Jump to content

Վեգետատիվ վիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեգետատիվ վիճակ (ՎՎ) կամ հետկոմատոզ անարձագանքողականություն[1], գիտակցության խանգարում, որի դեպքում ուղեղի ծանր վնասվածք ունեցող բուժառուները գտնվում են ոչ թե իրական գիտակից, այլ մասնակի արթուն վիճակում: Վեգետատիվ վիճակում չորս շաբաթ գտնվելուց հետո բուժառուի վիճակը դասակարգվում է որպես մշտակայող վեգետատիվ վիճակ (ՄՎՎ): Այս ախտորոշումը դասակարգվում է որպես մշտական վեգետատիվ վիճակ գլխուղեղի ոչ տրավմատիկ վնասվածքից մի քանի ամիսն անց (երեք ամիս՝ ԱՄՆ-ում և վեց ամիս՝ Մեծ Բրիտանիայում) կամ տրավմատիկ վնասվածքից մեկ տարի անց: Որպես այլընտրանք կարող է օգտագործվել անարձագանք արթնության համախտանիշ տերմինը[2], քանի որ «վեգետատիվ վիճակ» տերմինը հանրության շրջանում ունի որոշակի բացասական երանգավորում[3]: Երբեմն այն կոչվում է նաև ապալիկ համախտանիշ, հիմնականում՝ եվրոպական կամ ավելի հին աղբյուրներում[4]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մի շարք սահմանումներ, որոնք տարբերվում են՝ ըստ մասնագիտական և հանրամատչելի կիրառության: Տարբեր երկրներում դրանք առաջացնում են տարբեր իրավական հետևանքներ:

Բժշկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի Թագավորական բժշկական քոլեջի սահմանման համաձայն՝ «արթուն անգիտակից վիճակը, որը տևում է ավելի քան մի քանի շաբաթ, կոչվում է մշտակայող վեգետատիվ վիճակ»[5]։

Վեգետատիվ վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգետատիվ վիճակը քրոնիկ կամ երկարատև վիճակ է, այն տարբերվում է կոմայից. կոմայում գտնվող բուժառուն զուրկ է թե՛ ինքնագիտակցումից, թե՛ արթուն լինելու ունակությունից: Վեգետատիվ վիճակում գտնվող հիվանդները կարող են արթնանալ կոմայից, սակայն չվերականգնել գիտակցությունը: Նրանք կարող են ժամանակ առ ժամանակ բացել իրենց կոպերը և դրսևորել քնի ու արթնության փուլեր, սակայն ամբողջովին զուրկ են ճանաչողական գործառույթյից: Վեգետատիվ վիճակն անվանում են նաև «արթուն կոմա»՝ «coma vigil»: Գիտակցության վերականգնման շանսերը զգալիորեն նվազում են վեգետատիվ վիճակի տևողության ավելացման հետ մեկտեղ[6]։

Մշտակայող վեգետատիվ վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտակայող վեգետատիվ վիճակը բժշկական ախտորոշման ստանդարտ տերմինաբանությունն է (բացառությամբ Մեծ Բրիտանիայի), որը սահմանվում է բազմաթիվ նյարդաբանական և այլ հետազոտություններից հետո՝ հաստատելով, որ գլխուղեղի լայնածավալ ու անդառնալի վնասվածքի պատճառով չափազանց քիչ է հավանականությունը, որ բուժառուն երբևէ կվերականգնի ուղեղի բարձրագույն գործառույթները: Այս ախտորոշումը չի նշանակում, առողջացումը բացարձակապես անհնար է, սակայն ԱՄՆ-ում իրավական հիմք է ստեղծում օրենքով սահմանված կարգով կյանքի ապահովման համակարգերն անջատելու հայց ներկայացնելու համար[7]: Ոչ պաշտոնական ուղեցույցների համաձայն՝ այս ախտորոշումը կարող է գրանցվել վեգետատիվ վիճակում չորս շաբաթ գտնվելուց հետո: ԱՄՆ դատական փորձը ցույց է տվել, որ կենսաապահովման դադարեցման վերաբերյալ բավարարված հայցերը ներկայացվել են հենց մշտակայող վեգետատիվ վիճակ ախտորոշումից հետո, թեև որոշ դեպքերում, ինչպիսին է Թերի Շիավոյի գործը, նման վճիռները լայնարձակ հանրային արձագանք և տարաձայնություններ են առաջացրել:

Թեև Մեծ Բրիտանիայում «մշտական» ախտորոշման համար հետազոտման չափանիշները բավականին նման են ԱՄՆ-ում «մշտակայող» ախտորոշման չափանիշներին, իմաստաբանական տարբերությունը Մեծ Բրիտանիայում տալիս է իրավական կանխավարկած, որը սովորաբար կիրառվում է դատական հայցերում՝ կյանքի ապահովման համակարգերի անջատման համար[8]: Մեծ Բրիտանական ախտորոշումը ընդհանուր առմամբ կատարվում է միայն ստատիկ վեգետատիվ վիճակի 12-ամսյա դիտարկումից հետո: ԱՄՆ-ում մշտակայող վեգետատիվ վիճակի ախտորոշումը սովորաբար դեռևս պահանջում է, որ հայցվորը դատարանում ապացուցի վերականգնման անհնարինությունը՝ հիմնվելով բժշկական հիմնավորված կարծիքի վրա, մինչդեռ Մեծ Բրիտանիայում «մշտական» ախտորոշումն արդեն իսկ հայցվորին ընձեռում է այդ կանխավարկածը և կարող է նվազեցնել դատական գործընթացի տևողությունը[7]:

Ընդհանուր կիրառության մեջ «մշտական» և «մշտակայող» սահմանումները երբեմն նույնացվում են և օգտագործվում որպես հոմանիշներ: Այնուամենայնիվ, ՄՎՎ հապավումը սահմանում է մշտակայող վեգետատիվ վիճակը՝ առանց պարտադարելու վիճակի անդարձելի բնույթը և այդպես էլ կիրառվում է սույն հոդվածի ողջ տեքստում: Բրայան Ջենեթը, որը ի սկզբանե շրջանառության մեջ է դրել «մշտակայող վեգետատիվ վիճակ» տերմինը, այժմ, իր «Վեգետատիվ վիճակ» գրքում առաջարկում է կիրառել Մեծ Բրիտանիայում ընդունված շարունակական և մշտական բաժանումը ՝ փաստարկելով, որ «այս տերմինի մշտակայող բաղադրիչը... թյուրիմացաբար ակնարկում է անդառնալիություն»[9]:

Ավստրալիայի Առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային խորհուրդն առաջարկել է «հետկոմատոզ անարձագանքողականություն» տերմինը՝ որպես «վեգետատիվ վիճակի» համընդհանուր այլընտրանք[10]:

Իրավական անորոշություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն գլխուղեղի մահվան՝ մշտական վեգետատիվ վիճակը (ՄՎՎ) շատ քիչ իրավական համակարգերում է օրենքով ճանաչվում որպես մահ: ԱՄՆ-ում դատարանները նախքան կենսաապահովման համակարգերի անջատումը պահանջում են դիմումներ, որոնք փաստում են, որ վեգետատիվ վիճակից բարձր ճանաչողական որևէ գործառույթի վերականգնում բժշկական իրավասու եզրակացությամբ գնահատվել է որպես անհնարին[11]: Անգլիայում, Ուելսում և Շոտլանդիայում ՄՎՎ-ով բուժառուների դեպքում կլինիկորեն ապահովվող սնուցման և հիդրատացիայի անջատման իրավական նախադեպը հաստատվել է 1993 թվականին Թոնի Բլենդի գործով, ով կատաստրոֆիկ անօքսիկ ուղեղային վնասվածք էր ստացել 1989 թվականի Հիլզբորոյի ողբերգության ժամանակ[5]: Նախքան ՄՎՎ (կամ նվազագույն գիտակցությամբ՝ ՆԳՎ) բուժառուներին սնուցումից և հիդրատացիայից զրկելը, մարդու իրավունքների պաշտպանության դատարան դիմում ներկայացնելն այլևս պարտադիր պայման չէ[12]:

