Վարչական իրավահարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարչական իրավահարաբերությունները վարչական իրավունքի նորմերով կարգավորվող հասարակական հարաբերություններ են։ Վարչական հարաբերություններն իրավական հարաբերությունների տարատեսակ են և արտահայտում են այն բոլոր հիմնական հատկանիշները, որոնք բնորոշ են իրավահարաբերություններին ընդհանրապես։  Դրա հետ մեկտեղ վարչական իրավահարաբերություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնք տարբերում են դրանք հարաբերությունների այլ տեսակներից։

Վարչական իրավահարաբերությունների առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչաիրավական հարաբերությունների առանձնահատկությունները, որոնցով այդ իրավահարաբերությունները տարբերվում են այլ իրավահարաբերություններից, հետևյալն են՝

-        առաջանում, փոփոխվում և դադարում են պետական կառավարման ոլորտում՝ հանրային իշխանության մարմինների՝ գործադիր-կարգադրիչ գործառույթների իրականացման հետ կապված՝ ի դեմս համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց,

-        որպես այդ հարաբերությունների կողմերից մեկը և պարտադիր մասնակից միշտ հանդես է գալիս հանրային իշխանություն մարմինը, որը ներկայացնում է պետության հանրային շահը,

-        «իշխանություն-ենթակայություն» սկզբունքով կառուցված հանրային-իշխանական կառավարչական հարաբերություններ են,

-        ունեն սուբյեկտների բազմազանություն կողմերի իրավահավասարության բացակայության պայմաններում,

-        կարող են առաջանալ անկախ կողմերի ցանկությունից (համաձայնությունից)՝ նրանցից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ,

-        գործադիր իշխանության շատ մարմիններ և դրանց պաշտոնատար անձինք ունեն նորմատիվ ակտերի հրատարակման իրավունք՝ գործելով պետության հանձնարարությամբ,

-        կողմերի սուբյեկտիվ իրավունքները, ինչպես նաև դրանց հետ կապված վեճերը քննվում են դրա համար լիազորված մարմինների և պաշտոնատար անձանց կողմից և նրանց կողմից, որպես կանոն, լուծվում են վարչական, այսինքն՝ արտադատական կարգով՝ անմիջականորեն իրավաբանական-իշխանական և միակողմանի կարգադրության միջոցով,

- կողմերից մեկի կողմից վարչաիրավական նորմերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվությունն առաջանում է պետության առջև՝ ի դեմս նրա մարմինների և պաշտոնատար անձանց, որում դրսևորվում է նրանց հրապարակայնությունը[1]։

Վարչական իրավահարաբերությունների կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական իրավահարաբերությունները՝ որպես կառավարչական իրավահարաբերություններ, ունեն իրենց յուրահատուկ կառուցվածքը։ Այս առումով դրանք բաժանվում են երեք խմբի՝ կառավարման սուբյեկտ, կառավարման օբյեկտ և իրավահարաբերության բովանդակություն։ Ընդ որում կառավարման նպատակն է զարգացնել ինչպես կառավարվող համակարգը (կառավարման սուբյեկտ), այնպես էլ կառավարվող համակարգը (կառավարման օբյեկտը)։

Կառավարման սուբյեկտը՝ վարչական իրավունքի կողմից  կարգավորվող կառավարման հարաբերության այն կողմն է, որի մոտ է կենտրոնացված իշխանությունը, իսկ կառավարման օբյեկտը՝ կառավարման հարաբերության մյուս կողմի կամքի ենթակայությունը։ Վարչական իրավահարաբերության բովանդակությունն իր հերթին տարբերակվում է երկու մասի՝ նյութական և իրավաբանական։ Նյութականն ընդգրկում է սուբյեկտների վարքագիծը, իսկ իրավաբանականը՝ սուբյեկտիվ իրավաբանական իրավունքներն ու պարտականությունները[2]։

Վարչական իրավահարաբերությունների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական հարաբերությունների դասակարգումը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ:

Ըստ իրավաբանական բնույթի՝

- նյութական, որոնք առաջանում են կառավարման ոլորտում և կարգավորվում են նյութական նորմերով:

- ընթացակարգային, որոնք առաջանում են կառավարման ոլորտում անհատական կոնկրետ գործերի լուծման ժամանակ և կարգավորվում են ընթացակարգային նորմերով:

Կախված վարչական իրավահարաբերությունների սուբյեկտներից՝

- վերադաս և ստորադաս մարմինների միջև հարաբերությունները. օրինակ՝ ռեկտորատի և ֆակուլտետի միջև,

- տարբեր մարմիններ, որոնք չեն ենթարկվում միմյանց,

- պետական եւ ոչ պետական մարմինների միջև հարաբերությունները,

- պետական կառավարման մարմինների և քաղաքացիների միջև:

Սուբյեկտների իրավունքների և պարտականությունների հարաբերակցությամբ՝

- հորիզոնական, որոնք ծալվում են միմյանց ոչ ենթակա սուբյեկտների միջև. օրինակ ՝ տարբեր նախարարությունների միջև,

- ուղղահայաց, հարաբերություններ, որոնցում մեկ մասնակից ենթակա է մյուսին: Դրանք առաջանում են գործադիր իշխանության լիազոր մարմնի կամ պաշտոնատար անձի կամարտահայտությամբ և բացի կամ նույնիսկ հակառակ այլ սուբյեկտի կամարտահայտությանը։

Կախված հարաբերությունների բնույթից՝

- անմիջական կառավարման հետ կապված հարաբերություններ:

- անմիջական կառավարման հետ չկապված հարաբերություններ:

Ըստ գործունեության ոլորտների՝

- ժողովրդական տնտեսության կառավարման ոլորտում,

- սոցիալ-մշակութային շինարարության ոլորտում,

- վարչաքաղաքական շինարարության ոլորտում:

Ըստ պաշտպանության միջոցների՝

- վարչական կարգով

- դատական կարգով[3]:

  1. «Идрисова Н.Г.. Учебное пособие (курс лекций) по дисциплине «Право» для направления подготовки 38.03.01 «Экономика», профиль «Бухгалтерский чет, анализ и аудит». - Махачкала: ДГИНХ, 2015г., 111.. 2015» 
  2. Հայաստանի Հանրապետության վարչական իրավունք։ Ուսումնական ձեռնարկ / ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Դանիելյանի. – Երևանի պետ. համալս. - ԵՊՀ. հրատ., 2012։ 
  3. В.Т.Батычко Административное право Конспект лекций. Таганрог: ТТИ ЮФУ, 2008