Վենետիկյան Վերածնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջոնե, «Քնած Վեներան», (մոտավորապես 1510 թվական), Դրեզդենի պատկերասրահ, Գերմանիա

Վենետիկյան վերածնունդ (անգլ.՝ Venetian Renaissance), ընդհանուր Իտալական Վերածննդից հստակորեն տարբերվող ժամանակաշրջան։ Վենետիկի հանրապետությունը տեղագրորեն անջատված էր Իտալական Վերածննդի ժամանակաշրջանի մյուս քաղաք-պետություններից, և իր աշխարհագրական դիրքի պատճառով քաղաքական, տնտեսական և մշակութային առումով մեկուսացած լինելով՝ հնարավորություն է ունեցել վայելել արվեստի հաճույքները։ Վենետիկյան արվեստի ազդեցությունը շարունակել է պահպանվել Վերածննդի դարաշրջանի ավարտից հետո։ Այն պահպանվել է արվեստագետների ու արվեստի քննադատների աշխատանքների միջոցով՝ ընդգծելով դրա նշանակալիությունը Եվրոպայում ընդհուպ մինչև 19-րդ դարը[1]։

Տինտորետտո, «Ստրուկի հրաշքը», 1548 թվական

Չնայած 1500 թվականից առաջ հանրապետության քաղաքական և տնտեսական հզորության անկում էր սկսվել, Վենետիկն այդ ժամանակ մնում էր որպես «ամենահարուստ, ամենահզոր և ամենաբազմաբնակիչ իտալական քաղաքը»[2] և վերահսկում էր նշանակալի տարածքներ մայրցամաքում, որտեղ կային վենետիկյան դպրոցին նկարիչներ նվիրած մի քանի փոքր քաղաքներ, այդ թվում՝ Պադովան, Բրեշիան և Վերոնան։ Հանրապետության տարածքում էր գտնվում նաև Իստրիա թերակղզին, Դալմաթիան և այժմյան Խորվաթիայի ափից հեռու գտնվող կղզիները։ Իհարկե, «տասնվեցերորդ դարի վենետիկյան խոշոր նկարիչները հազվադեպ էին սերում այդ քաղաքից»[2] և ոմանք էլ հիմնականում աշխատում էին հանրապետության այլ տարածքներում կամ ավելի հեռու[3]։ Նույնը կարելի է ասել նաև վենետիկյան ճարտարապետների մասին։

Չլինելով Վերածննդի հումանիզմի կարևոր կենտրոն՝ Վենետիկն անկասկած եղել է Իտալիայում գրահրատարակության կենտրոնը, և այդ առումով կարևոր է, որ վենետիկյան հրատարակությունները տարածվում էին ամբողջ Եվրոպայում։ Ալդուս Մանուցիուսը ամենահայտնի տպագրիչ-հրատարակիչն էր, սակայն ոչ միակը։

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստվածների խնջույքը», սկսել է Ջովաննի Բելլինին մոտավորապես 1514 թվականին, ավարտել է Տիցիանը 1529 թվականին։ Յուղաներկ կտավի վրա, Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն[4]

Վենետիկյան կերպարվեստը մեծ դեր է խաղացել Վերածննդի դարաշրջանի իտալական կերպարվեստում և դրանից դուրս։ Ջովաննի Բելլինից (մոտավորապես 1430–1516) և վերջինիս եղբոր՝ Ջենտիլե Բելլինիից (մոտավորապես 1429-1507) բացի վենետիկյան նկարչական դպրոցը ներկայացնում էին նաև այնպիսի խոշոր նկարիչներ, ինչպիսիք էին՝ Ջորջոնեն (մոտավորապես 1477-1510), Տիցիանը (մոտավորապես 1489-1576), Տինտորետտոն (1518-1594), Պաոլո Վերոնեզեն (1528-1588) և Յակոպո Բասսանոն (1510-1592) և իր որդիները։ Առաջնությունը գծի փոխարեն գույնին տալով[5]՝ վենետիկյան դպրոցի ավանդույթը հակադրվում էր Իտալիայի մնացած մասում գերիշխող մաներիզմին։ Վենետիկյան ոճը մեծ ազդեցություն է գործել արևմտյան նկարչության հետագա զարգացման վրա[6]։

