Վանակն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանակն
Cristal de roca Soria.jpg
Վանակնի բնական բյուրեղ
Ընդհանուր
Կատեգորիամիներալներ
Բանաձև
(կրկնվող միավորը)
SiO2
Նույնականացում
Գույնանգույն
Թափանցիկությունթափանցիկ

Վանակն, բյուրեղային կուտակում, որն առաջանում է բարձր լեռներում։ Նրա գունավոր տեսակները հնում համարվել են մոգական ազդեցություն ունեցող։ Նրա բյուրեղներն այնքան մաքուր են ու թափանցիկ, որ փայլում են ալմաստի պես։ Վանակնի բյուրեղներ արդյունահանում են Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Մադագասկար կղզում, Մոնղոլիայում և մի քանի այլ երկրներում։ Վերջին ժամանակներում խոշոր բյուրեղներ են գտնվել Բրազիլիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույն գիտնական Թիրթամը, որ գիտական աշխարհում առավել հայտնի է Թեոֆրաստ անունով, իր «Քարերի մասին» տրակտատում հաղորդում է, թե լեռնաբյուրեղը «գերսառեցված սառույցն» է, որը մեկընդմիշտ կորցրել է հալչելու ընդունակությունը։ Այս քարի հարստությամբ հայտնի էին ֆրանսիական և շվեյցարական Ալպերը (Շվեյցարիայի Բրիզ քաղաքում ամեն տարի տոնվում է «լեռնային բյուրեղի որոնողների» օրը)։

Միջնադարյան հայերը լեռնային բյուրեղն անվանել են վանակն, որը նշանակում է Վանի քար։ Ըստ երևույթին, նրա առավել հայտնի արդյունահանման վայրը գտնվել է Վանա լճի շրջակայքում։ Ինչպես Բիրունին է հաղորդում, Հայաստանում լեռնաբյուրեղ (բելլոր) արդյունահանում էին Բիթլիսում։ Նրանից պատրաստում էին բազմապիսի զարդեր, բազմատեսակ անոթներ, կնիքներ, պաշտամունքի առարկաներ և այլն։

Հայաստանում վանակնի գոյության մասին վկայել է արաբ պատմաբան Բեն Մանսուրը․ « Բելլոր կա Հնդկաստանում, Թուրքեստանում, Եվրոպայում, Արաբիայում, Չինաստանում, Հայաստանում, Մագրիբի (Մավրիտանիայում) սահմաններում»։ Վանակնի երակներ սովորաբար հանդիպում են այն տեղերում, որտեղ տեղի են ունեցել խորքային լուծույթներով կայծքարահողի ուժգին ներմուծումներ։ Համեմատաբար խոշոր երակների երկարությունը տատանվում է մի քանի մետրից մինչև երկու հարյուր մետրի։ Վանակնի բյուրեղների մեծությունը սովորաբար 10 սմ-ից պակաս է լինում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանակնի բյուրեղներն այնքան մաքուր ու թափանցիկ են, որ փայլում են ալմաստի պես։ Այս հատկության համար երբեմն նրան ալմաստ են անվանում՝ Բրիանսոնյան ալմաստ, Այլասկայի ալմաստ, Հռենոսյան ալմաստ և այլն։ Վանակնի համեմատաբար բյուրեղներ (մինչև 10-15 սմ) հանդիպում են քվածքային երակների փքվածքներում։ Լեռնային ապարներում բյուրեղների կուտակումներն անվանում են գրպան, մառան։ Այդպիսի մառաններից մեկում, որ հայտնաբերվել է շվեյցարական Ալպերում 1719 թվականին, արդյունահանվել է քսան տոննայից ավել վանակն, իսկ առանձին բյուրեղների կշիռը հասնում է 100-130 կիլոգրամի։ Մյուս ալպիական մառաններում և բներում առավել խոշոր բյուրեղների քաշն անցնում է մեկ տոննայից, իսկ նրանց երկարությունը հասնում է երկու մետրի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսում մինչդինաստիական ժամանակներից օգտագործվել են լեռնաբյուրեղից պատրաստված առարկաներ, որոնք մեծ մասամբ եղել են սկահակներ։ Պահպանվել է Թութանհամոնի դամբարանի երկաթյա դաշույնի երախակալը՝ զարդարված վանակնով։ Հայաստանում գտնվել են ոչ միայն անգույն (ջրաթափանց), այլև վանակնի բազմաթիվ գունավոր տեսակներ՝ ծխագույն , կանաչ (պրազեմ), մանուշակագույն (մեղեսիկ), դեղին (ցիտիրին), ինչպես նաև կաթնասպիտակ, վարդագույն, մոխրագույն և այլն։

Բուժիչ հատկություններ և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանակնը և նրա գունավոր տեսակները հնում մոգական նշանակություն են ունեցել և պահպանող քարեր են համարվել։ Ընդունված է այն կարծիքը, թե դրանք դարմանում են սրտի, ստամոքսի, աչքերի, բորբոքված գեղձերի հիվանդությունները։ Արիստոտելն ասել է․ «Ով վանակնի գավաթով ջուր խմի, նա չի տառապի ատամնացավից և ջրգողությունից»։

Հնում վանակնը համարվում էր գերբնական էներգիայի գաղտնարան։ Նա մեխանիկական ազդեցության տակ կարող է ստեղծել էլեկտրական լիցք։ Վանակնի խոշոր բյուրեղներն օգտագործվում էին օպտիկայի մեջ, նրանից պատրաստում էին խոշորացույցներ, ակնոցներ, հեռադիտակների և մանրադիտակների ոսպնյակներ։ Խովաներն ու այլ ցեղեր այս միներալի խոշոր բյուրեղները դնում էին իբրև շիրմաքար կամ մահացածի հիշատակին կանգնեցված սյուն։ Շիրիմներին այցելելիս նրանք վանակնի կտորներ էին բերում՝ որպես հիշատակի ընծաներ[1]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վալերի Սեյրանյան, Հայաստանի գունաքարերը, Երևան, 2007