Վեսնա Վուլովիչ
| Վեսնա Վուլովիչ սերբախորվաթ․՝ Vesna Vulović | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 3, 1950 |
| Ծննդավայր | Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիա |
| Մահացել է | դեկտեմբերի 23, 2016[1] (66 տարեկան) |
| Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
| Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ուղեկցորդ |
Վեսնա Վուլովիչ (սերբ.՝ Vesna Vulović / Весна Вуловић, հունվարի 3, 1950, Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիա - դեկտեմբերի 23, 2016[1], Բելգրադ, Սերբիա), Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված հարավսլավացի սերբ բորտուղեկցորդուհի։ Վեսնան աշխատում էր JAT-ում և ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես առանց պարաշյուտի՝ ազատ անկմամբ (10,160 մ) թռիչքի արդյունքում ողջ մնացած ռեկորդակիր։ Նա որպես բորտուղեկցորդուհի աշխատում էր McDonnell Douglas DC-9-ում (JAT Flight 367), որը պայթեց 1972 թվականի հունվարի 26-ին գերմանական Հինտերհերմսդորֆ գյուղի երկնքում, իսկ դրա բեկորները ընկան չեխոսլովակյան Սրբսկա Կամենիցե գյուղի մոտ։ Պարզվեց՝ Վուլովիչն այս թռիչքից միակ ողջ մնացածն էր, քանի որ նա նստած էր ինքնաթիռի հետևի մասում՝ պոչի հատվածում, և կապել էր անվտանգության ամրագոտին։ Ինքնաթիռի վթարի հանգամանքները չպարզվեցին, չնայած հարավսլավական իշխանությունները դիտարկում էին խորվաթ արմատական ազգայնականների կողմից իրականացված ահաբեկչական հարձակման վարկածը։
Վուլովիչն պատահաբար հայտնվեց այս օդանավում՝ փոխարինելով Վեսնա Նիկոլիչ անունով մեկ այլ ուղեկցորդուհու, իսկ աղետի պահը չէր հիշում։ Նա մի քանի ամիս անցկացրեց հիվանդանոցում (ընդ որում՝ մի քանի օր կոմայի մեջ). աղջիկն ուներ գանգի, երկու ոտքերի և երեք ողերի կոտրվածք, ինչի պատճառով Վեսնան որոշ ժամանակ կաթվածահար էր եղել գոտկատեղից ներքև։ Բազմաթիվ վիրահատություններից հետո նա, այնուամենայնիվ, կարողացավ ոտքի կանգնել. իր փրկության շնորհիվ նա դարձավ Հարավսլավիայի ազգային հերոսուհի, չնայած հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, քանի որ չէր սիրում լրագրողների ուշադրությունը և հոգնել էր իր փրկության մասին խոսելուց։
Այնուհետև նա աշխատել է JAT-ում՝ վարչական պաշտոնում, որտեղից նրան ազատել են աշխատանքի անցնելուց 18 տարի հետո՝ 1990-ականների սկզբին, քանի որ մասնակցել էր Սլոբոդան Միլոշևիչի դեմ բողոքի ցույցերին: Ընդ որում՝ Վեսնան բողոքի ցույցերին մասնակցելու համար երբեք չի ձերբակալվել ոստիկանության կողմից, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է նրա ժողովրդականությամբ: Կյանքի վերջին տարիները նա անցկացրել է միայնակ՝ Բելգրադի իր բնակարանում՝ մինչև մահ ստանալով փոքր կենսաթոշակ: Նա ամուսնացած էր, բայց երեխաներ չուներ. ինքնաթիռի վթարի թողած հետևանքների և հետագա արտարգանդային հղիության վիժման պատճառով նրա մոտ ախտորոշվել է անպտղություն:
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեսնա Վուլովիչը ծնվել է 1950 թվականի հունվարի 3-ին Բելգրադում[2][3]։ Նրա հայրը առևտրային ձեռնարկատեր էր, իսկ մայրը՝ ֆիթնես մարզիչ[3]։ Սկզբում նա ցանկանում էր բժիշկ դառնալ, բայց վերջում սկսեց լեզուներ սովորել՝ անգլերենը բարելավելու և իր սիրելի՝ The Beatles խմբի երգերը հասկանալու համար։ Առաջին կուրսն ավարտելուց հետո նա ստաժավորման մեկնեց Մեծ Բրիտանիա[4]։ Սկզբում նա ապրում էր ծնողների ընկերների հետ Նյուբերիում, բայց ցանկանում էր տեղափոխվել Լոնդոն։ Մեծ Բրիտանիայում նա հանդիպեց ընկերներից մեկին, որը առաջարկեց նրան տեղափոխվել Ստոկհոլմ, բայց երբ ծնողները իմացան այդ մասին, անհանգստացան նրա համար և խնդրեցին Վեսնային հնարավորինս շուտ վերադառնալ տուն[5]։
Բելգրադ վերադառնալուն պես Վեսնան որոշեց դառնալ բորտուղեկցորդուհի. վարկածներից մեկի համաձայն՝ նրա ծանոթներից մեկը, որը JAT պետական ավիաընկերությունում սովորել էր օդաչուի մասնագիտություն, առաջարկել է նրան սովորել բորտուղեկցորդի աշխատանքը, որպեսզի կարողանա ավելի հաճախ թռչել Լոնդոն[4]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նրա վրա ազդեցություն է ունեցել JAT-ում որպես ուղեկցորդ աշխատող իր ընկերուհին։ Վեսնան պատմել է, որ JAT-ում աշխատանքի ընդունվելուց առաջ բժիշկներն իր մոտ ախտորոշել էին ցածր արյան ճնշում. սա սպառնում էր նրան բժշկական զննումը չանցնելու վտանգով։ Սակայն, զննումից առաջ աղջիկը շատ էր սուրճ խմել և, ի վերջո, հաջողությամբ անցնելով բժշկական ստուգումը[5]։ Նա ընկերությունում սկսել էր աշխատել 1971 թվականին[4]. հայտնի է, որ այդ տարիներին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ընկերության աշխատակիցները անցնում էին անվտանգության ապահովման հետ կապված վերապատրաստումներ, և Վեսնան նույնպես անցել էր համապատասխան դասընթացներ[5]։
Ավիաաղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոպենհագենից թռիչքից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականի հունվարի 25-ի առավոտյան Կոպենհագեն ժամանեց փոխարինող անձնակազմ՝ JAT 367 չվերթի թռիչքի համար, որը Ստոկհոլմից թռչում էր Բելգրադ՝ կանգառներ ունենալով Կոպենհագենում և Զագրեբում[5]: Անձնակազմի կազմում էին ինքնաթիռի հրամանատար Լյուդվիգ Ռազդրիխը, երկրորդ օդաչու Ռատկո Միհիչը, ուղեկցորդուհիներ Դրագան Դիմիտրևիչը, Սլոբոդանկա Գավրանովիչը և Վեսնա Վուլովիչը: Վեսնայի խոսքով՝ ինքը սկզբում չպետք է աշխատեր չվերթի ժամանակ, բայց ընկերությունը նրան շփոթել է Վեսնային անվանակից մեկ այլ ուղեկցորդուհու՝ Վեսնա Նիկոլիչի հետ, և այդպիսով Վուլովիչը հայտնվել է անձնակազմում[6]: Վեսնան այդ ժամանակ ընկերությունում աշխատում էր արդեն 8 ամիս, բայց մշտական աշխատանք չուներ և այնտեղ աշխատում էր միայն որպես պրակտիկանտ: Այնուամենայնիվ, նա ցանկություն հայտնեց թռչել այդ չվերթով, քանի որ նախկինում երբեք չէր եղել Դանիայում: Կոպենհագեն թռչելուց առաջ աղջիկը հասցրեց այցելել Լյուբլյանա[5]:
Անձնակազմը մնաց «Շերատոն» հյուրանոցում, և անձնակազմի անդամներին հնարավորություն տրվեց հանգստանալ ամբողջ օրվա ընթացքում: Վեսնան ուզում էր տեսնել քաղաքի տեսարժան վայրերը, բայց նրա գործընկերները պնդում էին գնումներ կատարել և հուշանվերներ գնել իրենց ընտանիքի և ընկերների համար: Վեսնայի խոսքերով՝ անձնակազմի բոլոր անդամները, կարծես, կանխազգացում ունեին, որ կարող է ավիավթար տեղի ունենալ, բայց նրանք ուղղակիորեն չէին խոսում դրա մասին: Օրինակ՝ ինքնաթիռի հրամանատարը մի ամբողջ օր փակվեց իր սենյակում՝ չցանկանալով դուրս գալ: Հաջորդ առավոտյան՝ հունվարի 26-ին, երկրորդ օդաչուն երկար խոսեց իր որդու և դստեր մասին, կարծես՝ ուրիշ ոչ ոք երեխաներ չունենար[5]։
JAT 367 չվերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 13:30-ին, JAT ավիաընկերությանը պատկանող McDonnell Douglas DC-9-32 ինքնաթիռը[7] թռավ Ստոկհոլմ-Արլանդա օդանավակայանից և մեկ ժամ անց վայրէջք կատարեց Կոպենհագենի Կաստրուպ օդանավակայանում: Փոխարինող անձնակազմի անդամները, որի կազմի մեջ էր նաև Վուլովիչը, պատրաստվեցին բարձրանալ ինքնաթիռ[8]: Վուլովիչի վկայությամբ՝ վայրէջք կատարած DC-9-ից դուրս եկող մարդկանց մեջ նա նկատել է մի չափազանց նյարդայնացած տղամարդու, որը հայտնվել էր նաև անձնակազմի մյուս անդամների և օդանավակայանի ղեկավարներից մեկի ուշադրության կենտրոնում: Հայտնի էր, որ այս տղամարդը չի վերադարձել ինքնաթիռ: Վուլովիչը կասկածում էր, որ եթե բեռնախցիկում ռումբ էր տեղադրվել, ապա այն կարող էր հենց այդ տղամարդը թաքցնել այնտեղ[5]: Այդ տարիներին օդանավակայաններում անվտանգության կանոնները խիստ չէին, և հիպոթետիկ տեսանկյունից՝ խնդիր չէր լինի մտնել ինքնաթիռի բեռնախցիկ և այնտեղ ռումբ թաքցնել:
Գրինվիչի ժամանակով ժամը 15:15 GMT-ին ինքնաթիռը սկսեց թռիչքի նախապատրաստական աշխատանքները՝ ժամը 15:20-ին թռիչք կատարելով Կոպենհագենի օդանավակայանի R 22 թռիչքուղուց[8]։ 367 չվերթի ինքնաթիռում կար 28 մարդ՝ անձնակազմի 5 անդամ (ներառյալ Վուլովիչը) և 23 ուղևոր: Թռիչքը, բարձրություն հավաքելը և օդային ուղի մուտքը տեղի են ունեցել սովորականի պես: Թռիչքը տեղի էր ունենում մոտ 10,000 մետր բարձրության վրա[7], երբ հատեց ԳԴՀ-ի և Չեխոսլովակիայի միջև սահմանը: Օդանավի՝ Բելգրադ ժամանումը նախատեսվում էր Գրինվիչի ժամանակով ժամը 17:00-ին[8]։ DC-9-ը անցավ երթուղու հերթական կետով՝ ԳԴՀ-ում գտնվող Հերմսդորֆի ազդանշանային ռադիոկայանով. ինքնաթիռի և ռադիոկայանի միջև եղանակային պայմանների վերաբերյալ վերջին հաղորդագրությունները տեղի են ունեցել ժամը 16:00:40-ից մինչև 16:00:50: Ինքնաթիռի ինքնագիրները դադարեցին աշխատել ժամը 16:01:29-ին: Այդ ժամանակ ինքնաթիռի բեռնախցիկում պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով ինքնաթիռը հենց օդում մասնատվեց[8]։ Երբ ինքնաթիռը անհետացավ Չեխոսլովակիայի ռազմական ռադարներից, զինվորականները սկզբում ենթադրեցին, որ դա պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով, ինչից այդ ժամանակ տուժել էին բոլոր ռադարները։ Սակայն, երեք րոպեի ընթացքում ինքնաթիռն այդպես էլ չհայտնվեց ռադարների էկրաններին՝ չնայած այն հանգամանքին, որ օդային երթևեկության կարգավարներն անընդհատ հարցում էին կատարում[8]։
Պայթյունի հետևանքով ինքնաթիռի բեկորները ընկան Սրբսկա Կամենիցե գյուղի մոտ՝ Չեսկա-Կամենիցե քաղաքից (ներկայիս Չեխիայի Հանրապետություն) 5 կմ հյուսիս-արևմուտք։ Բեկորների մեծ մասը կենտրոնացած էր չորս գոտիներում՝ I գոտի՝ թևերի առաջատար եզրից մինչև հետևի հատվածը (պոչի մասերով), II գոտի՝ քթի մասնատված հատվածը՝ սարքավորումներով. III գոտի՝ ձախ շարժիչը՝ մույթերով. IV գոտի՝ թևերի եզրի մի մասը և խցիկը[8][9]։ Ցրված բեկորների միջև ընկած հեռավորությունը հասնում էր 30 կմ-ի։ Ինքնաթիռում գտնվող 28 մարդկանցից միայն Վեսնան էր ողջ մնացել[2][3][10]։ Բժիշկների եզրակացության համաձայն՝ բոլոր զոհերի թոքերը պայթել են հանկարծակի դեկոմպրեսիայի հետևանքով, իսկ նրանց ականջի թմբկաթաղանթները պատռվել են։ Միայն Վեսնան է խուսափել այս ճակատագրից։ Պայթյունի պահին նա աշխատում էր ուղևորների համար նախատեսված սրահում. ուղեկցորդուհին անմիջապես կորցրել է գիտակցությունը և հետագայում չկարողացավ հիշել, թե որտեղ էր գտնվում պայթյունի պահին (ֆյուզելաժի միջին մասու՞մ, թե՞ ինքնաթիռի պոչի հատվածում)[6]: Օդաչուների մարմինները հայտնաբերվել են վթարի վայրից մոտավորապես 7-8 կմ հեռավորության վրա. նրանց թթվածնային դիմակները չէին աշխատել։
