Վասիլի Գորբունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Գորբունով
Ծնվել էհուլիսի 31 (օգոստոսի 13), 1914
ԾննդավայրԼոբասկի, Լուկյանովի գավառ, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1983(1983-12-11)[1] (69 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՍարանսկ
Մասնագիտությունգրականագետ, քննադատ և ուսուցիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄորդովիայի պետական համալսարան (1937)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՄորդովիայի պետական համալսարան և Q21660753?

Վասիլի Վլադիմիրովիչ Գորբունով, հայտնի է նաև Պուրգինե կեղծանունով (էրզ.՝ Василий Владимирович Горбунов, հուլիսի 31 (օգոստոսի 13), 1914, Լոբասկի, Լուկյանովի գավառ, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1983(1983-12-11)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային էրզյան գրող, գրականագետ, քննադատ և մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1953):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականի հուլիսի 31-ին (13 օգոստոսի) Լոբասկի գյուղում (այժմ՝ Մորդովիայի Իչալկովսկի շրջան), գյուղացու ընտանիքում։ Ծագումով մորդվին է (էրզյա), հայրը՝ Վլադիմիր Յակովլևիչ Գորբունովը, եղել է կոմունիստ, Կարմիր բանակի հրամանատար, մահացել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ավագ եղբոր հետ Վասիլին գյուղում զբաղվել է ծանր ֆիզիկական աշխատանքով։ 1928 թվականին ավարտել է տարրական դպրոցը և Նիժնեգորոդսկի նահանգի Լուկոյանովսկի շրջանի Բոլշեարատսկի գյուղացիական երիտասարդության դպրոցը։ 1930 թվականին ընդունվել է Լուկոյանովսկի մորդովական մանկավարժական տեխնիկում, սակայն մեկ տարի անց թողել է այն՝ գալով հայրենի գյուղ, որտեղ կոլտնտեսության տրակտորիստների դասընթացներում դասավանդել է ռուսաց լեզու[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին ընդունվել է Սարանսկի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետի մորդովական բաժինը (հետագայում՝ Ա. Ի. Պոլեժաևի Մորդովական պետական մանկավարժական ինստիտուտ), որն ավարտել է 1937 թվականին։ 1937-1938 թվականներին դասավանդել է Սարանսկի մանկավարժական ուսումնարանում։ Ենթարկվել է պատժամիջոցների և հալածանքների, ազատ է արձակվել 1939 թվականին։ 1940-1944 թվականներին Գորբունովը դասավանդել է Ինսարի մանկավարժական ուսումնարանում, եղել է ուսմասվար, տնօրեն, Ինսարի ժողկրթբաժվար։ Դասավանդել է ռուսերեն և մորդավերեն լեզուներ և գրականություն՝ ձեռք բերելով փորձառու մեթոդիստի հեղինակություն։ 1943 թվականից եղել է ՀամԿ(բ)Կ անդամ։ Նախապատերազմական տարիներին հրատարակել է իր սելկորովյան նոթերը, ինչպես նաև իր բանաստեղծություններն ու պատմվածքները տպագրել է մորդովական պարբերական մամուլում[3]։

Կուսակցական և մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Գորբունովն ընտրվել է ՀԼԿԵՄ Մորդովիայի մարզկոմի քարտուղար, մեկ տարի անց գործուղվել ՀամԿ(բ)Կ Մորդովիայի մարզկոմի ապարատ, որտեղ աշխատել է քարտուղար և առաջին քարտուղարի օգնական։ Չնայած կուսակցական գործերով զբաղվածությանը, Գորբունովը բազմիցս ելույթներ է ունեցել ուսուցիչների առջև և հանդիպել մորդովացի գրողների հետ։ 1945 թվականին ընդունվել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմին կից Բարձրագույն կուսակցական դպրոց, որի վերակազմավորումից հետո դարձել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտ, որտեղ սովորել է 1946-1950 թվականներին։ 1949 թվականին հաջողությամբ պաշտպանել է «Ն. Գ. Չերնիշևսկու պայքարը ռուսական գրականության իրատեսական զարգացմանուղղության համար» թեմայով դիսերտացիա և զբաղվել մորդովական գրականության գրական քննադատական գործունեությամբ։ 1950-1959 թվականներին եղել է Մորդովական ԻԽՍՀ Նախարարների Խորհրդին կից Լեզվի, գրականության, պատմության և էկոնոմիկայի գիտա-հետազոտական ինստիտուտի տնօրեն, մարզային կուսակցական դպրոցի գրականության ամբիոնի վարիչ և «Изнямо» («Հաղթանակ») գրական-գեղարվեստական ալմանախի խմբագիր։ Նա մեծ ուշադրություն է դարձրել գիտության թեկնածուների և դոկտորների պատրաստման աշխատանքներին, որոնք համալրում էին հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների շարքերը և իրենց էական ներդրումն էին ունենում Մորդովական ԻԽՍՀ էկոնոմիկայի, մշակույթի և ժողովրդական կրթության զարգացման բնագավառում։ ԳՀԻ-ի կոլեկտիվը լույս էր ընծայում լեզվի և գրականության, պատմության և էկոնոմիկայի, ազգագրության և հնագիտության գծով գրքեր՝ ամրապնդելով կապերը Մոսկվայի և Պովոլժիեի ինքնավար հանրապետությունների գիտնականների հետ։