Ներդաշնակ համախոհությունն ու կայունությունը, կառավարության խիստ վերահսկողությունն արտացոլված են վենետիկյան նկարչության մեջ[7]։ Վենետիկը հայտնի ու հարգված էր «անխոցելի ազատություն, անսասան կրոնականություն, սոցիալական ներդաշնակություն ու անխախտ խաղաղ մտադրություններ» ունեցող քաղաքի հեղինակությունը պահպանելու համար[8]։ Վենետիկի հանրապետությունն առաջատար քաղաք էր, որտեղ որպես «կառավարության զենք» կիրառվում էր գեղարվեստի հովանավորչությունը՝ արվեստի ներուժի իրացումը որպես քաղաքական առավելություն ներկայացնելիս[9]։

Վենետիկից դուրս փորձում էին անտեսել կամ թերագնահատել վենետիկյան նկարչությունը։ Ջորջո Վազարիի արհամարհանքը վենետիկյան դպրոցի հանդեպ իր «Ամենահրաշալի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքը» գրքի 1550 թվականի առաջին հրատարակության մեջ այնքան ակներև էր, որ նա որոշել է 1568 թվականի երկրորդ հրատարակության համար լրացուցիչ նյութ հավաքելու նպատակով այցելել Վենետիկ[10]։ Ի տարբերություն սրա, արտասահմանցիները (որոնց համար Վենետիկն իտալական քաղաքներից առաջինն էր, ուր նրանք այցելում էին) միշտ բարձր էին գնահատում այդ արվեստը, և լավագույն հավաքածուներն այժմ եվրոպական խոշոր թանգարաններում են, այլ ոչ թե իտալական մյուս քաղաքներում։ Վերևներում, իշխող շրջանակներն արտասահմանում աշխատանքի հրավիրելու համար միշտ փնտրել են վենետիկյան նկարիչների, սկսած Տիցիանից, և 18-րդ դարում լավագույն նկարիչների մեծ մասն իրենց կյանքի որոշ հատված անցկացրել է արտասահմանում ու սովորաբար մեծ հաջողություններ ունեցել[11]։

Բյուզանդական ոճի ավանդական մեթոդները պահպանվել են մինչև մոտավորապես 1400 թվականը, երբ գերիշխող ոճը սկսել է անցում կատարել դեպի միջազգային գոթականը և Իտալական Վերածնունդն առաջին անգամ Վենետիկ է բերվել պադուացի Գվարիենտո դի Արպոյի, Ջենտիլե դա Ֆաբրիանոյի ու Պիզանելլոյի կողմից, երբ վերջիններիս հանձնարարվել է Դոժերի պալատը զարդարել որմնանկարներով[12]։

Հայտնի է, որ Վենետիկի խորհրդանիշն Աստվածածիննն է կամ Վեներա աստվածուհին, սակայն հանրապետության ամենահին ու ամենաունիվերսալ խորհրդանիշը Սուրբ Մարկոսի առյուծն է։ Վենետիկի առյուծն այն քանդակն է, որ ի թիվս այլ կառույցների, ինչպիսիք են՝ քաղաքային դարպասներն ու պալատները, ողջունում է քաղաքի հյուրերին, քանի որ տեղադրված է Պիացետայում գտնվող սյունի վերնամասում։ Նկարներում առյուծի պատկերումը խորհրդանշում է Վենետիկ քաղաքի հովանավորի՝ սուրբ Մարկոսի կարևորությունը։

Օրինակներից մեկը Վիտտորե Կարպաչչոյի՝ 1516 թվականի «Սուրբ Մարկոսի առյուծը» կտավն է։ Աստվածային նշաններով՝ լուսապսակով և թևերով պատկերված հզոր առյուծն ուղղված է դեպի մի բաց գիրք, որտեղ փորագրված է «Խաղաղություն քեզ, Մարկոս, իմ ավետարանիչ», և հստակորեն ի ցույց է դնում քաղաքի՝ իր պաշտպանությունն ու օրհնությունը[13]։ Առյուծի առջևի թաթերը պատկերված են ցամաքի վրա, մինչդեռ ետևի թաթերը՝ ծովի մեջ, որը խորհրդանշում է երկու տարածքների վրա Վենետիկի գերիշխանությունը՝ որպես Սուրբ Մարկոսի խոստման կատարում[13]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա Դարիո, 1480-ական թվականներ, վենետիկյան բնութագրական ծխնելույզներով

