Վարդակակաչի մոլուցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ֆլորայի մարտակառքը»: Հենդրիկ Փոթի այլաբանական նկարը, մոտավորապես 1640 թվական: Տիպիկ պարզաճաշակ ու գռեհիկ սյուժե, որը ծաղրում է կարճամիտ-չարաշահորդներին: Նկարում ծաղիկների աստվածուհին է ու նրան ուղեկցող պարապ-սարապ անձինք՝ խեղկատակի հանդերձանքով, ականջներին՝ վարդակակաչներ: Նրանք ուղևորվում են դեպի ծովը: Կառքի հետևից գնում են արհեստավորները, որոնք դեն են նետել իրենց աշխատանքային գործիքները՝ հեշտ փող աշխատելու հույսով[1]

Վարդակակաչի մոլուցք (հոլ.՝ tulpenmanie, ինչպես նաև tulpomanie, tulpenwoede, tulpengekte, bollengekte, bollenrazernij), բորսային կարճաժամկետ իրարանցում, որը բռնկվել է վարդակակաչի սոխուկների պահանջարկից՝ 1636-1637 թվականին Նիդերլանդներում։ Վարդակակաչի հազվագյուտ տեսակների՝ հատկապես բազմագույն-ծաղկաթերթային, գները դեռևս 1620-ական թվականներին հասան հազարավոր գուլդենների մեկ սոխուկի համար։ Սակայն, մինչև 1630-ական թվականների կեսերը, այդպիսի սոխուկները վերավաճառվում էին ծաղկավաճառների և հարուստ գիտակների նեղ շրջանակում։ 1636 թվականի ամռանը վարդակակաչների եկամտաբեր ֆյուչերսային վաճառքին միացան նաև ոչ պրոֆեսիոնալ սպեկուլյանտները։ Կես տարում հազվագյուտ տեսակի վարդակակաչների սոխուկների գները կտրուկ աճեցին, իսկ 1636 թվականի նոյեմբերին սկսվեց նաև սովորական, բոլորին հասանելի տեսակի վարդակակաչների գների աճը։ 1637 թվականի փետրվարին այդ «շիկացած» շուկան փլվեց, սկսվեցին գնորդների և վաճառողների միջև երկարամյա դատավեճերը։ Վարդակակաչի մոլուցքի մասնակիցների շրջանում սկսվեց անվստահություն։ Այսօրվա բարոյախոսները վարդակակաչի մոլուցքն անվանել են ընչաքաղցության չարդարացված դրսևորում։

Արդեն իսկ 1650-ական թվականներին վարդակակաչի սպեկուլյացիաների կամայականություններն առասպել համարվեցին՝ պատմության հետ ընդհանրություններ սակավ ունեցող։ Յոհան Բեքմանը վարդակակաչի մոլուցքը որակել է որպես «ժամանակակից պատմության տնտեսական պղպջակ»։ Չարլզ Մաքեյի՝ 1841 թվականին գրված «Ամբոխի ամենատարածված մոլորություններն ու խելագարությունը» աշխատանքում վարդակակաչի մոլուցքը որակվել է որպես լայնամասշտաբ տնտեսական ճգնաժամ, որը երկար ժամանակ քայքայել է Նիդերլանդների տնտեսությունը։ 21-րդ դարի պատմաբաններն ու տնտեսագետները այդ տեսակետը հակադարձել են, նշելով, որ վարդակակաչի մոլուցքը չի դանդաղեցրել Նիդերլանդների տնտեսական աճը։ Գիտության մեջ տարատեսակ կարծիքներ կան այս երևույթի մասին, սակայն աղբյուրների սակավության և վկայությունների քիչ լինելու պարագայով պայմանավորված, իրական պատճառները հնարավոր չէ լիովին վերականգնել։ Հետազոտողները միայն համաձայնվում են, որ 1636-1637 թվականների ձմռանը Հոլանդիայում ինչ-որ արտակարգ, պատմության մեջ նմանը չունեցող երևույթ է պատահել[2]։

Հոլանդիայի առաջին վարդակակաչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարասկզբի վարդակակաչներ։ Սև-սպիտակ արտատպվածքը և երկու՝ ձեռքով գունավորված նկարները միևնույն փարագրանկարից են՝ Բասիլիուս Բեսլերի Hortus Eystettensis գրքից (երկրորդ հրատարակություն, Նյուրնբերգ, 1615)։ Ձախից աջ՝ Կլուզիուսի վարդակակաչ վարդագույն վարդակակաչ[3], երկգույն կարմրադեղին «դյուկ»), միագույն դեղին, բազմագույն-ծաղկաթերթային կարմրադեղին «բիզար»։ Համեմատաբար վստահելի են լատիներեն տեքստային նկարագրությունները, բայց ոչ ծաղիկների նկարները։

XVI դարի կեսերին վարդակակաչը, որն աճեցվում էր մինչ այդ միայն Պարսկաստանում և Օսմանյան կայսրությունում, հասավ Արևմտյան Եվրոպա։ 1559 թվականի գարնանը Աուգսբուրգում ծաղկեց առաջին[4] վարդակակաչը[5]։ 1562 թվականին վաճառականներն առաջին անգամ վարդակակաչի սոխուկները տարան Անտվերպեն[6]։ Կառլ Կլուզիուսի ջանքերով և հեղինակությամբ այս «նորույթ» բույսի հետ ծանոթացան եվրոպական միապետերը։ Վարդակակաչը դարձավ ֆրանսիական և գերմանական ազնվականության սիրելի ծաղիկը[7]։ Դարավերջին ծաղիկը սկսեցին մշակել ողջ Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայում՝ Ֆլորենցիայից ու Բոլոնյայից մինչև Անգլիա և Շվեդիայի հյուսիս[8]։ Լավագույն պայմանները ծաղկի աճեցման համար դարձավ Հռենոսի ավազանը՝ Ֆրանսիայի արևելքը, Գերմանիայի հյուսիսը և Հոլանդիան[8]։ Հատկապես համապատասխանեցին Հարավային Հոլանդիայի թեթև մերձափնյա հողերը՝ ավազային դյուների շերտընդմիջությունները և տորֆաճահիճները[Ն 1] Լեյդենի և Հաառլեմի միջև[9][10]։ Հենց այդ տարածաշրջանում էլ հիբրիդացրել են տասնչորս տեսակի վայրի և անհայտ քանակության թուրքական տեսակի վարդակակաչ[3]։ Ստեղծվեց նոր՝ «ձեռագործ» վարդակակաչ՝ Գենսերի վարդակակաչը, կամ ուղղակի սովորական, այգու վարդակակաչը[11][12]։

XVI դարավերջին վարդակակաչաբուծության կենտրոնը դարձել էր Ֆրանսիայի հյուսիս-արևելքը։ Ֆրանսիական այգիների վարդակակաչների սոխուկները ձեռք էին բերում Անգլիայի, Նիդերլանդների և Գերմանիայի հարուստ գնորդները[13]։ Հենց Ֆրանսիայում կայացավ Եվրոպայի պատմության մեջ տեղի ունեցած առաջին՝ բորսայական սպեկուլյացիաներից առաջացած վարդակակաչի աննախադեպ գնաճը[14], որի մասին միայն անեկդոտային վկայություններ են մնացել[15]. 1608 թվականին ջրաղացպանն իր ջրաղացը փոխանակել է մեկ սոխուկի հետ[16][17]։ Հոլանդիան վարդակակաչներով լրջորեն սկսել է հետաքրքրվել ընդամենը XVII դարասկզբին՝ իտալացիներից առաջ[18], սակայն ավելի ուշ, քան ֆրանսիացիներն ու գերմանացիները[19]։ Հնարավոր է, որ դրա պատճառը Նիդերլանդական հեղափոխությունն էր, որի ընթացքում տեղի ազնվականությունը կորցրեց իր դիրքերը։ Նիդերլանդական ոսկեդարն արդեն սկսվում էր, բայց հոլանդացի առևտրականները զբաղված էի կապիտալի կուտակմամբ[20]։ Երկիրը հարստացավ, սակայն իրական հարուստ մարդիկ, ովքեր ունակ ու պատրաստ էին վճարել թանկ զբաղմունքի համար, շատ քիչ էին[21]։ Հոլանդացի սիրողական ծաղկաբույծների (հոլ.՝ liefhebbers) ընկերությունը և սոխուկների սպեկուլյանտները (հոլ.՝ bloemisten) դեռևս չէին ձևավորվել, սակայն նրանց փոխարեն գործունեություն էին սկսել ծավալել առանձին-առանձին խմբեր՝ բաժանված ըստ դասերի[Ն 2], ինչպես նաև միմյանց չվստահող մարդկանց խմբերը[23]։ Բարձր դասում ընդգրկված էին սակավաթիվ հարուստ գիտակները[Ն 3], որոնք Լեյդեն էին եկել Կլուզիուսի գլխավորությամբ։ Սոցիալական աստիճանի ավելի ցածր սանդղակում կանգնած էին այգեգործներն ու դեղագործները. Կլուզիուսն ու նրա մարդիկ առաջին խմբին արհամարհում էին անքաղաքավարության ու անկիրթ լինելու համար, իսկ երկրորդ խմբին՝ խաբեբայության և սպիրտային խմիչքների ապօրինի առևտրի համար[25]։ Ավելի ցածրում կանգնած էին թափառաշրջիկ «գիշատիչ-ռիզոտոմները, որոնք հետախուզում էին Ֆրանսիայի այգիների հազվագյուտ սոխուկները[26]։ Կլուզիուսի այգիները գտնվում էին Վիեննայում, Ֆրանկֆուրտում և Լեյդենում. դրանք նույնպես քանիցս թալանվել են[27][28][Ն 4]: Նա նույնպես, անթաքույց կերպով, օգտվել է ռիզոտոմների «ծառայությունից»[26]։