Պաշտոնական վարկած․ ահաբեկչություն՝ խորվաթ ազգայնակականների կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական հետաքննության տվյալների համաձայն՝ ինքնաթիռի համակարգերը օդում տեղի ունեցած կործանումից առաջ նորմալ աշխատել են, իսկ օդաչուները նստած են եղել իրենց տեղերում։ Զննման արդյունքում օդաչուների արյան մեջ ալկոհոլ կամ թմրանյութեր չեն հայտնաբերվել[11]։ Աղետի ազդանշաններ կամ անսարքությունների մասին հաղորդագրություններ դիսպետչերներին չեն փոխանցվել։ Ինքնաթիռը համեմատաբար նոր էր. այն շահագործման հանձնվել վթարից գրեթե մեկ տարի առաջ[7]։ Չեխոսլովակիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը որպես ինքնաթիռի պայթյունի վարկածի պաշտոնական պատճառ նշել է ռումբի պայթյունը[11]․ Չեխոսլովակիայի որոշ զինվորականների կարծիքով՝ հիպոթետիկ պայթուցիկ սարքը կարող էր պարունակել Semtex։ Հարավսլավիայի հետախուզական ծառայությունները կասկածում էին, որ ահաբեկչության կազմակերպիչները խորվաթ ազգայնականներ էին՝ ուստաշական շարժման կողմնակիցներ։ Չեխոսլովակիայի հետախուզական ծառայությունները նույնպես հակված էին այս վարկածին[3]։ Գլխավոր կազմակերպիչ էր համարվում Միրո Բարեշիչը՝ «Խորվաթիայի ազգային դիմադրություն» խմբի առաջնորդը, որը ներգրավված էր նաև նույն թվականի սեպտեմբերի 15-ին Մալմյոյից DC-9-ի առևանգման գործում։
1962-1982 թվականներին խորվաթ ազգայնականները Հարավսլավիայի քաղաքացիների և հարավսլավական ռազմական օբյեկտների դեմ 128 ահաբեկչական հարձակում են իրականացրել[12]: Հավաստիորեն հայտնի է, որ ինքնաթիռի վթարի օրը պայթեցվել է Վիեննայից Զագրեբ ուղևորվող գնացքը, որի հետևանքով վիրավորվել է վեց մարդ[13]: Հաղորդվել է, որ շվեդական Kvällsposten թերթի խմբագրությունը հաջորդ օրը զանգ է ստացել մի տղամարդուց, որը ներկայացել է որպես խորվաթական խմբի անդամ և ստանձնել ինքնաթիռի պայթյունի պատասխանատվությունը[14]: Վուլովիչը ենթադրել է, որ Կոպենհագենի օդանավակայանում DC-9-ից աղմկոտ և հախուռն կերպով իջած տղամարդը կարող էր ռումբն ինքնաթիռում տեղադրել դեռևս Ստոկհոլմում եղած ժամանակ, այնուհետև նույն չվերթով թռչել Կոպենհագեն, իսկ հետո հեռանալ ինքնաթիռից[5]: Այնուամենայնիվ, ոչ ոք երբեք չի ձերբակալվել ինքնաթիռի ռմբակոծությունը կազմակերպելու կասկածանքով[15][16]: Ինքը՝ Վեսնան, 2002 թվականին «Aviation Security Magazine»-ին տված հարցազրույցում առաջ է քաշել ենթադրություն, որի համաձայն՝ ահաբեկչական հարձակման կազմակերպիչներն այդ ժամանակ կարող էին արդեն մահացած լինել, քանի որ նրանք կարող էին զոհված լինել Խորվաթիայում պատերազմի ժամանակ[5]։
Այլընտրանքային վարկած․ Չեխոսլովակիայի ՀՕՊ գրոհ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին գերմանական ARD հեռուստառադիոընկերության՝ Պրահայի թղթակից Պետեր Հորնունգ Անդերսենը հրապարակավ վիճարկեց JAT 367 ինքնաթիռի կործանման պաշտոնական վարկածը՝ պնդելով, որ այն նենգամտորեն կեղծվել է Չեխոսլովակիայի գաղտնի ծառայությունների կողմից։ Նա պնդում էր, որ ինքնաթիռը չի կործանվել 10,000 մետր բարձրության վրա, այլ կործանվել է 600-ից 900 մետր բարձրության վրա, ինչի մասին վկայում է բեկորների ցրման մակերեսը, ուստի Վուլովիչի ռեկորդն իրականության մեջ կարող է տեղ չունենալ։ Որպես կործանման պատճառ՝ նա նշեց Չեխոսլովակիայի ռազմաօդային ուժերի կողմից արձակված հրթիռը, քանի որ քաղաքացիական ինքնաթիռը կարող էին իբր շփոթել թշնամու ինքնաթիռի հետ[14], քանի որ այդ ժամանակ ռադարների վրա մոտակայքում էին գտնվում ինքնաթիռներ՝ սոցիալիստական բլոկի երկրների բարձրաստիճան առաջնորդներով (ներառյալ Լեոնիդ Բրեժնևը), զինվորականներն իբր կարող էին DC-9-ի շարժումը շփոթել որևէ կառավարական օդանավի վրա հարձակվելու փորձ կատարող կործանիչի շարժման հետ։ Հորնունգ Անդերսենը նաև հայտարարել է, որ «Kvällsposten» թերթին ռումբի մասին հեռախոսազանգի մասին հաղորդագրությունները նույնպես հետախուզական ծառայությունների կողմից հորինված են եղել[14][17]։
Չեխիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը քննադատել է ARD-ի կողմից ներկայացված տարբերակը՝ այն անվանելով ոչ միայն իրական փաստերին չհամապատասխանող, այլև դավադրության տեսություն հիշեցնող: Չեխոսլովակիայի ժողովրդական բանակի որոշ վետերաններ նշել են, որ եթե իմանային ինքնաթիռի վրա կործանիչ ինքնաթիռի կամ զենիթային հրթիռի հարձակման մասին, անմիջապես կնկատեին դա, և արևմտյան մամուլը չէր լռի դրա մասին[18]: Պաշտոնական փորձաքննությունը նշել է, որ ինքնաթիռի ֆյուզելյաժի վրա ռումբի պայթյունի հետքեր կան, այլ ոչ թե հրթիռի հարվածի: Չեխոսլովակիայի օդային տարածքի մի մասը իսկապես փակ էր քաղաքացիական թռիչքների համար մինչև Բելգրադի ժամանակով ժամը 17:00-ը (տեղական՝ Չեխոսլովակիայի ժամանակով ժամը 16:00-ը), և 367 չվերթը առաջինն էր, որի համար բացեցին տարածքը: Հորնունգ-Անդերսենը ի վերջո ընդունեց, որ իր տեսությունը չի կարող համարվել հավանական, քանի որ այն հիմնված է բացառապես անուղղակի ապացույցների վրա[19]։
Փրկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեսնա Վուլովիչին հայտնաբերել է տեղացի բնակիչ Բրունո Հոնկեն (գերմ.՝ Bruno Honke), որը փայտ էր կտրում մառանում, երբ լսել է ուժգին պայթյուն։ Նա դուրս է վազել և լսել է մարդկանց բղավոցները, ինչից հասկացել է, որ ինչ-որ տեղ ինքնաթիռ է վթարի ենթարկվել․ չնայած մթությանը, նա շտապել է փնտրել ինքնաթիռի բեկորները և փրկվածներին։ Ինչ-որ պահի նա լսել է օգնության կանչող կնոջ ձայն. անտառի խորքը մտնելով՝ նա հայտնաբերել է ինքնաթիռի բեկորները, որոնց արանքում ճզմված էր Վեսնա Վուլովիչը։ Մի վարկածի համաձայն՝ նա տեսել է բեկորների միջից դուրս ցցված ոտքեր, մեկ այլ վարկածի համաձայն՝ Վեսնայի՝ դուրս հանած գլուխը[5]։ Նրա ցուցմունքի համաձայն՝ ուղեկցորդուհու փիրուզագույն համազգեստը պատված էր արյունով, և պայթյունի ուժգնությունն այնպիսին էր, որ նույնիսկ նրա կոշիկներն էին պատռվել[6]։ Նա ճզմված էր սննդի մատուցման սայլակին, իսկ նրա վրա ընկած էր անձնակազմի մահացած անդամներից մեկը[5]։ Հոնկեն, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել էր որպես դաշտային բժիշկ գերմանական զորքերի համար[5], կարողացավ մեկ-մեկ վերցնել բեկորները և առաջին բուժօգնություն ցուցաբերել Վուլովիչին՝ նախքան փրկարարների ժամանումը[20]:
Տարածված վարկածներից մեկի համաձայն՝ Վուլովիչի փրկությանը կարող էր նպաստել այն, որ նա գտնվել է ինքնաթիռի պոչի մասում[7][21] և անվտանգության գոտի էր կրում[22]: Սակայն Հոնկեն պնդում էր, որ Վեսնա Վուլովիչին գտել է ինքնաթիռի միջին հատվածում, այլ ոչ թե պոչի հատվածից: Փրկությանը նպաստել է նաև այն փաստը, որ բորտուղեկցորդուհին Airline service trolley-ով ճզմված էր ինքնաթիռի պոչի հատվածին[5], երբ այն պայթյունի պահին պոկվել էր և սրընթաց ընկել գետնին: Պայթյունի հետևանքով առաջացած անվերահսկելի դեպրեսիվացումից հետո բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները հարվածային ալիքի պատճառով դուրս են շպրտվել ինքնաթիռից, ինչն այդպիսի հսկայական բարձրությունից ընկնելու հետևանքով նրանց մահվան էր դատապարտել էր մահվան այդպիսի մեծ անկման պատճառով[2]։
Քննիչները ենթադրում էին, որ ինքնաթիռի այն մասը, որում գտնվում էր սայլակով ճզմված Վուլովիչը, ընկել է լեռան լանջի այն հատվածի վրա, որը ծածկված էր ձյունով և որտեղ խիտ անտառ կար[2][23]: Ձյունածածկ ծառերի գագաթները կարող էին մեղմել ինքնաթիռի բեկորների հարվածները և այդպիսով փրկել Վուլովիչին[4]: Բժիշկները նաև պնդում էին, որ ցածր արյան ճնշման պատճառով Վեսնան բավականին արագ կորցրել է գիտակցությունը դեպրեսիվացումից հետո, և դա նրան փրկել է սրտի կաթվածից, որը կարող էր տեղի ունենալ անկման ժամանակ[10][24]։ Հարավսլավական մամուլի տվյալներով՝ պայթյունի պահից մինչև բժշկի կողմից Հոնկային օգնություն ցուցաբերելը, առաջացել են յոթ տարբեր իրավիճակներ, որոնք Վեսնային սպառնում էին մահացու վտանգով (թթվածնի սուր պակասից մինչև անկման սարսափելի հետևանքները՝ կոտրվածքների և արյան կորստի տեսքով), և որոնցում նա, այնուամենայնիվ, կարողացել է գոյատևել։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Վեսնան բուժվել է Չեսկա-Կամենիցեում, նախքան իրեն կտեղափոխեին Պրահայի Ստրշեշովիցեի շրջանի ռազմական հոսպիտալ, որտեղ մնացել է մինչև 1972 թվականի մարտի 12-ը[5]։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ նրա մոտ ախտորոշել են գանգի բազմաթիվ կոտրվածքներ (ներառյալ՝ գանգի հիմքի կոտրվածք)[25], ուղեղի այտուց, ներուղեղային արյունազեղումներ, երկու ոտքերի և երեք ողերի կոտրվածքներ[5] (կար ձախ սրունքի բաց կոտրվածք), ձախ ձեռքի, երեք աջ կողերի և աջ ձեռքի մի քանի մատների կոտրվածք, կոնքի կոտրվածք[15], լյարդի և երիկամների վնասվածք և բազմաթիվ բաց վերքեր։ Քանի որ մեկ ողն ամբողջությամբ ջախջախված էր, այդ իսկ պատճառով աղջիկը կաթվածահար էր եղել գոտկատեղից ներքև[25]։ Վեսնան որոշ ժամանակ կոմայի մեջ էր (որոշ աղբյուրների համաձայն՝ 3 օր[6], մեկ այլ վարկածի համաձայն՝ 10 օր[15] կամ 27 օր[20][26][27], որոշ աղբյուրներում նշված է չորս շաբաթ[19])։ Հարավսլավական «Տանյուգ» գործակալության տվյալներով՝ 1972 թվականի փետրվարի սկզբին Վեսնան կարողանում էր խոսել և կարդալ, ինչպես նաև անգլերենով շփվել չեխոսլովակացի բժիշկների հետ[28]։ Հաղորդվում էր, որ երբ Վեսնան գիտակցության է եկել, նրա առաջին խոսքերը վերաբերել են ծխելու խնդրանքին, որոնք արտաբերել է անգլերեն։
Վեսնայի մոտ նաև ամնեզիա էր ախտորոշվել. աղջիկը ոչինչ չի հիշել վթարից մինչև մեկ ժամ առաջ եղած ժամանակահատվածի վերաբերյալ (բացի նրանից, թե ինչպես է ողջունել ինքնաթիռ բարձրացող ուղևորներին)[6]. նրա հիշողությունները սկսվում են միայն հիվանդանոցում ծնողների հետ հանդիպումից: Վեսնան անկեղծորեն հավատում էր, որ Լյուբլյանայում է, քանի որ դա վերջին քաղաքն էր, որը նա այցելել էր Կոպենհագեն թռիչքից առաջ: Նրա ծնողները պնդում էին, որ Վեսնան վթարի մասին իմացել է միայն վթարից երկու շաբաթ անց. երբ բժիշկը նրան ցույց է տվել թերթը, աղջիկը գրեթե կորցրել է գիտակցությունը շոկից, և նրան ստիպված էին ուշքի բերել[5]: Նա վթարի մասին ասված ամեն ինչ հիշում էր միայն այլ մարդկանց խոսքերից[19]: Միևնույն ժամանակ, «Պոլիտիկա» թերթը մեջբերել է հարցազրույցներից մեկը, որտեղ Վեսնան պնդում է, որ ինքնաթիռի վթարից հետո նա