1958-1972 թվականներին աշխատել է Մորդովական պետական համալսարանում՝ որպես ավագ դասախոս և դոցենտ, դասավանդել է մորդովական գրականության պատմա-գրականագիտական դասընթաց և հայրենի գրականության դասավանդման մեթոդներ, ինչպես նաև կազմակերպել է հատուկ դասընթացներ սոցիալիստական ռեալիզմի և ռուսական գրականության պատմության քննադատության վերաբերյալ։ Այդ ժամանակ բանասիրական առարկաների դասընթացները հիմնականում վարում էին Գորբունովի գործընկերները` Մ. Մ. Բախտինը, Ի. Դ. Վորոնինը, Ա. Ի. Մասկաևը, Ն. Ֆ. Ցիգանովը, Ն. Ի. Չերապկինը։ Բացի այդ Գորբունովը մամուլում հանդես էր գալիս քննադատական հոդվածներով, ելույթներ էր ունենում գրողների միության համագումարներում, քննարկում էր «Сятко» («Իսկրա») ամսագրի խմբագրական պորտֆելի նյութերը և հաճախակի զրույցներ էր ունենում դրամատիկական թատրոնի արտիստների հետ, ազգային ներկայացումների բեմականացման հետ կապված։ 1972-1983 թվականներին Գորբունովը եղել է ՌՍՖՍՀ Կրթության նախարարության ԳՀԻ ազգային դպրոցների մայրենի լեզվի և գրականության բաժնի վարիչը, որտեղ առաջին անգամ ազգային դպրոցների զարգացման պատմության մեջ կազմակերպեց գիտական կոլեկտիվ, որը զբաղվում էր ՌՍՖՍՀ ինքնավար հանրապետություններում և մարզերում հայրենի գրականության պրոբլեմների ուսումնասիրություններով։ 70-ական թվականների կեսերին Գորբունովը մշակել է նոր գիտական դպրոցի հայեցակարգային դրույթները և դրանց իրականացման ուղիները։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գիտնական՝ Գորբունովը հրապարակել է մորդովական գրականության և գրաքննադատության թեմաների վերաբերյալ 100-ից ավելի աշխատանքներ (1940-ական թվականներից) և շուրջ 30 աշխատանքներ ազգային դպրոցներում բանասիրական առարկաների դասավանդման մեթոդների վերաբերյալ (1970-1980-ական թվականներ)։ Առաջատար հոդվածներից են` «Մորդովական գրականության զարգացման ուղիները» (1949), «Մորդովական սոցիալիստական պոեզիայի ձևավորման հարցերի մասին» (1953), «Վերածնված ժողովրդի գրականությունը» (1957), «Մորդովական ժողովրդական երգեր» (1957), «Զարգացման ճանապարհին» (1960) և այլն։ Նրա աշխատանքներում մշակվել է մորդովական գրականության զարգացման հայեցակարգը, որպես ԽՍՀՄ ժողովուրդների գրական և հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մաս։ 1963 թվականին գրված «Կյանքի ձայնը» աշխատանքում Գորբունովը գնահատական է տվել մորդովացի այնպիսի գրողների ստեղծագործություններին, ինչպիսիք են Ա. Էկսինը, Պ. Տորոպկինը, Մ. Տրոշկինը, Ի. Շումիլկինը, Ա. Տյապեվը, Ի. Կալինկինը, Ս. Կինյակինը, ինչպես նաև կազմել է մորդովիայի գրողների գրական դիմանկարները։ 1967 թվականին հրապարակել է «Մորդովական գրականությունը հիսուն տարեկան է» աշխատությունը, որտեղ պատմում է Մորդովիայի գրական գործընթացների, մորդովական պոեզիայի, արձակի և դրամատուրգիայի հաջողությունների մասին։ Վ. Վ. Գորբունովը զբաղվում է ազգային դպրոցներում մայրենի լեզվի ուսուցման հարցերով և իր տեսակետն արտահայտել է «Մայրենի և ռուսաց լեզուների ուսուցման գիտա-մեթոդական խնդիրները բիլինգվիզմի զարգացման պայմաններում» և «ՌՍՖՍՀ ազգային մանկապարտեզներում բանավոր մայրենի լեզվի և գրաճանաչության ուսուցման մասին» հոդվածներում։ Նա շարունակում էր զբաղվել գրաքննադատությամբ, ղեկավարելով մայրենի գրականության ուսումնասիրության հարցերով գիտա-մեթոդական դպրոցը, հոդվածներ էր հրապարակում Ն. Գ. Չերնիշևսկու, Ա. Ն. Տոլստոյի և մյուս գրողների ստեղծագործությունների վերաբերյալ, մորդովական գրականության վերաբերյալ նյութեր «Սյատկո» և «Մոկշա» ամսագրերի էջերում, գիրք գրեց հայտնի երգչուհի Ի. Մ. Յակուշևի մասին և ելույթներ է ունեցել հեռուստատեսությամբ։ Որպես գիտական ղեկավար՝ պատրաստել է բանասիրական և մանկավարժական գիտությունների շուրջ 20 թեկնածուներ ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներից։

Ուսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորբունովը համարվում է հանրակրթական դպրոցների և բուհերի առաջին ձեռնարկների և քրեստոմատիաների կազմողը։ 1950 թվականին Ն. Պ. Դրուժինինի հետ համատեղ նա կազմել է ազգային դպրոցի 8-10-րդ դասարանների մորդովական գրականության ծրագրերը 1952 թվականին լույս է տեսնում «Մորդովական խորհրդային գրականության» առաջին ուսումնական ձեռնարկը հատուկ ազգային դպրոցի 8-10-րդ դասարանների համար, իսկ մեկ տարի անց լույս է տեսնում գրականության քրեստոմատիան, որը կազմվել էր Մ. Տալաբաևի և Վ. Բեզզուբովի համահեղինակությամբ։ 1956 թվականին Գորբունովը հրատարակում է «Մորդովական խորհրդային գրականության պատմության ակնարկները», իսկ 1973 թվականին լույս է ընծայում մորդովական սոցիալիստական պոեզիայի մասին «Պոեզիան ժողովրդի ոգին է» մենագրությունը։

Գորբունովը հիմնել է երկու փուլով գրականության ուսումնասիրության գաղափարը, առաջին փուլում նախատեսվում է գրական ընթերցանություն նվազագույն տեսական գրական հասկացությունների յուրացմամբ, (4-րդից մինչև 6-րդ դասարաններ), իսկ երկրորդը` գրականության պատմության ուսումնասիրությունը (7-րդից մինչև 10-րդ դասարաններ), և այդ սկզբունքը շարունակել է գործել հետագայում։ Հայրենի գրականության ուսումնասիրության սկզբունքների առավել լրիվ և բազմակողմանի հիմնավորումները տեղ են գտել Գորբունովի կողմից 1982 թվականին հրատարակված «Հայրենի գրականության ուսումնասիրությունը ՌՍՖՍՀ ազգային դպրոցներում» ուսումնական ձեռնարկում։ Գորբունովը համարվում է նաև «Մորդովական գրականության պատմություն» եռահատորյակի (1968, 1971, 1974) և մորդովական գրականության բազմաթիվ դասագրքերի համահեղինակ։

Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ Գորբունովը թողել է իր հետքը, որպես մի շարք դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ, որոնց թվում առանձնանում են «Эрямонь юрсто» («Կենսական հիմքով», 1966), «Кадалиця» («Սնածաղիկ», 1968), «Валскесь кирвайсь» («Օրվա սկիզբը») և մի շարք այլ պիեսներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կ. Դ. Ուշինսկու մեդալով, «Ժողովրդական կրթության գերազանցիկ» նշանով, Մորդովական ԻԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության, ՌՍՖՍՀ Կրթության նախարարության և ՀԼԿԵՄ Կենտկոմի մի շարք պատվոգրերով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1983 թվականի դեկտեմբերի 11-ին Մոսկվայում, թաղված է Սարանսկում։ Գորբունովի մահից հետո հրատարակվել են նրա երկու գրքեր՝ «Խոստովանություն» (1984) մորդովական գրականության զարգացման ժամանակակից գործընթացների ուսումնասիրության մասին և («Երգչի երիտասարդությունը»՝ («Морыцянть од поразо» 1988), Ի. Մ. Յաուշևի կենսագրական գաղափարախոսությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Василий Владимирович Горбунов». www.detskiysad.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  3. «Василий Владимирович Горбунов».(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Просветители и педагоги мордовского края / Сост.: М. Т. Бибин, Е. Г. Осовский. - Саранск: Мордов. кн. изд-во, 1986.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]