Իտալական մյուս քաղաքների Վերածննդի ճարտարապետության հետ համեմատած՝ Վենետիկում պահպանողականության որոշակի աստիճան է եղել, հատկապես կառույցների արտաքին տեսքի հետ կապված[15]։ Դոժերի պալատը հրդեհներից հետո վերականգնվել է՝ գլխավորապես պահպանելով գոթական ֆասադները։

Վենետիկյան վերնախավը հավաքական համոզմունք է ունեցել, որ հանրապետության նկատմամբ վստահությունն ամրապնդելու հարցում ճարտարապետությունը կարևոր նշանակություն ունի և 1535 թվականին ընդունված Սենատի մի բանաձևում նշվել է, որ այն «ամենագեղեցիկ ու ամենահռչակավոր քաղաքն է, որը ներկայումս գոյություն ունի աշխարհում»[16]։ Միևնույն ժամանակ բացահայտ մրցակցությունն ազնվական ընտանիքների միջև չի խրախուսվել, այլ գործել է «ներդաշնակ հավասարության» սկզբունքը[17], իսկ նորարարությունները կամ հինը կրկնօրինակելը կասկածի տեղիք են տվել[18]։ Չնայած այցելուներին հիացրել են հարուստ առանձնատները, վենետիկյան ճարտարապետությունն իր տարածքից դուրս մեծ ազդեցություն չի ունեցել Անդրեա Պալլադիոյից առաջ (1508-1580), որի ոճն ազդեցիկ է դարձել վերջինիս մահից հետո։

Մաուրո Կոդուչի, Պալացո Վենդրամին Կալերջի, 1481

Կերպարվեստն ու ճարտարապետությունն օգտագործվել են որպես Վենետիկ քաղաքի վեհությունն արտահայտելու հզոր միջոց։ Այնպիսի ճարտարապետական կառույցներ, ինչպիսիք էին՝ Սուրբ Մարկոսի տաճարը, Սուրբ Մարկոսի հրապարակը և Դոժերի պալատը, հանդիսանում էին «Վենետիկի գաղափարի տեսանելի արտահայտություն»[19]։ Վենետիկը կարողացել է պահպանել ազատության իր կարգավիճակն ավելի քան հազար տարի և հաստատել Հռոմի նկատմամբ գերակա դիրք[20]։ Վենետիկի քաղաքացիներն իրենց բարեպաշտ ազգ էին համարում և պնդում, որ իրենց քաղաքը հիմնադրվել է ավետման օրը։ Հետևաբար, քաղաքի «մաքուր, օրինական և չաղտոտված» քրիստոնեականությունը ցույց տալու համար վենետիկցիներն օգտագործել են շքեղ ու բարդ ճարտարապետական նմուշներ[20]։ Վենետիկյան վերածննդի շրջանի արվեստը մեծ ազդեցություն է կրել Բյուզանդական կայսրության ոճերից[21]։

Լոմբարդիացի Մաուրո Կոդուչին (1440-1504) վերածննդի ոճով Վենետիկում աշխատած առաջին ճարտարապետներից էր, որի որդի Դոմենիկոն օգնում էր նրան ու իր մահից հետո շարունակել է հոր գործը։ Նրա աշխատանքներում առկա են վենետիկյան գոթիկայի շատ տարրեր, սակայն լավ ներդաշնակվում են դրանց հետ[22]։ Վաղ շրջանում ակտիվ ճարտարապետներից էին նաև Գիորգիո Սպավենտոն (1489-1509)[23] և Անտոնիո Աբոնդին՝ Սկարպանյինոն (մահացել է 1549 թվականին)։ Սան Սեբաստիանո եկեղեցին այդ շրջանի գործերից է։