կարճ ժամանակով գիտակցության է եկել և իր կողքին գտել է մահացած ուղեկցորդուհիների՝ Սլոբոդանկա (Բոբանա) Գավրանովիչի և Դրագան (Գալետա) Դիմիտրիևիչի մարմինները: Ավելի ուշ նրան տեղափոխեցին Բելգրադ. աղջկան առաջարկեցին ընդհանուր անզգայացում, որպեսզի նա կարողանա բավարար քնել թռիչքի ընթացքում և չանհանգստանա թռիչքի համար: Վեսնան հրաժարվեց՝ ասելով, որ չի հիշում վթարի պահը, ուստի չի վախենում թռչել[5]: Նրան բուժօգնություն են ցուցաբերել Բելգրադի բժիշկ Դրագիշա Միշովիչի անվան հիվանդանոցում, և նրա սենյակը գտնվում էր ոստիկանության՝ շուրջօրյա հսկողության ներքո: Իշխանությունները վախենում էին, որ ինքնաթիռի ռմբակոծության կազմակերպիչները կցանկանան սպանել նաև ուղեկցորդուհուն՝ որպես միակ վկայի, որը կարող էր ապացուցել, որ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Պահակները միմյանց հերթափոխում էին յուրաքանչյուր վեց ժամը մեկ. միայն բժիշկներին և Վեսնայի ծնողներին էր թույլատրվում մտնել հիվանդասենյակ[5]։ Նրա բուժումն ընդհանուր առմամբ 16 ամիս տևեց[26]:
Վուլովիչը մի շարք վիրահատությունների ենթարկվեց, որոնցից հետո նա կարողացավ շարժել ձախ ոտքը, իսկ ևս մեկ ամիս անց սկսեց շարժել նաև աջ ոտքը[10]։ Վեսնան մինչև 1972 թվականի հունիսը բուժվեց Բելգրադի հիվանդանոցում, իսկ հուլիսին ավիաընկերության հաշվին մեկնեց Չեռնոգորիայի առողջարան, որտեղ ապրեց մեկ ամիս՝ անցնելով հետագա ֆիզիկական վերականգնողական շրջանը[5]։ Նա բուժվեց Բուդվայում, որտեղ նրան ուղեգրեց Բելգրադի օրթոպեդիկ կլինիկայի բժիշկ, պրոֆեսոր Բրանկո Ռադուլովիչը։ Ֆիզիկական վերականգնումն իրականացրեց բժիշկ Սպիրո Բուդիմիրը, իսկ դերասան Միոդրագ Պետրովիչ Չկալյան եկավ Վեսնայի մոտ՝վերջինիս բարոյական աջակցություն ցուցաբերելու համար։ Տասը ամիս բուժումից հետո Վուլովիչը կարողացավ ոտքի կանգնել[6]։ Նա օրական ութ ժամ անցկացնում էր՝ սպորտով զբաղվելով, մերսումների գնալով, լողավազանում լողալով և ուժային մարզումներով։ Ընդհանուր առմամբ, նրանից չորսուկես տարի պահանջվեց, որպեսզի սովորեր նորից քայլել այնպես, ինչպես նախկինում[25]։ Շատ բժիշկներ Վեսնայի փրկությունը և շարժունակության վերականգնումը հրաշք անվանեցին։ Միևնույն ժամանակ, Վեսնան մինչև կյանքի վերջը շարունակեց կաղալ, ինչպես նաև մնաց ողնաշարի կորությունը։ 2008 թվականին The New York Times-ին տված հարցազրույցում նա ասել է՝ ոչ ոք չէր սպասում, որ ինքը երկար կապրի դրանից հետո։ Նրա խոսքով՝ «մանկական սննդակարգը» (շոկոլադ, սպանախ և ձկան յուղ) և իրեն բնորոշ «սերբական համառությունն» են օգնել նրան, որպեսզի ոտքի կանգնի[6][29]։
Վեսնայի ծնողները նույնիսկ վաճառեցին երկու մեքենաները՝ դստեր բուժման ծախսերը հոգալու համար, բայց Վեսնան հույս էր հայտնել, որ ապահովագրությունից ստանալով գումար և բնակարան՝ ինքը կկարողանար ծնողների համար մեքենա գնել[30]։ Աղետից հետո՝ առաջին տարում, նա ամսական ստանում էր 80 հազար հին հարավսլավական դինար, երկրորդ տարում այդ գումարը հասավ մինչև 100 հազարի։ Ընդհանուր փոխհատուցումը JAT-ից կազմում էր 15 միլիոն դինար և սոցիալական ապահովագրությունից՝ 4 միլիոն։ 1972 թվականի սեպտեմբերին Վեսնան հայտարարեց որպես բորտուղեկցորդուհի՝ JAT վերադառնալու իր մտադրության մասին[5]։ Զուգահեռաբար նա ընդունվել է Արտաքին առևտրի ֆակուլտետ՝ իր կարիերան շարունակելու որևէ միջոց ունենալու համար, եթե ստիպված լիներ մոռանալ ավիաընկերությունում աշխատելու մասին։ Ընկերությունը նրան ընդունեց աշխատանքի՝ գրասենյակային աշխատակից․ Վեսնան պետք է զբաղվեր բեռնափոխադրման պայմանագրերի կնքմամբ։ Այս որոշումը ընկերության կողմից կայացվել է՝ խուսափելով հետագայում՝ աղջկա վրա չափազանց մեծ ուշադրություն կենտրոնացնելուց[5]։ Նա շարունակել է թռչել որպես ուղևոր[10]․ ըստ Վեսնայ՝ մյուս ուղևորները զարմացել են՝ թռիչքների ժամանակ իրեն տեսնելով և փորձել են ավելի մոտ նստել իրեն[6][15]։
Հայտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր հայրենիքում Վեսնան սկսեց համարվել ազգային հերոսուհի[31] և ստացավ «Կախարդուհի Վեսնա» (Կաղապար:Tr-sr)[2] մականունը, իսկ նրա փառքը որոտաց սոցիալիստական ճամբարի երկրներում[32]: Աղետից և իր վերականգնումից հետո՝ Վուլովիչն ընդունելության էր արժանացել Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյի կողմից, իսկ երգիչ Միրոսլավ Իլիչը նույնիսկ Վեսնային նվիրված երգ էր ձայնագրել՝ «Vesna stjuardesa»։ Նրան հասցեագրված բազմաթիվ նամակներ են հասել, աղջկան նույնիսկ Սրբսկա Կամենիցայից հողակտոր են նվիրել և գյուղի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել: Աղետից վեց շաբաթ անց Հոնկեն, որը փրկել էր բորտուղեկցորդուհուն, թոռնուհի ունեցավ, որին անվանեց Վեսնա: Ինը ամիս անց Վեսնան այցելեց Սրբսկա Կամենիցա՝ հանդիպելով տեղի երիտասարդության հետ։
