Jump to content

Վանի թագավորության արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանի թագավորության արվեստ ձևավորվել և զարգացել է բրոնզի դարաշրջանում։

Նյութական մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումներից հայտնաբերված ուրարտական շրջանի նյութերը ներառում են գործիքներ, զենքեր, սպասք, ծիսական իրեր, զարդեր և խեցանոթներ։ Այդ նյութերը ցույց են տալիս ոչ միայն դրանց կիրառության ձևերն ու բնագավառները, այլև՝ տարբեր արհեստների զարգացման բարձր մակարդակը։

Քարտեզ

Գործիքները պատրաստված են երկաթից, բրոնզից, քարից։ Գտնվել են երկաթից պատրաստված խոփ, ուրագ, բահ, սղոց, տարբեր չափերի մանգաղներ, որոնց մի մասի ավելի քան խոշոր չափերը մատնանշում են վերջիններիս իբրև գերանդի գործածված լինելը։ Մանգաղաձև, կեռացած շեղք ունեն նաև դանակները։ Հայտնաբերվել են նաև երկաթյա երկժանիներ և եռաժանիներ,գութանի խոփ։ Այդ գործիքները ցույց են տալիս հողամշակության, բերքի հավաքման եղանակները, իսկ քարից պատրաստված աղորիքների և սանդերի հայտնաբերումը յուրաքանչյուր բնակավայրում, կացարաններում, ցույց է տալիս, որ ձավարը սննդամթերքի հիմնական տեսակներից է եղել։ Հայտնաբերվել են հարթ տապարիկներ, քերիչներ, ասեղներ, ծանրոց–կախիչներ, իլիկների գլուխներ, թելերի կծիկներ, ջուլհակությանն առնչվող այլ գործիքներ[1]։

Զենքեր և պաշտպանական միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտածոների հաջորդ խումբն են զենքերն ու պաշտպանության միջոցները։ Նյութերի այս խմբին են պատկանում երկսայր սրերն ու դաշույնները, դրանց մի մասի դաստակը շրջանակավոր տեսք ունի։ Սովորական զենքերից էին՝ նետասլաքները (հիմքում՝ խնձորակաձև ուռուցիկությամբ), ճիզակները և կապարճները՝ զարդարված երկրաչափական նախշերով։ Պեղումներից հայտնաբերվել են բրոնզյա սաղավարտներ ու վահաններ։

Վանի թագավորության շրջանի վահան

Շրջանաձև վահանները զարդարված են ցուլերի և առյուծների պատկերներով, իսկ սաղավարտները՝ վիշապներով։ Պաշտպանական այլ միջոցների շարքում են բրոնզյա դիմակալները, ուղղանկյունաձև և շրջանաձև վահանակները, որոնք նաև ձիերի գլխի պաշտպանական մասեր էին[1]:

Զարդերի հարստությամբ ու բովանդակությամբ են առանձնանում բրոնզե լայն թիթեղներից պատրաստված գոտիները։ Դրանց մի մասը ծիսական բնույթ է ունեցել։ Վերջիններիս վրա պատկերված են երևակաական կենդանիներ ու դրանց վրա կանգնած սպառազեն աստվածություններ, բուսական և երկրաչափական բնույթի զարդեր, թռչուններ, առյուծներ, ցուլեր։ Վարպետները մանրարուքը և ընդելուզումը լայնորեն օգտագործել են զարդերի ստեղծման ընթացքում։ Հատկապես առանձնանում են մարդակերպ և կենդանակերպ արձանիկները, որոնք պատրաստվել են մոմե նախօրինակի տեխնիկայով՝ ապահովելով նուրբ ու ճշգրիտ դետալները։ Նույն տեխնիկան օգտագործվել է նաև գահավորակների, գահերի զարդարուն մասերի և բրոնզե ու երկաթյա աշտանակների պատրաստման համար[1]։