Յակոպո Սանսովինո, Մարչիանա գրադարան, կառուցումն սկսվել է 1537 թվականին

Մեկ այլ հայտնի քանդակագործ՝ Յակոպո Սանսովինոն (1486-1570), ֆլորենցիացի էր, որը հաջողակ կարիերա է ունեցել Ֆլորենցիայում և Հռոմում։ 1527 թվականի Հռոմի թալանից հետո փախել է Վենետիկ և 1529 թվականին նշանակվել գլխավոր ճարտարապետ[24]։ Կարճ ժամանակ անց նա գտել է վենետիկյան բարոններին բավարարող ոճ, որը «վճռորոշ էր վենետիկյան ճարտարապետության ողջ հետագա պատմության համար»[25]։ Բացի սուրբ Մարկոսի տաճարը, ստեղծել է նաև Սուրբ Մարկոսի հրապարակի ամբողջական կերտվածքը և նախագծել Մարչիանա գրադարանը (1537 - մինչև մեր օրերը) և դրամահատարանը սուրբ Մարկոսի հրապարակում։ Նրա հեղինակած պալատներից էին Պալացցո Կորները (1532 - մինչև մեր օրերը) և 1536 թվականի Պալացցո Դոլֆին-Մանինը[24]։ Մարչիանա գրադարանը համարվում է նրա «աներկբա գլուխգործոցը» և առանցքային աշխատանք Վենետիկյան Վերածննդի ճարտարապետության մեջ։ Ֆրեդերիկ Հարթն այն անվանել է «վստահաբար Իտալիայի ճարտարապետության պատմության ամենագոհացուցիչ կառույցներից մեկը»[26]։

Վերոնացի Միքելե Սանմիքելին (1484-1559) 1527 թվականին պետության կողմից նշանակվել է ռազմական ճարտարապետ։ Նրա գործերի մեծամասնությունն ամրոցներ կամ ռազմական ու ծովային կառույցներ են, սակայն կառուցել է նաև շատ օրիգինալ պալատներ, որոնցից ամենահայտնին Բևիլաքվայի պալատն է Վերոնայում (կառուցումն սկսվել է 1529 թվականին)[27]։

Անդրեա Պալլադիո, Վիլլա Բադոեր, 1556, տերաֆերմայի վրա նրա վիլլաներից մեկը

Վենետիկյան ուշ վերածննդի գլխավոր ճարտարապետն Անդրեա Պալլդիոն էր (1508-1580), որը նաև գրել է ճարտարապետության մասին։ Բացի Սան Ջորջո Մաժորե (1566) և Իլ Ռեդենտորե (1577) երկու եկեղեցիներից՝ քաղաքի ներսում համարյա ոչինչ չի ստեղծել։ Վենետոյի Վիչենցա քաղաքում նախագծել է մի շարք վիլլաներ, որոնք համեմատաբար փոքր էին վենետիկյան էլիտայի համար կառուցվածներից, սակայն նրա ոճը հետագայում զարգացվել է Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի գաղութներում[28] և կենտրոնական կամարակապ գագաթով նրա վենետիկյան պատուհանը տարածվել է ամբողջ աշխարհում։ Վիչենցա քաղաքի և Վենետոյի պալլադյան վիլլաների համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են քաղաքի 23 կառույց և 24 ամառանոցային վիլլաներ[29]։

Վիչենցացի Վինչենցո Սկամոցին (1548-1616) Վենետիկ է տեղափոխվել միայն 1581 թվականին՝ Պալլադիոյի մահից մեկ տարի անց։ Նա նախագծել է սուրբ Մարկոսի հրապարակի դատախազության շենքը և ավարտին հասցրել այն նախագծերը, որոնք Պալլադիոն անավարտ էր թողել[16]։ Վենետիկում ծնված նրա աշակերտ Բալդասարե Լոնգենան (1598-1682) իր հերթին ավարտին է հասցրել Սկամոցիի անավարտ նախագծերն ու ներմուծել Բարոկկո ճարտարապետությունը[30]։

