Վարդգես Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդգես Միքայելյան
Վարդգես Միքայելյան.JPG
Ծնվել էդեկտեմբերի 5, 1924(1924-12-05) (94 տարեկան)
ԾննդավայրՂազանչի
Ազգությունհայ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Վարդգես Ալեքսանի Միքայելյան( 1924, դեկտեմբերի 5, Ղազանչի, ՀԽՍՀ), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1978ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Միքայելյանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում։ 1941 թվականին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է շրջանի Քեֆլի և Քոռաղբյուր գյուղերում։ Ապա զորակոչվել և 1942–1947 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ սևծովյան նավատորմում (այդտեղից էլ հայտնի նրա «Մարյակ» մականունը) և մասնակցել Հայրենական մեծ պատերազմի մարտերին։ Զորացրվելուց հետո Վարդգես Միքայելյանը սովորել է Երևանի պետական համալսարանի նորաբաց միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և 1952 թվականին ավարտել գերազանցության դիպլոմով։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան. այն ավարտել է 1955 թվականին և անմիջապես պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Գյուղացիության դրությունը և գյուղացիական ելույթները Հայաստանում 1918–1920 թվականներին» թեմայով (առանձին գրքով հրատարակվել է 1960 թվականին)։ 1955–1959 թվականներին Վարդգես Միքայելյանն աշխատել է «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում։ 1959-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1972 թվականից ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Վարդգես Միքայելյանի պատմագիտական ուսումնասիրություններն ընդգրկում են Հայաստանի գյուղացիության դրության և պայքարի հարցեր, հայ-ռուս հարաբերությունների, հայերի արտագաղթերի և հայկական առանձին գաղութների պատմության, նշանավոր գործիչների կյանքի ու գործունեության լուսաբանում և այլն։ 1988 թվականից աշխատել է պատմության ինստիտուտում բաժնի վարիչ, 1996 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, 1999 թվականից՝ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։ 1989–1990 թվականներին Վ. Միքայելյանը հիմնադրեց և խմբագրեց «Գոյամարտ» շաբաթաթերթը։

Վարդգես Միքայելյանը եղել է գիտական մի շարք խորհուրդների անդամ, գործուն մասնակցություն է ունեցել «Հայկական սովետական հանրագիտարանի» ստեղծման գործում, եղել է կազմկոմիտեի անդամ, իսկ հետագայում՝ գիտաճյուղային խորհրդի անդամ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին լույս է տեսել Միքայելյանի «Ղրիմի հայկական գաղութի պատմություն» առաջին գիրքը։ Այն ներառում էր այդ պատմության միջնադարյան շրջանը և ավարտվում 1778 թվականին ռուսական կառավարության կողմից ղրիմահայերի տեղահանությամբ։ Վարդգես Միքայելյանն այս աշխատությունը 1965 թվականին պաշտպանել է որպես դոկտորական ատենախոսություն։ Այնուհետև իրար են հաջորդել Ղրիմի հայկական գաղթօջախների պատմության ուսումնասիրությանը նվիրված՝ Վ. Միքայելյանի հետևյալ մենագրությունները. 1970 թվականին հրատարակեց «Ղրիմի հայկական գաղութի պատմություն (1801–1917)» աշխատության 2-րդ գիրքը, 1974 թվականին՝ «На крымской земле», 1989 թվականին՝ «Ղրիմահայոց պատմություն» և 2004 թվականին՝ «История крымских армян» (Симферополь)։

Ղրիմի հայ գաղթավայրի պատմությունն ուսումնասիրելիս Վ. Միքայելյանը արժեքավոր նյութեր է հավաքել ռուսական ռազմածովային նավատորմի ծովակալ, ծագումով ղրիմահայ Լազար Մարկովիչ Սերեբրյակովի կյանքի ու գործունեության վերաբերյալ։ 1979 թվականին լույս տեսավ պատմաբանի «Ծովակալ Լ. Մ. Սերեբրյակով (Ղազար Մարկոսի Արծաթագործյան: Կյանքն ու գործունեությունը)» աշխատությունը, որտեղ լուսաբանվում է հայ ծովակալի տեղն ու դերը ռուսական սևծովյան նավատորմի գործունեության պատմության մեջ, հատկապես Ղրիմի պատերազմի ընթացքում։

Ղրիմահայոց պատմությանը նվիրված գրքերով Վ. Միքայելյանը վերհանել է հայ ժողովրդի միջազգային կապերի (հայ-ռուսական, հայ-ուկրաինական, հայ-լեհական, հայ-իտալական) պատմությունը։ Այս առումով խոշոր արժեք ունեն նաև «Հայ-իտալական առնչություններ, Ջենովական փաստաթղթերը ղրիմահայերի մասին» (1974 թ.) ժողովածուն և «Ղրիմահայ գաղութը Արևելք-Արևմուտք հարաբերությունների ոլորտում (13–18-րդ դարեր)» (2000 թ.) մենագրությունը։