1985 թվականին Վեսնա Վուլովիչի անունը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մարդ, ով առանց պարաշյուտի ընկել է բավականաչափ մեծ բարձրությունից և ողջ է մնացել․ բարձրությունը կազմել է 10,160 մ[26] Վուլովիչը գերազանցել է նմանատիպ անկումներից ողջ մնացած շատ այլ մարդկանց ռեկորդները՝ Ալան Մագի (ավելի քան 6,000 մ), Ջուլիան Կեպկե (մոտ 3,000 մ), Նիկոլաս Ալկեմադ (5,490 մ) և Իվան Չիսով (6,505 մ)[5][20]: Նա իր մրցանակը ստացել է Լոնդոնում Փոլ ՄաքՔարթնիից, ում հետ նա այդ ժամանակ առաջին անգամ էր հանդիպում[33]: «Պոլիտիկա» թերթի տվյալներով՝ աղետից հետո վերականգնվել է կաթոլիկ վանքը, որը գտնվում էր Սրբսկա Կամենիցեի մոտակայքում և գտնվում էր խարխուլ վիճակում: Վանականները, տեսնելով ի վերուստ ուղարկված նշանը՝ ավիաաղետի արդյունքում Վեսնա Վուլովիչի փրկության տեսքով, վանքում տեղադրեցին նաև Վեսնայի լուսանկարը՝ շրջանակի մեջ առած, և սկսեցին ոչ միայն ամենամյա հոգեհանգստի արարողության կարգ անցկացնել մահացածների համար, այլև Վեսնայի առողջության համար նախատեսված պատարագ մատուցել: Ժամանակի ընթացքում նախկին բորտուղեկցորդուհուն փողոցում սկսեցին ավելի քիչ ճանաչել, ինչը նա սկսեց ընդունել մեծ թեթևությամբ։
Վուլովիչը JAT-ում ընդհանուր առմամբ 18 տարի է աշխատել՝ նախքան 1990-ականների սկզբին (կամ 1990[6][15][34] կամ 1991) նրան ազատեցին աշխատանքից՝ Հարավսլավիայի այն ժամանակվա առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի նկատմամբ իր ընդդիմադիր հայացքների պատճառով։ Պարզվեց, որ նա համոզել էր իր գործընկերներին չքվեարկել նրա օգտին, ինչի պատճառով նախ աշխատավարձը կրճատվեց, ապա հեռացվեց ընկերությունից։ Վուլովիչը նաև մասնակցել է Միլոշևիչի դեմ Բելգրադի փողոցներում կազմակերպված բողոքի ցույցերին, սակայն երբեք չի ձերբակալվել Հարավսլավիայի ոստիկանության կողմից, ինչը կարելի է բացատրել բորտուղեկցորդուհու՝ ժողովրդի շրջանում ունեցած հռչակով[6][34]։
Հետագա տարիների ընթացքում շատ տպագիր լրատվամիջոցներ սկսեցին հրապարակել հոդվածներ, որոնք փորձում էին վիճարկել կամ հերքել նրա փրկության հանգամանքները։ Առաջիններից մեկը հարավսլավական «Politikin svet» ամսագիրն էր, որը պնդում էր, որ Վեսնայի ինքնաթիռը, իբր, խփվել է Չեխոսլովակիայի ՀՕՊ-ի կողմից 1000 մ բարձրության վրա, և, որ Վեսնայի անունը, հետևաբար, անօրինականորեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 1997 թվականին չեխական «Letectví a kosmonautika» ամսագիրը նույնպես պնդում էր, որ ինքնաթիռը խփվել է երկու ՀՕՊ հրթիռներով, որոնցից երկրորդը, իբր, արձակվել է, երբ ինքնաթիռն արդեն վտանգավոր իջեցման դիրքում էր գտնվում: Որպես փաստարկ՝ մեջբերվել է 1988 թվականի Կրիժենեցի ՀՕՊ կետում բանակցությունների սղագրությունները: Որոշ հոդվածներում նույնիսկ պնդվում էր, որ Վեսնան ընդհանրապես ինքնաթիռում չի եղել[22]: Վերջապես, 2009 թվականին ARD-ի լրագրողները ոչ միայն պաշտպանեցին այն տարբերակը, որ ինքնաթիռը հարձակման է ենթարկվել Չեխոսլովակիայի ՌՕՈՒ-ի կողմից, այլև հրապարակայնորեն մեղադրեցին հետախուզական ծառայություններին հետաքննության արդյունքները կեղծելու մեջ[14]: Նախկին բորտուղեկցորդուհին պատասխանեց, որ տեղյակ է մամուլում նման հայտարարությունների տարածման մասին, բայց չի հիշում անկման պահը, ուստի չի կարող որևէ բան հաստատել կամ հերքել և առանձնապես չի վիրավորվի, եթե իր ռեկորդն արդյունքում չեղյալ հայտարարվի[34]: Քաղաքացիական ավիացիայի ոլորտի մասնագետների մեծ մասի կարծիքով՝ լրատվամիջոցներում բարձր մակարդակի բոլոր հրապարակումները կապված էին լրագրողների ցանկության հետ՝ պարզապես հրապարակայնություն ձեռք բերել Վուլովիչի անձի շնորհիվ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեսնայի ծնողները մահացան վթարից մի քանի տարի անց[35]․ բորտուղեկցորդուհին պնդում էր, որ վթարը կործանել է ոչ միայն իր կյանքը, այլև իր ծնողների կյանքը[5][29]: Շուտով նա ամուսնացավ մեխանիկ-ինժեներ Նիկոլա Բրեկի հետ, որը իրենից երեք տարով մեծ էր: Նա Նիկոլայի հետ ծանոթացել է, երբ 18 տարեկան էր և մոտ մեկ տարի հանդիպել է նրա հետ՝ նախքան ամուսնանալը: Նիկոլան չէր սիրում լրագրողներին և չէր ուզում նրանց հարցազրույց տալ[36]։ Վարկածներից մեկի համաձայն՝ հարսանիքը տեղի է ունեցել 1975 թվականին, մեկ այլ վարկածի համաձայն՝ 1977 թվականին[5]։ Վեսնան շուտով բաժանվեց ամուսնուց (Večernji list թերթի տվյալների համաձայն՝ 1985 թվականին են բաժանվել, իսկ Վուլովիչի՝ Aviation Security Magazine ամսագրին տված հարցազրույցի համաձայն՝ 1992 թվականին[5]), քանի որ վերջինիս դուր չէր գալիս Վեսնայի ծխելու սովորությունը: Ամուսնալուծությունից հետո Վուլովիչը թողեց ծխելը իր զագրեբցի ընկերուհու՝ Յովիցա Պալիկովիչի շնորհիվ։
Վեսնան նաև եղբայր ուներ, որը մինչև 1979 թվականը երկու երեխա ուներ: Իտալական «Oggi» թերթը մի անգամ հրապարակեց մի հաղորդագրություն այն մասին, որ Վեսնան հղի է, սակայն հետագայում պարզվեց, որ դա խաբեություն է: Խաբեության աղբյուրը Վեսնայի և Իտալիայում ապրող հարավսլավացի կանանցից մեկի զրույցն էր. իտալական մամուլը, ինչպես պարզվեց, սխալ էր հասկացել Վեսնայի խոսքերը նրա զարմիկների մասին: Իրականում բժիշկները Վեսնային վստահեցրել էին, որ աղետը չի ազդի նրա վերարտադրողական ֆունկցիայի վրա, սակայն Վեսնան ավելի ուշ արտարգանդային հղիություն ունեցավ. չնայած նա ողջ մնաց, կնոջ մոտ անպտղություն ախտորոշվեց[5]: Նրա զարմիկներից մեկը ավստրալացի վիդեոբլոգեր Ալեքսա Վուլովիչն է[37]։