Ճարտարապետական հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկը գրատպության խոշոր կենտրոն էր Եվրոպայում և հայտնի է դարձել հատկապես ճարտարապետության մասին հրատարակումներով։ Վիտրուվիոսը ճարտարապետության վերաբերյալ միակ նշանավոր դասական գրողն է, որ հասել է մինչև մեր օրերը, իսկ նրա «De architectura» աշխատությունը խորապես ուսումնասիրվել է Վերածննդի դարաշրջանի բոլոր ճարտարապետների կողմից։ Թեև լատիներեն տեքստը նախկինում տպագրված է եղել, առաջին պատկերազարդ հրատարակությունը տպագրվել է Ֆրա Ջովաննի Ջոկոնդոյի կողմից Վենետիկում 1511 թվականին[31]։

Սեբաստիանո Սերիլոյի (1475-1554) «Յոթ գիրքը» նույնպես հրատարակվել է Վենետիկում մի քանի հատորներով, 1537 թվականից ի վեր։ Նա նույնպես աշխատել է քաղաքում որպես ճարտարապետ, սակայն աննշան հետք է թողել։ Գրքերը մեծապես պատկերազարդված են եղել ու դարձել են պարտադիր ընթերցանություն՝ արագորեն կրկնօրինակվելով ու թարգմանվելով ամբողջ Եվրոպայում[32]։ Հումանիստ, հոգևորական և վենետիկցի դիվանագետ Դանիելե Բարբարոն, որը նաև Պալլադիոյի հովանավորն էր, պատկերազարդել է Վիտրուվիոսի իտալերեն թարգմանությունը (1556)։ Նրա կողմից պատկերազարդված Պալլդիոյի «Չորս գիրք ճարտարապետության մասին» աշխատությունը (1570) կրկին մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ Եվրոպայի վրա[33]։

Վինչենցո Սկամոցիի գլխավոր «L’Idea dell’Architettura Universale» գիրքը հրատարակվել է 1615 թվականին և մեծ ազդեցություն ունեցել պալլադիանիզմի տարածման հարցում[34]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլո Վերոնեզե, «Կանայի հարսանիքը» կտավից մի հատված, որտեղ նվագում են երաժիշտները, 1563

Երաժշտության պատմության մեջ «վենետիկյան դպրոցն» առանցքային էր և Վենետիկում 1550-1610 թվականներին ստեղծագործող երգահաններն աշխատել են բազմաձայն ոճում։ Տասնվեցերորդ դարավերջի վենետիկյան անտիֆոնային ստեղծագործությունները Եվրոպայում ամենահայտնի երաժշտական գործերից էին, և դրանց ազդեցությունն այլ երկրների երաժշտությունների վրա հսկայական էր։ Վենետիկյան դպրոցի նորարարությունները, համադրված միաձայնության ու Ֆլորենցիայում օպերայի զարգացման հետ, սահմանել են Վերածննդի երաժշտության ավարտն ու բարոկկո ոճի երաժշտության առաջացումը։

Ինչպես մնացած բնագավառներում, երաժշտության հարուստ հովանավորչությունն Իտալիայից ու այլ վայրերից երգահաններին գայթակղել է այս քաղաքում ստեղծագործելու։ Վենետիկն առաջատարն էր Եվրոպայում տպագիր երաժշտական պարտիտուրաների հրատարակումների մեջ։

Մի քանի հիմնական գործոններ են միավորվել վենետիկյան դպրոցն ստեղծելու համար։ Առաջինը քաղաքական էր․ 1521 թվականին Հռոմի պապ Լեո X-ի մահից և 1527 թվականին Հռոմի թալանից հետո խաթարվել են Հռոմում գերիշխող երաժշտության հիմքերը։ Շատ երաժիշտներ տեղափոխվել են այլ վայրեր կամ նախընտրել են Հռոմ չգնալ, իսկ Վենետիկն այն մի քանի վայրերից մեկն էր, որն ստեղծագործական գործունեության համար նպաստավոր միջավայր էր ապահովում[35]։

