Վեներա և Ադոնիս (Շեքսպիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա և Ադոնիս
անգլ.՝ Venvs and Adonis
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքնարապատմողական
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1592
ԿերպարներՎեներա և Ադոնիս
Հրատարակվել է1593
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/shakespr/venusado/venusado.html
 Venus and Adonis (Shakespeare poem)

«Վեներա և Ադոնիս» (անգլ.՝ Venus and Adonis), 1593 թվականին տպագրված Ուիլյամ Շեքսպիրի քնարավիպերգական պոեմ։ Հավանաբար Շեքսպիրի առաջին հրատարակումն է եղել։

Պոեմը պատմում է սիրո աստվածուհի Վեներայի, նրա անպատասխան սիրո, անչափ գեղեցիկ Ադոնիսին գայթակղելու նրա փորձի մասին․ վերջինս նախընտրում էր որսի գնալ։ Պոեմը հովվերգական է, երբեմն էրոտիկ, զավեշտալի ու ողբերգական։ Պարունակում է զրույցներ սիրո բնույթի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկումներ բնության մասին։

Պոեմը գրված է ABABCC հանգավորմամբ յամբական հնգաչափ վեցտողանի ստանզաներով, և թեև բանաստեղծության այս տեսակը հայտնի է եղել նախքան Շեքսպիրը, պոեմից հետո անվանվել է «Վեներա և Ադոնիսի ստանզա» (Էդմունդ Սպենսերը և Թոմաս Լոջը նույնպես օգտագործել են բանաստեղծական այս ձևը)։ Պոեմը բաղկացած է 199 ստանզաներից կամ 1,194 տողից։

Սկզբնապես հրատարակվել է մեծ խնամքով որպես քառորդ ֆորմատի բրոշյուր։ Հավանաբար տպագրվել է՝ օգտագործելով Շեքսպիրի բնօրինակը։ Տպագրիչն Ռիչարդ Ֆիլդն էր, որն, ինչպես Շեքսպիրը, նույնպես Ստրադֆորդից էր։ «Վեներան և Ադոնիսը» տպագրության մեջ է հայտնվել նախքան Շեքսպիրի որևէ պիեսի հրատարակումը, բայց ոչ նախքան դրանց բեմականացվելը։ Որոշակի նմանություններ ունի «Միջամառային գիշերվա երազի», «Ռոմեո և Ջուլիետի» և «Սիրո անպտուղ ջանքերի» հետ։ Գրվել է, երբ ժանտախտի պատճառով մի պահ փակվել էին Լոնդոնի թատրոնները։

Պոեմն սկսվում է Սաութհեմփթոնի 3-րդ կոմս Հենրի Ռիզլիին ուղղված նվիրման համառոտ խոսքով, որտեղ գրողն իր գործը նկարագրել է որպես «իմ ստեղծագործությունների անդրանիկ զավակ»։

Պոեմը ոգեշնչվել ու հիմնվել է հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի (մ․թ․ա․ 43 - մ․թ․ 17/18) «Մետամորֆոզներ» պոեմում նկարագրված պատմություններից ու դրանց վրա։ Պատմության՝ Օվիդիուսի ավելի կարճ տարբերակը գրված է «Մետամորֆոզների» տասներորդ գրքում և մեծապես տարբերվում է Շեքսպիրի տարբերակից։ Օվիդիուսի Վեներան Ադոնիսին գոհացնելու համար նրա հետ որսի է գնում, սակայն այդ զբաղմունքը նրան չի հետաքրքրում։ Նա կրում է «քշտած» թիկնոցներ, անհանգստանում իր դեմքի գույնի համար և հատուկ ատելություն տածում վայրի կենդանիների հանդեպ։ Շեքսպիրի Վեներան մի տեսակ ինքն է նման վայրի կենդանու՝ նա մերկ է ման գալիս, որսով չի հետաքրքրվում, նրան հետաքրքրում է միայն Ադոնիսի հետ սիրով զբաղվելը։ Վերջում նա պնդում է, որ վարազի կողմից Ադոնիսին սպանելը պատահականության արդյունք է, քանի որ երիտասարդ որսորդի գեղեցկությամբ տարված կենդանին վնասել է նրան, երբ ցանկացել է համբուրել Ադոնիսին։ Վեներայի պահվածքը կարծես արտացոլում է Շեքսպիրի կողմից կենդանիների հանդեպ տածած կարեկցանքի զգացողությունը. պոեմում բազմաթիվ ստանզաներ են նվիրված հովատակի կողմից զամբիկին սիրահետելու, ինչպես նաև որսաշան կողմից հետապնդվող նապաստակի զգացողությունների նկարագրություններին․ վերջինս անհամատեղելի է Վեներայի՝ միայն նապաստակների պես անվնաս կենդանիներ որսալու խնդրանքի հետ։ Օվիդիուսի ստեղծագործության այլ պատմություններ աղբյուրներ են համարվում, դրանցից են՝ Սալմակիդայի ու Հերմաֆրոդիտի, Նարկիսոսի, Պիգմալիոնի մասին պատմությունները։

