Վաղինակ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղինակ Խաչատրյան
Ծնվել է1915
ԾննդավայրՅաղդան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Պարգևներ

Վաղինակ Ավետիսի Խաչատրյան (1915, Յաղդան, Հայաստան), հայ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու (1961), դոցենտ (1964), Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ (1968)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնվել է 1915 թվականին Ստեփանավանի շրջանի Յաղդան գյուղում։ Ավարտել է Թբիլիսիի մանկավարժական տեխնիկումը և երկու տարի զբաղվել ուսուցչությամբ։ 1935 թվականին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ և ավարտել 1940 թվականին։ Աշխատանքի է գործուղվել Շամշադինի շրջան, որտեղ աշխատել է մեկ տարի։ 1941 թվականի հունիսի 29-ին զորակոչվել է բանակ և նշանակվեկ Երևանում կազմավորված հատուկ ճանապարհաշինական գումարտակի սանիտարական մասի պետ։ Այդ գումարտակը կամուրջներ ու խճուղի է կառուցել Երևանից Լենինական, կամուրջներ Հրազդան գետի վրա, Աշտարակում, Թալինում, Աղնիում։ Խաչատրյանը ձմռանը հիվանդանում է թոքաբորբով, ապաքինվելուց հետո նշանակվում է № 1418 էվակուհոսպիտալի օրդինատոր։ Այստեղ էլ վարակվում է բծավոր տիֆով, երկար ժամանակ բուժվում, որից հետո ազատվում է զինվորական ծառայությունից, նշանակվում Ալավերդու քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Այս պաշտոնում մնում է երեք տարի։ Տեղափոխվում է Երևան, 1947 թվականին կրտսեր գիտաշխատողի պաշտոնով աշխատանքի է անցնում մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում:, որտեղ պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն (1961), այնուհետև ստանում է դոցենտի կոչում (1964)։ 1981 թվականից անցնում է կենսաթոշակի, բայց որպես կոնսուլտանտ շարունակում է աշխատել առողջապահության նախարարության 4-րդ բուժմիավորման հիվանդանոցում։ 1968 թվականին նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր բժշկի կոչում։ Պարգևատրվել է ութ մարտական ու աշխատանքային մեդալներով, «Առողջապահության գերազանցիկի» մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 99-100։