Մեկ այլ գործոն և հավանաբար ամենակարևորը, սքանչելի Սուրբ Մարկոսի տաճարի առկայությունն էր՝ իր յուրահատուկ ինտերիերով ու երգչախմբի համար նախատեսված հարկաբաժնով։ Տաճարի ընդարձակ կառուցվածքն անհրաժեշտություն էր առաջ բերել ստեղծելու այնպիսի երաժշտական ոճ, որը ձայնուշացումներն առավելություն կդարձներ՝ դրանց դեմ պայքարելու փոխարեն։ Այսպիսով, ստեղծվել է վենետիկյան բազմաձայնության ոճը, որտեղ երգիչների և նվագարանների խմբերը երբեմն հանդես են եկել հակադրվելով, երբեմն՝ միասին ու միավորվել երգեհոնի հնչյունների ներքո։ Այս հնարքն օգտագործած առաջին երգահանը Ադրիան Վիլարտն էր, որը 1527 թվականին դարձել է սուրբ Մարկոսի տաճարի խմբավարն (maestro di cappella) ու մնացել այդ պաշտոնում մինչև 1562 թվականին իր մահը։ Այդ ժամանակաշրջանի հանրահայտ երաժշտագիրներից մեկը՝ Ջոզեֆֆո Ցառլինոն, Վիլարտին անվանել է «նոր Պյութագորաս», քանի որ նրա ազդեցությունը մեծ էր ո՛չ միայն որպես երգահան, այլ նաև որպես ուսուցիչ, որովհետև նրա հետևորդների մեծամասնությունը սովորել է նրա մոտ։

1560-ական թվականների վենետիկյան դպրոցում ձևավորվել են երկու հստակ խմբեր․ առաջադիմական խումբը Բալդասարե Դոնատոյի ղեկավարությամբ և պահպանողական խումբն այն ժամանակ տաճարի խմբավար Ցառլինոյի ղեկավարությամբ։ Պահպանողական խմբի անդամները՝ Չիպրիանո դե Ռորեն, Ցառլինոն և Կլաուդիո Մերուլոն, հակված էին հետևել Նիդերլանդական դպրոցի բազմաձայնությանը։ Առաջադիմական խմբի անդամների թվում էին Դոնատոն, Ջովաննի Կրոչեն, հետագայում նաև Անդրեա և Ջովաննի Գաբրիելիները։ Երկու խմբերի միջև վիճաբանության լրացուցիչ հարց էր՝ արդյոք վենետիկցիները պետք է ստանան սուրբ Մարկոսի տաճարի խմբավարի գերագույն պաշտոնը, թե ոչ։ Ի վերջո տեղացի տաղանդներին նախընտրող խումբը հաղթել է, որով վերջ է դրվել Վենետիկում օտարերկրյա երաժիշտների գերակայությանը։ 1603 թվականին Ջովաննի Կրոչեն ստացել է այդ պաշտոնը, որին 1609 թվականին հաջորդել է Ջուլիո Չեզարե Մարտինյեգոն։

Վենետիկյան դպրոցի զարգացման գագաթնակետը 1580-ական թվականներն էր, երբ Անդրեա և Ջովաննի Գաբրիելիները հսկայական երաժշտական գործեր են ստեղծել բազմաձայն երգչախմբերի, փողային և լարային գործիքների խմբերի և երգեհոնի համար։ Այս գործերում առաջին անգամ օգտագործվել է դինամիկան և առաջին անգամ այդտեղ ներառվել են հատուկ ցուցումներ անսամբլային գործիքավորման համար։ Այդ ժամանակ աշխատող երգեհոնահարներից էին Կլաուդիո Մերոիլոն ու Ջիրոլամո Դիրուտան․ նրանք սկսել են սահմանել գործիքային ոճ և տեխնիկա, որը հաջորդ սերունդները տեղափոխել են հյուսիսային Եվրոպա և կատարելության են հասել Յան Պիտերսզոն Սվելինկի, Դիտրիխ Բուկստեխուդեի ու վերջապես Յոհան Սեբաստիան Բախի գործերում։