Իրավական այս անորոշությամբ պայմանավորված ի հայտ են եկել ակտիվ տարաձայնություններ որոշ կողմնակիցներ պնդում են, որ ՄՎՎ-ում գտնվողներին պետք է թույլատրվի մահանալ: Մյուս կողմն էլ հավասարապես պնդում է, որ եթե ապաքինումն որևէ կերպ հնարավոր է, ապա խնամքը պետք է շարունակվի: Ախտորոշված ՄՎՎ դեպքերի փոքր քանակի առկայությունը, որոնք ի վերջո հանգեցրել են բարելավման, իրավական տեսանկյունից առավել դժվարացնում է վերականգնման որակումը որպես «անհնարին»[7]: Այս իրավական և էթիկական խնդիրը հարցեր է բարձրացնում ինքնավարության, կյանքի որակի, ռեսուրսների պատշաճ կիրառման, հարազատների կամքի և մասնագիտական պարտականությունների վերաբերյալ:

Նշաններ և աշտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՎՎ-ով (մշտակայող վեգետատիվ վիճակում գտնվող) բուժառուների մեծ մասն չի արձագանքում արտաքին գրգռիչներին, և նրանց վիճակը զուգորդվում է գիտակցության տարբեր մակարդակներով: Ի տարբերություն կոմայի, վեգետատիվ վիճակի դեպքում գիտակցության որոշակի մակարդակը ենթադրում է, որ անձը այս կամ այն աստիճանի ունակ է արձագանքելու արտաքին գրգռիչին: Բացի այդ՝ ՄՎՎ-ով բուժառուները հաճախ բացում են իրենց աչքերը՝ ի պատասխան կերակրման, որը պետք է իրականացվի այլ անձանց կողմից. նրանք ունակ են կլլման, այնինչ կոմայի մեջ գտնվող բուժառուները գոյատևում են փակ աչքերով[13]:

Կեղևային գործառույթները (օրինակ՝ շփումը, մտածողությունը, նպատակային շարժումները և այլն) բացակայում են, մինչդեռ ուղեղաբնային գործառույթները (օրինակ՝ շնչառությունը, շրջանառության և հեմոդինամիկ կայունության պահպանումը և այլն) պահպանվում են[14]: Վերին ուղեղաբնի ոչ կոգնիտիվ գործառույթները, ինչպիսիք են կոպերի բացումը, պատահական ձայնարձակումները (օրինակ՝ լացը, ծիծաղը), քուն-արթնություն փուլերի պահպանումը և ինքնաբուխ ոչ նպատակային շարժումները, հաճախ մնում են ինտակտ:

ՄՎՎ-ով բուժառուների աչքերը կարող են գտնվել համեմատաբար ֆիքսված դիրքում, հետևել շարժվող օբյեկտներին կամ շարժվել դիսկոնյուգացված (այսինքն՝ լիովին ապասինխրոն) եղանակով: Նրանք կարող են դրսևորել քուն-արթնություն ցիկլեր կամ գտնվել քրոնիկ արթուն վիճակում: բուժառուները կարող են ցուցաբերել որոշակի վարքագծային դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես մասնակի գիտակցության դրսևորում, ինչպիսիք են ատամների կրճտացնելը, կլլումը, ժպտալը, արցունքահոսությունը, փնթփնթալը, հառաչելը կամ ճչալը՝ առանց որևէ ակնհայտ արտաքին գրգռիչի:

ՄՎՎ-ով բուժառուները հազվադեպ են միացված լինում կենսաապահովման որևէ սարքավորման՝ բացառությամբ սնուցող զոնդի, քանի որ ուղեղաբունը, որը վեգետատիվ գործառույթների (ինչպիսիք են սրտի կծկումների հաճախականությունն ու ռիթմը, շնչառությունը և ստամոքս-աղիքային ուղու գործունեությունը) կենտրոնն է, համեմատաբար անվնաս է[13]:

Վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեպքերում հիվանդները՝ մի քանի շաբաթվա ընթացքում, ինքնաբերաբար են դուրս գալիս վեգետատիվ վիճակից[9]: Վերականգնման հավանականությունը կախված է գլխուղեղի վնասվածքի աստիճանից և հիվանդների տարիքից. ավելի երիտասարդ բուժառուներն ունեն վերականգնման ավելի մեծ հնարավորություն, քան տարեցները: Ըստ 1994 թվականի զեկույցի, վնասվածքից մեկ ամիս անց վեգետատիվ վիճակում գտնվողների 54%-ը վերականգնել էր գիտակցությունը վնասվածքից մեկ տարի անց, այնինչ 28%-ը մահացել էր, 18%-ը դեռևս գտնվում էր վեգետատիվ վիճակում: Ոչ տրավմատիկ վնասվածքների դեպքում, ինչպիսին է կաթվածը, մեկ տարվա ընթացքում գիտակցությունը վերականգնել էր ընդամենը 14%-ը, 47%-ը մահացել էր, իսկ 39%-ը դեռ վեգետատիվ վիճակում էր: Սկզբնական պատահարից վեց ամիս անց վեգետատիվ վիճակում գտնվող հիվանդների մոտ պատահարից մեկ տարի անց գիտակցության վերականգնման հավանականությունը շատ ավելի փոքր էր, քան այն հիվանդների մոտ, ում վեգետատիվ վիճակը արձանագրվել էր ընդամենը մեկ ամիս անց [15]: 2000 թվականի New Scientist-ի հոդվածում ներկայացված են զույգ գրաֆիկներ [16], որոնք ցույց են տալիս հիվանդների վիճակի փոփոխությունները գլխի վնասվածքից և գլխուղեղի թթվածնաքաղցից հետո առաջին 12 ամիսների ընթացքում [17]: Հավանականությունը, որ ՄՎՎ-ով հիվանդը կվերականգնի գիտակցությունը մեկ տարի անց կվերականգնվի, չափազանց ցածր է[18], իսկ գիտակցությունը վերականգնող բուժառուների մեծ մասն ունենում է հաշմանդամություն: Ինչքան երկար է բուժառուն գտնվում ՄՎՎ-ում, այնքան ավելի ծանր են լինում դրանով պայմանավորված հաշմանդամության աստիճանները: Վերականգնողական բուժումը կարող է նպաստել ապաքինմանը, սակայն շատ բուժառուներ երբեք չեն վերականգնում ինքնախնամքի ունակությունը:

Բժշկական գրականությունը ներառում է նաև դեպքերի նկարագրություններ փոքրաթիվ բուժառուների վերականգնման վերաբերյալ՝ սառը թթվածնով արհեստական շնչառության դադարեցումից հետո[19]: Հետազոտողները պարզել են, որ բազմաթիվ հիվանդանոցներում չտաքացված թթվածինը վեգետատիվ վիճակում գտնվող բուժառուներին ներմուծվում է շնչափողի ինտուբացիայի միջոցով:

Սա շրջանցում է վերին շնչուղիներում օդի տաքացման բնականոն գործընթացը և հանգեցնում աորտայի արյան ու գլխուղեղի սառեցմանը, ինչը, հեղինակների կարծիքով, կարող է նպաստել անձի վեգետատիվ վիճակին: Հետազոտողները նկարագրում են փոքրաթիվ դեպքեր, երբ սառեցված թթվածնի անջատմանը հաջորդել է ապաքինումը, և խորհուրդ են տալիս կա՛մ տաքացնել թթվածինը տաքացնող ցողացիրի միջոցով, կա՛մ դադարեցնել օժանդակ թթվածնամատակարարումը, եթե դրա անհրաժեշտությունն այլևս չկա [19]: Հեղինակներն լրացուցիչ առաջարկում են անցկացնել հետագա հետազոտություններ՝ պարզելու, թե արդյոք այս սառեցնող ազդեցությունը կարող է հանգեցնել վերականգնման հապաղման կամ նույնիսկ նպաստել ուղեղի վնասմանը:Մշտակայող վեգետատիվ վիճակից վերականգնումն ունի երկու չափում՝ գիտակցության վերականգնում և գործառույթի վերականգնում: Գիտակցության վերականգնումը կարող է հաստատվել ինքնագիտակցության և շրջակա միջավայրի ընկալման հավաստի ապացույցներով, տեսողական ու լսողական ազդակներին կամավոր վարքագծային կայուն արձագանքներով և շփվելու ունակությամբ: Գործառույթի վերականգնումը բնութագրվում է հաղորդակցմամբ, սովորելու և հարմարվողական առաջադրանքներ կատարելու ունակությամբ, շարժունակությամբ, ինքնասպասարկմամբ, ինչպես նաև ժամանցային կամ մասնակցությամբ աշխատանքային գործունեությանը: Գիտակցության վերականգնումը կարող է տեղի ունենալ առանց գործառութային վերականգնման, սակայն վերջինս չի կարող տեղի ունենալ առանց գիտակցության վերականգնման[20]:

ՄՎՎ-ի երեք հիմնական պատճառներն են՝

Սուր գանգուղեղային վնասվածք

ՄՎՎ-ի առավել հավանական պատճառներն են[21]՝

Ի հավելումն՝ բժշկական պրակտիկայում տարբերակիչ ախտորոշման տարրերը մտապահելու համար երբեմն կիրառվում է «AEIOU-TIPS» մնեմոնիկը. ալկոհոլի ընդունում (Alcohol) և ացիդոզ, էպիլեպսիա (Epilepsy) և էնցեֆալոպաթիա, ինֆեկցիա (Infection), օպիոիդներ (Opiates), ուռեմիա (Uremia), տրավմա (Trauma), ինսուլինի գերդոզավորում (Insulin) կամ բորբոքային պաթոլոգիաներ, թունավորում (Poisoning) և պսիխոգեն պատճառներ, և շոկ (Shock)[23]:

Չնայած մշտակայող վեգետատիվ վիճակի սահմանման շուրջ ձևավորված ընդհանուր համաձայնությանը՝ վերջին զեկույցները մտահոգություն են առաջացրել որոշ բուժառուների շրջանում ախտորոշման ճշգրտության, ինչպես նաև այն հանգամանքի վերաբերյալ, թե որքանով կարող են որոշակի դեպքերում մնացորդային ճանաչողական գործառույթները մնալ չհայտնաբերված, իսկ բուժառուները՝ ախտորոշվել մշտակայող վեգետատիվ վիճակով: Մնացորդային ճանաչողական ֆունկցիայի օբյեկտիվ գնահատումը կարող է չափազանց բարդ լինել, քանի որ շարժողական արձագանքները բազմաթիվ բուժառուների շրջանում կարող են լինել նվազագույն, անկայուն և դժվար նկատելի, կամ այլոց դեպքում ընդհանրապես չհայտնաբերվել, քանի որ որևէ կոգնիտիվ արտահայտում հնարավոր չէ[24]: Վերջին տարիներին մի շարք հետազոտություններ ցույց են տվել ֆունկցիոնալ նեյրոպատկերավորման կարևոր դերը մշտակայող վեգետատիվ վիճակում մնացորդային ճանաչողական ֆունկցիայի հայտնաբերման գործում. այս տեխնոլոգիան նոր պատկերացումներ է տալիս գլխուղեղի ծանր վնասվածքով բուժառուների ուղեղային ակտիվության վերաբերյալ: Նման հետազոտությունները, հաջողության դեպքում, կարող են հատկապես օգտակար լինել այն դեպքերում, երբ կան մտահոգություններ ախտորոշման ճշգրտության և չհայտնաբերված մնացորդային ճանաչողական գործառույթի առկայության հավանականության վերաբերյալ:

Ախտորոշման փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտակայող վեգետատիվ վիճակի կլինիկական ախտորոշում ունեցող բուժառուների շրջանում ոչ ակնհայտ ճանաչողական մշակումն ուսումնասիրելու նպատակով հետազոտողները սկսել են կիրառել ֆունկցիոնալ նեյրոպատկերավորման հետազոտությունները՝ համար: Պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիայի (ՊԷՏ), ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ֆՄՌՏ) և էլեկտրոֆիզիոլոգիական մեթոդների միջոցով զգայական գրգռիչներին ի պատասխան ուղեղային ակտիվացումները կարող են տեղեկատվություն տրամադրել ուղեղի ցանկացած մնացորդային ֆունկցիայի առկայության, աստիճանի և տեղակայման վերաբերյալ [25]: Այնուամենայնիվ, գլխուղեղի ծանր վնասվածք ունեցող անձանց շրջանում այս տեխնիկաների կիրառումը մեթոդաբանական, կլինիկական և տեսական առումներով բարդ է և պահանջում է ուշադիր քանակական վերլուծություն ու մեկնաբանություն:

Օրինակ՝ ՊԷՏ (պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիայի) հետազոտությունները ցույց են տվել մշտական վեգետատիվ վիճակում մնացորդային ճանաչողական գործառությի առկայությունը: Այսինքն՝ արտաքին գրգռումը, ինչպիսին է ցավային ազդակը, այս բուժառուների մոտ դեռևս ակտիվացնում է առաջնային զգայական կեղևը, սակայն այս տիրույթները գործառութային առումով անջատված են բարձրագույն ասոցիատիվ տիրույթներից, որոնք անհրաժեշտ են գիտակցության վերականգնման համար: Այս արդյունքները փաստում են, որ այս հիվանդների գլխուղեղի կեղևի առանձին հատվածներ իրոք շարունակում են գործել [26]: Բացի այդ՝ ՊԷՏ այլ հետազոտություններ ի հայտ են բերել լսողական կեղևի կանխատեսելի շրջաններում պահպանված և կայուն արձագանքներ՝ ի պատասխան հասկանալի խոսքի գրգռիչների: Ավելին, նախնական ֆՄՌՏ քննությունը բացահայտել է մասնակիորեն պահպանված արձագանքներ իմաստաբանական առումով երկիմաստ գրգռիչների նկատմամբ, որոնք, ինչպես հայտնի է, ներգրավում են խոսքի ընկալման ավելի բարձր ասպեկտներ[27]:

Բացի այդ՝ մի շարք հետազոտություններում կիրառվել է ՊԷՏ՝ ՄՎՎ-ով հիվանդների շրջանում ցավային գրգռիչների կենտրոնական մշակումը գնահատելու համար: Ցավային սոմատոսենսոր գրգռումն ակտիվացրել է միջին ուղեղը, հակառակ կողմի թալամուսը և առաջնային սոմատոսենսոր կեղևը ՄՎՎ-ով յուրաքանչյուր բուժառույի դեպքում՝ նույնիսկ կեղևից հարուցված պոտենցիալների բացակայության պայմաններում: ՄՎՎ-ով բուժառուների սոմատոսենսոր գրգռումը այնպիսի ինտենսիվությամբ, որը ստուգիչ խմբում առաջացնում էր ցավ, հանգեցրել է նեյրոնային ակտիվության աճի առաջնային սոմատոսենսոր կեղևում՝ նույնիսկ եթե հանգիստ ուղեղի նյութափոխանակությունը խիստ խանգարված է եղել: Այնուամենայնիվ, առաջնային կեղևի այս ակտիվացումը, թվում է, մեկուսացված է և անջատված բարձրագույն ասոցիատիվ կեղևային շրջաններից[28]:

Ինչպես նաև առկա են փաստեր սուր վնասվածքներ ստացած հիվանդների շրջանում՝ գլխուղեղում գործառույթների մասնակի պահպանման վերաբերյալ: Տարբեր վարքագծային առանձնահատկություններով ՄՎՎ-ով (մշտական վեգետատիվ վիճակում գտնվող) հինգ բուժառուների ուսումնասիրման համար հետազոտողները կիրառել են ՊԷՏ, ՄՌՏ և մագնիսաէնցեֆալոգրաֆիկ (ՄԷԳ) արձագանքները զգայական գրգռման նկատմամբ: Հինգ բուժառուներից երեքի մոտ համադրված ՊԷՏ/ՄՌՏ տվյալները համադրում են ուղեղի համեմատաբար պահպանված նյութափոխանակությամբ շրջանները վարքագծային առանձին ֆրագմենտների հետ: Երկու բուժառուներ ունեցել են թթվածնաքաղցի հետևանքով առաջացած վնասվածքներ և դրսևորել են ընդհանուր ուղեղային մետաբոլիզմի զգալի նվազում՝ հասնելով նորմայի 30–40%-ին: Թթվածնաքաղցով չպայմանավորված, բազմաօջախային գլխուղեղային վնասվածքներով մյուս երկու բուժառուները ցուցադրել են ուղեղի մի քանի մեկուսացված շրջաններ՝ մետաբոլիկ ավելի բարձր ցուցանիշներով, որոնք տատանվել են նորմայի 50–80%-ի սահմաններում: Այնուամենայնիվ, նրանց ընդհանուր մետաբոլիկ ցուցանիշները մնացել են նորմայի <50%-ից ցածր:

ՄՎՎ-ով երեք բուժառուներից ստացված ՄԷԳ գրանցումները հստակ փաստում են հարուցված արձագանքների բացակայության, ախտաբանության կամ նվազման մասին: Չնայած խոշոր ախտահարումներին, այս տվյալները, այնուամենայնիվ, վկայում են նաև կեղևային մակարդակում տեղայնացված մնացորդային ակտիվության մասին: Յուրաքանչյուր բուժառու մասնակիորեն պահպանել է զգայությունը, ինչի մասին վկայում են դանդաղ գրգռված մագնիսական դաշտերը և գամմա-տիրույթի ակտիվությունը: Երկու բուժառուների մոտ այս ակտիվացումները համընկել են վարքագծային մեկուսացված մոդելների և նյութափոխանակային ակտիվության հետ: Վարքագծային ֆրագմենտներ ունեցող ՄՎՎ-ով երեք բուժառուների շրջանում հայտնաբերված մնացած ակտիվ շրջանները, ըստ երևույթին, կազմված են առանձնացված կորտիկոթալամիկ ցանցերից, որոնք պահպանում են կապակցվածությունը և մասնակի գործառութային ամբողջականությունը: Մեկ բուժառու, որը ստացել էր անմիջական միջին ուղեղի և հարկենտրոնական թալամուսի ծանր վնասվածք, ցուցաբերել է լայնորեն պահպանված կեղևային նյութափոխանակություն և ընդհանուր միջին մետաբոլիկ ցուցանիշ՝ նորմայի 65%-ի չափով: Այս բուժառույի դեպքում կեղևային մետաբոլիզմի համեմատաբար բարձր պահպանվածությունը սահմանում է առաջին ֆունկցիոնալ համընկնումը կլինիկական-ախտաբանական այն զեկույցների հետ, որոնք անդարձելի անգիտակից վիճակը կապում են այս շրջանների կառուցվածքային վնասման հետ: Այս բուժառուների շրջանում հայտնաբերված պահպանված մետաբոլիկ ակտիվության հստակ մոդելներն արտացոլում են նոր փաստեր անհատական ֆունկցիոնալ ցանցերի մոդուլյար բնույթի վերաբերյալ, որոնք ընկած են ուղեղի գիտակցական ֆունկցիայի հիմքում: ՄՎՎ-ով բուժառուների մոտ գլխուղեղային մետաբոլիզմի տատանումները ցույց են տալիս, որ որոշ ուղեղային շրջաններ կարող են պահպանել մասնակի գործառույթներ նույնիսկ աղետալի վնասվածքներ ստացած ուղեղում[29]:

Սխալ ախտորոշումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրորեն, լայնորեն տարածված է ՄՎՎ-ի սխալ ախտորոշումը: Միացյալ Թագավորությունում ՄՎՎ ախտորոշմամբ 40 պացիենտների մասնակցությամբ իրականացված հետազոտության մի օրինակ ցույց է տվել, որ պացիենտների 43%-ի դեպքում ախտորոշումը համարվել է սխալ, իսկ ևս 33%-ը վերականգնվել է հետազոտության ընթացքում [30]: ՄՎՎ-ի որոշ դեպքեր իրականում կարող են լինել չախտորոշված նվազագույն գիտակցության վիճակում գտնվող պացիենտների սխալ ախտորոշումներ[31]: Քանի որ նվազագույն գիտակցության վիճակի հստակ ախտորոշիման չափանիշները ձևակերպվել են միայն 2002 թվականին, կարող են լինել հիվանդներ, որոնց շրջանում ՄՎՎ է ախտորոշվել նախքան նվազագույն գիտակցության վիճակի երկրորդային հասկացության հայտնի դառնալը:

Հիվնադների վեգետատիվ վիճակում կարևոր է որևէ գիտակցված ընկալում կամ դրա բացակայություն: Այս հարցում պետք է տարբերակել երեք, բոլորովին տարբեր, ասպեկտներ: Առաջին՝ որոշ պացիենտներ կարող են գիտակից լինել պարզապես այն պատճառով, որ սխալ են ախտորոշվել: Երկրորդ՝ երբեմն պացիենտը ճշգրիտ է ախտորոշվել, սակայն հետազոտվում է ապաքինման վաղ փուլերում: Երրորդ՝ թերևս մի օր վեգետատիվ վիճակի հասկացությունն ինքնին կփոխվի՝ ներառելով գիտակցված ընկալման տարրեր: Այս երեք օրինակները տարանջատելու անհնարինությունը շփոթմունք է առաջացնում:

Նման շփոթմունքի օրինակ է արձագանքը ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի կիրառմամբ իրականացված փորձին, որը բացահայտել է, որ ՄՎՎ ախտորոշում ունեցող կինը կարողացել է ակտիվացնել ուղեղի կանխատեսելի հատվածները՝ ի պատասխան հետազոտողի այն խնդրանքներին, որ նա պատկերացնի իրեն թենիս խաղալիս կամ իր տան սենյակից սենյակ տեղափոխվելիս: Ուղեղի ակտիվությունն ի պատասխան այս հրահանգների անհնար էր տարբերակել առողջ պացիենտների ցուցանիշներից[32][33][34]:

2010 թվականին Մարտին Մոնտին և այլոք, աշխատելով Քեմբրիջի համալսարանի MRC Cognition and Brain Sciences ստորաբաժանումում, New England Journal of Medicine[35] ամսագրում հրապարակված հոդվածում հայտնել են, որ մշտակայուն վեգետատիվ վիճակում գտնվող որոշ հիվանդներ արձագանքել են բանավոր հրահանգներին՝ ֆՄՌՏ հետազոտության ընթացքում դրսևորելով ուղեղի ակտիվության տարբեր մոդելներ: Ախտորոշված ընդհանուր 54 պացիենտներից հինգը, ըստ երևույթին, ունակ են եղել արձագանքելու, երբ նրանց հանձնարարվել է մտածել ֆիզիկական ակտիվության երկու տարբեր ձևերից մեկի մասին: Այս հինգից մեկը նույնպես կարողացել է «պատասխանել» «այո» կամ «ոչ» հարցերին՝ դարձյալ պատկերացնելով այս երկու գործողություններից մեկը [36]: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք ֆՄՌՏ-ով բուժառուների ուղեղի առանձին հատվածների ակտիվացման (լուսավորման) փաստը կարող է օգնել այս անձանց ինքնուրույն կայացնել իրենց առողջությանը վերաբերվող որոշումները[36]:

2011 թվականի նոյեմբերին The Lancet ամսագրում կատարված հրապարակումը ներկայացրել է մահճակալին կից կիրառվող ԷԷԳ (էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի) սարքավորումը և նշել, որ դրա ազդանշանը կարող է օգտագործվել վեգետատիվ վիճակ ախտորոշումն ունեցող 16 հիվանդներից երեքի շրջանում գիտակցություն հայտնաբերելու համար[37]:

Համաձայն ապացուցողական բժշկության արդյունավետության չափանիշների՝ ներկայումս վեգետատիվ վիճակի բուժման որևէ եղանակ գոյություն չունի: Առաջարկվել են մի շարք մեթոդներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել չորս կատեգորիայի՝ դեղաբուժություն, վիրաբուժություն, ֆիզիոթերապիա և խթանման տարբեր տեխնիկաներ: Դեղորայքային թերապիան հիմնականում կիրառում է ակտիվացնող նյութեր, ինչպիսիք են եռցիկլիկ հակադեպրեսանտները կամ մեթիլֆենիդատը: Հակասական արդյունքներ են արձանագրվել դոպամիներգիկ դեղամիջոցների (օրինակ՝ ամանտադինի և բրոմոկրիպտինի) ու խթանիչների (ինչպիսին է դեքստրոամֆետամինը) կիրառման դեպքում [38]: Վիրաբուժական մեթոդները, ինչպիսին է գլխուղեղի խորանիստ խթանումը, կիրառվում են ավելի հազվադեպ՝ միջամտությունների ինվազիվության պատճառով: Խթանման տեխնիկաները ներառում են զգայական խթանումը, զգայական կարգավորումը, երաժշտական և երաժշտաշարժողական թերապիան, սոցիալ-շոշափողական փոխազդեցությունը և կեղևային խթանումը[39]:

Սահմանափակ ապացույցներ կան, որ քնաբեր դեղամիջոց զոլպիդեմն ունի որոշակի ազդեցություն[39]: Զոլպիդեմի արդյունավետության վերաբերյալ մինչ օրս հրապարակված սակավաթիվ գիտական հետազոտությունների արդյունքները հակասական են[40][41]:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գնահատականների՝ Միացյալ Նահանգներում մշտակայող վեգետատիվ վիճակում գտնվող պացիենտների թիվը կարող է տատանվել 15,000-ից 40,000-ի սահմաններում, սակայն ծերանոցներում թերի հաշվառումների պատճառով բարդ է ճշգրիտ թվեր որոշելը[42]:

Համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Էրնստ Կրեչմերը 1940 թվականին՝ անվանելով այն «ապալիկ համախտանիշ»[43]: Այնուամենայնիվ, «վեգետատիվ» տերմինն Օքսֆորդի անգլերեն բառարանում նշվել է դեռևս 1764 թվականից, երբ նկարագրվում էր որպես աճի և զարգացման ընդունակ, սակայն զգայությունից և մտածողությունից զուրկ օրգանական մարմին[9]: Այսպիսով, այս եզրույթի հետ կապված մշտակայող վեգետատիվ վիճակ տերմինը 1972 թվականին շրջանառության մեջ են դրել շոտլանդացի ողնուղեղային վիրաբույժ Բրայան Ջենեթը և ամերիկացի նյարդաբան Ֆրեդ Փլամը՝ նկարագրելու համար մի համախտանիշ, որի ի հայտ գալը, թվում էր, հնարավոր էր դարձել բժշկության աճող հնարավորությունների շնորհիվ[9][44]:

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթիկա և քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակական բանավեճ է ընթանում այն հարցի շուրջ, թե որքան խնամք (եթե ընդհանրապես որևէ խնամք) պետք է ստանան մշտակայող վեգետատիվ վիճակում գտնվող հիվանդները սահմանափակ ռեսուրսներ ունեցող առողջապահական համակարգերում: Նյու Ջերսիի գերագույն դատարանում քննվող «Betancourt v. Trinitas Hospital» գործով համայնքային հիվանդանոցը հայցում էր դատական որոշում առ այն, որ նման հիվանդների համար իրականացվող հեմոդիալիզը և սիրտ-թոքային վերակենդանացումը հանդիսանում են ապարդյուն խնամք: Ամերիկացի կենսաէթիկ Ջեյքոբ Մ. Ապելը պնդում էր, որ ՄՎՎ-ով հիվանդների բուժման համար ծախսվող ցանկացած գումար ավելի արդյունավետ կծախսվեր վերականգնման ավելի բարձր հավանականություն ունեցող այլ բուժառուների համար[45]: Հիվանդը մահացել է բնական մահով, նախքան այս գործով որոշման կայացումը, ինչի հետևանքով դատարանը հարցը համարել է առարկայազուրկ՝ կորցրած իրավաբանական ուժը:

2010 թվականին բրիտանացի և բելգիացի հետազոտողները «New England Journal of Medicine» ամսագրում հրապարակված հոդվածում հայտնել են, որ մշտակայող վեգետատիվ վիճակում գտնվող որոշ հիվանդներ իրականում ունեն բավարար գիտակցություն՝ ֆՄՌՏ սկանավորման ընթացքում «այո» կամ «ոչ» հարցերին «պատասխանելու» համար[36]: Այնուամենայնիվ, անորոշ է, թե արդյոք ֆՄՌՏ-ով հիվանդների ուղեղի առանձին հատվածների ակտիվացման փաստը կօգնի այս հիվանդներին ինքնուրույն կայացնելու իրենց առողջական որոշումները[36]: Լոնդոնի համալսարանական քոլեջի ճանաչողական նյարդագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ջերեյնթ Ռիսը հետազոտությանը արձագանքել է՝ նշելով. «Որպես կլինիցիստ, կարևոր կլիներ համոզվել, որ այն անհատը, ում հետ հաղորդակցվում եք, գործունակ է նման որոշումներ կայացնելու համար: Ներկայումս վաղաժամ է եզրակացնել, թե այն անհատը, ով ունակ է պատասխանելու 6 «այո/ոչ» հարցերից 5-ին, լիարժեք գիտակից է՝ ինչպես Դուք կամ ես»[36]: Ի հակադրություն սրան՝ Մաունթ Սինայ հիվանդանոցի ներկայացուցիչ Ջեյքոբ Մ. Ապելը «Telegraph» թերթին հայտնել է, որ այս զարգացումը կարող է ողջունելի քայլ լինել նման հիվանդների ցանկությունները պարզաբանելու ուղղությամբ: Ապելը նշել է. «Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու, եթե մենք իրապես համոզված ենք, որ նման հիվանդները հաղորդակցվում են, հասարակությունը չպետք է հարգի նրանց ցանկությունները: Ըստ էության, որպես բժիշկ, կարծում եմ, որ կա ծանրակշիռ հիմնավորում առ այն, որ բժիշկներն ունեն էթիկական պարտավորություն՝ աջակցելու նման հիվանդներին՝ դադարեցնելով բուժումը: Ենթադրում եմ, որ եթե նման անհատներն իրոք «բանտարկված» են իրենց մարմիններում, նրանք կարող են ապրել մեծ տանջանքների մեջ և կխնդրեն դադարեցնել իրենց խնամքը կամ նույնիսկ իրականացնել ակտիվ էվթանազիա»[36]:

Նշանակալի դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թոնի Բլենդ — Անգլիական իրավաբանության պատմության մեջ առաջին պացիենտը, ում թույլատրվել է մահանալ[46]:
  • Փոլ Բրոֆի— Առաջին ամերիկացին, ով մահացել է դատարանի թույլտվությունից հետո[47]:
  • Սանի ֆոն Բյուլով — Ամերիկացի ժառանգորդուհի, հասարակական գործիչ և բարերար: Մինչ մահ ապրել է գրեթե 28 տարի մշտակայող վեգետատիվ վիճակում[48]:
  • Գուստավո Սերատի— Արգենտինացի երգիչ, երգահան, կոմպոզիտոր և պրոդյուսեր, մահացել է գիտակցության քրոնիկ խանգարման վիճակում 4 տարի անցկացնելուց հետո[49]:
  • Պրիչարդ Կոլոն — Պուերտոռիկացի նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ և ոսկե մեդալակիր, նոկաուտային մենամարտից հետո տարիներ է անցկացրել վեգետատիվ վիճակում[50]:
  • Նենսի Քրուզան — Ամերիկուհի, ով ներգրավված էր ԱՄՆ Գերագույն դատարանի նշանակալից դատական գործում [51]:
  • Գարի Դոքերի— Ամերիկացի ոստիկան, ով հայտնվել է ՄՎՎ-ի մեջ, ապա ապաքինվել, իսկ ավելի ուշ դարձյալ հայտնվել նույն վիճակում[52]:
  • Էլուանա Էնգլարո — Իտալուհի Լեկոյից, ով 17 տարի անցկացրել է վեգետատիվ վիճակում մինչև իր մահը, երբ իրավական որոշմամբ թույլատրվել է հեռացնել սնուցող զոնդը[53]:
  • Էլեյն Էսպոզիտո — Ամերիկուհի, ով նախկին ռեկորդակիր էր գիտակցության քրոնիկ խանգարման վիճակում 37 տարի անցկացնելու համար[54]:
  • Լիա Լի — Հմոնգ ցեղի աղջիկ, ով ցնցումներից հետո 26 տարի անցկացրել է վեգետատիվ վիճակում և դարձել Անն Ֆադիմանի 1997 թվականի գրքի առանցքային թեման:
  • Մարտին Պիստորիուս — Հարավաֆրիկացի տղամարդ, ում վեգետատիվ վիճակը 3 տարի անց վերածվել է նվազագույն գիտակցության վիճակի, ևս 4 տարի անց՝ «բանտարկված մարդու» համախտանիշի, իսկ ևս 5 տարի անց նա լիովին դուրս է եկել կոմայից: Այժմ նա վեբ-դիզայներ է, ծրագրավորող և հեղինակ: 2011 թվականին նա գրել է «Ghost Boy» («Տղա-ուրվականը») գիրքը, որտեղ նկարագրում է գիտակցության քրոնիկ խանգարման վիճակում անցկացրած իր բազմաթիվ տարիները[55]:
  • Էննի Շապիրո — Կանադացի կին, ով վերապրել է վեգետատիվ վիճակը կոմայի մեջ ընդհանուր 29 տարի անցկացնելուց հետո: 1992 թվականին նա արթնացել է լիովին ապաքինված և խաղաղ ապրել իր կյանքի վերջին 10 տարիները: Այս դեպքը ամենաերկարատևն է, երբ մարդը գտնվել է կոմայի մեջ և ապաքինվել[56]:
  • Հեյլի Փոթրե — Ամերիկուհի, ով գտնվում էր կյանքի ապահովման համակարգերից անջատելու վերաբերյալ իրավական վեճի կենտրոնում[57]:
  • Քարեն Էնն Քուինլան — Ամերիկուհի, ով գտնվում էր մահանալու իրավունքի վերաբերյալ դատական հայցի կենտրոնում[58]:
  • Թերի Շիավո — Ամերիկուհի, ով գտնվում էր իր ամուսնու և ծնողների միջև կյանքը պահպանող միջոցառումները դադարեցնելու շուրջ յոթ տարի տևած իրավական պայքարի կենտրոնում[59]:
  • Արունա Շանբագ— Հնդիկ կին, ով 42 տարի գտնվել է մշտակայող վեգետատիվ վիճակում մինչև իր մահը: Նրա դեպքի շնորհիվ Հնդկաստանի Գերագույն դատարանը երկրում թույլատրեց պասիվ էվթանազիան[60]:
  • Արիել Շարոն — Իսրայելի վարչապետ (2001–2006 թթ.): Կաթվածից հետո 8 տարի գտնվել է վեգետատիվ վիճակում մինչև իր մահը՝ 2014 թվականին[61]:
  • Չայիտո Վալդես — Մեքսիկացի երգչուհի և դերասանուհի:
  • Վիցե Վուկով — Խորվաթ երգիչ և քաղաքական գործիչ:
  • Հելգա Վանգլի — Ամերիկուհի, ով գտնվում էր կյանքի պահպանման միջոցառումների վերաբերյալ բժիշկների և իր ընտանիքի միջև իրավական պայքարի կենտրոնում[62]:
  • Օտտո Ուորմբիեր — Ամերիկացի քոլեջի ուսանող, ում ծնողները խնդրեցին անջատել կյանքի ապահովման համակարգը այն բանից հետո, երբ զբոսաշրջային ճամփորդության ժամանակ ձերբակալվելուց հետո Փհենյանի «Բարեկամություն» հիվանդանոցից վեգետատիվ վիճակում տեղափոխվեց Սինսինաթի[63]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Coma and brain injury». Synapse.org. Արխիվացված է օրիգինալից 2020-03-26-ին. Վերցված է 2026-08-10-ին.
  2. Kang, Xiao-gang; Li, Li; Wei, Dong; Xu, Xiao-xia; Zhao, Rui; Jing, Yun-yun; Su, Ying-ying; Xiong, Li-ze; Zhao, Gang; Jiang, Wen (2014). «Development of a simple score to predict outcome for unresponsive wakefulness syndrome». Critical Care. 18 (1): R37. doi:10.1186/cc13745. ISSN 1364-8535. PMC 4056750. PMID 24571596.
  3. Laureys S, Celesia GG, Cohadon F, Lavrijsen J, León-Carrión J, Sannita WG, և այլք: (November 2010). «Unresponsive wakefulness syndrome: a new name for the vegetative state or apallic syndrome». BMC Medicine. 8 68. doi:10.1186/1741-7015-8-68. PMC 2987895. PMID 21040571.
  4. von Wild, K.; Laureys, S. T.; Gerstenbrand, F.; Dolce, G.; Onose, G. (2012-02-22). «The vegetative state--a syndrome in search of a name». Journal of Medicine and Life. 5 (1): 3–15. ISSN 1844-3117. PMC 3307077. PMID 22574081.
  5. 1 2 «Prolonged Disorders of Consciousness: National Clinical Guidelines». Royal College of Physicians. 2013. Արխիվացված է օրիգինալից 2014-09-24-ին. Վերցված է 2014-09-20-ին.
  6. Multi-Society Task Force on PVS (May 1994). «Medical aspects of the persistent vegetative state (1)». The New England Journal of Medicine. 330 (21): 1499–508. doi:10.1056/NEJM199405263302107. PMID 7818633.
  7. 1 2 3 Cranford R (August 2004). «Diagnosing the permanent vegetative state». The Virtual Mentor. 6 (8). doi:10.1001/virtualmentor.2004.6.8.cprl1-0408. PMID 23260786.
  8. Wade DT, Johnston C (September 1999). «The permanent vegetative state: practical guidance on diagnosis and management». BMJ. 319 (7213): 841–44. doi:10.1136/bmj.319.7213.841. PMC 1116668. PMID 10496834.
  9. 1 2 3 4 Jennett B. The Vegetative State: Medical facts, ethical and legal dilemmas (PDF). Scotland: University of Glasgow. Վերցված է 2007-11-09-ին.
  10. Post-coma unresponsiveness (Vegetative State): a clinical framework for diagnosis. National Health and Medical Research Council (NHMRC): Canberra. 2003. Արխիվացված է օրիգինալից 2006-08-20-ին.
  11. Jennett B (September 1999). «Should cases of permanent vegetative state still go to court?. Britain should follow other countries and keep the courts for cases of dispute». BMJ. 319 (7213): 796–97. doi:10.1136/bmj.319.7213.796. PMC 1116645. PMID 10496803.
