Jump to content

Վերադարձ (ֆիլմ, 2003)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերադարձ
ռուս.՝ Возвращение
Երկիր Ռուսաստան[1]
Ժանրդրամա[2][3] և թրիլեր[2]
Թեմաքույր-եղբայրների հարաբերություններ[1], ծնող-երեխա հարաբերություններ[1], fatherlessness?[1] և մարդու կյանք[1]
Թվականհունիսի 25, 2003[4]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Զվյագինցև[2][5][6][…]
ՊրոդյուսերԴմիտրի Լեսնևսկի[1][7]
Սցենարի հեղինակՎլադիմիր Մոիսեենկո[1] և Ալեքսանդր Նովոտոցկի-Վլասով[1]
ԴերակատարներIvan Dobronravov?[6][8][1], Կոնստանտին Լավրոնենկո[5][6][8][…], Vladimir Garin?[3][8][1] և Նատալյա Վդովինա[1]
ՕպերատորՄիխայիլ Կրիչման[1]
ԵրաժշտությունAndrey Dergachyov?[1]
ՄոնտաժVladimir Mogilevsky?[1]
Պատմվածքի վայրՌուսաստան
ԿինոընկերությունՌԵՆ ՏՎ
Տևողություն106 րոպե
Բյուջե400 000 $
Շահույթ4 400 000 $
Պաշտոնական կայքէջ

«Վերադարձ» (ռուս.՝ Возвращение), գեղարվեստական ֆիլմ, Անդրեյ Զվյագինցևի առաջին ռեժիսորական աշխատանքը[9]։ Գլխավոր դերերում են Կոնստանտին Լավրոնենկոն, Իվան Դոբրոնրավովը և Վլադիմիր Գարինը (ով մահացել է ֆիլմի պրեմիերայից երկու ամիս առաջ)[10]։ Ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր ՝ «Ոսկե առյուծ» մրցանակին, ինչպես նաև ազգային «Նիկա» և «Ոսկե արծիվ» մրցանակների՝ որպես տարվա լավագույն ֆիլմ։

Ֆիլմը սկսվում է խորտակված նավակի կադրերով։

Կիրակի. Տղաների մի խումբ սուզորդական աշտարակից ցատկում է ջուրը։ Նրանց մեջ են երկու եղբայրներ՝ Անդրեյը և Իվանը։ Բոլորը ցատկում են։ Միայն Իվանը չի կարողանում համարձակվել՝ ոչ հեռանալ, ոչ ցատկել, մնում է աշտարակի վրա։ Մայրը գալիս է նրա հետևից, անհանգստացած՝ համոզում է նրան հեռանալ։

Երկուշաբթի. Իվանը գալիս է տղաների հետ ֆուտբոլ խաղալու, բայց նրանք վիրավորում են նրան՝ ցատկելու համարձակություն չունենալու համար։ Սա հանգեցնում է եղբայրների միջև կռվի, որից հետո Իվանը հետապնդում է Անդրեյին մինչև տուն։ Այնտեղ նրանք միմյանցից բողոքում են մորը, բայց նա ասում է, որ չգոռան, քանի որ հայրը քնած է։ Եղբայրները զարմացած են։ Նրանք մտնում են ներս՝ նայելու քնած տղամարդուն, որից հետո Իվանը ձեղնահարկում գտնում է ընտանեկան լուսանկար, և նրանք համոզվում են, որ դա իսկապես իրենց հայրն է։

Ընտանիքը նստում է սեղանի շուրջ։ Հայրը որդիներին ասում է, որ վաղը նրանց իր հետ զբոսանքի և ձկնորսության կտանի։ Գիշերը՝ մեկնումից առաջ, քննարկում են այն, թե որտեղից կարող էր հայտնվել իրենց հայրը։ Անդրեյը ենթադրում է, որ արձակուրդի ժամանակ եկել է նրանց այցելելու, քանի որ մայրը միշտ ասում էր, որ իրենց հայրը օդաչու է։ Իվանը հարցնում է մորը, թե որտեղից է հայտնվել հայրը, բայց պատասխան չի ստանում։