Հաառլեմը 1656 թվականին (հյուսիսը՝ ձախից)։ Աջ կողմում (հարավում)՝ քաղաքային պարիսպներից դուրս, ձևավորվել են վարդակակաչների ֆերմաները[29] և Վագենվեգ պողոտայի սկիզբը։

XVII դարի սկզբին «անքաղաքավարի ու անկիրթ» հոլանդացի այգեգործները յուրացրին վարդակակաչների ագրոտեխնիկան։ XVII դարի երկրորդ տասնամյակում վարդակակաչների բուծումը և դրանց սոխուկների առևտուրը վերածվեց լիարժեք եկամտաբեր զբաղմունքի[30]։ Վարդակակաչի ֆերմաները գտնվում էին Հաառլեմին մոտ Վագենվեգի մայրուղուն կից։ Հաառլեմից հետո վարդակակաչ սկսեցին մշակել Ալկմար, Դելֆտ, Գաուդա, Ռոտերդամ, Ուտրեխտ և Հորն բնակավայրերում[31]։ 1610 թվականին հոլանդացիները սկսեցին հազվագյուտ սոխուկների արտահանումը դեպի Հարավային Նիդերլանդներ, Գերմանիա և Ֆրանսիա[32], որտեղ 1610-1615 թվականներին նորաձև էր համարվում կանանց մոտ, երբ դեկոլտեների վրա թարմ վարդակակաչներ էին ամրացնում[33]։ Այդ տարիների ամենահայտնի ծաղկաբույծը Կլուզիուսի ընկեր Էմանուել Սվեերթն էր, որը Ֆրանկֆուրտի տոնավաճառում առևտրով էր նաև զբաղվում. նրա հովանավորը Ռուդոլֆ II-ն էր, որը ոչ միայն գնել է սոխուկներ, այլև ֆինանսավորել է «Ֆլորիլեգիում» շքեղ գրքի հրատարակումը[32]։ Գերմանացի ազնվականները վճարում էին առատորեն, բայց անկանոն՝ հաճախակի պատերազմների և ապստամբությունների պատճառով[34]։ Այդ պատճառով էր նաև, որ դեպի Նիդերլանդներ հազարավոր փախստականներ էին մեկնում բոլոր դասակարգերից[Ն 5], նրանց մեջ նաև վարդակակաչներ գնահատող հարուստ մարդիկ Ֆլանդրիայից[35]։ Հենց նրանց հետ էլ երկրում հայտնվեցին ֆլանդրիական և ֆրանսիական սելեկցիայով ստացված վարդակակաչների սոխուկներ, որոնք գաղթականների համար ծառայում էին որպես վստահելի «անցաթուղթ»[36]։ Բույսի քանակն ու տեսակը մեծացավ. 1620-ականներին վարդակակաչը հազվագյուտ տեսակից դարձավ թանկ, սակայն հասանելի «ապրանք»[37]։ Նախկինում սիրողական ծաղկաբույծները սոխուկները փոխանակում էին, իսկ 1620-ականներից սկսեցին դրանք գնել[38]։ 1620-ական թվականների տնտեսական ճգնաժամի ավարտից հետո և «ոսկե քսանամյակի» (1620-ականներ և 1630-ականներ[39]) գալուստով երկրում ձևավորվեց վարդակակաչների կայուն ներքին շուկա[40]։

Վարդակակաչի տարածված, սովորական տեսակները համեմատաբար էժան էին. երկու հարյուր սոխուկ, որոնք ուղարկվեցին 1612 թվականին Թուրքիայի սուլթան Ահմեդ I-ին, գնահատվել է ընդամենը 57 գուլդեն[41][42]։ Ամենամեծ եկամուտն ապահովում էին նորագույն, դեռևս չբազմացրած տեսակները։ Դրա համար էլ այգեգործները զբաղված էին վարդակակաչների հիբրիդացմամբ ու սելեկցիայով, իսկ առևտրականները՝ նուրույթների վաճառքով հարուստ գնորդներին։ Ցայսօր պահպանված հոլանդական սելեկցիայի հնագույն վարդակակաչներից են «Duc van Thol» և «Lac van Rijn» տեսակները, որոնք ստեղծվել են համապատասխանաբար 1595 և 1620 թվականներին[43] և տարածվել են ողջ Եվրոպայով[44] (արտասահմանում դրանց անվանումները փոխվել են. «Lac van Rijn» անվանումը Ֆրանսիայում դարձավ «Lacq Verein», իսկ «Otto de Man» անվանումը ունեցող վարդակակաչը Իտալիայում անվանափոխվեց և դարձավ «Otto d’Amante»[45]): XVII դարասկզբին սովորական վարդակակաչները՝ երկգույն, դեղին («դյուկ», հոլ.՝ Duc[Ն 6]) կամ սպիտակ («լաք», հոլ.՝ Lac[47]) ծաղկով և եզրանախշերով, շուտով դուրս եկան նորաձևությունից։ Ավելի վաղ տեսակներին՝ ցածրահասակ, նրբահոտ, Շրենկի վարդակակաչից առաջացած տեսակներին փոխարինելու եկան խոշոր, վայրի բնության մեջ հանդես չեկող, անհոտ հիբրիդները[48]։ Գիտակներն ափսոսացին կորսված բույրի համար։ Այդ առիթով ճիզվիտ Էթիեն Բինեն նշել է, որ եթե «բնությունը վարդակակաչներին պարգևեր բացի գեղեցկությունից նաև բույր, ապա մարդիկ վերջնականապես կկորցնեին բանականությունը[48]»:

Խայտաբղետ ծաղկաթերթերով սորտի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խայտաբղետ վարդակակաչներ, 1630-ական թվականներ։ Ձախից՝ «Semper Augustus»: XVII դարի վարդակակաչների սորտերին բնորոշ էր ծաղկաթերթի սրածայր ձևը, որը ժամանակի ընթացքում իսպառ անհետացել է։ XVIII դարում գերակշռում էին ծաղկաթերթի կլորացված ծայրերով սորտերը։

1580 թվականին[49] Կլուզիուսն առաջին անգամ հետևել է վիրուսով պայմանավորված վարդակակաչների խայտաբղետության առաջացման երևույթը[Ն 7]: Ամեն տարի՝ հարյուր սոխուկից մեկը կամ երկուսն այսպես կոչված «վերածնվում» էին. ծաղկաթերթիկների գույները, որոնք մինչ այդ երկգույն էին (սպիտակ կամ դեղին հատակով և մուգ կարմիր կամ ծիրանագույն թերթիկներով), խառնվում էին և ստեղծում անսովոր նախշեր։ Այդ ծաղիկները, փաստորեն, անկենսունակ էին, մյուսները՝ արատավոր տեսքով, սակայն ամենաուժեղները ապշեցնում էին տվյալ ժամանակաշրջանում չտեսնված գեղեցկությամբ[51]։ Այդպիսի վարդակակաչների բազմացման ժամանակ, երբ սերմով էին բազմացնում, աճում էին սովորական, երկգույն վարդակակաչներ. խայտաբղետությունը վերարտադրվում էր միայն վեգետատիվ բազմացման շնորհիվ[51]։ Այգու առողջ վարդակակաչի սոխուկը ամեն տարի ստեղծում է երեք-չորս դուստր սոխուկ. լավ պայմանների դեպքում վարդակակաչի պոպուլյացիան կարող է ամեն տարի եռապատկվել։ Վիրուսից թուլացած[Ն 8] խայտաբղետ վարդակակաչները ավելի դանդաղ էին բազմանում[51], ինչի պատճառով երկար ժամանակ մնում էին ցանկալի և անհասանելի շատերի համար։