Վենետիկյան գիլդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածնունդի դարաշրջանի վենետիկյան համայնքը կառուցվծ էր հարևանների, ծիսական եղբայրների ու ազգականների միջև հարաբերությունների վրա, որոնք բոլորն ապրում էին միասին ու հավասարության մեջ վերին և ստրին դասակարգային կառուցվածքով[36]։ Շատ գիտնականներ հավատում են, որ կայունությունը, բարեկեցությունն ու քաղաքական անվտանգությունն էապես պայմանավորված էին նրանց համատեղ աշխատելու և համայնքային գործողությունների գաղափարի հետ։ Ֆրանչեսկո Պետրարկան 14-րդ դարակեսին Վենետիկը նկարագրել է որպես «մարմարից ամուր կառուցված, բայց քաղաքացիական համաձայնության հիմքի վրա ավելի ամուր կանգնած» քաղաք[37]։ Վենետիկի կայունությունն ավելի ամրապնդվել է գիլդիաների համակարգի շնորհիվ։ Դենիս Ռոմանոն իր Patricians and Popolani գրքում գրել է․ «Վենետիկյան հասարակությունում ոչ մի տեղ համայնքի և համերաշխության վրա շեշտադրումներն ավելի ցայտուն չէին, քան գիլդիաներում»[38]։ Մինչև տասնչորսերորդ դարակեսը Վենետիկում հիմնադրվել էր ավելի քան հիսուն գիլդիա, որոնք օգնում էին համագործակցության հասնել ինչպես կառավարության անդամների, այնպես էլ գիլդիայի կողմից[39]։ Կառավարությունը ճկունորեն կարողանում էր արդարությունը հավասարապես կիրառել սոցիալական բոլոր խավերի համար, որի արդյունքում կանխվում էին խռովություններն ու քաղաքական բողոքները[39]։ Կախված արհեստավորի մասնագիտությունից՝ անհատներն անդամակցվում էին համապատասխան գիլդիային ու դոժին հավատարմության խոստում տալիս[40]։ Գոյություն են ունեցել գիլդիաների տարբեր տեսակներ, ինչպես օրինակ՝ քարաքանդակագործների, փայտի փորագրության, ապակեգործության, մորթեմշակման ու բրդամշակման։

