Վարդաս Փոկաս
| Վարդաս Փոկաս | |
|---|---|
| Ծնվել է | 940 կամ անհայտ |
| Ծննդավայր | Cappadocia, Բյուզանդական կայսրություն |
| Մահացել է | ապրիլի 13, 989 |
| Մահվան վայր | Abydos, Բյուզանդական կայսրություն |
| Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
| Մասնագիտություն | սպա, ռազմական գործիչ և պաշտոնյա |
| Ծնողներ | հայր՝ Leo Phokas the Younger? |
| Զբաղեցրած պաշտոններ | ստրատեգոս և Դուքս |
| Երեխաներ | Նիկեփորոս Ծռվիզ և Leon Phokas? |
Վարդաս Փոկաս (հունարեն՝ Βάρδας Φωχάς, 940 կամ անհայտ, Cappadocia, Բյուզանդական կայսրություն - ապրիլի 13, 989, Abydos, Բյուզանդական կայսրություն), 10-րդ դարի հայազգի բյուզանդական զորավար։ Փոկասների ընտանիքից։ Նիկեփորոս Փոկաս կայսեր եղբորորդին։ Եղել է Խաղտիք բանակաթեմի դուքս։ 970 թվականին ապստամբել է Հովհաննես I Չմշկիկի դեմ և իրեն հռչակել կայսր, սակայն ընդառաջելով իր խնամի Վարդաս Սկլերոսի կոչին, հանձնվել է վերջինիս։ Կայսրը Վարդաս Փոկասին աքսորել է Քիոս։ Երբ Վասիլ 2-րդի դեմ է ապստամբել Վարդաս Սկլերոսը, կայսեր սենեկապետ Վասիլը 978 թվականին աքսորից ազատել է Վարդաս Փոկասին, նրան շնորհել մագիստրոսի պատվաստիճան և, սպարապետ նշանակելով, ուղարկել է Վարդաս Սկլերոսի դեմ։ Փոքր Ասիայի Ամորիոն քաղաքի մոտ և Խարսիանոն բանակաթեմում Վարդաս Փոկասը պարտվել է, սակայն օգնություն ստանալով Դավիթ Կյուրոպաղատից Հալիս գետի մոտ՝ Պանկալիա վայրում, պարտության է մատնել Վարդաս Սկլերոսին։ 987 թվականին Վարդաս Փոկաս ապստամբել է Վասիլ 2-րդի դեմ և իրեն հռչակել կայսր։
Կայսրը դիմել է Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիրին և նրանից զինական օգնություն ստացել։
Աբիդոսի մոտ մարտի ընթացքում Վարդաս Փոկասը հանկարծակի վախճանվել է․ նրան թունավորել էր կայսեր կողմից կաշառված մեկը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 326)։ |