Վահե Սեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Սեթյան
Ծնվել է1905
ԾննդավայրՀալեպ
Մահացել էհոկտեմբերի 4, 1995(1995-10-04)
Մահվան վայրՄոնրեալ
Քաղաքացիություն Լիբանան և  Կանադա
Մասնագիտությունմշակութային գործիչ, հրատարակիչ և մեկենաս
Պարգևներ և
մրցանակներ
Մայրու ազգային շքանշան

Վահե Սեթյան (արմտ. հայ.՝ Վահէ Սէթեան, 1905, Հալեպ - հոկտեմբերի 4, 1995(1995-10-04), Մոնրեալ), լիբանանահայ մշակութային գործիչ, Համազգային մշակութային միության «Վահե Սեթյան» տպարան-հրատարակչության հիմնադիր, արվեստի և մշակույթի գործիչ, գրի, գրչության և գեղանկարչության պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Սեթյանը ծնվել է 1905 թվականին, Հալեպում, որտեղ էլ ստացել է կրթությունը։ Եղել է գործի մարդ, զբաղվել է առևտրով և առևտրական հաստատություններ հիմնելով։ Հետաքրքրվել է նաև արդյունաբերական աշխատանքով և այդ ասպարեզում հասել է որոշ հաջողությունների[1]։

Երկար տարիներ ընտանիքի հետ ապրել է Լիբանանում, որտեղ վարել է մշակութային գործունեություն, հատկապես՝ Համազգայինում, որի երկարամյա պատվո անդամ է եղել մինչև մահը[1]։ Թե՛ մշակութային, թե՛ արդյունաբերական գործունեության համար 1970-ական թվականներին Լիբանանի պետության կողմից պարգևատրվել է Մայրու ազգային շքանշանով։

Կյանքի վերջին տարիներին Վահե Սեթյանը հաստատվել է Մոնրաալում (Կանադա), բայց հաճախակի այցելել է Լիբանան, որին մեծ սիրով կապված էր[1]։

Վահե Սեթյանը, լինելով արվեստագետների և գրողների հովանավոր, կատարել է հայ գրողների գործերի մեկենասություն։ Նա նաև ուներ հայ և օտար արվեստագետների գեղանկարչական կտավների, արվեստի թանկարժեք իրերի և ստեղծագործությունների պատկառելի հավաքածու։

Վահե Սեթյանը վախճանվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին, Մոնրեալում։ Ազգային հոգեհանգիստը կատարվել է հոկտեմբերի 11-ին, Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում[1]՝ Արամ Ա կաթողիկոսի ներկայությամբ։ Մարմինը հանգչում է Բուրջ Համուդի ազգային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Մահ՝ Վահէ Սէթեանի, «Յառաջ» օրաթերթ, 10 հոկտեմբերի 1995, էջ 1։ Հայաստանի ազգային գրադարանի արխիվ։» (PDF).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]