«Arte dei depentori»-ն նկարիչների գիլդա էր, որն ամենահինն է հայտնիների մեջ և թվագրվում է 1271 թվականով։ Սրանք նախատեսված չէին բացառապես նկարիչների համար, այլ այնտեղ ներգրավված էին նաև ոսկեզօծողներ, տեքստիլային գործվածքի դիզայներներ, ասեղնագործողներ, ոսկե գործիքներով կաշվի արհեստավորներ, խաղաքարտեր պատրաստողներ, դիմակագործներ և նշանագործներ[41]։ Գիլդիաների կառուցվածքը բաժանվում էր վարպետ արհեստավորների և բանվորների կամ աշակերտների։ Վարպետները ղեկավարում էին արտադրական գործընթացները[42], իսկ կախված իրենց հմտություններից՝ բանվորները նպաստում էին ապրանքների արտադրությանը կամ հանձն առնում աննշան գործեր, ինչպիսիք են հատակն ավլելը կամ գունանյութերը մանրացնելը[43]։ Գիլդիաների գործառույթները քաղաքական և մշակութային էին, և դրանք իրենց ներդրումն էին ունենում հատուկ տոնակատարությունների և արարողությունների ընթացքում։ Այնպիսի հատուկ իրադարձությունների ժամանակ, ինչպիսին էր սուրբ Մարկոսի տոնը, մասնակցում էին յուրաքանչյուր գիլդիայի անդամները, իրենց ստեղծած թանկարժեք ապրանքները՝ կտավներ, կահույք, գորգեր, ապակուց, ոսկուց պատրաստված իրեր ու գործվածքներ վաճառելու համար[44]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Denys Sutton, "Venetian Painting of the Golden Age." Apollo (Archive : 1925-2005) 110, no. 213 (Nov 01, 1979): 374.
  2. 2,0 2,1 Freedberg, 123
  3. In the 16th century, Lorenzo Lotto, Carlo Crivelli and others; in the 18th century most major Venetian painters spent long periods abroad (see below).
  4. «The Feast of the Gods». Nga.gov. 1942 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  5. Steer, 7-10; Martineau, 38-39, 41-43
  6. Gardner, p. 679.
  7. Edward Muir, "Images of Power: Art and Pageantry in Renaissance Venice," The American Historical Review 84, no. 1 (1979): 16.
  8. Muir, Images of Power, 16.
  9. Muir, Images of Power, 18.
  10. Martineau, 38-39
  11. Martineau, 47-48
  12. Michelle P. Brown, “The Lion Companion to Christian Art,” (Oxford: Lion Hudson, 2008): 260.
  13. 13,0 13,1 Brown, Art and Life in Renaissance Venice, 81.
  14. Steer, 114-116
  15. Wolters and Huse, 21–23, with other features sometimes retained
  16. 16,0 16,1 Burns, 28
  17. Tafuri, 3–4; Wolters and Huse, 15
  18. Tafuri, 5–13
  19. Brown, Art and Life in Renaissance Venice, 65.
  20. 20,0 20,1 Brown, Art and Life in Renaissance Venice, 71.
  21. Howard, The Architectural History of Venice, 104.
  22. Hartt, 423–424; Wolters and Huse, 26–33
  23. ULAN, ""Giorgio Spavento"
  24. 24,0 24,1 Hartt, 632–634; Burns, 26
  25. Hartt, 632
  26. Hartt, 632–633, 633 quoted.
  27. Hartt, 631–632; Burns, 25
  28. Department of European Paintings (October 2002). «Architecture in Renaissance Italy». The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  29. «UNESCO World heritage site number 712». Whc.unesco.org. 2007 թ․ հունվարի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  30. Wittkower, 290–300
  31. Burns, 25; Summerson, 10
  32. Summerson, 10–12 and see index
  33. Burns, 25; Hartt, 634; Summerson, 43–45 and see index
  34. Wittkower, 115
  35. Gangwere, p. 246.
  36. Deborah Howard, "The Architectural History of Venice," (London: B.T. Batsford, 1980): 17.
  37. Romano, Patricians and Popolani, 4.
  38. Romano, Patricians and Popolani, 66.
  39. 39,0 39,1 Romano, Patricians and Popolani, 8.
  40. Patricia Fortini Brown, "Art and Life in Renaissance Venice" (Upper Saddle River: N.J. Pearson, 2005): 42
  41. Brown, Art and Life in Renaissance Venice, 42.
  42. Romano, Patricians and Popolani, 67.
  43. Brown, Art and Life in Renaissance Venice, 44.
  44. Brown, Art and Life in Renaissance Venice, 43.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Burns, Howard, "Architecture", in Jane Martineau (ed), The Genius of Venice, 1500–1600, 1983, Royal Academy of Arts, London.
  • Sydney Joseph Freedberg Painting in Italy, 1500–1600, 3rd edn. 1993, Yale, 0300055870
  • Gardner's: Art Through the Ages—International Edition, Brace Harcourt Jovanovich, 9th edition, 1991.
  • Frederick Hartt, History of Italian Renaissance Art, (2nd edn.)1987, Thames & Hudson (US Harry N Abrams), 0500235104
  • Howard, Deborah (2004), The Architectural History of Venice (2nd edn), Yale UP, 0300090293
  • The Prado Guide, Ed. Maria Dolores Jimenez-Blanco, Museo National Del Prado, English 2nd revised edition, 2009.
  • Romano, Dennis, "Patricians and Popolani: the Social Foundations of the Venetian Renaissance State," (Baltimore: Johns Hopkins University Press, 1987)
  • John Steer (art historian), Venetian painting: A concise history, 1970, London: Thames and Hudson (World of Art), 0500201013
  • John Summerson, The Classical Language of Architecture, 1980 edition, Thames and Hudson World of Art series, 0500201773
  • Rudolf Wittkower, Art and Architecture in Italy, 1600–1750, Penguin/Yale History of Art, 3rd edition, 1973, 0-14-056116-1
  • Wolters, Wolfgang and Huse, Norbert, The Art of Renaissance Venice: Architecture, Sculpture, and Painting, 1460–1590, 1993, University of Chicago Press