Բրոնզից և արծաթից պատրաստված սպասքը ներառում է կիսագնդաձև թասեր, որոնց վրա պատկերված են մեկ ոտքը ծալած ցուլեր։ Առանձին խումբ են կազմում զարդարուն կամ անզարդ դույլերը, որոնց ամրացման համար օգտագործվել են բրոնզյա թիթեղներ՝ կնոջ դեմք և թռչնի թևեր ունեցող արարածի պատկերով։ Նման հավելազարդեր կիրառվել են նաև ծիսական արարողությունների ժամանակ օգտագործված բրոնզյա կաթսայի վրա։ Սպասքի առարկաների շարքում կարևոր տեղ ունեն սափորները, որոնց պատրաստման համար կիրառվել են կռման, ձուլման, փորագրման, դրոշմելու և այլ տեխնիկաներ։ Արվեստի կատարյալ նմուշներ հանդիսացող այս և այլ իրերի մի զգալի մասը արտադրվել է թագավորական արհեստանոցներում։ Սեփական արհեստանոցներ են ունեցել նաև տաճարները։ Մուսասիրի տաճարում, օրինակ, եղած բրոնզե իրերի և ձուլուկների ընդհանուր կշիռը 114 տոն է կազմել[1]։

Պեղումներից հայտնաբերված խեցանոթները բաժանվում են երեք հիմնական խմբի՝ պահեստավորման, սպասքի և կերակուր պատրաստելու համար նախատեսված։ Պահեստավորման խեցանոթների մեջ էին մտնում մեծ տարողությամբ կարասները, սիգարաձև խոշոր անոթները, տաշտակաձև ամանները, խնոցիները։ Խոշոր անոթներն օգտագործվել են գարեջուր պատրաստելու համար, իսկ կարասները՝ գինու, ձեթի և այլ հեղուկների պահպանման։ Կարասները հաճախ զարդարված են եղել դրոշմազարդերով, փորագրություններով (ձի, ռազմակառք, բուսանախշեր) և կավածեփ քանդակներով (ցուլ, առյուծ)[2]։ Սպասքի մեջ է մտնում խեցեղենի այս խումբը,որը ներառում է անկանթ և միականթ սափորներ, որոնց հիմնական գույնը մուգ բալագույն, կարմրադարչնագույն կամ դեղնակարմրավուն է։ Կերակուր պատրաստելու ամանների խմբին են պատկանում քրեղանները, թասերը, կճուճները, որոնց մի մասը կիսագնդաձև է, մյուս մասը՝ վերին հատվածում գոգավորված։ Պեղումներից հայտնաբերված այս խեցանոթներն իրենց ձևերով և ֆունկցիաներով շարունակել են օգտագործվել նաև վաղ հայկական դարաշրջանում։ևերի բազմազանությամբ և պատրաստման նրբությամբ են ա-ռանձնանում ծիսական խեցանոթները։ Դրանց թվում են բազմափող կեռնոսները, որոնք օգտագործվել են կրակով և սրբազան հեղուկով ծիսական արարողություններ կատարելու ժամանակ[1]