Պոեմը հրատարակվել է Քրիստոֆեր Մառլոյի՝ հետմահու հրատարակված «Հերո և Լեանդր» պոեմից մոտավորապես հինգ տարի առաջ, որը նույնպես արձակ սիրային պոեմ է՝ հիմնված դարձյալ Օվիդիուսի նկարագրած պատմության վրա։

Հրատարակումից հետո «Վեներա և Ադոնիս» պոեմը չափազանց սիրվել է ու նախքան 1640 թվականը տասնհինգ անգամ վերահրատարակվել։ Տարօրինակ է, որ սկզբնական բրոշյուրներից շատ քչերն են պահպանվել[1][2][3]։

Համառոտ ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ադոնիսին գայթակղող Վեներան», հեղինակ՝ Նիկոլա Պուսեն, մոտավորապես 1626 թվական, Ֆաբրի թանգարան

Ադոնիսն իր անհավանական գեղեցկությամբ հայտնի երիտասարդ է, որին սերը բոլորովին չէր հետաքրքրում․ նա միայն ցանկանում է որս անել։ Վեներան սիրո աստվածուհին է։ Երբ նա տեսնում է Ադոնիսին, սիրահարվում է նրան ու իջնում Երկիր, որտեղ հանդիպում է նրան որսի գնալիս։ Նա ցանկանում է, որ երիտասարդն իջնի ձիուց ու խոսի իր հետ։ Ադոնիսը չի ցանկանում խոսել որևէ կնոջ հետ, նույնիսկ՝ աստվածուհու։ Վեներան ստիպում է նրան, հետո պառկում նրա կողքին, նայում նրան ու խոսում սիրո մասին։ Վեներան համբույր է խնդրում, Ադոնիսը ցանկանում է հեռանալ ու գնալ որսի։ Դա նրան հաջողվում է ու նա գնում է ձիու հետևից։

Այդ պահին նրա ձին սիրահարվում է մեկ այլ ձիու, որն սկզբում դիմադրում է, սակայն շուտով երկու կենդանիները վարգելով հեռանում են, ինչը խոչընդոտում է Ադոնիսի որսի գնալուն։ Վեներան մոտենում է նրան, շարունակում նրա հետ սիրուց խոսել։ Ադոնիսը լսում է նրան որոշ ժամանակ, հետո արհամարհանքով շրջվում։ Սա վիրավորում է Վեներային ու նա ուշաթափվում է։ Վախենալով, որ գուցե սպանել է Վեներային, Ադոնիսը ծնկի է գալիս նրա կողքին, շոյում ու համբուրում նրան։ Վեներան ուշքի է գալիս ու մի վերջին համբույր խնդրում։ Ադոնիսը դժկամությամբ տեղի է տալիս։

Վեներան ցանկանում է նրան նորից տեսնել, սակայն Ադոնիսն ասում է, որ հաջորդ օրը չի կարող, որովհետև վարազի որսի է գնալու։ Վեներան տեսիլք է ունենում ու զգուշացնում նրան, որ եթե գնա, վարազը կսպանի նրան։ Հետո նետվում է նրա վրա ու Ադոնիսին գետնին գամում։ Վերջինս ազատվում է նրանից ու նրա հետ «կիրքն ընդդեմ սիրո» թեմայով խրատ կարդում, որից հետո հեռանում է․ Վեներան լացում է։