Վարդգես Միքայելյանն իր խմբագրած «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի 1978 թվականի 5-րդ համարում տպագրեց «Об очередных «размышлениях» З. М. Буниятова» վերնագրով հոդված-գրախոսությունը (հեղինակներ՝ ԳԱ ակադեմիկոսներ Ա. Ղանալանյան, Լ. Խաչիկյան, պատմ. գիտ. դոկտոր Ա. Տեր-Ղևոնդյան), որտեղ քննադատության ենթարկվեց ազերի պատմաբան Զ. Բունիաթովի հակահայկական ու հակագիտական գործունեությունը։ 1988 թվականի մարտի 2-ին Երևան եկած ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարներ Ա. Լուկյանովին և Վ. Դոլգիխին հանձնված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գիտական միակ փաստաթուղթը Վ. Միքայելյանի գրած հիմնավոր տեղեկանքն էր։ Պատմագիտական այս փաստաթուղթը «Некоторые вопросы истории Нагорного Карабаха» վերնագրով և մասնակի լրացումներով (պատմաբան Լ. Խուրշուդյանի հեղինակակցությամբ) լույս տեսավ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի 1988 թվականի 4-րդ համարում։ Հետագա տարիներին նա ԼՂ-ի հարցի վերաբերյալ բազում հոդվածներ տպագրեց հանրապետության սփյուռքահայ և օտարալեզու մի շարք պարբերականներում։ 1992 թվականին լույս ընծայվեց «Нагорный Карабах в 1918–1923гг.: Сборник документов и материалов» խորագրով ժողովածուն, որի կազմողների ղեկավարը, պատասխանատու խմբագիրը և ընդարձակ ներածության հեղինակը Վ. Միքայելյանն էր։

1989 թվականին Վարդգես Միքայելյանը մեկնեց Բոնն` գերմանական արխիվներում հայկական ցեղասպանության մասին նյութերի ուսումնասիրման համար: Գերմաներենի իմացությունը նրան հնարավորություն տվեց կարճ ժամանակամիջոցում ժողովել ավելի քան 3500 արխիվային միկրոկադրեր, որից 1000-ից ավելին տեղ են գտել 1995 թվականին նրա կազմած «Армянский вопрос и геноцид армян в Турции (1913–1919). Материалы Политического архива м-ва иностр. дел Кайзеровской Германии» վերնագրով ժողովածուում՝ առաջաբանով, ներածությամբ և հմուտ ծանոթագրություններով։ Փաստաթղթերի մեծածավալ այս հավաքածուն լրացնում է Յու. Լեփսիուսի 1919 թվականին Պոտսդամում հրատարակած Թուրքիայում հայոց ցեղասպանության վերաբերյալ «Deutschland und Armenien, 1914–1918. ammlung diplomatischer Aktenstücke» փաստաթղթերի ժողովածուն։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հիշյալ ժողովածուն 2004 թվականին հրատարակեց նաև գերմաներեն՝ «Die armenische Frage und der Genozid an den Armeniern in der Türkei (1913-1919). Dokumente aus dem politischen Archiv des deutschen auswärtigen Amts. usammengest ellt und eingeleitet von Prof. Dr. Wardges Mikaelja» վերնագրով (ավելի քան 40 մամուլ)։ Սույն ժողովածուի որոշ փաստաթղթերի թարգմանությունը և հրատարակությունը հայերեն (կրկին 2004 թ.) իրականացրել է ՀՀ ԳԱԱ ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը՝ «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի դիվանագետների հաղորդումներում (1915–1918), ըստ կայսերական Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվի վավերագրերի. կազմող և առաջաբանի հեղինակ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Ա. Միքայելյան» խորագրով։

Վարդգես Միքայելյանը 1980-ական թվականներից տասնյակ հոդվածներ է հրապարակել, գրքեր հրատարակել, ժողովածուներ կազմել հայերի ցեղասպանության մասին, այն ժխտողների ու կեղծարարների դեմ։ 1991 թվականին նա հրատարակեց «Генрих Фирбюхер. Армения, 1915. Уничтожение Турцией культурного народа», 1997 թվականին՝ «Գերմանացի դիվանագետները հայոց ինքնապաշտպանական մարտերի մասին (1915)» գրքերը և այլն։

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ Վարդգես Միքայելյանը հրատարակեց «Почему и как российские евреи принимали христианство по армянскому обряду (1910–1915гг.). Документы и материалы ЦГИА России. Подборка» ժողովածուն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղրիմահայոց պատմություն, Երևան, 1989:
  • Ղրիմահայ գաղութը Արևելք-Արևմուտք հարաբերությունների ոլորտում (13-18-րդ դարեր), Երևան, 2000:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անուշավան Զաքարյան, «Ակադեմիկոս Վարդգես Միքայելյան» (Ծննդյան 85-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես №1, 2010, էջ 282-287
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 626 CC-BY-SA-icon-80x15.png