Վենետիկյան տարեգրություն
Վենետիկյան տարեգրություն, 15-րդ դարի վերջին 16-րդ դարի սկզբին Լվովում հայատառ ղփչաղերենով գրված պատմ․ ժամանակագրություն։ Բաղկացած է մոտ 200 գրառությունից, որոնք ընդգրկում են բավականին ընդարձակ ժամանակահատված (Մ․թ․ա․ 1-ին դարի կեսից մինչև 1536 թվականը)։ 1495 թվականից գրառումները կատարված են ականատեսի ձեռքով։ Անհայտ հեղինակը տեղեկություններ է հաղորդում Ուկրաինա յի և Լեհաստանի հայկական գաղթավայրերի, ինչպես նաև այդ և հարևան երկրներում (Լիտվա, Մոլդովա, Թուրքիա) տեղի ունեցած ռազմական ընդհարումների, տարերային աղետների և այլ իրադարձությունների վերաբերյալ։ Պատմական և լեզվագիտական կարևոր աղբյուր է։ Պահպանվել է երկու խմբագրությամբ (մեկը գտնվում է Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում, մյուսը՝ Փարիզի Ազգային գրադարանում)։ Առաջին անգամ հրատարակել է Ղևոնդ Ալիշանը, 1896 թվականին, «Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ» գրքում։ Թարգմանվել է հայերեն և ֆրանսերեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 373)։ |