  12. Royal College of Physicians 2013 Prolonged Disorders of Consciousness: National Clinical Guidelines Արխիվացված 2014-09-24 Wayback Machine
  13. 1 2 Emmett PA (1989). A Biblico-Ethical Response to the Question of Withdrawing Fluid and Nutrition from Individuals in the Persistent Vegetative State (Master's thesis). Vol. 4–5. Bethel Theological Seminary. էջեր 248–49.
  14. Monti, M. M.; Laureys, S.; Owen, A. M. (2010-08-02). «The vegetative state». BMJ (անգլերեն). 341 (aug02 1) c3765. doi:10.1136/bmj.c3765. hdl:2268/84196. ISSN 0959-8138. PMID 20679291.
  15. Jennett B (October 2002). «The vegetative state». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 73 (4): 355–57. doi:10.1136/jnnp.73.4.355. PMC 1738081. PMID 12235296. Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին.
  16. «New Scientist». 2014-02-02. Արխիվացված է օրիգինալից 2017-07-11-ին. Վերցված է 2019-01-07-ին.
  17. Boyce N (July 2000). «Is anyone in there?». New Scientist. 167 (2246): 36–39. PMID 11995720.
  18. Schapira A (2006). Neurology and Clinical Neuroscience. Mosby. էջ 126. ISBN 978-0-323-03354-1.
  19. 1 2 Ford GP, Reardon DC (August 2006). «Prolonged unintended brain cooling may inhibit recovery from brain injuries: case study and literature review». Medical Science Monitor. 12 (8): CS74–79. PMID 16865070.
  20. Multi-Society Task Force on PVS (June 1994). «Medical aspects of the persistent vegetative state (2)». The New England Journal of Medicine. 330 (22): 1572–79. doi:10.1056/NEJM199406023302206. PMID 8177248.
  21. Teitelbaum JE, Kahan S, DeAntonis KO (2007). In a Page: Pediatric signs & symptoms (2nd ed.). Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-7045-3.
  22. Mirsattari SM, Hammond RR, Sharpe MD, Leung FY, Young GB (April 2004). «Myoclonic status epilepticus following repeated oral ingestion of colloidal silver». Neurology. 62 (8): 1408–10. doi:10.1212/01.WNL.0000120671.73335.EC. PMID 15111684. S2CID 30767207.
  23. Weiglein, Tobias; Zimmermann, Markus; Niesen, Wolf-Dirk; Hoffmann, Florian; Klein, Matthias (2024-07-26). «Acute Onset of Impaired Consciousness». Deutsches Ärzteblatt International. 121 (15): 508–518. doi:10.3238/arztebl.m2024.0079. ISSN 1866-0452. PMC 11526356. PMID 38867660. {{cite journal}}: Check |pmc= value (օգնություն)
  24. Owen AM, Coleman MR, Menon DK, Johnsrude IS, Rodd JM, Davis MH, և այլք: (2005-07-01). «Residual auditory function in persistent vegetative state: a combined PET and fMRI study». Neuropsychological Rehabilitation. 15 (3–4): 290–306. doi:10.1080/09602010443000579. PMID 16350973. S2CID 7495756.
  25. Bodien, Yelena G.; Allanson, Judith; Cardone, Paolo; Bonhomme, Arthur; Carmona, Jerina; Chatelle, Camille; Chennu, Srivas; Conte, Mary; Dehaene, Stanislas; Finoia, Paola; Heinonen, Gregory; Hersh, Jennifer E.; Kamau, Evelyn; Lawrence, Phoebe K.; Lupson, Victoria C. (2024-08-15). «Cognitive Motor Dissociation in Disorders of Consciousness». New England Journal of Medicine (անգլերեն). 391 (7): 598–608. doi:10.1056/NEJMoa2400645. ISSN 0028-4793. PMC 7617195. PMID 39141852. {{cite journal}}: Check |pmid= value (օգնություն)
  26. Matsuda W, Matsumura A, Komatsu Y, Yanaka K, Nose T (November 2003). «Awakenings from persistent vegetative state: report of three cases with parkinsonism and brain stem lesions on MRI». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 74 (11): 1571–73. doi:10.1136/jnnp.74.11.1571. PMC 1738238. PMID 14617720.
  27. Boly M, Faymonville ME, Peigneux P, Lambermont B, Damas P, Del Fiore G, և այլք: (February 2004). «Auditory processing in severely brain injured patients: differences between the minimally conscious state and the persistent vegetative state». Archives of Neurology. 61 (2): 233–38. doi:10.1001/archneur.61.2.233. PMID 14967772.
  28. Laureys S, Faymonville ME, Peigneux P, Damas P, Lambermont B, Del Fiore G, Degueldre C, Aerts J, Luxen A, Franck G, Lamy M, Moonen G, Maquet P (October 2002). «Cortical processing of noxious somatosensory stimuli in the persistent vegetative state». NeuroImage. 17 (2): 732–41. doi:10.1006/nimg.2002.1236. PMID 12377148. S2CID 16891079.
  29. Schiff ND, Ribary U, Moreno DR, Beattie B, Kronberg E, Blasberg R, և այլք: (June 2002). «Residual cerebral activity and behavioural fragments can remain in the persistently vegetative brain». Brain. 125 (Pt 6): 1210–34. doi:10.1093/brain/awf131. PMID 12023311.
  30. Andrews K, Murphy L, Munday R, Littlewood C (July 1996). «Misdiagnosis of the vegetative state: retrospective study in a rehabilitation unit». BMJ. 313 (7048): 13–16. doi:10.1136/bmj.313.7048.13. PMC 2351462. PMID 8664760.
  31. Giacino JT, Ashwal S, Childs N, Cranford R, Jennett B, Katz DI, և այլք: (February 2002). «The minimally conscious state: definition and diagnostic criteria». Neurology. 58 (3): 349–53. doi:10.1212/wnl.58.3.349. PMID 11839831.
  32. Owen AM, Coleman MR, Boly M, Davis MH, Laureys S, Pickard JD (September 2006). «Detecting awareness in the vegetative state». Science. 313 (5792): 1402. CiteSeerX 10.1.1.1022.2193. doi:10.1126/science.1130197. PMID 16959998. S2CID 54524352.
  33. «Vegetative patient 'communicates': A patient in a vegetative state can communicate just through using her thoughts, according to research». BBC News. September 7, 2006. Վերցված է 2008-08-14-ին.
  34. Stein R (September 8, 2006). «Vegetative patient's brain active in test: Unprecedented experiment shows response to instructions to imagine playing tennis». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2007-12-28-ին. Վերցված է 2007-09-26-ին.