JAT ավիաընկերությունից Վեսնան ստացավ 36 մ² մակերեսով բնակարան Բելգրադում՝ Հեղափոխության ծառուղիում, որտեղ նա ապրում էր ամուսնու հետ։ Այնուհետև նա ապրում էր Դեսպոտ Ստեֆան ծառուղու վրա գտնվողի խարխուլ տանը[6]՝ ամսական 300 եվրոյին համարժեք համեստ կենսաթոշակով։ Մոտ 15 տարի նա ապրել է երրորդ հարկի բնակարանում, իսկ մահից մի քանի ամիս առաջ տեղափոխվել է հինգերորդ հարկի ավելի փոքր բնակարան։ Չնայած իր փոքր կենսաթոշակին՝ Վեսնան չէր բողոքում իր կյանքից[38]։ Վեսնայի տունը գտնվում էր «Պոլիտիկա» թերթի խմբագրատան դիմաց։ Երիտասարդության տարիներին Վեսնան ուներ շուն՝ Պեգգի անունով, և կատու՝ Ցիցկա անունով, և Վեսնան ինքը բազմիցս ասել է, որ սիրում է կենդանիներին, իսկ կյանքի վերջում նրան ընկերակցում էին միայն երեք կատուներ[38]։
Անձնական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուլովիչն սկզբունքորեն հրաժարվում էր իրեն հաջողակ մարդ անվանել[25][29][39], բայց, ամեն դեպքում, ընդունում էր, որ մարտական ոգի ունի[19]։ Չնայած վթարից որևէ որևէ հոգեբանական տրավմա չէր ունեցել[10], նա պնդում էր, որ անընդհատ տառապել է փրկվածի մեղքի զգացումից[6] և երբեմն նույնիսկ մտածում էր, թե չարժե՞ր արդյոք՝ ինքն էլ մահանար մյուս ուղևորների և անձնակազմի հետ միասին[39]։ Վեսնան հետագայում մկրտվեց Սերբական ուղղափառ եկեղեցում՝ մեղքի զգացման դեմ պայքարելու և կյանքի նկատմամբ իր լավատեսական հայացքը վերականգնելու համար[6][29]։
Aviation Security Magazine-ին տված հարցազրույցում Վուլովիչը պնդում էր, որ երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ և միայն հետաքրքրված է եղել, որպեսզի օգնի իր ժողովրդին գոյատևել. նա կոչ էր անում իր համաքաղաքացիներին չպայքարել խորվաթների կամ բոսնիացիների դեմ՝ պնդելով, որ սերբերը և նրանք մեկ ժողովուրդ են[5]։ Նա դատապարտում էր ոչ միայն սերբական և խորվաթական ազգայնականությունը, այլև առհասարակ ցանկացած ազգայնականություն[19]։ 2000 թվականին՝ Սլոբոդան Միլոշևիչի իշխանությունից հեռացումից հետո, նա մի քանի հարավսլավացի հայտնիների հետ հայտնվեց Հին պալատի պատշգամբում՝ հանդես գալով ցուցարարներին ուղղված կոչով[5]։
2008 թվականին Վուլովիչը նախագահական ընտրություններում աջակցեց Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բորիս Տադիչի թեկնածությունը։ Նա պնդում էր, որ ցանկանում է «նորմալ կյանք» իր երկրի համար, որը բազմաթիվ զրկանքների էր ենթարկվել պատերազմների և պատժամիջոցների պատճառով, ուստի հույս ուներ, որ Սերբիայի հիպոթետիկ անդամակցությունը Եվրամիությանը տնտեսական բարգավաճում կբերի երկրին։ Վեսնան կիսում էր Կոսովոյի սերբերի ցավը, որոնց հետապնդում էին Կոսովոյի ալբանացիները, բայց կարծում էր, որ Սերբիան ստիպված կլինի հաշտվել Կոսովոյի և Մետոհիայի կորստի հետ՝ հանուն «ավելի լավ ապագայի»։ Նույն 2008 թվականի ընտրություններում Վուլովիչը կտրականապես դեմ էր Սերբական ռադիկալ կուսակցության թեկնածու Վոիսլավ Շեշելին. The New York Times-ին տված հարցազրույցում նա մտավախություն հայտնեց, որ Շեշելը կարող է Սերբիային վերադարձնել Միլոշևիչի կառավարման ամենավատ շրջանը[6]։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս Հարավսլավիայի ժամանակներում Վեսնան հրաժարվում էր հարցազրույցներ տալ բազմաթիվ հրատարակությունների, քանի որ լրագրողները հաճախ հրապարակում էին տարբեր «սուտ լուրեր», իսկ ավելի ուշ ասաց, որ հոգնել է բոլորին պատմել իր անկման և փրկության մասին[6]: Վեսնայի կողմից մերժվածների թվում էին Օփրա Ուինֆրին և BBC-ի խմբագրական խորհուրդը: Հազվագյուտ բացառություն էր 2012 թվականին Դանիական ռադիոյին տված հարցազրույցը[40][41]: Առողջական խնդիրները խանգարեցին նրան մասնակցելՍրբսկա Կամենիցա գյուղում անցկացվող հիշատակի միջոցառումներին, ուր Վեսնան նախկինում այցելում էր տարիներ շարունակ. վերջին անգամ նա այնտեղ եղել էր 2002 թվականին[42]: Նրա բոլոր ծանոթներից միայն եղբայրն էր այցելում իրեն․ եղբոր հետ նա հիանալի հարաբերություններ ուներ: Միևնույն ժամանակ, չնայած իր մեկուսացված ապրելակերպին՝ հարևանները Վեսնային մեծ հարգանքով էին վերաբերվում. նա քաղցրավենիք էր գնում հարևանների երեխաների համար[38]։
2016 թվականի դեկտեմբերի 23-ին Վեսնա Վուլովիչի մարմինը հայտնաբերվեց իր՝ Բելգրադի բնակարանում։ Ոստիկանությունն ստիպված էր ուժի գործադրմամբ բացել Վեսնա Վուլովիչի տան դուռը[2]։ Այն բանից հետո, երբ Վուլովիչը մի քանի օր շարունակ չէր հայտնվել փողոցում և չէր պատասխանել ընկերների հեռախոսազանգերին, ընկերները կապ էին հաստատել ոստիկանության հետ[22][43][44][45]։ Վեսնայի կատուները չափազանց ագրեսիվ էին, քանի որ, ըստ հարևանների վկայության, մոտ երեք օր նրանց ոչ ոք չէր կերակրել, ուստի անասնաբուժական ծառայությունը նրանց վերցրել էր իր խնամքի ներքո[38]։ Վեսնայի մահվան պատճառը պաշտոնապես չի հայտարարվել[46], չնայած նրա ընկերները ասել են, որ նա կյանքի վերջին տարիներին սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել. մահից կարճ ժամանակ առաջ Վուլովիչը սրտի կաթված էր ստացել, և նա նաև հաճախ հենակներով էր տեղաշարժվում[38]։ Նա թաղվել է Բելգրադի Նոր գերեզմանատանը նույն թվականի դեկտեմբերի 27-ին[47]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Find A Grave — 1996.