Երեքշաբթի. Եղբայրները հոր հետ ուղևորվում են մեքենայով։ Հայրը ցանկանում է, որ Իվանն իրեն «հայրիկ» անվանի։ Քաղաք հասնելով՝ նրանք փնտրում են ուտելու տեղ։ Գտնելով մի սրճարան և պարզելով, որ այն փակ է, Անդրեյին հայրը նրան ուղարկում է մեկ այլ տեղ փնտրելու։ Առանց Անդրեյին սպասելու՝ նա և Իվանը հեռանում են։ Երեք ժամ անց Անդրեյին գտնում են. պարզվում է, որ նա գտել է գործող սրճարան, բայց չի հայտնել դրա մասին։ Հայրը հանդիմանում է Անդրեյին, ապա բոլորը նստում են սեղանի շուրջ։ Սկզբում Իվանը հրաժարվում է ուտել, բայց հայրը ստիպում է նրան։ Ճաշից հետո հայրը հրահանգում է Անդրեյին վճարել՝ նրան թողնելով դրամապանակը։ Վճարելուց հետո տղաները դուրս են գալիս։ Նրանց վրա հարձակվում են խուլիգաններ, որոնք բռնի ուժով խլում են դրամապանակը։ Անդրեյը խնդրում է հորը բռնել ավազակներին։ Հայրը նստում է մեքենան և հեռանում։ Ավելի ուշ նա ավազակներից մեկին հետ է բերում և հանձնում որդիներին՝ նրան պատժելու համար։ Սակայն նրանք չեն ցանկանում ծեծել ավազակին։ Հայրը հարցնում է բռնարարին, թե ինչու է նրան փող պետք, նա պատասխանում է. «ուտել էի ուզում»։ Հետո հայրը նրան փող է տալիս և թողնում, որ գնա՝ որդիներին ասելով, որ նա շտապ գործ ունի և պետք է հեռանա։ Այնուհետև նա բացատրում է, թե ինչպես տուն հասնել։ Վիրավորված հոր որոծումից, Իվանը հեգնորեն կանխատեսում է, որ իրենց հաջորդ հանդիպումը կրկին տասներկու տարի անց տեղի կունենա։ Ավտոբուս նստելով՝ տղաները քննարկում են հոր անտարբերությունը իրենց նկատմամբ։ Հայրը, մտափոխվելով, թակում է ավտոբուսի պատուհանին և ասում նրանց դուրս գալ. պարզվում է, որ նա երեք ժամ պետք է ծախսի որոշակի վայր հասնելու համար, որից հետո կարող են գնալ ձկնորսության, և առաջարկում է գալ իր հետ։ Նրանք շուտով կանգ են առնում անտառում, որտեղ տղաները ձկնորսությամբ են զբաղվում։ Եղբոր հետ զրույցում Իվանը անվստահություն է հայտնում հոր նկատմամբ՝ չբացառելով այն հնարավորությունը, որ նա (իր հայրը) հանցագործ է։ Որդիները շփոթված են կիսախելագար հոր գործողություններից, ով երբեմն, կարծես, անտեղյակ է իր սեփական գործողություններից։