Պաշտամունք և հավատալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորության պաշտամունքի և հավատալիքների մասին արժեքավոր տեղեկություններ են տալիս սեպագիր արձանագրությունները, հատկապես «Մհերի դռան» տեքստերը։ «Մհերի դռան» արձանագրությունը թվարկում է թագավորության և նրա ենթակա երկրների գլխավոր աստվածությունները, ինչպես նաև զոհաբերված անասունների տեսակներն ու քանակը։ Վանի դիցարանը բաղկացած էր 70 աստվածությունից, որոնք բաժանված էին վեց խմբի՝ երեք արական և երեք իգական։ Բացի այդ, կար 28 սրբություն, կապված Խալդիի և այլ գլխավոր աստվածությունների հետ։ Խալդին Վանի գերագույն աստվածն էր, որի պաշտամունքի կենտրոնը Մուսասիրում էր։ Նա համարվում էր թագավորական տան հովանավոր և պատկերվում էր առյուծի վրա կանգնած, նետ-աղեղով զինված, հաճախ՝ արծվի ուղեկցությամբ։ Խալդիին զոհաբերվում էին ամենաշատ կենդանիները՝ 6 ուլ, 17 ցուլ, 34 խոյ։ Զոհաբերությունների համակարգում արական աստվածներին մատուցվում էին արու անասուններ, իսկ իգական աստվածուհիներին՝ էգ անասուններ։ Խալդին բացառության կարգով ստանում էր նաև ուլեր։ Նրա կնոջ՝ Արուբանիի պաշտամունքի կենտրոնը նույնպես Մուսասիրում էր, և նրան զոհաբերվել են ընդամենը 1 կով և 1 ոչխար։ Արուբանին համարվում էր պտղաբերության, արհեստների և արվեստների հովանավոր աստվածուհի և պատկերվում էր թե՛ երիտասարդ, թե՛ հասուն կնոջ կերպարով։ Մուսասիրում պաշտվող Արուբանի (Բագմաշտու) աստվածուհին պատկերվել է ինչպես Խալդիի հետ, այնպես էլ առանձին՝ ձեռքին դրոշ և ճյուղ, այծի եղջյուրներ բռնած։ Թեյշեբան, ամպրոպի, փոթորիկի ու պատերազմի աստվածը, պատկերվել է ցլի վրա կանգնած, զինված կացնով և գուրզով։ Խուբայի պատկերը հայտնաբերվել է Հայկաբերդում։ Շիվինին, արևի աստվածը, պատկերվել է ձիու վրա կանգնած, ուղեկցվելով ձկան ու արծվի նման երևակայական արարածով։ Վերջինս պատկերվել է կանացի գլխով ու թռչնի մարմնով էակի տեսքով։ Տաճարներում կատարվել են թագադրման, զոհաբերության և մարզական ծեսեր։ Թագադրությունը կատարվել է Խալդիի տաճարում, որտեղ նոր թագավորը զոհաբերել է եզներ ու անհաշիվ ոչխարներ, ստանալով թագ ու գայիսոն։ Ասորական աղբյուրները վկայում են, որ այս արարողությունից հետո թագավորը կազմակերպում էր համայն քաղաքի համար խնջույք։ Թագավորների հուղարկավորության ծեսերը հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ եղել են ինքնազոհաբերություններ, մարդկային զոհաբերություններ և զորքերի մասնակցություն։ Վանի ժայռափոր սենյակները, ըստ ուսումնասիրողների, արքայական դամբարաններ էին։ Թաղումները կատարվել են ինչպես ժայռափոր խորշերում, այնպես էլ սարկոֆագներում, գործածվել են դիակիզում և դիամասնատում։ Վանի թագավորության պաշտամունքային ու ծիսական ավանդույթները մեծ ազդեցություն են ունեցել հետագա հայկական պետությունների մշակույթի վրա[1]։