Ծաղկաբույծները, փորձելով բացահայտել խայտաբղետության պատճառները, կատարեցին մի շարք փորձեր։ Ոմանք նույնիսկ փորձեցին միասին պատվաստել կարմիր և սպիտակ վարդակակաչների սոխուկները, հույս ունենալով, որ կստանան կարմրասպիտակ «քիմեռներ»[53]։ 1928 թվականին Դորոթի Քեյլին հենց այդ եղանակով ապացուցեց, որ խայտաբղետությունը փոխանցվում է հիվանդ բույսերի հյութով[54], սակայն փորձերը XVII դարում ավարտվեցին անհաջողությամբ։ Խայտաբղետության փոխանցման մեխանիզմները մնացին գաղտնի. միայն այն էր պարզ, որ դրա հայտնվելը կարելի էր արագացնել՝ խայտաբղետ վարդակակաչները տնկելով սովորականների հարևանությամբ[55]։ Խայտաբղետ վարդակակաչների նոր սորտերի ստացման հիմնական եղանակը ավելի ու ավելի մեծ տարածքներում ցանելն էր՝ սովորական վարդակակաչ-բրիդերների հարևանությամբ՝ այն հույսով, որ պատահականորեն «կվերածնվի» նոր սորտ և մեծ եկամուտ կբերի։ Ծաղկաբուծությունը վերածվեց մոլախաղի, որը կարող էր սկսել ցանկացած ոք, ով ուներ հողակտոր և և մի քանի սովորական, էժան սոխուկներ։ 1633 թվականին Նիդերլանդներում արդեն հաշվվում էր մոտավորապես հինգ հարյուր տեսակի ու ձևի վարդակակաչ[56]։ Խայտաբղետ տերևներով վարդակակաչների սորտերի նոմենկլատուրան տարածվեց արագ և անկանոն։ Քեննեմերլանդի տանուտերերի «թեթև ձեռքով» ամենաշքեղ խայտաբղետ վարդակակաչներին սկսեցին անվանել «ադմիրալներ»՝ ավելացնելով սելեկցիոների կամ վաճառողի ազգանունը («Ադմիրալ Լիֆկենս», «Ադմիրալ վան Էնքհյոյզեն» և այլն, այսպես շարունակ մոտ հիսուն տեսակ) և «գեներալներ»[Ն 9]: Երբ այդ անվանումները տարածվեցին բնակչության շրջանում, դրանք անվանափոխվեցին «գեներալիսիմուսներ», «գեներալների գեներալներ» և «ադմիրալների ադմիրալներ»[58]։

Խայտաբղետ վարդակակաչի ամենահայտնի սորտը, որը հենց մարմնավորում է վարդակակաչի տենդը, դարձավ կարմրաճերմակ Semper Augustus[59] տեսակը («Հավերժ Օգոստոս»[Ն 10]): Չնայած այդ վարդակակաչի բազմաթիվ գեղեցկագույն նկարների առատության և պատմական անեկդոտների, որոնք ներառված են Բեքմանի գրքում, այդ սորտի պատմությունը կցկտուր է, թերի[60]։ Համաձայն Նիկոլաս վան Վասենայերի ժամանակագրության, առաջին «Semper Augustus» ստեղծվել է Ֆրանսիայում. 1614 թվականին ծաղկի սեփականատերը այն խելահեղ գնով վաճառեց Հոլիանդիային[61]։ Տասը տարի անց Հոլանդիայում արդեն գրեթե մեկ դյուժին «Semper Augustus» սորտի վարդակակաչի սոխուկ կար, որոնք պատկանում էին ոմն գիտակ-սիրողական ծաղկաբույծի, ում անունն անհայտ էր[60] (հնարավոր է, նա մեծ պենսիոնար Ադրիան Պաուվն էր)։ 1623 թվականին նրան առաջարկել են քսան հազար գուլդեն՝ տասը սոխուկի համար, 1624 թվականին՝ երեք հազար գուլդեն մեկ սոխուկի համար, սակայն ամեն անգամ սեփականատերը մերժում էր[61]։ Գոյություն ունի վկայություն, որ 1625 թվականին «Semper Augustus» սոխուկի համար առաջարկել են 1200 գուլդեն, սակայն չկա վստահություն, որ այդպիսի գումարը վճարվել է[42]։ Միակ վստահելի գործարքը, որի ժամանակ մեկ մեծ և երկու դուստր սոխուկ է վաճառվել, այն է, որ դրանց համար գնորդը վճարել է հազար գուլդեն[61]։

Խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Switser» սորտի վարդակակաչը («շվեյցարացի» են անվանել այս սորտը, քանի որ այն նման է Շվեյցարական գվարդիայի հանդերձանքի գույներին)։ Նկարը 1630-ական թվականների։

Հազար գուլդենը, որն, իբր թե առաջարկել են 1620-ական թվականներին մեկ սոխուկի համար, կազմել է 10,28 կգ արծաթ կամ 856 գրամ ոսկի[62]։ Որակավորված արհեստավորի եկամուտն այդ ժամանակ չէր գերազանցում երեք հարյուր գուլդենը տարեկան։ Ռեմբրանդ վան Ռեյնի[Ն 11] առաջին ուսուցիչը՝ Յակոբ վան Սվանենբուրգը, որպեսզի աշխատեր մեկ գուլդեն, պետք է նկարեր երեք հատ վարդակակաչ պատկերող նկար[63]։ Միջին վաճառականը տարեկան աշխատում էր հազարից երեք հազար գուլդեն։ Միայն շատ քչերը, որոնք հաջողակակ ձեռնարկատերեր էին, վաստակում էին տարեկան տասը հազարից ավել գուլդեն[64]։ «Ծիծաղելի չէ՞ ոսկով վճարել անպետք կոճղարմատի համար»[65],- մեկուկես դար անց հարցրել է Յոհան Բեքմանը։ XXI դարում Նիդերլանդների համար վարդակակաչը սովորական, առօրեկան, բայց միևնույն ժամանակ խորհրդանշական բույս է, սակայն XVI-XVII դարերում հոլանդացիներն այլ կերպ էին վերաբերում վարդակակաչներին։ Հեռավոր արևելքի քմահաճ և փոփոխական ծաղիկը նորի, անկանխատեսելիության խորհրդանիշ էր, որը հիացմունք և դրան տիրելու ցանկություն էր առաջացնում[66][67]։ Այդպիսի հարաբերություններ արձանագրվել են և՛ ֆրանսիական, և՛ անգլիական աղբյուրներում[68][69], սակայն միայն Հոլանդիայում էր, որ հազվագյուտ վարդակակաչները հասարակության գիտակցության մեջ զբաղեցնում էին ամենաթանկի գիտակցում, որը հավասար է ոսկուն և թանկարժեք քարերին։ Ընդ որում, վարդակակաչը, ի տարբերություն քարի, կարելի էր բազմացնել. այն ոչ միայն գանձ էր, այլև կապիտալի եկամտաբեր ներդրում։

