծացնում աշխատանքի արտադրողականությունը, վերականգնում հոգեկան հավասարակշռությունը[4]։
Բովանդակության, ուժգնության և շարունակականության առումով վատ ընտրված երաժշտությունը բացասական ազդեցություն է գործում աշխատակիցների վրա, ուստի հաջողության հասնելու համար կարևոր է երաժշտական ծրագիրն ու հերթականությունը համաձայնեցնել երաժշտագետների, հոգեբանների, ֆիզիոլոգների հետ, հաշվի առնել արտադրության յուրահատկությունը, աշխատակիցների տարիքն ու նախասիրությունները։
Ավելի արդյունավետ տարբերակ է ականջակալների միջոցով անհատական երաժշտության ունկնդրումը, որի դեպքում յուրաքանչյուր աշխատակից կարող է միացնել իր ցանկալի երաժշտությունը։
Մեկ հերթափոխի համար երաժշտության ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 2․5 ժամը։ Աշխատանքի սկզբում և ընդմիջումից հետո առաջարկվում է միացնել երթային, ակտիվ երաժշտություն, որը կօգնի ընդգրկվել աշխատանքային գործընթացում, կակտիվացնի աշխատակիցներին և կապահովի դրական տրամադրություն։ Աշխատանքի ընթացքում կարելի է միացնել թեթև խթանող երաժշտություն՝ էստրադային-պարային եղանակներ, իսկ ընդմիջումից և հերթափոխի ավարտից առաջ՝ ակտիվացնող եղանակներ։
Երաժշտության տևողությունը կախված է աշխատանքի պայմաններից։ Հեշտ, միատեսակ աշխատանքի համար ընտրվում է ակտիվ, մաժորային երաժշտություն, որը 15-20 րոպեով միացվում է մեկ հերթափոխի ընթացքում 5-6 անգամ։ Իսկ ուշադրության կենտրոնացում պահանջող աշխատանքի համար նախընտրելի է հանգիստ երաժշտություն, որի տևողությունը ավելի քիչ կլինի։
Վերջին շրջանում մի շարք ձեռնարկություններում կիրառվում է նաև հակաաղմկային երաժշտություն։ Այդ նպատակով կիրառվում են անհատական հատուկ ականջակալներ, որոնք ոչ միայն չեզոքացնում են բարձր աղմուկը, այլև ապահովում են ֆոնային հաճելի երաժշտություն՝ այդ կերպ նվազեցնելով աղմուկի վնասները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ФУНКЦИОНАЛЬНАЯ МУЗЫКА КАК КОМПОНЕНТ МЕДИАСФЕРЫ». Сорока Наталья Владимировна.
- ↑ «Музыка сфер». журнал «КОМПАНИЯ» № 21 (04.06.2012).
- ↑ «Научно-исследовательская работа на тему "Функциональная музыка как социально-психологическое явление современной культуры"». Касымгужин Тимур, Ударцев Денис.
- ↑ «Функциональная музыка – это неотъемлемая часть медиаструктуры». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.