Վեբ հոսթինգի ծառայություն
Վեբ հոսթինգի ծառայություն, համացանցի հոսթինգ ծառայության տեսակ, որը հաճախորդների կայքերն է հյուրընկալում է, օրինակ՝ այն առաջարկում է հարմարություններ, որոնք անհրաժեշտ են կայքը ստեղծելու, պահպանելու և այն համաշխարհային սարդոստայնում (www) հասանելի դարձնելու համար։ Վեբ հոսթինգի ծառայություն մատուցող ընկերությունները երբեմն կոչվում են վեբ հոսթեր։
Սովորաբար վեբ հոսթինգը պահանջում է հետևյալ բաղադրիչների առկայությունը՝
- մեկ կամ ավելի սերվեր, որը կծառայի որպես կայքերի հոսթ․ սերվերները կարող են լինել ֆիզիկական կամ վիրտուալ,
- սերվերների տեղակայման վայր, որը կապահովի ֆիզիկական տարածք, էլեկտրականություն և համացանցի միացման հնարավորություն,
- DNS կոնֆիգուրացիա կայքերի անունները սահմանելու և հոսթինգի սերվերներին ուղղորդելու համար,
- հոսթի վրա աշխատող վեբ սերվեր,
- սերվերում յուրաքանչյուր կայքի համար՝
- սերվերի(ներ) վրա տեղ՝ կայքը կազմող ֆայլերը պահելու համար,
- կայքին հատուկ կոնֆիգուրացիաներ,
- հաճախ նաև տվյալների բազա,
- ծրագրային ապահովման և հավատարմագրերի առկայություն, որոնք թույլ կտան հաճախորդին մուտք գործել, ստեղծել, կարգավորումներ իրականացնել և ձևափոխել կայքը,
- էլեկտրոնային փոստի առկայություն, որը թույլ է տալիս հոսթին և կայքին էլ․ նամակ ուղարկել հաճախորդին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1991 թվականը համացանցը սահմանափակված էր միայն «․․․գիտության և ճարտարագիտության մեջ հետազոտության և կրթության նպատակներով»[2][3] և օգտագործվում էր էլեկտրոնային փոստի, telnet-ի (հեռահաղորդակցության ցանցի), նիշքերի փոխանցման կանխագրի և usenet-ի (օգտագործողների ցանցի) համար, սակայն շատ քիչ թվով կայքէջեր գոյություն ունեին։ Համաշխարհային սարդոստայնի կանոնակարգերը նոր էին գրվել[4], և միայն 1993 թվականի վերջին է Mac և Windows համակարգիչների համարգրաֆիկական զննարկիչ (բրաուզեր) ի հայտ եկել[5]։
Համացանցում կայք ունենալու համար անհատը կամ ընկերությունը պետք է ունենար սեփական համակարգիչ կամ սերվեր[3]։ Այն պատճառով, որ ոչ բոլոր ընկերություններն են ունեցել բյուջե կամ հմտություն դա անելու, վեբ հոսթինգի ծառայությունը սկսել է առաջարկել օգտագործողներին նրանց կայքերը իրենց սերվերներում հյուրընկալելու (հոսթ) համար․ արդյունքում՝ կարիք չկար, որ հաճախորդը կայքը շահագործելու համար անհրաժեշտ ենթակառուցվածք ունենա։ Վեբ կայքերի տերերը կարող էին ստեղծել իրենց կայքերը, որոնք տեղակայված կլինեին վեբ հոսթինգի ծառայություն առաջարկողի սերվերի վրա և հենց նրանց կողմից էլ կհրապարակվեին։
Համաշխարհային սարդոստայնում օգտագործողների թվով պայմանավորված՝ ինչպես փոքր, այնպես էլ մեծ ընկերությունների նկատմամբ կայք ունենալու ճնշումը աճել է։ Մինչև 1995 թվականը այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են GeoCities-ը, Angelfire-ը և Tripod-ը, առաջարկել են անվճար հոսթինգի ծառայություն[6]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստատիկ էջերի հոսթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենապարզը կայքէջերի և փոքր ծավալի ֆայլերի հոսթինգն է, որտեղ ֆայլերը կարող են վերբեռնվել նիշքերի փոխանցման կանխագրի միջոցով: Ֆայլերը սովորաբար տեղադրվում են համացանցում «ինչպես կան» կամ նվազագույն մշակմամբ: Շատ ինտերնետ ծառայություն ապահովող ընկերություններ իրենց բաժանորդներին այս ծառայությունը մատուցում են անվճար: Անհատները և կազմակերպությունները կարող են կայքէջի հոսթինգ ձեռք բերել նաև այլընտրանքային ծառայություններ ապահովող ընկերություններից:
Մեկ էջի հոսթինգը ընդհանուր առմամբ բավարար է անձնական կայքէջերի համար: Անձնական կայքէջերի հոսթինգը սովորաբար լինում է անվճար, գովազդով հովանավորվող կամ ոչ շատ թանկ: Բիզնես կայքէջերի հոսթինգը հաճախ ավելի մեծ ծախսերի է պահանջում՝ պայմանավորված կայքի չափով և տեսակով:
Ավելի մեծ հոսթինգային ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնք ինտերնետ ծառայություններ մատուցող չեն, պետք է մշտապես միացված լինեն համացանցին՝ այլ կայքերին էլեկտրոնային նամակ, ֆայլեր և այլն ուղարկելու համար:
Բարդ կայքը պահանջում է ավելի համապարփակ փաթեթ, որն ապահովում է տվյալների բազայի աջակցություն և հավելվածների մշակման հարթակներ (օրինակ՝ ASP.NET, ColdFusion, J2EE, Perl/Plack, PHP կամ Ruby on Rails): Այս հարմարությունները թույլ են տալիս հաճախորդներին գրել կամ տեղադրել սկրիպտեր այնպիսի ծրագրերի համար, ինչպիսիք են վեբ-ֆորումները և բովանդակության կառավարումը: Վեբ հոսթինգի փաթեթեները հաճախ ներառում են վեբ բովանդակության կառավարման համակարգեր, ուստի վերջնական օգտագործողները ստիպված չեն անհանգստանալ տեխնիկական ասպեկտների համար: Secure Sockets Layer (SSL) է օգտագործվում կայքէջերի համար, որոնք ցանկանում են ծածկագրել փոխանցվող տեղեկությունները:
Հոսթինգի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտերնետ հոսթինգի ծառայությունները կարող են գործարկել վեբ սերվերները: Վեբ հոսթինգի ծառայությունների շրջանակները բավականին լայն են:
- Ընդհանուր օգտագործման վեբ հոսթինգի ծառայություն – Տարբեր կայքէջեր տեղադրվում են նույն սերվերի վրա՝ մի քանի կայքից մինչև մի քանի հարյուր: Սովորաբար բոլոր դոմեյնները կարող են ունենալ ընդհանուր սերվերային ռեսուրսներ, օրինակ՝ օպերատիվ հիշողություն և մշակիչ: Այս տեսակի ծառայության հետ հասանելի հնարավորությունները կարող են լինել տարրական և ոչ ճկուն՝ ծրագրային ապահովման և թարմացումների տեսանկյունից: Վերավաճառողները հաճախ վաճառում են ընդհանուր վեբ հոսթինգ, իսկ վեբ ընկերությունները հաճախ ունեն վերավաճառողների հաշիվներ՝ հաճախորդներին հոսթինգ տրամադրելու համար:
- Վերավաճառողի վեբ հոսթինգ – Հաճախորդներին թույլ է տալիս դառնալ վեբ հոսթեր: Անհատական դոմեյնների համար վերավաճառողները կարող են գործել այս թվարկված հոսթինգի տեսակների ցանկացած համակցության ներքո՝ կախված նրանից, թե ում հետ են նրանք փոխկապակցված որպես վերավաճառող։ Շատ վերավաճառողներ իրենց մատակարարի ընդհանուր հոսթինգ պլանին գրեթե նույնական ծառայություն են մատուցում և իրենք են տրամադրում տեխնիկական աջակցություն:
- Վիրտուալ առանձնացված սերվեր – հայտնի է նաև որպես վիրտուալ մասնավոր սերվեր, որը սերվերի ռեսուրսները բաժանում է վիրտուալ սերվերների, որտեղ ռեսուրսները կարող են բաշխվել այնպես, որը ուղղակիորեն չի արտահայտում հիմքում ընկած կոշտ ապարատը: Հաճախ վիրտուալ մասնավոր սերվերներին (ՎՄՍ) ռեսուրսներ են հատկացվում՝ հիմնվելով մեկ սերվեր մի քանի ՎՄՍ սկզբունքի վրա, սակայն վիրտուալիզացիան կարող է կատարվել մի շարք պատճառներով, այդ թվում ՎՄՍ-ի պարունակությունը սերվերների միջև տեղափոխելու հնարավորություն ստեղծելու համար: Օգտագործողները կարող են արմական հասանելիություն ունենալ իրենց վիրտուալ տիրույթին: Հաճախորդները երբեմն կարող են պատասխանատու լինել սերվերի նորոգման և պահպանման համար (չկառավարվող սերվեր), կամ ՎՄՍ տրամադրողը կարող է սերվերի ադմինի գործառույթներ իրականացնել հաճախորդի համար (կառավարվող սերվեր):