Լուսավորված եվրոպացու համար հազվագյուտ վարդակակաչը արվեստի ստեղծագործության նման մի բան էր։ Այն յուրօրինակ էր՝ միաժամանակ և՛ բնության (լատին․՝ naturalia) պարգև, և՛ մարդու ձեռքի աշխատանք (artificialia)[70]: Վարդակակաչներ գնահատողների և արվեստի հովանավորների շրջանակները շատ հաճախ են խաչվել. պատվիրատուները գնում էին և՛ արվեստի գործեր, և՛ հազվագյուտ սոխուկներ[71]։ Վարդակակաչների առաջին աճուրդին, որի մասին պահպանվել են մանրամասն գրառումներ (1625 թվական), քսանմեկ մասնակցից միայն հինգն էին մասնագիտորեն զբաղվում վարդակակաչներով, իսկ տասնչորս գնորդները հայտնի էին որպես նկարների կոլեկցիոներ[72]։ Գեղանկարչության մեջ ստեղծվեց հատուկ ժանր՝ «վարդակակաչի դիմանակար». հեղինակները հիմնականում նկարում էին ջրաներկերով՝ վալենյան թղթի (կաշվեփայլ) վրա։ Այդպիսի «դիմանկարներից» ալբոմներ և կատալոգներ էին կազմում (հոլ.՝ tulpenboek[73]): Սվանենբուրգը, Յուդիթ Լեյստերը, Յակոբ Մարելը և տասնյակ այլ նկարիչներ այդպիսի ալբոմներ էին նկարազարդում ոչ այնքան վարդակակաչների վաճառականների համար, այլ խանդավառ-սիրողականների. գեղանկարչությունն ավելի էժան էր, քան սոխուկը[63][74][75]։

Այն մարդկանց շրջանակը, որոնք ունակ էին վճարել այդ թանկարժեք հետաքրքրության համար, 1630-թվականներից սկսեցին շատանալ։ «Գարթրուդի և Վարմոնդտի զրույցը» գրքի ժամանակներից գրականությունում տիրապետող էր այն թյուր կարծիքը, որ վարդակակաչի մոլուցքին մասնակցել են հասարակ մարդկանց բազմություն[76]։ Նախկին ջուլհակ Գարթրուդն, իբր, հարստացել է հաջող սպեկուլյացիայի շնորհիվ[Ն 12][76]: Մաքեյը, կրկնելով Բեքմանին, գրել է.

«Վարդակակաչներով զբաղվում էին ազնվականները, քաղաքաբնակները, ֆերմերները, արհեստավորները, ծովագնացները, լիվրեավոր, լակեյները, ծառաները և նույնիսկ ծխնելույզ մաքրողներն ու հնոտիավաճառները»[77]։

Հոլանդական արխիվների հետազոտություններն այդ կարծիքը չեն հաստատում. Հաառլեմում, Եվրոպայի վարդակակաչային մայրաքաղաքում, վարդակակաչի մոլուցքի ժամանակ մասնակցել է 285 անուն առ անուն հայտնի մարդիկ. Ամստերդամում ընդամենը 60, Էնկհաուզենում՝ 25[78]: Բոլոր այդ մարդիկ ունևորներ էին, որոնք զբաղվում էին առևտրով։ Նրանց շարքում չկային ոչ մի ազնվական, ոչ մի լակեյ, ոչ էլ լեգենդար ծխնելույզ մաքրողներ. այդ ցուցակի մեջ առաջավորները ձեռնարկատերերն էին[79]։ Նրանց մեջ չկային նաև օլիգարխիայի ներկայացուցիչներ. սիրողական ծաղկաբույծ Ադրիան Պաուվը[Ն 13], որն օլիգարխ էր, գերադասում էր մնալ ստվերում և չմասնակցել սպեկուլյացիաներին։ Միջին դասի ծաղկաբույծները, հակառակ, ակտիվորեն մասնակցում էին սոխուկների վերավաճառությամբ։ Նրանցից մեկը, որին անմահացրել է Ռեմբրանդն իր կտավում, նույնիսկ ազգանունը{[Ն 14] դարձրել է Տուլպ (հոլ.՝ Tulp, վարդակակաչ) և տունը զարդարել իր նկարած «վարդակակաչե» գերբով[80]։

Բժիշկ Նիկոլաս Տուլպը (Քլաս Փիթերսոն)։ Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը (1632 թվական) նկարի հատված։

Վարդակակաչի մոլուցքով ակտիվորեն զբաղվողների (հոլ.՝ bloemisten) ցուցակը մանրամասնորեն նայելուց երևում են մի քանի միմյանց հետո միահյուսված ցանցեր կամ «բներ»[81]։ Վարդակակաչների հանդեպ մոլուցքը սովորաբար միավորում էր մարդականց ոչ միայն միևնույն շրջանակից, այլև իրար լավ ճանաչող մարդկանց՝ մոտ և հեռու բարեկամներ, միևնույն փողոցում ապրողներ, միևնույն եկեղեցու ծխականներ և այլն[82]։ Գրականության ժամանակակից հեղինակները ընթերցողին հռետորական հարց են տալիս. «Ինչու՞ է կալվինականության խիստ համայնքը խրախուսել այդ խելացնորությունը»[83], հաշվի չառնելով, որ վարդակակաչի մոլուցքով զբաղվողների շարքում եղել են շատ մեննոնականներ, որոնք կալվինիզմի ընդդիմությունն էին[84]. 1620-ականներին տեղի ունեցած հայտնի վարդակակաչների աճուրդը Ամստերդամում կայացել է «Մենոննականների ամուսնություն» (De Menniste Bruyloft)[30] պանդոկում։ Իրավիճակն այնպես էր դասավորվել, որ հոլանդացին չէր վստահում այլ քաղաքի մրցակցին, սակայն հարևանների և բաժակակիցների կարծիքը նրա համար դառնում էր անվիճելի հեղինակություն[85]։

Պատմաբանների տեսանկյունից՝ նրանք, որոնք այլ հռետորական հարց են տալիս՝ «Ինչպե՞ս պատահեց, որ ռացիոնալ և տնտեսող հոլանդացիները անսպասելի մասնակից դարձան վարդակակաչային սպեկուլյացիաներին»[83], կամա թե ակամա XVII դարի մարդկանց վերագրում են Վիկտորյական դարաշրջանի վարքի ստերեոտիպներ[86][87]։ 1630-ական թվականների հոլանդացիները, որոնք կես դար պայքարում էին Իսպանիայի դեմ անկախության և կրոնական ազատության համար, քիչ էին նման XIX դարի բուրժուաներին։ Իրականում, բոլոր դասի հոլանդացիներին բնորոշ էր խնայողության մոլուցքը և հարստության կուտակումը. նույնիսկ աղքատ արհեստավորները ամեն տարի մի քանի տասնյակ գուլդեն էին առանձնացնում[88]։ Ամստերդամի բանկի հարուստ ավանդատուները հընթացս հինգ տարիների՝ 1633-1638 թվականների, ոսկու և արծաթի դեպոզիտների քանակն ավելացրին 60 %-ով[89]։ Սակայն խնայողությունը տարօրեն կերպով զուգակցվում էր նաև հոլանդացիների՝ մոլեխաղերի հանդեպ մոլուցքով և ընդհանրապես խիզախելու պատրաստակամությունով[88]։ Հոլանդական համայնքը երիտասարդ էր ոչ միայն պատմականորեն, այլ նաև ֆիզիկապես. ժողովրդագրական կառուցվածքում տիրապետող էր երիտասարդությունը՝ պետության հիմնադիրների երեխաներն ու թոռները և բազմաթիվ ներգաղթյալները[90]։ Հազարավոր հոլանդացիներ ամեն տարի ուղևորվում էին ծովից անդին, հարուստ առևտրականները ֆինանսավորում էին գաղութային արշավներն ու պոլդերների չորացման ռիսկային նախագծերը, Երեսնամյա պատերազմի ողջ ընթացքում մեկուկես միլիոն բնակչություն ունեցող ազգն ուներ հարյուրհազարանոց բանակ[91]։ Վարդակակաչի մոլուցքի բռնկման պահին երկրի տնտեսությունն աննախադեպ աճ էր արձանագրել[92], սակայն յուրաքանչյուր հոլանդացու կյանքը, ինչպես որ միջին դարերում, վտանգի տակ էր։ 1623-1625 թվականներին Նիդերլանդներում բռնկվեց ժանտախտի համաճարակ, 1635 թվականին ժանտախտը կրկին վերադարձավ գերմանական զորքերի հետ։ Այդ թվականին Լեյդենում մահացավ 14 502 մարդ՝ բնակչության մեկ երրորդը, իսկ Հաառլեմում ժանտախտից մահացությունն իր բարձրակետին հասավ 1636 թվականին[93]։ Համաճարակի և վարդակակաչի մոլուցքի զուգադիպությունը պատահական չէր[94]։ Պատերազմը և ժանտախտը, մոտակա մահվան սպառնալիքը հոլանդացուն դարձրին ռիսկին դիմակայող. հանվեցին բարոյական վերջին արգելքները, որոնք զսպում էին նրանց անխելամիտ սպեկուլյացիայից[93][95][96][Ն 15]:

Առևտուր օդով[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրականն ու վարդակակաչով տարվածը։ Նկար-ծաղրանկար, XVII դարերի կեսեր

Վարդակակաչի մոլուցքի առաջին նշանները հայտնվեցին 1633 թվականին Արևմտյան Ֆրիսլանդիայում, Հաառլեմի վարդակակաչի ֆերմաներից և Ամստերդամի մեծ փողերից հեռու[99][100]։ 1633 թվականի ամռանը, ինչպես գրում է ժամանակագիր Թեոդոր Վելիուսը, վարդակակաչի գներն այնքան աճեցին, որ Հորնի բնակիչներից մեկը փոխանակել է իր քարաշեն տունը վարդակակաչի երեք սոխուկի հետ, իսկ դրանից հետո տեղի ֆերմերներից մեկը սոխուկներով է փոխանակել իր տնտեսությունը[99]։ Ամեն գործարքում անշարժ գույքի արժեքը կազմում էր ոչ ավելին՝ քան հինգ հարյուր գուլդենը։ Նախկինում հոլանդացիները սոխուկներ էին գնում գումարով, իսկ 1633 թվականից որպես գումար սկսեցին հենց սոխուկները ծառայել[99]։ Տնտեսագետ Էռլ Թոմփսոնը գրում է, որ հնարավոր է, որ շուկան լարված է եղել ներքին պահանջարկից, իսկ 1632 թվականի ապրիլին Յոհան Տիլիի մահից հետո գերմանական հողերում կրկին ժամանակավոր անդորր ստեղծվեց և գերմանացի ազնվականները վերստին սկսեցին հոլանդացիներից շքեղության իրեր գնել[101]։ Բրիտանաամերիկացի պատմաբան Սայմոն Շաման հնարավոր է համարում, որ բորսայական սպեկուլյացիան բորբոքել են այգեգործ-սելեկցիոներները, որոնք 1634 թվականին շատ նորույթներ ստեղծեցին[102]։ Շուկայի նախկին ֆավորիտների գները իջան. իջավ նաև շուկա մուտք գործող նոր մասնակիցների շեմը[102]։ Առևտրականների քանակը կտրուկ մեծացավ, երկու տարվա ընթացքում վարդակակաչի բիզնեսը որակական փոփոխության ենթարկվեց։

1634-1635 թվականների կարևոր նորամուծություններից էր գնում-վաճառում գործարքից անցումը դեպի ֆյուչերսային առևտուր[103]։ Նիդերլանդների պայմաններում վարդակակաչները ծաղկում են ապրիլ-մայիսին. ամռան սկզբին ծաղկաթափ եղած վարդակակաչների սոխուկները նոր սերունդ են տալիս և մահանում։ Երիտասարդ սոխուկները ամռան կեսերին հանում են և ցանում նոր տեղում ուշ աշնանը։ Գնորդը կարող է ձեռք բերել երիտասարդ սոխուկներ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում. փորել և ցանել արմատակալած սոխուկները չի կարելի[Ն 16]: Որպեսզի շրջանցեն բնության սահմանափակումները, 1634 թվականի աշնանը հոլանդացի այգեգործները սկսեցին հողի մեջ գտնվող վարդակակաչների սոխուկների վաճառքով զբաղվել՝ պարտավորվելով գնորդին հաջորդ ամռանը հանձնել հողից հանված սոխուկները[105]։ Հաջորդ սեզոնին, 1635 թվականի աշնանը[106], հոլանդացիներն անցում կատարեցին սոխուկներով գործարքներից դեպի պայմանագրով գործարքների։ Սպեկուլյանտները միմյանց վերավաճառեցին նույն սոխուկների անդորրագրերը. ըստ ժամանակակցի՝ «առևտրականները վաճառում էին այն սոխուկները, որոնք իրենց չէին պատկանում»[107]։ Անընդհատ գնաճի հետևանքով այդ գործարքները վաճառականներին մեծ շահույթ էր ապահովում։ Այդ անդորրագրերի վաճառքը հնարավոր էր միայն հաջորդ տարում այն պայմանով, որ վերավաճառած սոխուկները կաճեին և չէին վերասերվի, ինչպես նաև գործարքների բոլոր մասնակիցները կկատարեին իրենց պարտավորությունները։ Նույնիսկ մեկ մասնակցի հրաժարումը գործարքից՝ կհանգեցներ ամբողջ շղթայի փլուզմանը[108]։ Գործարքների ապահովումն իրականացնում էր նոտարը և հարգված քաղաքացիների (հոլ.՝ borgen) երաշխավորումը։ Հաճախ վաճառականները գնորդներից կանխավճար էին վերցնում՝ կամ գումարի տեսքով, կամ՝ բնամթերքի։ Որպեսզի խուսափեին գործարքների չկատարելուց, որպես պաշտպանություն էր ծառայում «ընտանիքների» գործնական էթիկան[109]։

Հոլանդացիները նման սպեկուլյացիաներն անվանել են windhandel ծովային տերմինով, որը թարգմանաբար նշանակում է «առևտուր օդով»[Ն 17]: Ֆյուչերսները հոլանդացիներին լավ ծանոթ էին. ձկան և ցորենի ֆյուչերսային գնումները հայտնի էին դեռևս XVI դարի կեսերից[110]։ XVII դարի սկզբին ֆյուչերսները գյուղատնտեսական և գաղութային ապրանքների առևտրով իրենց դիրքերն ամրապնդեցին Ամստերդամի բորսայում, սակայն խոշոր խաղացողների ստվերում էին միշտ մնում[103]։ 1609-ից 1610 թվականներին արկածախնդիր Իսաակ լը Մերը ֆյուչերսային գործարքներով փորձ ձեռնարկեց կազմաքանդել Հոլանդական արևելահնդկական կազմակերպության արժեթղթերի կուրսը[111]։ Լը Մերի խարդախության ձախողումից հետո պետությունը հայտարարեց, որ գումարով չերաշխավորած արժեթղթերով գործարքներն ապօրինի են, իսկ հետո, մի քանի անգամ, կրկին երկարաձգեց արգելքը հատուկ ցուցումներով[111]։ Հայտնի չէ, տարածվել է՞ այդ արգելքը կենդանի բույսերի առևտրի վրա, թե չէ, սակայն ընդհուպ մինչև 1637 թվականի գարունը պետությունը չի խառնվել այդ վաճառքին[111]։

Գինետան տեսարան։ Նկարի հեղինակ՝ Ադրիան Բրաուվեր, 1620-ական թվականներ

1634 թվականի դեկտեմբերին[112] տարեգրքերը արձանագրել են, որ տեղի է ունեցել անցում վարդակակաչի ամբողջական սոխուկների վաճառքից դեպի ասերով (հոլ.՝ aas, հոգն. թիվ՝ azen, 1 աս = մոտավորապես 0,05 գրամ[Ն 18]) վաճառքը։ Սկզբից ծաղկաբույծները կիրառում էին ասերով գնագոյուցումը, որպեսզի եկամուտ ստանային սոխուկների տարեկան աճից (հայտնի է դեպք, երբ թանկարժեք սոխուկը մեկ սեզոնի ընթացքում մեծացել է՝ 81 ասից հասնելով մինչև 416 ասի)[112]։ 1635 թվականի աշնանը սոխուկների հետ կապված գրեթե բոլոր գործարքները կատարվել են ասերով[112], իսկ հետո այդ պայմանական միավորը սկսեց իր «ինքնուրույն կյանքը»։ Հայտնվեցին «հազար ասով» գործարքներ դուստր սոխուկների համար, ինչպես նաև գործարքներ սոխուկների փայով՝ արտահայտված ասերով և ածանցյալ գործիքներով։ Երբեմն վարդակակաչային պայմանագրերը դառնում էին ըստ էության ապահովագրական գործարքներ։