  35. Monti MM, Vanhaudenhuyse A, Coleman MR, Boly M, Pickard JD, Tshibanda L, Owen AM, Laureys S (18 February 2010). «Willful Modulation of Brain Activity in Disorders of Consciousness». New England Journal of Medicine. 362 (7): 579–89. doi:10.1056/NEJMoa0905370. PMID 20130250. S2CID 13358991.
  36. 1 2 3 4 5 6 Alleyne R, Beckford M (4 February 2010). «Patients in 'vegetative' state can think and communicate». Telegraph. United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 6 February 2010-ին.
  37. Cruse D, Chennu S, Chatelle C, Bekinschtein TA, Fernández-Espejo D, Pickard JD, և այլք: (December 2011). «Bedside detection of awareness in the vegetative state: a cohort study». Lancet. 378 (9809): 2088–94. CiteSeerX 10.1.1.368.3928. doi:10.1016/S0140-6736(11)61224-5. PMID 22078855. S2CID 1926221.
  38. Dolce G, Sazbon L (2002). The post-traumatic vegetative state. Thieme. ISBN 978-1-58890-116-3.
  39. 1 2 Georgiopoulos M, Katsakiori P, Kefalopoulou Z, Ellul J, Chroni E, Constantoyannis C (2010). «Vegetative state and minimally conscious state: a review of the therapeutic interventions». Stereotactic and Functional Neurosurgery. 88 (4): 199–207. doi:10.1159/000314354. PMID 20460949.
  40. Snyman N, Egan JR, London K, Howman-Giles R, Gill D, Gillis J, Scheinberg A (October 2010). «Zolpidem for persistent vegetative state--a placebo-controlled trial in pediatrics». Neuropediatrics. 41 (5): 223–37. doi:10.1055/s-0030-1269893. PMID 21210338. S2CID 24173900.
  41. Whyte J, Myers R (May 2009). «Incidence of clinically significant responses to zolpidem among patients with disorders of consciousness: a preliminary placebo controlled trial». American Journal of Physical Medicine & Rehabilitation. 88 (5): 410–18. doi:10.1097/PHM.0b013e3181a0e3a0. PMID 19620954. S2CID 19666318.
  42. Hirsch J (May 2005). «Raising consciousness». The Journal of Clinical Investigation. 115 (5): 1102. doi:10.1172/JCI25320. PMC 1087197. PMID 15864333.
  43. Kretschmer E (1940). «Das apallische Syndrom». Zeitschrift für die gesamte Neurologie und Psychiatrie. 169: 576–79. doi:10.1007/BF02871384.
  44. Jennett B, Plum F (April 1972). «Persistent vegetative state after brain damage. A syndrome in search of a name». Lancet. 1 (7753): 734–37. doi:10.1016/S0140-6736(72)90242-5. PMID 4111204.
  45. Pope TM (23 June 2010). «Appel on Betancourt v. Trinitas Hospital». Medical Futility Blog.
  46. de Zulueta, Paquita; Carelli, Francesco (2009). «Permanent vegetative state: comparing the law and ethics of two tragic cases from Italy and England». London Journal of Primary Care (անգլերեն). 2 (2): 125–129. doi:10.1080/17571472.2009.11493266. ISSN 1757-1472. PMC 4222155. PMID 25949590.
  47. «Brophy v. New England Sinai Hospital, Inc». Justia Law (անգլերեն). 1986. Վերցված է 2026-06-02-ին.
  48. Wright, Jennifer Ashley (2026-05-08). «The Newport Heiress Who Never Woke Up». Observer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-06-02-ին.
  49. «Gustavo Cerati: Argentine rock legend dies after long coma». BBC News (բրիտանական անգլերեն). 2014-09-04. Վերցված է 2026-06-02-ին.
  50. Wang, Gene (2017-05-04). «Family of Prichard Colon files $50 million lawsuit over fight that left boxer in coma». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2026-06-02-ին.
  51. Gasner, M. Rose (1990). «Cruzan v Harmon, and In the Matter of O'Connor: Two Anomalies». Journal of the American Geriatrics Society (անգլերեն). 38 (5): 594–599. doi:10.1111/j.1532-5415.1990.tb02414.x. ISSN 0002-8614. PMID 2332578.
  52. «Top 10 Comas - TIME». Time (ամերիկյան անգլերեն). 2008-12-08. ISSN 0040-781X. Վերցված է 2026-06-02-ին.
  53. McVeigh, Tracy; Day, Michael (2009-02-08). «A father's plea: let my daughter die in peace». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2026-06-02-ին.
  54. «Woman In Coma 37 Years Dies; Was Cared for by Her Mother». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1978-11-27. ISSN 0362-4331. Վերցված է 2026-06-02-ին.
  55. «How 'Ghost Boy' Survived for Over a Decade Trapped in His Body». NBC News (անգլերեն). 2015-01-29. Վերցված է 2026-06-02-ին.
  56. Luscombe, Richard (2007-03-09). «Awake for only 12 days this century - 'miracle' of coma woman». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2026-06-02-ին.
  57. «Haleigh's ordeal». Boston Herald (ամերիկյան անգլերեն). 2008-02-28. Վերցված է 2026-06-02-ին.
  58. McFadden, Robert D. (1985-06-12). «KAREN ANN QUINLAN, 31, DIES; FOCUS OF '76 RIGHT TO DIE CASE». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2026-06-02-ին.
  59. Chalasani, Radhika (2016-03-31). «A look back: The Terri Schiavo case». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-06-02-ին.
  60. «Aruna Shanbaug: Brain-damaged India nurse dies 42 years after rape». BBC News (բրիտանական անգլերեն). 2015-05-18. Վերցված է 2026-06-02-ին.
  61. Sherwood, Harriet (11 January 2014). «Former Israeli PM Ariel Sharon dies after eight-year coma | Ariel Sharon | The Guardian». www.theguardian.com. Վերցված է 2025-08-28-ին.
  62. Miles, Steven H. (1992). «Interpersonal Issues in the Wanglie Case». Kennedy Institute of Ethics Journal (անգլերեն). 2 (1): 61–72. doi:10.1353/ken.0.0074. ISSN 1086-3249. PMID 10117352.
  63. «What happened to US citizens like Otto Warmbier detained in North Korea». www.bbc.com (բրիտանական անգլերեն). 2023-07-18. Վերցված է 2026-06-02-ին.

This article contains text from the NINDS public domain pages on TBI. Արխիվացված 2005-10-19 Wayback Machine and .

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