- 1 2 3 4 5 6 Richard Sandomir (2016 թ․ դեկտեմբերի 28). «Vesna Vulovic, Flight Attendant Who Survived Jetliner Blast, Dies at 66» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- 1 2 3 4 «Vesna Vulovic, air stewardess who survived a plane crash – obituary» (անգլերեն). The Daily Telegraph. 2017 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- 1 2 3 4 Железняков, 2004, էջ 12—13
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 Philip Baum Vesna Vulovic: How to survive a bombing at 33,000 feet(անգլ.) // Aviation Security Magazine. — 2002. Архивировано из первоисточника 10 օգոստոսի 2017.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Dan Bilefsky (2008 թ․ ապրիլի 26). «Serbia's Most Famous Survivor Fears That Recent History Will Repeat Itself» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին.
- 1 2 3 4 «Accident description MD DC-9-32» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին.
- 1 2 3 4 5 6 «Souhrnná Zpráva» (PDF) (չեխերեն). Civil Aviation Authority (Czech Republic) — Отчёт комиссии при Федеральном министерстве транспорта ЧССР. 1972 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Situační plán k havarii letadla DC-9-JAT-DNE 26. ledna 1972» (չեխերեն) — Схема обломков DC-9 JAT 367. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
- 1 2 3 4 5 Alan Bellows (2006 թ․ հունիսի 13). «Vesna's Fall» (անգլերեն). damninteresting.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 1-ին.
- 1 2 «Official Abstract of the Final Report (English)» (PDF) (անգլերեն). Civil Aviation Authority (Czech Republic) — Перевод второй части официального отчёта комиссии Федерального министерства транспорта ЧССР на английский язык. էջ 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Dennis Pluchinsky Ethnic Terrorism: Themes and Variations // Politics of Terrorism: A Survey / ed. Andrew T.H. Tan. — London: Routledge, 2010. — С. 49. — ISBN 978-1-13683-336-6
- ↑ Đuro Rebić Špijuni, diverzanti, teroristi: Ostaci kontrarevolucije u Jugoslaviji. — Zagreb: Centar za informacije i publicitet, 1987. — С. 354. — ISBN 978-8-67125-009-2
- 1 2 3 4 «Njemački mediji o slučaju JAT 1972: Napad hrvatske emigracije je plod mašte tajnih službi» (խորվաթերեն). Slobodna Dalmacija. 2009 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- 1 2 3 4 5 «Vesna Vulovic, stewardess who survived 33,000ft fall, dies» (անգլերեն). BBC News. 2016 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Serbian stewardess who survived jet crash in 1972 dies at 66». Associated Press (անգլերեն). Fox News. 2016 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Record for surviving highest fall without parachute based on communist lies, says journalist» (անգլերեն). Радио Прага. 2009 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Sestřelení jugoslávského letadla Čechy by se neutajilo, míní pamětník od radaru» (չեխերեն). iDNES.cz. 2009 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- 1 2 3 4 5 «Remembering Vesna Vulović, flight attendant who survived 10,000-metre fall from plane» (անգլերեն). Canadian Broadcasting Corporation. 2016 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին.
- 1 2 3 Colin White Projectile Dynamics in Sport: Principles and Applications. — London: Routledge, 2010. — С. 305. — ISBN 978-1-13402-762-0
- ↑ «MythBusters. Escape Slide Parachute». MythBusters (անգլերեն). tv.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին.
- 1 2 3 «Preminula stjuardesa Vesna Vulović» (սերբերեն). B92[en]. 2016 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Ilijana Rupić (2010 թ․ մայիսի 12). «Čudo preživljavanja u avio nesrećama». Танюг (սերբերեն). B92. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Vesna Vulovic: Flight Attendant Who Survived Mid-Air Explosion and 33,000-foot Fall, Dies at 66» (անգլերեն). Inquisitr. 2016 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- 1 2 3 4 Брифинг(ռուս.) // Огонёк : журнал. — 2012. — № 14. — С. 5.
- 1 2 3 Тэйлор, Мандэй, 1997, էջ 251
- ↑ «Highest fall survived without parachute» (անգլերեն). Книга рекордов Гиннесса. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Girl who fell 31,000 feet will survive» (անգլերեն). Irish Times. 1972 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին.
- 1 2 3 4 Ruth Graham (2016 թ․ դեկտեմբերի 29). «Bask in the Bracing Unsentimentality of Vesna Vulovic, the Only Person to Survive a 1972 Plane Crash» (անգլերեն). Slate. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ S. Veselinović (1973-04). «Sreća pobedila nesreću». Радио и телевидение Сербии (սերբա-խորվաթերեն). Yugopapir. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Vesna Vulović i još devetoro koji su prevarili smrt» (սերբերեն). B92[en]. 2016 թ․ մարտի 8. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Fate or fluke? Air crash sole survivors» (անգլերեն). CNN. 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Arfa Javaid (2022 թ․ նոյեմբերի 7). «Guinness World Records shares inspirational story of woman who survived highest fall ever without parachute» (անգլերեն). Hindustan Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 14-ին.
- 1 2 3 Kate Connolly (2009 թ․ հունվարի 13). «Woman Who Fell to Earth: Was Air Crash Survivor's Record Just Propaganda?» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Optimizmu padobran ne treba» (խորվաթերեն). Večernji list. 2005 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Dušan Krajčinović (1979-06). «Kako je Vesna Vulović preživela avionsku nesreću nad Čehoslovačkom '72: Čudo nije bila prava reč». Радио и телевидение Сербии (սերբա-խորվաթերեն). Yugopapir. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ TikTok Pranksters Should Be Stopped (w/ Ididathing & Boy Boy) ՅուԹյուբում (фрагмент на 43:52)
- 1 2 3 4 5 A. Vasić, M. Stanojković (2016 թ․ դեկտեմբերի 24). «Brat Vesne Vulović: Još sam u šoku» (սերբերեն). Večernje novosti. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
- 1 2 Vesna Zimonjic (2012 թ․ հունվարի 26). «Too good to be true? Miracle woman who survived '33,000ft fall'» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Intervju Vesne Vulović 40 g. posle nesreće» (սերբերեն). B92[en]. 2012 թ․ հունվարի 23. Վերցված է 2025 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Camilla Westersø Olsen (2012 թ․ հունվարի 23). «Stewardesse overlevede fald på 10.000 meter» (դանիերեն). DR Forsiden. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Marie Homolová (2007 թ․ հունվարի 29). «Letuška Vesna spadla z nebe u Děčína» (չեխերեն). iDNES.cz[cs]. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «В Сербии скончалась стюардесса-рекордсменка Весна Вулович» (ռուսերեն). ТАСС. 2016 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «В Сербии умерла стюардесса, пережившая падение с 10 километров в 1972 году» (ռուսերեն). РИА Новости. 2016 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 70 (օգնություն) - ↑ «Умерла выжившая при крушении самолета стюардесса Весна Вулович» (ռուսերեն). Российская газета. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Умерла пережившая падение с 10-километровой высоты стюардесса Весна Вулович» (ռուսերեն). Lenta.ru. 2016 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Sahranjena legendarna stjuardesa koja je preživela pad sa 10 hiljada metara» (սերբերեն). Večernje novosti. 2016 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Майкл Тэйлор, Дэвид Мандэй Книга Гиннесса об авиации: Рекорды, факты и достижения. — Мн.: БелАДИ («Черепаха»), 1997.
- Александр Железняков Десять тысяч метров без парашюта // Секретные материалы. — 2004. — № 9 (136). — С. 12—13.