1636 թվականի ամռանը առևտրի հին համակարգը, որն իրականացվում էր ծաղկաբույծների և պատկառելի սիրողականների կողմից, լրացվեց և սպեկուլյացիա կատարող նոր մասնակիցները շատացան[114] (նրան թիվը, ինչպես նշվում է «Զրույցներում», նույնպես մեծ չէր[115]): Հաառլեմում, Լեյդենում և մոտ տասը այլ քաղաքներում ստեղծվեցին «կոլեգիաներ» (հոլ.՝ collegien)՝ տեղի վարդակակաչամանների ակումբներ, որոնք ստեղծվեցին տարերայնորեն և Ամստերդամի բորսայի ծաղրապատկերումն էին[116]։ Հնարավոր է, որ առաջին կոլեգիաները գործում էին ծխական եկեղեցիների տանիքի տակ[117], իսկ հետո վարդակակաչամաններն իրենց դիրքերն ամրապնդեցին հյուրանոցներում և պանդոկներում, ինչպես նաև Հաառլեմի արվարձանների պոռնկատներում[Ն 19]: Սիրողական հարուստները կոլեգիաներում հազվադեպ էին հանդես գալիս. հիմնական անդամները տեղի աղքատ բնակչությունն էր, որոնք իբրև թե եկամտաբեր խաղի մեջ էին ուզում մտնել փորձառու սպեկուլյանտների հետ[114]։ Հազվագյուտ ու թանկ սոխուկները նրանց գրպանի համար չէր, ուստի կոլեգիաներում առևտուր էին անում հիմնականում շարքային, ոչ թանկ սորտերով (հոլ.՝ vodderij, բառացի՝ աղբ)[119]։ Հենց կոլեգիաների շուրջ էլ 1636-1637 թվականների ձմռանը ձևավորվեց ոչնչով չհիմնավորված աժիոտաժը, որը, ըստ Փիթեր Գարբերի, Մայքլ Դեշի և այլոց կարծիքի՝ իսկական «մանիա»[119] էր։