Չորեքշաբթի. Իվանը միայնակ ձկնորսությամբ է զբաղվում։ Անդրեյը մոտենում է և ասում, որ պետք է շարունակել ճանապարհը։ Մեքենայում Իվանը զայրացած շարունակում է ափսոսալ, որ իրեն կտրեցին ձկնորսությունից։ Զայրացած հայրը դուրս է հրավիրում նրան մեքենայից, թողնում կամրջի վրա՝ առաջարկելով այդտեղ շարունակել ձկնորսությունը և հեռանում Անդրեյի հետ։ Իվանը երկար ժամանակ մնում է միայնակ։ Անձրև է սկսվում․ նա դեռ միայնակ է։ Բայց հետո լսվում է մեքենայի ազդանշանի ձայն. դա նրա հայրն ու Անդրեյն են, որոնք վերադառնում են նրա հետևից։ Իվանը զայրացած և լաց լինելով հարցնում է հորը, թե ինչու է նա վերադարձել, ինչին հայրը պատասխանում է, որ իրեն խնդրել է նրանց հետ լինել նրանց մայրը։ Անտառային ճանապարհին մեքենան խրվում է ցեխի մեջ։ Հայրը որդիներին կացին է տալիս և հրահանգում կտրել մի քանի ճյուղեր, որպեսզի մեքենան կարողանա շարժվել։ Տղաները սկսում են հետևել նրա հրահանգներին։ Իվանը առաջարկում է Անդրեյին դադարեցնել ճանապարհորդությունը և վերադառնալ տուն, բայց նա հրաժարվում է։ Հայրը դժգոհում է Անդրեյի աշխատանքի որակից, Անդրեյը կոպտորեն պատասխանում է՝ արժանանալով հոր հարվածին։ Որոշ ժամանակ անց մեքենան անվտանգ շարունակում է ճանապարհը։

Հինգշաբթի. Լճի ափ։ Հայրն ասում է, որ նրանք պետք է անցնեն կղզի։ Նրանք վերանորոգում են ափին ընկած նավակը, հայրը տեղադրում է ավելի վաղ պատրաստած շարժիչը, և նրանք ճանապարհ են ընկնում։ Սակայն որոշ ժամանակ անց շարժիչը կանգ է առնում, և հայրը տղաներին ստիպում է թիավարել։ Իվանը գանգատվում է հոգնածությունից և առաջարկում է հորը, որ նա թիավարի, բայց հայրը անտեսում է նրա խնդրանքը։ Նրանք հասնում են կղզի և գիշերը տեղավորվում։ Քնելուց առաջ Իվանը Անդրեյի հետ զրույցի ընթացքում սպառնում է դանակով սպանել հորը, եթե նա կրկին դիպչի նրան։

Ուրբաթ. Առավոտյան Իվանը հոր վրանից վերցնում է դանակը։ Անդրեյը համոզում է Իվանին վերադարձնել այն, բայց եղբայրը հրաժարվում է։ Հայրն առաջարկում է որդիներին՝ ուսումնասիրել կղզին։ Կղզում փարոս կա։ Հայրիկն ու Անդրեյը բարձրանում են այն և զննում շրջակայքը։ Իվանը հրաժարվում է վերև բարձրանալ, քանի որ վախենում է բարձրությունից։ Սկսում է անձրևել, և բոլորը վերադառնում են ճամբար։ Կղզում նաև մեկ այլ փայտե տուն կա, որտեղ հայրը փոս է փորում, գտնում արկղ և թաքցնում այն ​​նավակի մեջ։ Ապա եղբայրները պատրաստվում են նավակով ձկնորսության գնալ։ Հայրը թույլ է տալիս նրանց գնալ, բայց հրամայում է մեկ ժամից վերադառնալ։ Նրանք շատ են ուշանում, հայրը հանդիմանում է նրանց, ապա բացատրություն պահանջելով՝ ապտակում է Անդրեյին։ Զայրացած Իվանը հանում է դանակը և սպառնում սպանել հորը, բայց հետո գցում է դանակը, փախչում և բարձրանում փարոսի վրա։ Հայրն ու Անդրեյը շտապում են նրա հետևից։ Իվանը փակում է փարոսի վերին հարթակ տանող լյուկը և ասում հորը, որ այնտեղից կցատկի, եթե փորձի հասնել իրեն։ Հայրը փորձում է բարձրանալ շենքի արտաքին պատի վրայով, բայց չկարողանալով բռնվել՝ ընկնում է և մահանում։ Անդրեյն ու Իվանը տեսնում են, որ հայրը մահացած է, և ողջ գիշեր մարմինը քարշ են տալիս դեպի նավակը։

