Վահան Արծրունի (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Արծրունի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox med.png
Վահան Արծրունի
Վահան Արծրունի.jpg
Ծնվել էհունիսի 10, 1857(1857-06-10)
ԾննդավայրՆոր Բայազետ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 29, 1947(1947-07-29) (90 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա և Փարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1936) և պրոֆեսոր (1926)
Ծնողներհայր՝ Մարգար Արծրունի
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ


Վահան Մարգարի Արծրունի (հունիսի 10, 1857(1857-06-10), Նոր Բայազետ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1947(1947-07-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կազմախոս, առողջաբան, ականջակոկորդաբույժ։ Հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ և ԵրԲԻ հիմնադիրներից։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Վահան Արծրունու բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության և կրթության սկզբնավորման գործում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունինի ծնվել է 1857 թվականի հունիսի 10-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։
Մինչև 8-րդ դասարանը սկզբնական կրթություն է ստացել Թիֆլիսի Առաջին գիմնազիայում[1]։ Քաղաքական ընդհատակյա աշխատանքներին մասնակցելու պատճառով հեռացվել է գիմնազիայից և զրկվել բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունը շարունակելու իրավունքից։ 1880 թվականին մեկնել է Ֆրանսիա, 5 տարի անց ավարտել Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը, մասնագիտացել քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների գծով և ընտրվել քիթ-կոկորդ-ականջաբանների ընկերության թղթանդամ։

1889 թվականին Արծրունին վերադարձել է Թիֆլիս և նշանակվել քաղաքի սանիտարական բժիշկ, միաժամանակ աշխատել քաղաքային բուժարանում որպես քիթ-կոկորդի և ականջի հիվանդությունների բժիշկ, ըստ որում՝ աղքատ հիվանդներին բուժել է անվճար։ 1892-1893 թվականներին նա խոլերայի համաճարակի դեմ մղվող պայքարի ակտիվ կազմակերպիչներից էր։ Թիֆլիսում հրատարակել է շուրջ 30 բժշկական գիտահանրամատչելի գրքույկներ («Հիպնոտիզմ», մաս 1-2, 1892-1895, «Ամուսնություն», 1901, «Նորածին երեխաների հիվանդությունները», 1903), ինչպես նաև խոլերայի, ժանտախտի, բնական ծաղկի, վեներական և այլ վարակիչ հիվանդությունների մասին բրոշյուրները։ Արծրունին 1902-1905 թվականներին իր միջոցներով հրատարակել է նաև «Առողջապահիկ թերթ» հանդեսը։

Հայկական դպրոցներում մտցրել է հիգիենայի դասավանդում։ Նա ուսումնասիրել է նաև ֆիզիկական դաստիարակության գիտական հիմունքները։ «Դպրոցական առողջապահություն» (1895) գրքում նա գրել է, որ դպրոցական հիգիենայում ամենակարևորը ֆիզիկական կրթությունն է։ Մարմնամարզական գործիքների վրա կատարվող վարժությունները Արծրունին համարել է անբավարար (ուսագոտու մկանները միակողմանի զարգացնելու պատճառով)։ Ըստ Արծրունու, աճող օրգանիզմի բնականոն զարգացմանն օժանդակող լավագույն միջոցը խաղերն են։ Նա խաղերը բաժանել է 2 ենթախմբի՝ աթլետիկական (ժամանակակից հասկացողությամբ՝ սպորտային՝ ֆուտբոլ, թենիս) և ազատ (շարժական)։ Վահան Արծրունին խաղերի թվին էր դասում նաև զինվորական և կրթական վարժությունները։ Նրա ջանքերով հայկական դպրոցներում առաջին անգամ սահմանվեց դպրոցական բժշկի հաստիքը և սովորողների առողջական վիճակի մշտական բժշկական հսկողությունը։

1918-1920 տարիներին Հայաստանի Հանրապետութեան Լուսաւորութեան նախարարութիւնում պաշտօնավարել է իբրև Բժշկա-առողջապահական բաժնի Վարիչ: «Յառաջ» օրաթերթի 14 Մայիս 1920 համարում ստորագրած է երեք յաջորդական յոդվածներ՝ «Վահագնութիւնը Սկաուտիզմը» խորագրով:

Քաղաքացիական պատերագմի տարիներին Վահան Արծրունին Պյատիգորսկում կարմիրբանակայինների համար ստեղծված թիվ 15 վարակիչ հիվանդությունների հոսպիտալի գլխավոր բժիշկն էր։ 1920 թվականին նա Թիֆլիսի զինվորական հոսպիտալում աշխատել է որպես խորհրդատու և փորձագետ, եղել է Հայաստանի Կարմիր խաչի ընկերության վարչության փոխնախագահ, հետադայում՝ նախագահ։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել որպես քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների մասնագետ։

Վահան Արծրունու հուշատախտակը Երևանում

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մի խումբ առաջավոր հայ բժիշկների հետ ձեռնամուխ է եղել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը։ Ապա 1922 թվականին հիմնադրել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մարդու նորմալ անատոմիայի ամբիոնը և ղեկավարել մինչև իր մահը։ Ինչպես նաև Երևանի բժշկական ինստիտուտում հիմնադրել է անատոմիայի թանգարան, որն այժմ կոչվում է նրա անվամբ։

Գրել է նորմալ անատոմիայի հայերեն առաջին դասագիրքը («Մարդակազմություն», 1923, ապակետիպ)։ Գիտական ասպարեզում նրա ամենամեծ ծառայությունը ռուսերեն-լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների մշակումը և բառարանի հրատարակումն է (1924)։ 1926 թվականին Վ.Արծրունուն շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1936 թվականին նա ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։ Երկարամյա գիտա-հասարակական գործունեության համար 1943 թվականին պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և «Աշխատանքային արիության համար» մեդալով։

Վախճանվել է 1947 թվականի հուլիսի 29-ին Երևանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փարսադանյան Ռ․ Ս․ - Հայ բժշկագիտության պատմությունից, Երևան, 1958։
  • Оганесян Л․ А․, История медицины в Армении, ч․ 4, Е․, 1947․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png