Jump to content

Վելլեյոս Պատերկուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վելլեյոս Պատերկուլոս
լատին․՝ Velleius Paterculus
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 19[1]
ԾննդավայրՄիրաբելլա Էկլանո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա
Մահացել էմոտ 31[1]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մայրենի լեզուլատիներեն
Մասնագիտությունպատմաբան, ռազմական գործիչ և գրող
ԵրեխաներGaius Velleius Paterculus? և Lucius Velleius Paterculus?
 Velleius Paterculus Վիքիպահեստում

Գայուս Վելլեյոս Պատերկուլոս (լատին․՝ Cajus Velleius Paterculus, մոտ մ. թ. ա. 19[1], Միրաբելլա Էկլանո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա - մոտ 31[1]), հռոմեացի պատմիչ։

Վելլեյոս Պատերկուլոսը ծնվել է Կապուա քաղաքում (Կամպանիայում)։ Իր իսկ վկայությամբ երկար տարիներ եղել է զինվորական ծառայության մեջ, մասնավորապես Տիբերիոսի հրամանատարության ներքո։ Իբրև զինվորական ջոկատի պետ՝ Պատերկուլոսը մասնակցել է Տիբերիոսի ղեկավարությամբ գերմանական և պաննոնական արշավանքներին։ Մեր թվարկության 6 թվականին վերադարձել է Հռոմ, որպես քվետորի թեկնածու, իսկ 15 թվականին հասնում է պրետորի աստիճանի։ Նա միշտ վայելել է Տիբերիոսի հատուկ համակրանքը։ Ազատ ժամանակը նվիրել է գրական աշխատանքին։ Նրա մասին որոշ տեղեկություններ չեն պահպանվել։

30 թվականին հրապարակում է երկու գրքից բաղկացած «Հռոմեական պատմությունը»։ Առաջին գրքի մեծ մասը կորել է։ Վելլեյոսի «Պատմությունը» համառոտ ներածություն է ըստ ժամանակագրության, որում հեղինակը հաղորդել է միայն ամենակարևոր իրադարձությունները։ Նկատի ունենալով, որ Վելլեյոս Պատերկուլոսի աշխատությունը, շատ հարցերում տարբերվում է Տիտոս Լիվիոսի հաղորդած վկայություններից, այն յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Գրված է հապճեպորեն, որի մասին ինքն էլ է խոստովանում։

«Պատմության» առաջին գրքում հեղինակը խիստ համառոտ շարադրում է Հռոմի պատմությունը մինչև Կարթագենի և Կորնթոսի կործանումը։ Երկրորդ գիրքն ավարտվում է Տիբերիոս կայսեր կառավարման բնութարումով։ Վելլեյոս Պատերկուլոսը կարողացել է հակիրճ ժամանակագրական հաջորդականությամբ տալ Հռոմի ամբողջ պատմության ամենակարևոր իրադարձությունները։ Ավելի ուշ ժամանակաշրջանին վերաբերող դեպքերը շարադրել է համեմատաբար ավելի մանրամասնորեն։ «Պատմության» մեջ մեծ տեղ է հատկացրել առանձին գործիչների բնավորության ու բարքերի նկարագրությանը։ Առանձնահատուկ տեղ է հատկացրել Տիբերիոսին՝ մեծ գովեստներ շռայլելով նրան։ Ճիշտ են բնութագրված Տիբերիոսի վարչական և ռազմական գործերը, պրովինցիաներում նրա հմուտ միջոցառումները՝ վարչական և դատաստանական գործերը կանոնավորելու ուղղությամբ, արտաքին քաղաքականության մեջ՝ նրա հեռատես խաղաղասիրությունը ի հակադրություն Գերմանիկոսի ռազմատենչ միտումների։ Խոսելով Տիբերիոսի ռազմական ձիրքի մասին՝ Պատերկուլոսը ասում է. «Նա իր կողմն էր գրավել խերուսկներին։ Արշավելով Գերմանիա Տիբերիոսը խաղաղեցրել է Հռենոսի աջ հովտում ապրող գերմանացիներին, թափանցելով մինչև ֆրիզների և խավկեի երկիրը։ Այլևս չէր մնացել Գերմանիայում ոչ մի ցեղ, որ նվաճած չլիներ Տիբերիոսը»։ Պատերկուլոսը հիշատակում է հռոմեական լեգեոնների պետ Քվինտիլիոս Վարոսի ձախողակ քաղաքականությունը Գերմանիայում, որի հետևանքով Տևտոբուրգյան անտառում 9 թվականին «հռոմեական լավագույն զորքը, որը իր քաջությամբ, կարգապահությամբ և ռազմական հմտությամբ գրավում էր առաջին տեղը, ծուղակն ընկավ և ոչնչացվեց»։ Պատերկուլոսը արձանագրում է նաև Վարոսի կողմից գերմանական արշավանքից առաջ Սիրիայի բնակչությանը բարբարոսաբար թալանելու մասին. «Նա աղքատ եկավ այդ հարուստ երկիրը և հարստացած վերադարձավ արդեն աղքատ այդ երկրից»։

Վաղ պրինցիպատի պատմության համար հարկ է լինում դիմելու Վելլեյոս Պատերկուլոսի վկայություններին, որպես ժամանակակցի ու ականատեսի։ Պատերկուլոսից օգտվելիս նկատի պետք է ունենալ նաև, որ նա շատ հարցերում Լիվիոսից տարբերվում է իր վկայություններով ու մեկնաբանություններով։ Համեմատելով միևնույն հարցերի մասին նրանց տարբեր կարծիքները, հնարավոր է դառնում հանգելու ճշմարտությանը մոտ եզրակացությունների[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Եվգինե Միրզախանյան, Ուրվագծեր հռոմեական պատմագրության (ուսումնա-օժանդակ ձեռնարկ), Ե․, 1971, էջ 64-67։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելլեյոս Պատերկուլոս» հոդվածին։