Վախ 39 թվից
Վախ 39 թվից, հակակրանք և սնահավատություն 39 թվի նկատմամբ Աֆղանստանում՝ հիմնված այն ենթադրության վրա, որ թիվը ասոցացվում է մարմնավաճառության հետ:
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին արտասահմանյան լրատվամիջոցները հայտնել են մի հավատալիքի մասին, համաձայն որի՝ 39 համարը կապված է մարմնավաճառության հետ՝ հերաթյան կավատի պատճառով, ով իբր ապրում էր թիվ 39 բնակարանում և ուներ 39 համարանիշով ավտոմեքենա[1]: Այլ աղբյուրների համաձայն՝ 39 համարի տաբուն երկար տարիներ գոյություն ուներ Հերաթում և տարածվեց Աֆղանստանի այլ քաղաքներում՝ Համացանցի բարելավված հասանելիության և բջջային հեռախոսների օգտագործման շնորհիվ:
Կարծիք կա նաև, որ լուրերը տարածել են ավտոսրահները և կազմակերպված հանցավոր խմբերի անդամները՝ 39 համարանիշներով մեքենաները էժան գնելու և համարը փոխելուց հետո ավելի թանկ վերավաճառելու նպատակով[2]։ Իր հերթին, Քաբուլի ավտոդիլերների ասոցիացիայի ղեկավարը մեղքը բարդում է կոռումպացված ոստիկանների վրա[3]։ Մեկ այլ տարբերակում ասվում է, որ 39 թիվը համահունչ է «սատկած կով» արտահայտության հետ և տեղական սլենգով նշանակում է կավատ[2]։
Ավտոհամարանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստանում կավատի հետ կապը վիրավորական է. մարդուն կավատ անվանելը կարող է մահացու հետևանքներ ունենալ: 39 համարանիշի տերերին հաճախ ծաղրում են վարորդները, անցորդները, ընկերները[4]: Քաբուլցի տաքսու վարորդ Ահմադ Ղաֆորն ասում է, որ իրավիճակն ավելի է բարդանում, եթե կանանց է տեղափոխում[5]: Նման թվերի տերերը հաճախ անցքեր են անում «3» թվի վրա, որպեսզի այն «8» -ի նմանվի, ծածկում են համարները պլաստմասե կտորով կամ նույնիսկ ներկում[2]:
2011 թվականին իրավիճակն ավելի բարդացավ, քանի որ Քաբուլի Ճանապարհային ոստիկանության վարչությունը սկսեց մեքենաները գրանցելիս թողարկել միայն 39-ով սկսվող համարանիշներ (նախկինում օգտագործվում էր 38-ով սկսվող շարք): Սրանից հետո բաժանմունք այցելուների թիվը զգալիորեն նվազել է՝ ըստ Քաբուլի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի, օրական ընդամենը 2-3 մարդ, թեև նախկինում օրական գրանցվում էր 70-80 համարանիշ։
Ըստ Քաբուլի բնակիչների՝ 230-500 դոլար կաշառքով կարելի է առանց անցանկալի թվի համարանիշ ստանալ, իսկ մեքենաները վաճառելիս, որոնց համարը 39 է, պետք է մի քանի հազար ԱՄՆ դոլարի զեղչ անել։ Այնուամենայնիվ, ըստ մեկ այլ գավառի վարորդի, այս սնահավատությունը չի ընդգրկում ամբողջ Աֆղանստանը[1][3]:
39 թվի ընկալման այլ դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]39 համարի համբավը դուրս է գալիս պետհամարանիշների շրջանակից՝ տարածվելով 39 համարի բնակարանների վրա, որոնց սեփականատերերի համար գրեթե անհնար է դրանք վաճառել կամ վարձակալության հանձնել[1]։ Այս համարով փոստարկղ ունենալը նույնպես ամոթալի է համարվում։ Անգամ 39 տարեկան լինելը խնդիրներ է առաջացնում. տեղաբնակներից մեկի խոսքով, այդ դեպքում տարիքը պետք է 40 ասել՝ 39 թիվը հիշատակելուց խուսափելու նպատակով[2]: Նրանք, ում հեռախոսահամարը պարունակում է 39 թիվը, հաճախ զանգեր են ստանում մարմնավաճառների մասին հարցերով[5] և հաճախ փոխում են իրենց համարը կամ թաքցնում զանգահարելիս[4]։