Առևտուրը տեղի անհրաժեշտություն էր պահանջում, ուստի կոլեգիաները հիմնվում էին միայն խոշոր, մարդաշատ հաստատություններում, ինչպես օրինակ՝ ամստերդամյան «Մենոնիթյան ամուսնությունը» կամ հաառլեմյան «Ոսկե խաղողահատիկը» (հոլ.՝ De Gulde Druyf)[118][Ն 20]: Կոլեգիաները հավաքվում էին շաբաթական երկու-երեք անգամ. վարդակակաչամանիայի սկզբից ամեն մի «առևտրային սեսիա» տևում էր մեկ ժամ, իսկ 1636-1637 թվականների ձմռանը կոլեգիաները տևում էին գրեթե շուրջօրյա[120]։ Կոլեգիաների բոլոր գործողություններն ուղեկցվում էին ճոխ գինարբուքներով, Մաքեյի հիշատակած «Ամբոխի ամենատարածված մոլորություններն ու խելագարությունը» ձևավորվում էին վարդակակաչամանների մշտական հարբեցողության հետևանքով[114]։ Առևտրի ընթացակարգ ծաղրանմանակում էր Ամստերդամի բորսային[121]։ Գնորդները «հավաստագրում» էին ստորագրված պայմանագրերը վաճառողների հետ խորհրդանշական՝ «գինու համար նախատեսնված» (հոլ.՝ wijnkoopsgeld, երեք գուլդենից ոչ բարձր) գումարով[121]։ Վաճառողները, որպեսզի հրապուրեին գնորդներին ակնհայտ ստրկական գործարքներին, կարող էին գնորդներին «խրախուսադրամ» վճարել՝ յուրօրինակ մի կաշառք, որը մի քանի անգամ գերազանցում էր նախնական գինը։ Շատ հաճախ էին գնորդները գործարքներ կատարում հենց այդ «պարգևավճարի» համար՝ չմտածելով հետևանքների մասին[121]։ Կոլեգիաներում ոչ ոք չէր հետաքրքրվում գնորդների վճարունակության և ապրանքները ներկայացնելու ունակության մասին. այստեղ գործում էր բաց, ոչ մեկի կողմից չվերահսկվող «օդի վաճառք»[122]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հոլանդիայի տորֆաճահիճներն օգտագործվել են անհիշելի ճամանակներից, որպես վառելիք։ Տորֆի շերտերը, որոնք ընկած էին ծովի մակարդակից բարձր, օգտագործվել են դեռևս XV դարում։ XVII դարում տորֆի հանույթը տեղի է ունեցել ծովի մակարդակից ցածր՝ չորացրած հատվածներից։ Cornelisse, C. The economy of peat and its environmental consequences in Holland during the late Middle Ages // Water Management, Communities, and Environment: The Low Countries in Comparative Perspective. — Academia Press, 2006. — P. 104—105. — ISBN 9789038209883
  2. Նիդերլանդներում, XVII դարում գոյություն չունեին պաշտոնական դասային պատնեշներ. արհեստավորը կարող էր զբաղվել վաճառականությամբ, իսկ վաճառականը դառնալ ամենահարուստ ռեգենտներից մեկը։ Բայց և՛ ռեգենտները, և՛ վաճառականները չէին սիրում ստորին դասի ներկայացուցիչներին (հոլ.՝ schijnheer), հատկապես գաղթականներին, որոնք ցանկանում էին մտնել իրենց շրջանը[22]։
  3. Այդ թվում նաև՝ նկարիչ-ձեռնարկատեր Յակոբ դը Խեյնը (II), ապագա մեծ պենսիոնար Ադրիան Պաուվը, ինչպես նաև երկրի ամենահարուստ երկու մարդկանցից մեկը՝ Գիլիելմո Բարթոլոթի վան դը Հոյվելը[24]։
  4. Լեյդենում ապրելու ողջ ընթացքում (1593-1609) Կլուզիուսը եղել է հաշմանդամ։ 1580-ական թվականներին, վիեննական արքունիքից հեռանալուց, Կլուզիուսն անհաջող կերպով ընկել է և այդպես էլ չի ապաքինվել ստացած վնասվածքից։ Լեյդեն գալու ժամանակ նա արդեն ատամնաթափ էր և տառապում էր անհայտ ծագման փորացավից[28]։
  5. Լեյդենում, հընթացս 1581-1621 թվականների, 28 հազար ներգաղթյալ հաստատվեց։ Ամստերդամի բնակչությունը 1585-1622 թվականներին մեծացավ՝ 30 հազարից հասնելով 104 հազարի։ Վարդակակաչի մոլուցքի տարիներին գաղթականները և նրանց երեխաները մեծամասնություն կազմեցին Ամստերդամի բնակիչների նկատմամբ[35]։
  6. Այդ տեսակի անվանումը (Duc), որը միավորել է նախկին մանր տեսակները, բնորոշ դեղին եզրանախշերով է։ Այդ անվանումն առաջացել է ծաղկաբույծ դուքս Ադրիան Դյուքի անունից (Adrian Duyck)[46]:
  7. Խայտաբղետության՝ վիրուսով պայմանավորված առաջացումը և փոխանցումն առաջին անգամ ապացուցվել են 1928 թվականին[50]։
  8. Ժամանակակից հասկացողությամբ վարդակակաչի խայտաբղետությունն առաջանում է մի շարք վիրուսների կողմից (ոչ պակաս, քան հինգը)[52]։
  9. Քրելագեն բերում է այդպիսի օրինակների ամբողջական ցուցակներ, որտեղ 86 սելեկցիոների անուն է նշվում[57]։
  10. «Semper Augustus» անվանումը Սրբազան Հռոմեական կայսրության Կառլոս V կայսեր տիտղոսներից մեկն էր։ Հին Հռոմի տիտղոսներից «Semper August» («Հավերժ Օգոստոս») վերստեղծվել է կարդինալ Մերկուրինո Գատինյարոյի կողմից 1519 թվականին, Կառլոս V-ի գահ բարձրանալուց. սա արվեց նրա համար, որ խուսափեն ավանդական արգելիքից, այն է՝ Հռոմի պապի կողմից մինչ թագադրումը օծելուց։ Տե՛ս Kleinschmidt, H. Charles V: The World Emperor. — The History Press, 2011. — ISBN 9780752474403:
  11. Ռեմբրանդը Սվանենբուրքի արվեստանոցում ենթավարպետ էր 1621-ից 1623 թվականներինDutch Art: An Encyclopedia / ed. S. D. Muller. — Routledge, 2013. — P. 322. — ISBN 9781135495749:
  12. Գարթրուդն իր «Զրույցներում» փաստում է, որ վարդակակաչներով «վաստակել» է վաթսուն հազար գուլդեն։
  13. Ադրիան Պաուվը եղել է երկրորդ սերնդի օլիգարխ. նրա հայրը՝ Ռենե Պաուվը հարուստ վաճառական էր, Օստ-Ինդիա ընկերության համահիմնադիրներից, Ամստերդամի խոշոր հարկատու և բուրգոմիստր։
  14. Հոլանդացիները XVII դարասկզբին հիմնականում ազգանուններ չունեին. լրիվ անունը կազմված էր ավազանի (մկրտության) անունով և հայրանունով։
  15. Տարօրինակ կերպով հոլանդացիները XVII դարում այդ զուգակցումը չեն զգացել. վարդակակաչի մոլուցքի ոչ մի վկայությունում ժանտախտի մասին չի հիշատակվել[97]։ Բացառություն է Սթեֆան Թենիսոն վան դեր Լյուսթի (1637) պամֆլետը, որտեղ ժանտախտը անվանվել է որպես վարդակակաչի մոլուցքի խելագարության պատիժ[98]։
  16. Վարդակակաչները, երբ վնասվում են արմատներից, չեն կարող ենթարկվել ռեգեներացիայի ու չեն կարող կրկին արմատակալել, քանի որ հատակի մերիսթեման աշնանային արմատակալման վրա է «ծախսվում»[104]։
  17. «Wwindhandel» (բառացի՝ «առևտուր օդով») հասկացությունը ծովային ժարգոնով նշանակել է քամիներին ընդառաջ խուսանավել[103]։
  18. Տարբեր քաղաքներում և տնտեսության տարբեր ճյուղերում ասի իրական չափը և ֆունտի համեմատ արժեքը տարբերվում էին։ Հաառլեմյան մեկ ֆունտը կազում էր 9728 աս, իսկ ամստերդամյան ֆունտը՝ 10 240 աս[113]։
  19. Բուն Հաառլեմում մարմնավաճառությունն արգելված էր։ վարդակակաչամանների հավաքատեղի նշված վայրը քաղաքի սահմաններից դուրս էր[118]։
  20. «Ոսկե խաղողահատիկը» պատկանում էր վարդակակաչամաններին երկրորդ սերնդի[118]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schama, 1988, էջեր 363—365
  2. Bilingsoy, 2014, էջ 14
  3. 3,0 3,1 Dash, 2010, էջ 59
  4. Pavord, 2014, «The honour belongs to … Gesner … who saw the first tulip in April 1559…»
  5. Christenhusz, 2013, էջ 285
  6. Pavord, 2014, «In 1562 some of those bulbs came into the port of Antwerp…»
  7. Pavord, 2014, «the fancy moved out of from court circles to embrace a wider circle…»
  8. 8,0 8,1 Thompson, 2007, էջ 113
  9. Faasse, 2008, էջ 17
  10. Dash, 2010, էջ 70
  11. Christenhusz, 2013, էջ 309
  12. Krelage, 1942, էջ 16
  13. Christenhusz, 2013, էջ 286: «An export business was built up in France, and Dutch, Flemish, German and English buyers were plentiful.»
  14. Christenhusz, 2013, էջ 286: «A craze for bulbs started in France, where, in the early 17th century, entire properties were exchanged as payment for a single tulip bulb.»
  15. Bianchi, 1999, էջ 100: «Anecdotes abound…»
  16. Pavord, 2014, «In 1608, a miller exchanged his mill for a bulb of 'Mere Breune' … a groom was over-joyed when his father-in-law gave him as a dowry…»
  17. Dash, 2010, էջ 68: «the story may be apocryphal»
  18. Segre, 2006, էջ 48
  19. Christenhusz, 2013, էջ 286: «The trade drifted slowly from the French to the Dutch…»
  20. Dash, 2010, էջեր 92—96
  21. Dash, 2010, էջ 95
  22. Goldgar, 2009, էջ 278
  23. Dash, 2010, էջ 83
  24. Dash, 2010, էջեր 71—73
  25. Dash, 2010, էջ 83—85
  26. 26,0 26,1 Dash, 2010, էջ 84
  27. Goldgar, 2009, էջ 58
  28. 28,0 28,1 Dash, 2010, էջ 49
  29. Krelage, 1942, էջ 96
  30. 30,0 30,1 Montias, 2002, էջ 70
  31. Pavord, 2014, «The center of cultivation was Haarlem…»
  32. 32,0 32,1 Dash, 2010, էջ 87
  33. Dash, 2010, էջ 67
  34. Thompson, 2007, Appendix IV
  35. 35,0 35,1 Dash, 2010, էջ 69
  36. Pavord, 2014, «Long before the Dutch cornered the market…»
  37. Dash, 2010, էջեր 69, 77
  38. Dash, 2010, էջեր 82, 83
  39. Roberts, 2010, էջ 24
  40. Dash, 2010, էջեր 82, 83, 104
  41. Goldgar, 2009, էջ 32
  42. 42,0 42,1 Montias, 2002, էջ 71
  43. Годы первого упоминания сортов приводятся по базе данных Королевского общества луковичных культур.
  44. Segre, 2006, էջ 47
  45. Segre, 2006, էջ 46
  46. Pavord, 2014, «named after Adrian Duyck of Oud Karspel…»
  47. Krelage, 1942, էջ 35
  48. 48,0 48,1 Hyde, 2005, էջեր 63
  49. Dash, 2010, էջ 63
  50. Dekker, 1993, էջ 881
  51. 51,0 51,1 51,2 Garber, 1989, էջ 542
  52. Dekker, 1993, էջ 882
  53. Pavord, 2014, «Some old tulip growers even tried cutting the bulbs…»
  54. Pavord, 2014, «It happened in 1928 when Dorothy Cayley…»
  55. Miller, 1768, «If some fine striped tulips are planted in the same bed…»
  56. Dash, 2010, էջ 91
  57. Krelage, 1942, էջեր 36—38
  58. Dash, 2010, էջ 90
  59. Dash, 2010, էջեր 79—80
  60. 60,0 60,1 Dash, 2010, էջ 80
  61. 61,0 61,1 61,2 Dash, 2010, էջ 81
  62. Garber, 1989, էջ 357: гульден 1620-х годов был условной счётной единицей с твёрдо фиксированным курсом к золоту и серебру
  63. 63,0 63,1 Dash, 2010, էջ 88
  64. Dash, 2010, էջեր 72, 73, 95, 99
  65. Goldgar, 2009, էջ 5 (цитируется английское издание начала XIX века)
  66. Goldgar, 2009, էջ 2
  67. Krelage, 1942, էջ 23
  68. Goldgar, 2009, էջեր 2,3
  69. Krelage, 1942, էջեր 8, 9
  70. Goldgar, 2009, էջեր 62—77 (вся глава Art and Flowers)
  71. Goldgar, 2009, էջեր 65—66
  72. Montias, 2002, էջ 76
  73. Krelage, 1942, էջ 32
  74. Goldgar, 2009, էջ 100
  75. Krelage, 1942, էջեր 55, 56
  76. 76,0 76,1 Goldgar, 2009, էջ 135
  77. Маккей, 1998, էջ 127
  78. Goldgar, 2009, էջեր 135, 136
  79. Goldgar, 2009, էջեր 135—147
  80. Dash, 2010, էջ 157
  81. Goldgar, 2009, էջ 147—149
  82. Goldgar, 2009, էջ 147—151
  83. 83,0 83,1 Dash, 2010, Introduction
  84. Goldgar, 2009, էջ 149—150
  85. Van der Veen, 2012, էջ 18
  86. Schama, 1988, էջ 350
  87. Dash, 2010
  88. 88,0 88,1 Dash, 2010, էջ 99
  89. French, 2009, էջ 31
  90. Roberts, 2010, էջեր 24, 34
  91. Garber, 2001, էջ 20
  92. Roberts, 2010, էջեր 40, 41
  93. 93,0 93,1 Garber, 2001, էջ 37
  94. Twitchell, 2013, «The coincidence is not happenstance…»
  95. Goldgar, 2009, էջեր 255—260
  96. De Vries, 1997, էջ 151
  97. Twitchell, 2013, «… then-contemporary descriptions of the tulip craze fail to mention the plague.»
  98. Van der Veen, 2012, էջ 7
  99. 99,0 99,1 99,2 Dash, 2010, էջ 101
  100. Krelage, 1942, էջ 41
  101. Thompson, 2007, էջ 103
  102. 102,0 102,1 Dash, 2010, էջ 105
  103. 103,0 103,1 103,2 Dash, 2010, էջ 108
  104. Бочанцева, 1962, էջ 23
  105. Day, 2004, էջ 158
  106. Dash, 2010, էջ 107
  107. Dash, 2010, էջ 108: «florists to sell tulips they could not deliver to buyers who did not have the cash to pay for them and who had no desire ever to plant them»
  108. Goldgar, 2009, էջ 284
  109. Goldgar, 2009, էջեր 280—285
  110. Day, 2004, էջ 155
  111. 111,0 111,1 111,2 Dash, 2010, էջ 110
  112. 112,0 112,1 112,2 Dash, 2010, էջ 112
  113. Garber, 2001, էջ 44
  114. 114,0 114,1 114,2 Dash, 2010, էջ 128
  115. Van der Veen, 2012, էջեր 24—25
  116. Dash, 2010, էջեր 121, 128
  117. Dash, 2010, էջ 121
  118. 118,0 118,1 118,2 Dash, 2010, էջ 122
  119. 119,0 119,1 Dash, 2010, էջ 129
  120. Dash, 2010, էջ 123
  121. 121,0 121,1 121,2 Dash, 2010, էջեր 131, 132
  122. Dash, 2010, էջեր 108, 132

