Վատ Պա Մահա Չեդի Կեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատ Պա Մահա Չեդի Կեո
թաի.՝ วัดป่ามหาเจดีย์แก้ว
Հիմնական տվյալներ
Տեսակվատ
ԵրկիրԹաիլանդ Թաիլանդ
ՏեղագրությունՍի և Սի Սա Կետ
Դավանանքբուդդայականություն
Հիմնական ամսաթվերը1986
Հիմնադրված1986
Քարտեզ
Քարտեզ
 Wat Lan Khuat, Si Sa Ket Վիքիպահեստում

Վատ Պա Մահա Չեդի Կեո (թաի.՝ วัดป่ามหาเจดีย์แก้ว, բառացիորեն՝ Մեծ ապակե պագոդայի անտառային տաճար, հայտնի է նաև որպես Վատ Լան Կուատ (թաի.՝ วัดล้านขวด), որը նշանակում է Միլիոն շշերի տաճար), բուդդայական տաճարային համալիր Թաիլանդի Սիսակետ նահանգի Խուն Հան գյուղում, Կամբոջայի հետ սահմանի մոտ։ Ամբողջ տաճարային համալիրը կառուցված է Heineken և Chang գարեջրի ավելի քան 1,5 միլիոն դատարկ շշերից։ Դատարկ շշերը սկսել են հավաքել 1984 թվականին, և 2 տարի անց տաճարի հիմնական մասն արդեն ավարտված էր[1]։ Վանականները շարունակում են ընդլայնել համալիրը։ Մինչև 2017 թվականը համալիրն ուներ գարեջրի հին շշերից կառուցված 20 շինություն[2]։ Այս պահին տաճարը գտնվում է Հարավարևելյան Ասիայի էկոլոգիապես մաքուր տեսարժան վայրերի ցանկում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրա Քրու Վիվեկ Դհարմաջանը, այն ժամանակ լինելով թափառող վանական, կանգ է առել Խուն Հան գյուղի մոտ գտնվող ամայի տարածքում, որտեղ նա սկսել է քարոզել և ուսուցանել բուդդայական ճշմարտություններ։ Վանականը որոշել է մնալ աղբով լի այդ ամայի տարածքում[4]։ Նա նաև փնտրել է տեղական թափոնների կառավարման համակարգին օգնելու միջոցներ, տեղի բնակիչներին ցույց է տվել ավելի էկոլոգիական կյանքով ապրելու ճանապարհը[5] և նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները[6]։

Փրա Քրու Վիվեկ Դհարմաջանը այլ վանականների հետ 1984 թվականին սկսել է հավաքել դատարկ ապակե շշեր և դրանցով զարդարել է խցերը[7]։ Սա գրավել է տեղացի աշխարհականներին, որոնք այցելությունների ժամանակ սկսել են վանականներին ապակե շշեր բերել։ Շուտով շշերի թիվն այնքան է մեծացել, որ հնարավոր է դարձել դրանցով տաճար կառուցել[2]։

Վանականները նաև դիմել են տեղական իշխանություններին՝ խնդրելով իրենց ուղարկել դեն նետված դատարկ շշեր, որոնց շնորհիվ, բացի բուն տաճարից, կառուցվել են նաև դիակիզարանը, աղոթասենյակներ, կենտրոնական սրահը, ջրմուղ աշտարակը, այցելուների համար նախատեսված լողասենյակներ և գետնից վեր մի քանի փոքրիկ բունգալոներ, որոնք վանականների համար ծառայում են որպես բնակելի սենյակներ[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճակի մեջտեղում գտնվող[3] գլխավոր տաճարի հիմքում բետոնե կմախք է, որի շուրջը կանգնեցված են շշե պատեր։ Վանականները հիմնականում օգտագործել են Heineken գարեջրի կանաչ շշերը և Chang-ի շագանակագույն շշերը[3]։ Բացի բուն շշերից, վանականներն օգտագործել են նաև գարեջրի հին կափարիչներ, որոնցով շարել են խճանկար[3]։

Հետաքրքիր է, որ 1960-ական թվականներին Heineken ընկերությունը մշակել է աղյուս շշերի դիզայն, որոնք հնարավոր է օգտագործել շինարարության մեջ[8]։ Վախենալով բացասական գովազդից, եթե այդ շշերից պատրաստված շենքը փլուզվեր, ընկերությունը հետագայում հրաժարվել է այդ գաղափարից[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wat Pa Maha Chedi Kaew - วัดป่ามหาเจดีย์แก้ว». www.thailande-guide.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 «Buddhist Temples Made from Recycled Glass Bottles | Buddhistdoor». www.buddhistdoor.net. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Buddhist temple built out of one million beer bottles». www.telegraph.co.uk. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  4. «'Temple of a MILLION BOTTLES'». web.archive.org. 2017 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  5. Jerryson, Michael (2016 թ․ նոյեմբերի 1). The Oxford Handbook of Contemporary Buddhism (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-062340-1.
  6. «Un million de bouteilles de bière pour bâtir un temple bouddhiste» (ֆրանսերեն). www.20minutes.fr. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. «Buddhist temple builds refuge from refuse | Reuters». web.archive.org. 2017 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  8. «The story behind the WOBO – Heineken Collection» (անգլերեն). www.heinekencollection.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «Heineken WOBO: When Beer Met Architecture». ArchDaily (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ մարտի 22. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատ Պա Մահա Չեդի Կեո» հոդվածին։