Վերաապահովագրում
Վերաապահովագրում, ապահովագրական ընկերությունների միջև տնտեսական ապահովագրական հարաբերությունների համակարգ, որի դեպքում ապահովագրական ընկերությունն իր կողմից ապահովագրված ռիսկերն ամբողջությամբ կամ դրանց մի մասը փոխանցում է մեկ այլ ապահովագրական ընկերության։ Վերաապահովագրություն սովորաբար կատարվում է այն ժամանակ, երբ առանձին ապահովագրական ընկերությունը չի կարողանում կատարել ապահովադիրների հանդեպ իր պարտավորությունները, երբ տեղի են ունենում խոշորածավալ վնասներ (օրինակ, օդանավի վթար, մրրիկներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր և այլն)։ Վերաապահովագրության ժամանակ վնասների փոխհատուցմանը մասնակցում են վերաապահովագրական ընկերությունները։
Վերապահովագրության ժամանակ տեղի է ունենում ապահովագրված ռիսկի երկրորդային տեղաբաշխում, որն իրենից ներկայացնում է միևնույն ապահովագրական ռիսկի նոր ապահովագրություն։ Վերաապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողները մնում են պատասխանատու ապահովադիրների հանդեպ ապահովագրության պայմանագրով սահմանված ամբողջ ապահովագրական պատասխանատվության չափով։
Ռիսկի փոխանցումը մի ապահովագրողից մյուսին կատարվում է վերաապահովագրության պայմանագրով։ Վերաապահովագրության պայմանագրի նկատմամբ ընդհանրապես կիրառվում են ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության կանոնները։
Վերաապահովագրական ռիսկի փոխանցման գործընթացը կոչվում է վերաապահովագրական ցեսիա (cession)։
Միջազգային պրակտիկայում վերաապահովագրվողին անվանում են ցեդենտ (cedent), իսկ վերաապահովագրողին՝ ցեսիոներ։ Վերաապահովագրողի վերաապահովագրության ընդունած ռիսկն ամբողջությամբ կամ մասնակի մեկ այլ վերաապահովագրողի փոխանցելու գործընթացն անվանվում է ռետրոցեսիա, իսկ առաջին վերաապահովագրողը կոչվում է ռետրոցենտ, երկրորդ վերաապահովագրողը՝ ռետրոցեսիոներ։
Վերաապահովագրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վերաապահովագրող | 2012 թ. բրուտտո պարգևավճարներ (մլն ԱՄՆ դոլար)[1] |
|---|---|
| Munich Re | $37 251 |
| Swiss Re | $31 723 |
| Hannover Re | $18 208 |
| Lloyd's of London | $15 785 |
| Berkshire Hathaway /General Re | $15 059 |
| SCOR | $12 576 |
| Reinsurance Group of America | $8 233 |
| China Reinsurance Group | $6 708 |
| Korean Reinsurance Company | $5,113 |
| PartnerRe | $4 712 |
| Everest Re | $4 311 |
| Transatlantic Re | $3 577 |
| London Reinsurance Group | $3 319 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Թոփ 50 վերաապահովագրողները». «Ինշուրանս նետվորքինգ նյուզ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23–ին-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրակոսյան, Կարեն (2011). «Ապահովագրական գործ», Երևան, «Կռունկ», ISBN 978-9939-9008-7-2