Վարդաս Սկլերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդաս Սկլերոս
BardasSklerosEmperor.jpg
 
Մասնագիտություն՝ զինծառայող
Ծննդյան օր 10-րդ դար
Վախճանի օր ապրիլի 2, 991(0991-04-02)
Վախճանի վայր Դիդիմոտիկա, Թրակիա, Բյուզանդական կայսրություն
Դինաստիա Սկլերոսներ
Քաղաքացիություն Byzantine imperial flag, 14th century, square.svg Բյուզանդական կայսրություն
Հայր Պանթերիոս Սկլերոս

Վարդաս Սկլերոս (նաև՝ Վարդ Սկլերոս, Վարդ Սիկլառոս, Վարդ Սեկլառոս, հին հուն․՝ Βάρδας Σκληρός), 10-րդ դար - ապրիլի 2, 991(0991-04-02), Դիդիմոտիկա, Թրակիա, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, Սկլերոսների ազնվական տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգակցական կապեր է ունեցել Կուրկուասների և Փոկասների ընտանիքների հետ։ Վարդաս Սկլերոսի քույր Մարիամը Հովհաննես Ա Չմշկիկի կինն էր։ Ուներ մագիստրոսի պատվաստիճան։

Ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

970 թվականին համոզել է Հովհաննես Ա Չմշկիկի դեմ ապստամբած Վարդաս Փոկասին վերջ տալ արյունահեղությանը։

Բարսեղ Բ-ի թագավորության սկզբին եղել է Արևելքի ստրատելատ։ Այնուհետև զրկվել է այդ պաշտոնից և նշանակվել Միջագետքի զորքերի հրամանատար։

976-979 թվականներին ապստամբել է Բարսեղ Բ-ի դեմ։ Նրա ապստամբությունը տեղի է ունեցել Բյուզանդիայի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց։ Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում 976 թվականին, հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից հռչակվում է կայսր։ Բյուզանդական պատմիչ Հովհաննես Սկիլիցեսի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից։ Վարդաս Սկլերոս գրավում է Խարբերդը, Միջագետքի և Չորրորդ Հայքի զգալի մասը, Սասունի բերդը, Անգեղտունը, Անձիտը, Տարոնի որոշ շրջաններ։ Ապա, դաշինք կնքում Ամիդ և Մարտիրոպոլիս քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կոստանդնուպոլիս։ Նրան են միանում՝ Բյուզանդիայում ծառայող հայկական հեծելազորը և հայ իշխանները, որոնք ձգտում էին Վարդաս Սկլերոսի ապստամբությունն օգտագործել՝ կանխելու Բյուզանդիայի առաջխաղացումը դեպի Հայաստան և նրա կողմից նվաճված շրջանները ազատագրելու համար։ Սկլերոսի կողմն է անցնում Բյուզանդիայի բանակում ծառայող հայազգի զորավար Սահակ-Վահրամը։ Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ նրանց է միանում Անտիոքի դուքս Միքայել Վուրցեսը՝ հայերից բաղկացած իր զորքով։ Սկլերոսի կողմն է անցնում նույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի Միքայել Քուրդիկը և Ռոմանոս Տարոնացին։

Ճակատամարտ Վարդաս Սկլերոսի և Վարդաս Փոկասի բանակների միջև (պատկեր բյուզանդական ձեռագրից)

Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ Վարդաս Փոկասը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 979 թվականին։ Վարդաս Փոկասը, Տայքի կյուրոպաղատ Դավիթից զինական օգնություն ստանալով, Հալիս գետի մոտ, Պանկալիա կոչվող վայրում, պարտության է մատնում Վարդաս Սկլերոսին։ Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ՝ արաբական խալիֆայի մոտ։

987 թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա։ Վարդաս Փոկասը իրեն կայսր է հռչակում։ Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է։ 988 թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին, որից հետո ապստամբությունը գլխավորում է Սկլերոսը, բայց ընդառաջելով կայսեր առաջարկությանը՝ դադարեցնում է այն։ Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կայսեր գործակալները Կոստանդնուպոլսի ճանապարհին կուրացնում են նրան։ Ապա ուղարկվում է աքսոր Ադրիանապոլիս։

Վարդաս ՍԿլերոսը մահացել է 991 թվականի ապրիլի 2-ին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 326 CC-BY-SA-icon-80x15.png