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бочанцева, З. П. Тюльпаны. Морфология, цитология и биология. — Ташкент: Изд-во АН УзССР, 1962.
  • Маккей, Ч. Наиболее распространенные заблуждения и безумства толпы / перевод c англ. Д. Г. Кириченко. — Альпина, 1998. — ISBN 5896840039
  • Benschop, M. et al. The Global Flower Bulb Industry // Horticultural Reviews. — 2010. — Vol. 36. — P. 1—115.
  • Bianchi, M. In the name of the tulip. Why speculation? // Consumers and luxury. Consumer culture in Europe (1999): 1650-1850 / Berg & h. Clifford (eds.). — Manchester University Press, 1999. — ISBN 9780719052743
  • Bilingsoy, C. A History of Financial Crises: Dreams and Follies of Expectations. — Routledge, 2014. — ISBN 9781317703815
  • Christenhusz, M. et al. Tiptoe through the tulips – cultural history, molecular phylogenetics and classification of Tulipa (Liliaceae) // Botanical Journal of the Linnean Society. — 2013. — Vol. 172. — P. 280—328.
  • Dash, M. Tulipomania: The Story of the World's Most Coveted Flower and the Extraordinary Passions it Aroused. — New York: Three River Press, 2010. — ISBN 9780307560827
  • Day, C. Is There a Tulip in Your Future?: Ruminations on Tulip Mania and the Innovative Dutch Futures Markets // Journal des Economistes et des Etudes Humaines. — 2004. — Vol. 14. — № 2. — P. 151—170.
  • Dekker, E. L. et al. Characterization of potyviruses from tulip and lily which cause flower-breaking(անգլ.) // Journal of General Virology[en]. — Microbiology Society[en], 1993. — Vol. 74. — P. 881—887.
  • Faasse, P. In Splendid Isolation: A History of the Willie Commelin Scholten Phytopathology Laboratory 1894-1992. — Amsterdam University Press, 2008. — ISBN 9789069845418.
  • Forber, W. Behavioural Finance. — Wiley, 2009. — ISBN 9780470028049
  • French, D. E. Early Speculative Bubbles and Increases in the Supply of Money. — Ludwig von Mises Institute, 2009. — ISBN 9781610164559
  • French, D. E. The Dutch Monetary Environment During Tulipomania // The Quarterly Journal of Austrian Economics. — 2006. — Vol. 9. — № 1. — P. 3—14.
  • Martin Fridson Introduction: in the realm of the senseless // Extraordinary Popular Delusions and the Madness of Crowds and Confusión de Confusiones. — Wiley, 1996. — ISBN 9780471133124
  • Peter M. Garber Tulipmania // The Journal of Political Economy. — 1989. — Vol. 97. — № 3. — P. 535—560.
  • Garber, P. M. Famous First Bubbles // Journal of Economic Perspectives. — 1990. — Vol. 4. — № 2. — P. 35—54.
  • Garber, P. M. Famous First Bubbles: The Fundamentals of Early Manias. — MIT Press, 2001. — ISBN 9780262571531
  • Goldgar, A. Tulipmania. Money, Honor, and knowledge in the Dutch golden age. — University of Chicago Press, 2009. — ISBN 9780226301266
  • Hassett, K. Bubbleology: The Amazing Science of Stock Market Bubbles. — Crown Religion, 2002. — ISBN 9781400045129
  • Hyde, E. Cultivated Power: Flowers, Culture, and Politics in the Reign of Louis XIV. — 2005. — (Penn studies in landscape architecture). — ISBN 9780812238266
  • Juodkaite, R. et al. Selection and presentation of tulip (Tulipa L.) species and cultivars to the Lithuanian Plant Genetic Resources // Biologija. — 2008. — № 2. — P. 139—146.
  • Kettel, B. Economics for Financial Markets. — Butterworth-Heinemann, 2001. — ISBN 9780080494630
  • Kindleberger, C. Manias, Panics and Crashes: A History of Financial Crises, Sixth Edition. — Palgrave Macmillan, 2011. — ISBN 9780230365353
  • Krelage, E. H. Bloemenspeculatie in Nederland: De Tulpomanie van 1636-'37 en de Hyacintenhandel 1720-'36. — Amsterdam: P.N. van Kampen & Zoon, 1942.
  • Miller, P. The Gardeners Dictionary. — London, 1768.
  • John Michael Montias Art at Auction in 17th Century Amsterdam. — Amsterdam University Press, 2002. — ISBN 9789053565919
  • Neal, L. and Weidemeyer, M. Crises in the Global Economy from Tulips to Today // NBER working paper series. — 2002. — Vol. 9147 (Globalization in Historical Perspective). — P. 473—514. — ISSN 0226065987.
  • Anna Pavord The Tulip. — Bloomsbury Publishing, 2014. — ISBN 9781408859032 (электронная книга Google)
  • Petram, L. The World's First Stock Exchange. — Columbia University Press, 2014. — ISBN 9780231537322
  • Poitras, G. Commodity Risk Management: Theory and Application. — Routledge, 2013. — ISBN 9781136262609
  • Prak, M. The Dutch Republic in the Seventeenth Century: The Golden Age. — Cambridge University Press, 2005. — ISBN 9780521843522
  • Schama, S. The Embarrassment of Riches: An Interpretation of Dutch Culture in the Golden Age. — University of California Press, 1988. — ISBN 9780520061477
  • Roberts, B. Sex and Drugs Before Rock 'n' Roll: Youth Culture and Masculinity During Holland's Golden Age. — Amsterdam University Press, 2010. — ISBN 9789089644022
  • Segre, A. The Gardens at San Lorenzo in Piacenza, 1656-1665 (vol. 1). — Dumbarton Oaks, 2006. — ISBN 9780884023029
  • Spufford, M. Literacy, trade and religion in the commercial centres of Europe // A Miracle Mirrored: The Dutch Republic in European Perspective. — Cambridge University Press, 1995. — P. 229—301. — ISBN 9780521462471
  • Thompson, E. A. Tulipmania: Fact or Artifact? // Public Choice. — 2007. — Vol. 130. — № 1—2. — С. 99—114.
  • Twitchell, E. Living It Up: Our Love Affair with Luxury. — Columbia University Press, 2013. — ISBN 9780231500562
  • Van der Veen, A. M. The Dutch Tulip Mania: The Social Foundations of a Financial Bubble. — 2012.
  • Jan De Vries and van der Woude, A. The First Modern Economy: Success, Failure, and Perseverance of the Dutch Economy, 1500-1815. — Cambridge University Press, 1997. — ISBN 9780521578257

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каталог тюльпанов П. Коса (1637) из собрания библиотеки Вагенингенский университет. Единственный из примерно пятидесяти сохранившихся рукописных каталогов 1636—1637 годов, в котором зафиксированы цены на луковицы.
  • Полная оцифрованная копия чёрно-белого, не раскрашенного, Hortus Eystettensis (второе издание, 1615): на archive.org, на сайте Biodiversity Heritage Library
  • Wageningen Tulip Portal Արխիվացված 2011-04-30 Wayback Machine, an extensive collection of historical resources, including scanned images of 17th-century Dutch tulip books and pamphlets, from Wageningen UR Library
  • Charles Mackay's The Madness of Crowds is available from Project Gutenberg
  • Boissoneault, Lorraine (2017 թ․ սեպտեմբերի 18). «There Never Was a Real Tulip Fever». Smithsonian Magazine. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.