Շաբաթ. Տղաները հոր մարմինը քարշ են տալիս նավակի մեջ և թիավարում դեպի այնտեղ, որտեղ թողել էին մեքենան։ Տեղ հասնելով՝ նրանք սկսում են բեռնել իրենց իրերը, երբ Անդրեյը հանկարծ հետ է նայում և գոռում. «Հայրի՛կ»։ Պարզվում է, որ նավակը, որը խարիսխը գցած չէր, հեռացել է ափից և սկսել է խորտակվել։ Չկրողանալով որևէ բան անել՝ տղաները նստում են մեքենան և ներսում հայտնաբերում մի լուսանկար, որը նման է ձեղնահարկի ընտանեկան լուսանկարին։

Ֆիլմն ավարտվում է տղաների կողմից իրենց ճանապարհորդության ժամանակ արված սև-սպիտակ լուսանկարների շարքով, ինչպես նաև ավելի վաղ արված լուսանկարներով։ Դրանցից մեկում հայրը պատկերված է որդիներից մեկի հետ, մինչև երկու տարեկան դառնալը։

Դերակատար Դեր
Կոնստանտին Լավրոնենկո Հայր Հայր
Իվան Դոբրոնրավով Փոքր եղբայր, Իվան Փոքր եղբայր, Իվան
Վլադիմիր Գարին Մեծ եղբայր, Անդրեյ Մեծ եղբայր, Անդրեյ
Նատալյա Վդովինա Մայր Մայր
Գալինա Պոպովա Տատիկ Տատիկ

Սցենարի նախնական տարբերակում ֆիլմի գործողությունները հանդիսանում էին որպես հեռու անցյալի հիշողություններ․ ըստ սյուժեի երկու եղբայրներ՝ Արչիլը և Դավիթը, լինելով մոտ քարասուն տարեկան, նստած են Նյու-Յորքյան տան պատշգմբում և մանկությունից պատմություն են հիշում։

Ռեժիսորի խոսքերով, ֆիլմը նկարահանել են Լադոգա լճի մոտ, Սանկտ-Պետերբուրգի մոտ․ «Լադոգա լճի և ֆիննական ծոցի միջև ընկած բոլոր տարածքները մերն են։ Մեկ ամիս մենք ուսումնասիրեցինք և ճանապարհորդեցինք բոլոր ափերով՝ այցելելով բոլոր քիչ թե շատ հետաքրքիր վայրերը, ընտրելով նկարահանման վայրեր՝ Զելենոգորսկ, Վիբորգ, Պրիոզերսկ, Սոսնովո»։

2004 թվականին լույս տեսավ լուսանկարիչ Վլադիմիր Միշուկովի լուսանկարչական ալբոմը, որը կոչվում էր «Վերադարձ»։

Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել ամբողջ աշխարհում՝

  • 2003 - Վենետիկի կինոփառատոնի հինգ մրցանակ․ «Ոսկե առյուծ» մրցանակ, CinemAvvenire մրցանակ որպես լավագույն առաջին ֆիլմ, Լուիջի դի Լաուրենտիսի մրցանակ ՝ Ապագայի առյուծ, SIGNIS Award և Sergio Trasatti Award մրցանակներ (բոլորը՝ Անդրեյ Զվյագինցևի)
  • 2003 - Եվրոպական կինոմրցանակ «Տարվա եվրոպական հայտնագործություն» անվանակարգում (Անդրեյ Զվյագինցև)
  • 2003 - Խիխոնի կինոփառատոնի երեք մրցանակ․ ժյուրիի հատուկ մրցանակ (Անդրեյ Զվյագինցևի), լավագույն սցենար (Վլադիմիր Մոիսենկո, Ալեքսանդր Նովոտոցկի), լավագույն դերասան (Վլադիմիր Գարին, Իվան Դոբրոնրավով, Կոնստանտին Լավրոնենկո)
  • 2003 - Kingfisher Award մրցանակ, որպես Լյուբլյանայի կինոփառատոնի լավագույն դեբյուտ (Անդրեյ Զվյագինցև)
  • 2003 - Լոկառնոյի կինոփառատոնի հիմնական մրցույթի մասնակցություն
  • 2003 - Երեք «Ոսկե խոյ» մրցանակ․ լավագույն ֆիլմ, լավագույն դեբյուտ (Անդրեյ Զվյագինցև), լավագույն օպերատորական աշխատանք (Միխայիլ Կրիչման)
  • 2003 - FIPRESCI մրցանակ Սալոնիկյան կինոփառատոնում (Անդրեյ Զվյագինցև)
  • 2003 - երեք «Ոսկե արծիվ» մրցանակ․ լավագույն խաղարկային ֆիլմ (Դմիտրի Լեսնեվսկի, Անդրեյ Զվյագինցև), լավագույն օպերատորական աշխատանք (Միխայիլ Կրիչման), լավագույն հնչյունային ռեժիսուրա (Անդրեյ Խուդյակով)։
  • 2004 - Առաջադրվել է «Սեզար» մրցանակի՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ (Անդրեյ Զվյագինցև)
  • 2004 - «Ոսկե գլոբուս» անվանակարգ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար
  • 2004 - Լավագույն ֆիլմի մրցանակ Մեխիկոյի ժամանակակից կինոփառատոնում (Անդրեյ Զվյագինցև)
  • 2004 - երկու «Նիկա» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ (Դմիտրի Լեսնևսկի, Անդրեյ Զվյագինցև) և լավագույն օպերատորական աշխատանք (Միխայիլ Կրիչման)
  • 2004 - Հանդիսատեսի մրցանակ Թրոմսյոի կինոփառատոնում (Անդրեյ Զվյագինցև)
  • 2004 - FIPRESCI մրցանակ Պալմ Սփրինգսի կինոփառատոնում (Անդրեյ Զվյագինցև)
  • 2005 - Շվեդական «Ոսկե բզեզ» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Անդրեյ Զվյագինցև)
  • 2005 - Անվանակարգ՝ Դանիական Բոդիլ մրցանակի՝ որպես լավագույն ոչ ամերիկյան ֆիլմ (Անդրեյ Զվյագինցև)
  • 2003 թվականին ֆիլմն ընտրվեց որպես Ռուսաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխության թեկնածու, սակայն չառաջադրվեց և չընդգրկվեց կարճ ցուցակում։

2003 թվականի օգոստոսի 29-ին «Վերադարձ» ֆիլմը ցուցադրվեց Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ցուցադրությունից հետո հանդիսատեսը տասնհինգ րոպե ծափահարություններով ընդունեց ֆիլմի ստեղծողներին[11].:

Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի է ունեցել 2003 թվականի հոկտեմբերի 16-ին։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ֆիլմի բյուջեն կազմել է 400,000 դոլար։ Ֆիլմի համաշխարհային կինովարձույթի եկամուտները կազմել են 4,429,093 դոլար[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 europeanfilmawards.eu
  2. 1 2 3 http://www.imdb.com/title/tt0376968/
  3. 1 2 http://www.filmaffinity.com/en/film246144.html
  4. ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
  5. 1 2 http://www.beyazperde.com/filmler/film-53779/
  6. 1 2 3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=53779.html
  7. ↑ Producer // Dmitry Lesnevsky - IMDb
  8. 1 2 3 http://www.imdb.com/title/tt0376968/fullcredits
  9. ↑ «ЕВГЕНИЙ КИСЕЛЕВ: О НОВОМ ГОДЕ БЕЗ ОЛИВЬЕ, «ЯДОВИТЫХ» ЗАКОНОПРОЕКТАХ И "ЧЕРНОМ ЗЕРКАЛЕ"». Телекритика. 2015-02-07. Արխիվացված է օրիգինալից 2015-02-23-ին.
  10. ↑ «Российский фильм «Возвращение» получил главный приз международного кинофестиваля в Венеции». Первый канал. 2003-09-06. Արխիվացված օրիգինալից 2015-11-20-ին. Վերցված է 2015-11-20-ին.
  11. ↑ Валерий Кичин (2003-08-29). «Возвращение в Венецию. Российскому фильму публика аплодировала стоя». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2015-11-20-ին. Վերցված է 2015-11-20-ին.
  12. ↑ «The Return (2004)». Box Office Mojo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015-04-27-ին. Վերցված է 2017-12-13-ին.

Կարծիքներ