Քաբուլում շրջանառվող լուրերի համաձայն, 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, երբ թեկնածու մոլլա Թարաքիլը, որը քվեաթերթիկի 39-րդ համարն էր, ծաղրի է ենթարկվել, և նրա թիկնապահները կրակ են բացել՝ սպանելով երկու մարդու։ Սակայն ինքը՝ Թարաքիլը, հերքում է, որ իր թիկնապահները ինչ-որ մեկին են սպանել։ Չնայած 39 թվի նկատմամբ աֆղան ժողովրդի կտրուկ բացասական վերաբերմունքին, Թարաքիլը հաջողությամբ վերընտրվել է[4]։
2011 թվականին սնահավատությունը նույնիսկ ազդել է Լոյա Ջիրգայի («Մեծ ժողով»)՝ Աֆղանստանի ավագանիների աշխատանքի վրա։ Լոյա Ջիրգայի պատվիրակները բաժանվեցին 40 կոմիտեների՝ քննարկելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և Թալիբանի հետ հնարավոր հաշտեցումը, սակայն շատ պատվիրակներ հրաժարվեցին մասնակցել 39-րդ կոմիտեում: Թեև երկրի հյուսիսից ժամանած պատվիրակությունը փորձում էր հավաքվածների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ լոյա ջիրգայի առջև ավելի կարևոր հարցեր կան, սակայն հանձնաժողովի համարը ստիպված փոխարինվեց 41-ով[6]։
2011 թվականի մարտի 21-ին սկսվեց 1390 թվականը՝ ըստ Աֆղանստանի պաշտոնական օրացույցի, ինչը նշանակում էր մի ամբողջ տասնամյակ՝ անցանկալի թվանշանով[2]:
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստանի իշխանությունները փորձել են ապացուցել, որ 39 թիվը միանգամայն սովորական է։ Օրինակ, Քաբուլի ճանապարհային ոստիկանության բաժինը տեղադրեց ծանուցումներ՝ հղում անելով Ղուրանում 39 թվին և Ալլահի անունից դրա բխելու բարդ մաթեմատիկական բանաձևին: Գերատեսչության ղեկավարը կլոր սեղան է կազմակերպել աֆղանական հեռուստաալիքներով՝ 39 համարի խնդրի շուրջ։ Աֆղանստանի մաթեմատիկոս Սեդիկ Աֆղանը, որը մասնակցել է բանավեճին, ասել է, որ ցանկացած բառ կարող է ստացվել Թվագիտության միջոցով՝ անկախ նրանից դա վիրավորական է թե ոչ։ Ըստ հայտնի աֆղան իմամների, ովքեր նույնպես մասնակցում էին կլոր սեղանին, 39 թիվը մարմնավաճառության հետ կապելը մեղք է, քանի որ այդ թիվը հայտնվում է Ղուրանի 57 սուրահներում[2][4]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Boone, Jon (2011-06-15). «The curse of number 39 and the steps Afghans take to avoid it». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-11-16-ին. Վերցված է 2019-11-16-ին.
- 1 2 3 4 5 6 Shafi, Ahmad; Sharifi, Najib (2011-05-21). «Forget Unlucky 13. In Afghanistan, Beware 39» (անգլերեն). NPR. Արխիվացված է օրիգինալից 2019-11-16-ին. Վերցված է 2019-11-16-ին.
- 1 2 Shalizi, Hamid (2011-06-15). «Cursed number "39" haunts Afghan car owners». Рейтер (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-07-02-ին. Վերցված է 2019-11-16-ին.
- 1 2 3 4 Nissenbaum, Dion (2011-06-15). «A Symbol of Paid Companionship, No. 39 Is Afghans' Loneliest Number». The Wall Street Journal (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-08-05-ին. Վերցված է 2019-11-16-ին.
- 1 2 Qadiry, Tahir (2011-06-18). «Afghanistan: New car plates are 39 steps to shame» (անգլերեն). BBC News. Արխիվացված է օրիգինալից 2019-11-16-ին. Վերցված է 2019-11-16-ին.
- ↑ «Loya jirga: Afghan elders reject 'pimp's number 39'» (անգլերեն). BBC News. 2011-11-17. Արխիվացված է օրիգինալից 2019-12-10-ին. Վերցված է 2019-11-16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Loya jirga: Afghan elders reject 'pimp's number 39'", BBC News, 17 նոյեմբերի 2011