Վահան Տեր-Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Տեր-Ղևոնդյան
Ծնվել էօգոստոսի 12, 1961(1961-08-12) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2017)
Մասնագիտությունարևելագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, Գևորգյան հոգևոր ճեմարան, Հայկազեան Համալսարան և Մատենադարան
Ծնողներհայր՝ Արամ Տեր-Ղևոնդյան

Վահան Արամի Տեր-Ղևոնդյան (օգոստոսի 12, 1961(1961-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն (2018)[1]: Պատմական գիտությունների դոկտոր (2017):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Տեր-Ղևոնդյանը ծնվել է 1961 թվականի Երևանում՝ հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանի և հնագետ Սեդա Դևեջյանի ընտանիքում: 1978 թվականին ավարտել է Երևանի թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը: 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, 1983-1986 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում[2]:

1986-1991 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնում որպես գիտաշխատող, 1991-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի օգնական, 1993-1995 թվականներին՝ Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1995-1998 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ՝ Ուրուգվայում և Բրազիլիայում), 1998-2003 թվականներին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, 2003-2005 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, 2006-2008 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում, 2008-2011 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, 2008 թվականից, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:

2012 թվականից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ: 2014 թվականից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար, միաժամանակ՝ բաժնի վարիչ, 2016-2018 թվականներին՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար, 2017 թվականից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է։ 2018 թվականի մարտի 6-ից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը[3]:

Գիտական-մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թվականներին» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան, 2017 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները» թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1988-2014 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Հրաչյա Աճառյան համալսարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնում:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրությունների, գիտական հոդվածների ու գրքերի հեղինակ է:

  • Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թթ., Երևան, 1994 թ.:
  • Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թթ., (ֆրանսերեն), Երևան, 2005 թ.:
  • Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թթ. (արաբերեն), Հալեպ, 2012 թ.:
  • Մարաշի Տէր Ղեւոնդ քահանայի յուշերը, Երևան, 2013 թ.:
  • Մարաշի Տէր Ղեւոնդ քահանայի յուշերը (ֆրանսերեն), Երևան, 2015 թ.:
  • Կիլիկյան Հայաստանը սահմանակից պետական միավորների ընկալումներում (Ազատ Բոզոյանի, Ռուստամ Շուքուրովի և Գագիկ Դանիելյանի հետ համատեղ), Երևան, 2016 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]