Ուրարտական տաճարները Հայաստանի սկզբնական այն հաստատություններն էին, որոնցում հավաքվել են արվեստի հնագոլյն կոթողները։ Առաջին տեղեկությունն ուրարտական տաճարների մասին վերաբերում են VIII դ. մ.թ.ա., որ հաստատվում են հնագույն էրեբունի ամրոցի պեղումներով, առավել ուշ ժամանակինը՝ Թեյշեբաինի քաղաքից է (VII դ. մ.թ.ա.), իսկ գրավոր հնագույն տեղեկությունը պատկանում է մ.թ.ա. 714 թ.։ Այդ թվականին ասորեստանյան թագավոր Սարգոնը մեծ զորաբանակով հարձակվում է Նաիրի երկրի վրա և հաղթանակով վերադարձի ճանապարհին, ավարառության նպատակով, հարձակվում է ուրարտական Մուսասիր քաղաքի վրա։ Այժմ Լուվրի թանգարանում պահվող սեպագիր կավե տախտակի վրա Ասորեստանի թագավոր Սարգոնը գրել է, որ մուսասիրցիք "իմ առաջ չորեքթաթ էին ման գալիս, լալիս էին ու աղաչում, որ խնայեմ նրանց կյանքը»։ Ապա շարունակում է, որ պետական գանձատները կողոպտելուց հետո իր մոտիկ և վստահելի մարդկանց ուղարկել է Խալդ աստծու տաճարը, որտեղ շատ ավելի թանկարժեք և բարձրարվեստ առարկաներ են եղել, քան պետական գանձատան մեջ։ Սարգոնն այդ տաճարում ձեռք է բերել մեծ քանակությամբ ոսկի (կոնկրետ թվերը չեն պահպանվել), 162 տաղանդ 20 մին արծաթ (մոտ կես տոննա), մեծ քանակությամբ պղինձ և այլն։ Այնտեղ եղել են ուրարտական թագավորների բրոնզե մեծ արձաններ, որոնց թվում Մուսասիրի իշխանի արձանը, ինչպես նաև ցուլերի, կովերի, առյուծների բազմաթիվ արձանիկներ։ Սարգոնը հրամայել է այդ «անթիվ ու անհամար» հարստությունները տանել Ասորեստան, իսկ Մուսասիրի բնակիչներին դնել ծանր հարկերի տակ։ Պեղումների ժամանակ Դուր-Շարուկին քաղաքում (այժմյան Խորսապատի տեղում, Իրաք) գտնված պղնձե քանդակներում պատկերված է Մուսասիրի տաճարի կողոպուտը, որ Համապատասխանում է Լուվրի սեպագիր տախտակի նկարագրությանը։ Քանդակավանդակի կենտրոնում տաճարն է, ձախ վերին անկյունում նստած է ասորեստանյան պաշտոնյան, որ հետևում է տաճարից դուրս բերվող առարկաների հաշվառմանը։ Նրա առջև կանգնած երկու գրագիրներից մեկը ավարի ենթարկված առարկաների թիվն ու քաշը սեպագրում է կավե տախտակի վրա, իսկ մյուսը՝ նույնը կատարում է պապիրուսի վրա՝ արամերեն գրերով։ Պեղումներիների ժամանակ և պատահականորեն գտնված արվեստի առարկաները ցույց են տալիս, որ ուրարտացիք ունեցել են բարձր և ժամանակի համար համաշխարհային արժեք ներկայացնող արվեստ։ Վանի Դարաբեյ գյուղում գտնվել է Ուրարտուի գեղեցկության և պտղաբերության աստծո բրոնզե արձանիկը, Կարմիր բլուրում՝ ռազմի աստծու արձանիկը, էրեբունիում՝ Խալդ աստծո որմնանկարը (նա պատկերված է առյուծի վրա կանգնած)։ Արվեստի սքանչելի գործեր են ուրարտական հնավայրերում գտնված բրոնզե արքայական սաղավարտները, հսկայական դրվագված բոլորշի վահանները, ձիու, առյուծի, ցլի արձանիկները, ոսկե զարդերը և այլն։ Ագաթանգեղոսը (V դ.) իր պատմության բազմաթիվ էջերում խոսում է Հայաստանի հեթանոսական մեհյանների մասին, որոնք ունեցել են ոսկեձույլ արձաններ և շատ այլ առարկաներ։ Քրիստոնեռւթյուն տարածող Գրիգորը Հայոց Տրդատ թագա­վո­րի մասնակցությամբ շրջել է ամբողջ Հայաս­տա­նը, քանդել մեհյանները, արձանները ջարդել և թանկարժեք առարկաներն իր հետ տարել։ Այդ է պատճառը, որ այսօր Հայաստանի անտիկ քաղաքների պեղումների ժամանակ (Գառնի, Արտաշատ) գտնվում են Անահիտ աստվածուհու պաշտամունքին նվիրված մարմարե սքանչելի արձաններ, որոնց գլուխները, թևերը ջարդել և գցել են հողի մեջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի հնագիտություն, (Հին քարի դարից մինչև Վանի թագավորության անկումը), Ուսումնական ձեռնարկ,Եր.,«Ասողիկ» հրատ, 2009 թ., էջ` 242։
  • Б. Б. Пиотровский,Искусство России Филологический факультет СПбГУ Санкт-Петербург,2011,ст 656.
  • Հայկական ճարտարապետության պատմություն,Հ 1,ՀՀ ԳԱԱ "Գիտություն" հրատ,Երևան,1996, էջ` 298։
  • Կ.Ղաֆադաևյան, Հայաստանի թաանգարանների պատմությունից,էջ՝ 21
  • Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,քննական բնագիրը Գ․ Տեր-Մկրտչյանի և Ս․Կանայանցի,Եր, Երևանի համալս, 1983, Էջ 399-400։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Խնկիկյան, Օ․ (2009). Հայաստանի հնագիտությունը, ուսումնական ձեռնարկ. Երևան. էջեր էջ` 223-232.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Ուսումնական ձեռնարկ (2009 թ.). Հայաստանի հնագիտություն, (Հին քարի դարից մինչև Վանի թագավորության անկումը). Երևան: Աստղիկ. էջեր էջ` 242.