- Առանձնացված սերվեր – օգտագործողը ձեռք է բերում իր վեբ սերվերը և ունենում է ամբողջական վերահսկողություն (օգտագործողը արմատական հասանելիություն է ունենում Linux-ի համար/ադմինիստրատորի հասանելիություն Windows-ի համար), սակայն սովորաբար սերվերը օգտագործողին չի պատկանում: Առանձնացված հոսթինգի տեսակներից մեկը ինքնակառավարվողն է կամ չկառավարվողը: Սա սովորաբար գնային առումով ամենահարմար տարբերակն է առանձնացված տեսակի համար: Օգտագործողն ամբողջական ադմինիստրատիվ հասանելիություն է ունենում սերվերին, որը նշանակում է, որ հաճախորդն է պատասխանատու իր առանձնացված սերվերի անվտանգության և սպասարկման համար:
- Կառավարվող հոսթինգի ծառայություն – օգտագործողը ձեռք է բերում իր սերվերը, սակայն ամբողջական վերահսկողություն չի ունենում դրա նկատմամբ (օգտագործողը չի ունենում արմատական հասանելիություն Linux-ի և ադմինիստրատորի հասանելիություն Windows-ի համար), սակայն կարող է կառավարել իր վյալները նիշքերի փոխանցման կանխագրի կամ այլ հեռակառավարման գործիքների միջոցով: Օգտագործողին չի տրվում ամբողջական վերահսկողություն, որպեսզի ծառայություն մատուցողը կարողանա երաշխավորել ծառայության որակը՝ թույլ չտալով օգտագործողին փոփոխության ենթարկել սերվերը կամ ստեղծել կոնֆիգուրացիոն հավանական խնդիրներ: Սովորաբար սերվերը օգտագործողին չի պատկանում: Սերվերը վարձի դիմաց տրվում է հաճախորդին:
- Տեղեկայված վեբ հոսթինգի սերվեր – առանձնացված վեբ հոսթինգի ծառայության նման է, սակայն այս դեպքում սերվերը պատկանում է օգտագործողին: Հոսթինգի ծառայություն մատուցող ընկերությունը տրամադրում է ֆիզիկական տարածքը, որտեղ պետք է տեղակայվի սերվերը: Սա վեբ հոսթինգի ծառայության ամենալավ, սակայն թանկ տեսակն է: Հիմնականում տեղակայման ծառայություն մատուցողը ուղղակիորեն աջակցություն ցույց չի տալիս հաճախորդին, միայն ապահովում է էլեկտրականություն, համացանցի հասանելիություն և սերվերի տեղակայման հարմարություններ: Տեղակայման կենտրոնների դեպքում հաճախորդը կարող է ունենալ ադմինիստրատոր, որը այցելում է կենտրոն և տեղում իրականացնում ապարատային արդիականացում կամ փոփոխություններ: Նախկինում տեղակայման ծառայություն մատուցողներ ընդունում էին ցանկացած համակարգի կոնֆիգուրացիա հոսթինգի համար, նույնիսկ նրանք, որոնք տեղակայված էին մինի թաուերի մեջ, սակայն այժմ հոսթերի մեծամասնությունը պահանջում է «դարակաշարային» տարբերակներ և ստանդարտ համակարգի կոնֆիգուրացիաներ:
- Ամպային հոսթինգ – ամպային հոսթինգը կարող է ավելի վստահելի լինել, քան այլընտրանքները, քանի որ ամպում գտնվող այլ համակարգիչները կարող են հավասարակշռություն ապահովել, երբ ապարատային սարքավորումներից մեկը անսարք է լինում: Միևնույն ժամանակ էլեկտրաէներգիայի խափանումները կամ նույնիսկ բնական աղետները ավելի քիչ խնդրահարույց են ամպային հոսթինգ ունեցող կայքերի համար, քանի որ ամպային հոսթինգը ապակենտրոնացված է: Ամպային հոսթինգը նաև հնարավորություն է տալիս օգտագործողներից վարձ վերցնել միայն այն ռեսուրսների համար, որոնք նրանք օգտագործում են, ոչ թե սահմանված հստակ գումար: Մյուս կողմից կենտրոնացված չլինելը օգտագործողներին կարող է տալ ավելի քիչ վերահսկողությունը իրենց տվյալների գտնվելու վայրի նկատմամբ, որն էլ, ըստ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի ուղեցույցի, կարող է խնդիր առաջացնել տեղեկատվական անվտանգության տեսանկյունից: Կլաստերային սերվերները կատարյալ լուծում են բարձր հասանելիությամբ առանձնացված հոսթինգի համար:
- Կլաստերային հոսթինգ – սա այն տարբերակն է, երբ մի քանի սերվերում տեղակայված է նույն բովանդակությունը՝ ռեսուրսների ավելի լավ օգտագործման համար: Կլաստերը կարող է առանձնացնել վեբ սերվերը տվյալների բազայի հոսթինգից: (Սովորաբար վեբ հոսթերը օգտագործում են կլաստերային հոսթինգը իրենց ընդհանուր հոսթինգի առաջարկների համար, քանի որ հաճախորդների զանգվածային կառավարումը բազմաթիվ առավելություններ ունի[7]):
- Ցանցային հոսթինգ – Բաշխված հոսթինգի այն ձևն է, երբ սերվերի կլաստերը գործում է ցանցի պես և բաղկացած է բազմաթիվ հանգույցներից՝ համակարգիչներից, և ծառայում է որպես վիրտուալ սուպեր համակարգիչ[8]:
- Տնային սերվեր – անձնական սերվերը կարող է օգտագործվել տեղակայելու մեկ կամ մի քանի կայքէջեր: Սրանք կարող են լինել հատուկ այս նպատակով ստեղծված սարքեր կամ հին համակարգիչներ: Որոշ համացանցի ծառայություն մատուցող ընկերություններ արգելափակում են տնային սերվերները՝ թույլ չտալով մուտքային հարցումները դեպի օգտվողի կապի նիշքերի փոխանցման կանխագրի 80 պորտ և հրաժարվելով ստատիկ IP հասցեներ տրամադրելուց: Հուսալի DNS հոսթի անուն ձեռք բերելու եղանակը դինամիկ DNS ծառայության հետ հաշիվ ստեղծելն է: Դինամիկ DNS ծառայությունը նաև ավտոմատ կերպով փոխում է IP հասցեն[9]:
Վեբ հոսթինգի ծառայություն ապահովող ընկերությունների մատուցած հոսթինգի որոշ հատուկ տեսակներից են՝
- ֆայլերի հոսթինգի ծառայություն (տեղակայվում են ֆայլեր և ոչ թե վեբ կայքեր),
- նկարների հոսթինգի ծառայություն,
- տեսանյութերի հոսթինգի ծառայություն,
- բլոգների հոսթինգի ծառայություն,
- տեքստերի հոսթինգի ծառայություն,
- գնումների զամբյուղի ապահովման ծրագիր,
- էլ. փոստի հոսթինգի ծառայություն:
Հոսթի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոսթը կարող է նաև տրամադրել ինտերֆեյս կամ կառավարման վահանակ՝ վեբ սերվերը կառավարելու և սկրիպտներ տեղադրելու համար, ինչպես նաև այլ մոդուլներ և սպասարկող հավելվածներ, ինչպիսին է էլ. փոստը: Վեբ սերվերը, որը չի օգտագործում կառավարման վահանակ հոսթինգի հաշիվը կառավարելու համար, հաճախ կոչվում է «անգլուխ» սերվեր: Որոշ հյուրընկալողներ մասնագիտանում են որոշակի ծրագրերի կամ ծառայությունների մեջ (օրինակ՝ էլեկտրոնային առևտուր, բլոգեր և այլն):
Հուսալիություն և շահագործման ժամկետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայքէջի հասանելիությունը չափվում է այն տարվա տոկոսով, որի ընթացքում կայքը հասանելի է հանրությանը և հասանելի է ինտերնետի միջոցով: Սա տարբերվում է համակարգի ափթայմ չափումից: Հոսթինգի մատակարարի Ծառայությունների մակարդակի համաձայնագիրը (SLA) կարող է ներառել տարեկան որոշակի քանակությամբ ծրագրված անգործության ժամանակ՝ համակարգերի սպասարկումն իրականացնելու համար: Այս պլանավորված անգործության ժամանակը հաճախ հանվում է SLA ժամանակացույցից և անհրաժեշտ է հանել Ընդհանուր ժամանակից, երբ հաշվարկվում է հասանելիությունը: Կախված SLA-ի ձևակերպումից, եթե համակարգի հասանելիությունը իջնում է ստորագրված SLA-ի չափից, հոսթինգ մատակարարը հաճախ մասնակի փոխհատուցում է տրամադրում կորցրած ժամանակի համար[10]: Ոչ բոլոր մատակարարներն են ներկայացնում ժամանակի վիճակագրությունը:
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն պատճառով, որ վեբ հոսթինգի ծառայություն մատուցողները աշխատում են հաճախորդների պատկանող կայքերի հետ, առցանց անվտանգությունը շատ մեծ կարևորություն ունի: Երբ հաճախորդը համաձայնվում է օգտագործել վեբ հոսթինգի ծառայություն, փոխանցում են իրենց կայքի անվտանգությանը հսկողությունը այն ընկերությանը, որ հյուրընկալում է կայքը: Անվտանգության մակարդակը, որն առաջարկում է վեբ հոսթինգի ծառայությունը, չափազանց կարևոր է ապագա հաճախորդի համար և կարող է կարևոր գործոն լինել ծառայություն մատուցողին ընտրելու հարցում[11]:
Վեբ հոսթինգի ծառայություն մատուցողները ևս կարող են տարբեր ձևերով հարձակման ենթարկվել, այդ թվում՝ հյուրընկալվող կայքէջերում վնասակար ծրագրերի վերբեռնում կամ վնասակար կոդի ներմուծում: Այս հարձակումները կարող են իրականացվել տարբեր պատճառներով, այդ թվում՝ վարկային քարտի տվյալները գողանալու, DoS-ի գործարկման կամ սպամի նպատակներով[12]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What is Web Hosting? |Definition from TechTarget.com». WhatIs (անգլերեն). Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ March 16, 1992, memo from Mariam Leder, NSF Assistant General Counsel to Steven Wolff, Division Director, NSF DNCRI (included at page 128 of Management of NSFNET, a transcript of the March 12, 1992, hearing before the Subcommittee on Science of the Committee on Science, Space, and Technology, U.S. House of Representatives, One Hundred Second Congress, Second Session, Hon. Rick Boucher, subcommittee chairman, presiding)
- ↑ 3,0 3,1 «The history of web hosting». www.tibus.com. Վերցված է 2016-12-11-ին.
- ↑ Ward, Mark (3 August 2006). «How the web went world wide». BBC News. Վերցված է 24 January 2011-ին.
- ↑ Raggett, Dave; Jenny Lam; Ian Alexander (1996). HTML 3: Electronic Publishing on the World Wide Web. Harlow, England; Reading, Mass: Addison-Wesley. էջ 21. ISBN 9780201876932.
- ↑ «A History of Web Hosting [Infographic]». BizTech. 2012-02-24. Վերցված է 2016-11-04-ին.
- ↑ Buyya, Rajkumar; Yeo, Chee Shin; Venugopal, Srikumar (2008). «Market-Oriented Cloud Computing: Vision, Hype, and Reality for Delivering IT Services as Computing Utilities». 2008 10th IEEE International Conference on High Performance Computing and Communications. էջեր 5–13. doi:10.1109/HPCC.2008.172. ISBN 978-0-7695-3352-0.
- ↑ «What Is Grid Hosting? Who Should Use it?» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-15-ին.
- ↑ Intark Han; Hong-Shik Park; Youn-Kwae Jeong; Kwang-Roh Park (2006). «An integrated home server for communication, broadcast reception, and home automation». IEEE Transactions on Consumer Electronics. 52: 104–109. doi:10.1109/TCE.2006.1605033.
- ↑ Dawson, Christian. «Why Uptime Guarantees are Ridiculous». Servint. Վերցված է 7 October 2014-ին. «a good SLA will clearly state how uptime is defined and what you'll receive if the "uptime promise" is not met.»
- ↑ Schultz, Eugene (2003). «Attackers hit Web hosting servers». Computers & Security. 22 (4): 273–283. doi:10.1016/s0167-4048(03)00402-4.
- ↑ InstantShift (11 February 2011). «A Guide to Web Hosting Security Issues and Prevention». InstantShift - Web Designers and Developers Daily Resource. Վերցված է 2016-10-31-ին.