Հաջորդ առավոտ Վեներան թափառում է անտառներում ու որոնում Ադոնիսին։ Հեռվում նա որսորդների ու շների ձայն է լսում։ Մտածելով իր տեսիլքի մասին, որ վարազը կսպանի Ադոնիսին, Վեներան վախենում է ու շտապում հասնել որսին։ Հանդիպում է որսաշներին, որոնք վիրավորված են։ Հետո գտնում է Ադոնիսին, որին վարազն իրոք սպանել էր։ Վեներան վշտաբեկ է։ Քանի որ այս կորուստը պատահել էր աստվածուհու հետ, նա որոշում է կայացնում, որ սերն այսուհետ միախառնվելու է կասկածի, վախի և տխրության հետ։ Ադոնիսի մարմինը սառել ու գունատվել էր, նրա արյունից գույն են ստանում շրջակայքի բույսերը։ Հողում մի ծաղիկ է աճում, որը սպիտակ և մանուշակագույն է, ինչպես արյունը Ադոնիսի մարմնի վրա։ Սերը կորցրած Վեներան հեռանում է Երկրից՝ աստվածների մոտ թաքցնելու իր տխրությունը[4]։

Վերամշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին բրիտանացի բանաստեղծ Թեդ Հյուզը հրատարակել է «Շեքսպիրը և ամբողջական էության աստվածուհին» գիրքը՝ հիմնված «Վեներա և Ադոնիս» պոեմի «շամանական» մեկնաբանության վրա։
  • 1996 թվականին Դուբլինի «The Theatreworks Company» ընկերությունը բեմադրել է գեղարվեստական ղեկավար Մայքլ Քեյվենի հեղինակած վերամշակումը[5]։
  • 2004 թվականին Արքայական շեքսպիրյան ընկերությունը մարիոնետներով բեմադրել է «Վեներան և Ադոնիսը» (ռեժիսոր՝ Գրեգորի Դորան)[6]։
  • 2010-2011 համերգաշրջանում Բոստոնի Մետրո օպերան բեմադրել է մեկ գործողությամբ «Վեներա և Ադոնիս» օպերան (մոտավորապես 40 րոպե տևողությամբ)։ Լիբրետոն Շեքսպիրի պոեմն էր, երաժշտությունը՝ ամերիկացի երգահան Զաքարի Վադսվարթի (ծնված՝ 1983 թվականին)[7]։
  • Բնօրինակ պոեմը Նաքսոսի աուդիոգրքում ընթերցվել է մի քանի բրիտանացի դերասանների կողմից (այդ թվում՝ Դեյվիդ Բուրքը, Իվ Բեսթը և Բենջամին Սոմզը)։ Գրքում ընդգրկված է նաև «Լուկրեցիայի բռնաբարությունը»։
  • Ռիչարդ Բարթոնը ձայնագրել է պոեմի ասմունքը «Քեդմոն Ռեքորդս» լեյբլի համար։
  • Դիսնեյլենդի, Դիսնեյ Ուորլդի «Ուրվականներով առանձնատուն» ատրակցիոնի թեմատիկ երգի վերնագիրը վերցված է «Վեներա և Ադոնիս» պոեմի տողերից մեկից։
  • «Վեներա և Ադոնիս» պոեմի թատերական վերամշակումը բեմադրվել է Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ շրջանի Zombie Joe's Underground Theatre Group թատերական ընկերությունում 2006 թվականին[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Drabble, Margaret. The Oxford Companion to English Literature, Fifth Edition. Oxford University Press (1985). 978-0198661306.
  2. Kolin, Philip C. Venus and Adonis: Critical Essays. Routledge (2013). 978-1136744310
  3. Bullough, Geoffrey. Narrative and Dramatic Sources of Shakespeare: Early Comedies, Poems, Romeo and Juliet. Columbia University Press (1957). 978-0231088916 p. 162
  4. Duncan-Jones, Katherine. Woudhuysen, H. R. eds. Shakespeare, William. Shakespeare's Poems: Third Series. Arden Shakespeare. (2007) 978-1903436875
  5. «Shaking Up Shakespeare». the Irish Times.
  6. «Why is the RSC staging Venus and Adonis with marionettes?». The Guardian.
  7. Venus and Adonis at the [Boston Metro Opera] Արխիվացված 1 Փետրվար 2014 Wayback Machine
  8. Review by Stephanie Lysaght in LA Weekly, 31 August 2006.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caldecott, Harry Stratford: Our English Homer; or, the Francis Bacon–William Shakespeare Controversy (Johannesburg Times, 1895).
  • Gurr, Andrew: The Shakespearean Stage: 1574–1642 (Cambridge University Press, 1992).
  • Halliday, F. E.: A Shakespeare Companion: 1564–1964. (Penguin Books, 1964).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վեներա և Ադոնիս (Շեքսպիր)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա և Ադոնիս (Շեքսպիր)» հոդվածին։