Վակավիլ (Vacaville), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սոլանո շրջանում, Սակրամենտոյից 56 կիլոմետր (35 մղոն), Սան Ֆրանցիսկոյից 89 կիլոմետր (55 մղոն) հեռավորության վրա: Հիմնադրվել է 1851 թվականին և կոչվել է Խուան Մանուել Վակայի անունով[2]: Բնակչության թվաքանակով Սոլանո շրջանում գրավում է երրորդ տեղը. 2020 թվականի մարդահամարի տվյալներով Վակավիլում ապրում էր 102.386 մարդ[3]:
Ներկայիս Վակավիլի տարածքը նախքան եվրոպացիների գալը բնակեցված էր բնիկ ամերիկյան՝ հնդկացիական ցեղերով: Այստեղ առաջին եվրոպացի բնակիչներն ու հետազոտողները եղել են Խուան Մանուել Վական և Խուան Ֆելիպե Պենյան, ովքեր 1842 թվականին հողային դրամաշնորհ էին ստացել[6][7]: 1851 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն Խուան Վական քաղաքական գործիչ Ուիլյամ Մաքդոնալդին է փոխանցել ինը քառակուսի մղոն տարածք՝ քաղաք ստեղծելու համար[8]: Վակավիլը պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել 1892 թվականին: Այստեղ առաջին տարրական դպրոցը կառուցվել է 1885 թվականին, իսկ առաջին ավագ դպրոցը՝ 1898 թվականին: 2020 թվականին քաղաքի մի մասը տարհանվել է հրդեհի պատճառով, որը մի շարք տներ ու ֆերմաներ է այրել[9]:
Վակավիլը հարավից և արևմուտքից եզերված է Վակա լեռներով, իսկ հյուսիսից և արևելքից՝ Սակրամենտոյի հովտով։ Քաղաքի սահմաններում է գտնվում Լագուն Վելի լիճը, որն ունի 105 ակր (0.42 կմ²) մակերես։
↑«Hennessey Fire Information». fire.ca.gov. California Department of Forestry and Fire Protection. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.