Jump to content

Վալտեր Ռատենաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Ռատենաու
գերմ.՝ Walther Rathenau
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1867(1867-09-29)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էհունիսի 24, 1922(1922-06-24)[4][1][2][…] (54 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]
ԳերեզմանWaldfriedhof Oberschöneweide
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն,  Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունՍտրասբուրգի համալսարան, HU Berlin և Մյունխենի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ճարտարագետ, գրող, ձեռնարկատեր, գիտաֆանտաստիկ գրող, արվեստի կոլեկցիոներ, ակնարկագիր, political economist, փիլիսոփա, հրապարակախոս և արտաքին գործերի նախարար
Ծնողներհայր՝ Էմիլ Ռաթենաու, մայր՝ Mathilde Rathenau?
Զբաղեցրած պաշտոններGerman Foreign Minister? և Գերմանիայի արտաքին գործերի նախարար
ԿուսակցությունԳերմանական դեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունVDI Verein Deutscher Ingenieure e. V.?
 Walther Rathenau Վիքիպահեստում

Վալտեր Ռատենաու (գերմ.՝ Walther Rathenau, սեպտեմբերի 29, 1867(1867-09-29)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - հունիսի 24, 1922(1922-06-24)[4][1][2][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի արդյունաբերող, գրող և քաղաքական գործիչ։ 1922 թվականի փետրվարից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հունիսը, զբաղեցրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Գերմանական կայսրության վերջին տարիներին Ռատենաուն համարվում էր Գերմանիայի առաջատար արդյունաբերողներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա առանցքային դեր է ունեցել գերմանական ռազմական տնտեսության կազմակերպման գործում և 1914 թվականի օգոստոսից մինչև 1915 թվականի մարտը ղեկավարել է Ռազմական հումքի վարչությունը։ Պատերազմից հետո Ռատենաուն դարձել է Վայմարյան հանրապետության ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ 1921 թվականին նա նշանակվել է հետպատերազմյան հարցերի վերականգման նախարար, իսկ մեկ տարի անց՝ արտաքին գործերի նախարար։ Ռատենաուն բանակցել է 1922 թվականի Ռապալլոյի պայմանագիրը, որով կարգավորվել են Գերմանիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև հարաբերությունները և ամրապնդվել են նրանց տնտեսական կապերը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև Ռատենաուի այն պնդումը, որ Գերմանիան պետք է կատարի Վերսալյան պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, պատճառ դարձան, որ աջ ազգայնական խմբերը, այդ թվում՝ նոր ձևավորվող նացիստական կուսակցությունը, նրան ներկայացնեն որպես հրեական-կոմունիստական դավադրության մաս[5]։

Պայմանագրի ստորագրումից երկու ամիս անց Ռատենաուն Բեռլինում սպանվեց ծայրահեղ ազգայնական «Կոնսուլ» կազմակերպության անդամների կողմից, որոնք հավատում էին, թե նա «Սիոնի իմաստուններից» մեկն է։ Նրա մահվանը հաջորդեցին համազգային սուգը և հակահեղափոխական ահաբեկչության դեմ ուղղված զանգվածային ցույցերը, որոնք կարճ ժամանակով նպաստեցին Վայմարյան հանրապետության դիրքերի ամրապնդմանը։ Վայմարյան հանրապետության տարիներին Ռատենաուն ընկալվում էր որպես ժողովրդավարության նահատակ։ 1933 թվականին, երբ նացիստները եկան իշխանության, Ռատենաուի հիշատակին նվիրված բոլոր միջոցառումներն արգելվեցին[6]:

Ռատենաուն ծնվել է Բեռլինում՝ հայտնի հրեա գործարար, էլեկտրաէներգիա և էլեկտրատեխնիկական սարքավորումներ արտադրող «Allgemeine Elektrizitäts-Gesellschaft» (AEG) ընկերության հիմնադիր Էմիլ Ռատենաուի և Մաթիլդե Նախմանի ընտանիքում[7]։

Կրթություն և բիզնես փորձառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռատենաուն Բեռլինում և Ստրասբուրգում ուսումնասիրել է ֆիզիկա, քիմիա և փիլիսոփայություն։ 1889 թվականին, Ավգուստ Կունդտի ղեկավարությամբ ուսանելուց հետո, նա ստացել է ֆիզիկայի դոկտորի գիտական աստիճան[8]։

Այնուհետև Ռատենաուն աշխատել է որպես տեխնիկական ինժեներ Շվեյցարիայի ալյումինի գործարաններից մեկում, ապա՝ որպես Բիտերֆելդի փոքր էլեկտրաքիմիական ընկերության ղեկավար, որտեղ զբաղվել է էլեկտրոլիզի բնագավառի փորձարարական աշխատանքներով։ 1899 թվականին նա վերադարձել է Բեռլին[7], և միացել AEG-ի տնօրենների խորհրդին՝ հետագայում դառնալով Գերմանական կայսրության վերջին տարիների և Վայմարյան հանրապետության սկզբնական շրջանի առաջատար արդյունաբերողներից մեկը։ Նա հիմնեց էլեկտրակայաններ Մանչեստրում, Բուենոս Այրեսում և Բաքվում։ AEG ընկերությունը ձեռք բերեց Մադրիդի տրամվայի ընկերության սեփականությունը, իսկ Արևելյան Աֆրիկայում նա գնեց բրիտանական մի ընկերություն[9]։

