Վարդագույն շրջան (նկար, Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիկասոյի Վարդագույն շրջան, (ֆր.՝ Période rose), ներկայացնում է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կյանքի և աշխատանքի կարևոր ժամանակաշրջան, որը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից արվեստի վրա։ Այն սկսվել է 1904 թվականին, երբ Պիկասոն ապրում էր Մոնմարտրում, բոհեմական բանաստեղծների ու գրողների հետ։ Հաջորդելով Պիկասոյի Կապույտ շրջանին, որը ներկայացնում էր աղքատություն, մենակություն և բաժանում` մռայլ երանգներով` կապույտի գերակշռմամբ, Վարդագույն շրջանը ներկայացնում է ծաղրածուների, արլեկինների, դիմակահանդեսային կերպարների` օգտագործելով առավել կենսական` կարմիր, նարնջագույն, վարդագույն երանգներ։

Պիկասոյի Վարդագույն շրջանը տարածված է համարել նկարչի ոճային փորձարկումների սկիզբը պրիմիտիվիզմի հետ, որն ազդեցություն է կրել նախահռոմեական Իբերական քանդակագործությունից, Օվկիանիայի և Աֆրիկայի արվեստից։ Սրան հաջորդել է Պիկասոյի Աֆրիկյան շրջանը, որն սկսվել է 1907 թվականին՝ իր գագաթնակետին հասնելով Ավինյոնի աղջիկները կտավով, որը գլուխգործոց է համարվում[1][2][3]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն շրջանը տևել է 1904-1906 թվականներին[2]։ Պիկասոն երջանիկ էր Ֆերնանդե Օլիվիերի հետ հարաբերություններով, ում նա հանդիպել էր 1904 թվականին, և սա հնարավոր տարբերակներից մեկն է, որի պատճառով նա փոխել էր իր նկարելու ոճը։ Արլեկինները, կրկեսի խաղացողները և ծաղրածուները հաճախ էին հանդիպում Վարդագույն շրջանում և հայտնի էին դարձնում Պիկասոյի արվեստը տարբեր հարթակներում նրա երկար կարիերայի մնացած հատվածում։ Կատակերգական կերպարը` արլեկինը, որը սովորաբար հայտնվում էր շերտավոր հագուստով, դարձել է Պիկասոյի անհատական խորհրդանիշը։

Վարդագույն շրջանն առավել բնութագրվում է որպես ֆրանսիական ազդեցություն կրած, մինչդեռ Կապույտ շրջանը համարվում է առավել իսպանական, չնայած որ երկու ոճերն էլ զարգացել են այն ժամանակ, երբ Պիկասոն ապրում էր Փարիզում։ Կապույտ շրջանը սկսվել է 1901 թվականի վերջին և հաջորդել է Պիկասոյի ընկերոջ` Կարլոս Կասագեմասի մահվանը և նկարչի մեծ դեպրեսիային[4]։ Այն տևել է մինչև 1904 թվական, երբ Պիկասոյի հոգեբանական դրությունը կարգավորվել է։ Վարդագույն շրջանը կոչվել է այս շրջանում նկարչի կողմից օգտագործած չափազանց շատ վարդագույնի պատճառով։

Պիկասոյի երրորդ ամենաբարձր գնով վաճառված նկարը` Ծխամորճով տղան, նկարվել է Վարդագույն շրջանի ընթացքում։ Այս շրջանի այլ նշանակալի գործերից են «Շապիկով կինը» (1904-05), «Դերասանը» (1904-1905)[5], Երկու երիտասարդ (1905), Արլեկինի ընտանիքը (1905), Արլեկինի ընտանիքը կապիկի հետ (1905), La famille de saltimbanques (1905), Տղան շան հետ (1905), Մերկ տղան (1906), Ձիավարող տղան (1905-06) ևԱյծով աղջիկը (1906)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Voorhies, James. Pablo Picasso (1881–1973), Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art, New York, 2000
  2. 2,0 2,1 Wattenmaker, Richard J.; Distel, Anne, et al.,1993, p. 194
  3. Richardson John. A Life Of Picasso. The Prodigy, 1881–1906, Dionysos p. 475. New York: Alfred A. Knopf, 1991. 978-0-307-26666-8
  4. Solomon, Barbara Probst (1995 թ․ սեպտեմբերի 11). «Callow Young Genius». New York Magazine. էջ 83.
  5. Staff, "New York woman falls, rips Picasso painting," AP, January 25, 2010, found at Yahoo News files. Accessed January 25, 2010.