Ընդհանուր առմամբ, նա ներգրավված է եղել աշխարհի տարբեր երկրներում գործող 84 ընկերությունների գործունեության մեջ[9]։ AEG ընկերությունը հատկապես ճանաչված էր արտադրության ուղղահայաց ինտեգրման մեթոդների կիրառմամբ և մատակարարման շղթայի կառավարման վրա մեծ շեշտադրում կատարելու շնորհիվ։ Ռատենաուն մասնագիտացել էր ձեռնարկությունների վերակազմակերպման և ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող ընկերությունների գործունեության վերականգնման ոլորտում։ Նրա կազմակերպչական բացառիկ ունակությունների շնորհիվ ընկերությունը հասավ զգալի հաջողությունների։ Նա արդյունաբերության տարբեր ճյուղերում իրականացվող լայնածավալ առևտրային վարկավորումից ստանում էր զգալի շահույթ, որն այնուհետև վերաներդրում էր կապիտալում և այլ ակտիվներում։

Այցեր Գերմանիայի աֆրիկյան գաղութներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն ժամանակահատվածում Ռատենաուն սկսեց հետաքրքրվել քաղաքականությամբ։ Նա մտերմացել է գործարար Բեռնհարդ Դեռնբուրգի հետ, որը 1907 թվականի մայիսին նշանակվել է Գերմանիայի առաջին գաղութային քարտուղարը։ Դեռնբուրգը Ռատենաուին ներկայացրեց կանցլեր Բեռնհարդ ֆոն Բյուլովին, որը համաձայնեց, որ Ռատենաուն, սեփական միջոցների հաշվին, կարող է Դեռնբուրգին ուղեկցել 1907 թվականին Գերմանական Արևելյան Աֆրիկայի, իսկ 1908 թվականին՝ Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայի գաղութներ կատարվող պաշտոնական այցերի ընթացքում[10][11]։

Արևելյան Աֆրիկայից վերադառնալուց անմիջապես հետո Ռատենաուն Գերմանիայի կառավարությանը ներկայացրել է զեկույց, որը նշանակալի ազդեցություն է ունեցել գաղութի նկատմամբ պաշտոնական քաղաքականության ձևավորման վրա։ Ինչպես Դեռնբուրգը, այնպես էլ Ռատենաուն կարծում էր, որ գաղութի ամենաարժեքավոր ռեսուրսը աֆրիկացի աշխատուժն է, և որ անհրաժեշտ է հոգ տանել նրանց բարեկեցության մասին։ Ռատենաուն նաև պնդում էր, որ գաղութային արդարադատության համակարգը պետք է արդար վերաբերմունք ցուցաբերի աֆրիկացիների նկատմամբ[12][13]։

Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայում գտնվելու ընթացքում Ռատենաուն դատապարտել է հերերոների նկատմամբ իրականացվող վերաբերմունքը՝ Հերերոների և նամաների ցեղասպանությունը բնութագրելով որպես «գերմանական ռազմական քաղաքականության հետևանքով երբևէ կատարված ամենամեծ ոճրագործությունը»[14]։

Ռատենաուի հայացքները գերմանացի հրեաների վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռատենաուն 1921թ-ին

Ռատենաուն, իր հրեական ծագման պատճառով, հասարակության մեջ թերարժեքության զգացում ուներ՝ գիտակցելով, ինչպես նշում է Հանս-Ուլրիխ Վելերը, որ «նա աշխարհ էր եկել որպես երկրորդ կարգի քաղաքացի, և որ ոչ մի ընդունակություն ու վաստակ երբեք չէին կարող ազատել նրան այդ կարգավիճակից»[15]։

Նրա գերմանա-հրեական ծագումն ու կուտակած հարստությունը այն հիմնական գործոններից էին, որոնք նպաստեցին գերմանական քաղաքականության մեջ նրա խիստ հակասական հեղինակության ձևավորմանը՝ այն ժամանակաշրջանում, երբ Գերմանիայում հակասեմականությունը գնալով ավելի լայն տարածում էր ստանում[16]։ 1918 թվականին հրատարակված իր գրքում նա ամփոփեց Գերմանիայում հրեա լինելու և մեծանալու վերաբերյալ իր մտքերը՝ գրելով, որ իր հայրենասիրությունն ու հավատարմությունը հայրենիքին ոչնչով չէին տարբերվում կրոնից կամ էթնիկ պատկանելությունից անկախ ցանկացած այլ գերմանացու հայրենասիրությունից և հավատարմությունից[17]։

Ես հրեական ծագում ունեցող գերմանացի եմ։ Իմ ժողովուրդը գերմանացի ժողովուրդն է, իմ հայրենիքը՝ Գերմանիան, իսկ իմ հավատը՝ գերմանական հավատը, որը վեր է բոլոր դավանանքներից։

Այդ ժամանակ Գերմանիայում լայնորեն տարածված էր այն համոզմունքը, որ հրեաները երբեք չեն կարող իրենց հայրենիքը վեր դասել ամեն ինչից։ Այն գաղափարը, թե հրեաները «մեր դժբախտությունն են», ինչպես գրել է գերմանացի ազգայնական պատմաբան Հայնրիխ ֆոն Թրայչկեն, 1880-ական թվականներից նպաստել է հակասեմական կուսակցությունների տարածմանը[Ն 1]։ Պրուսական բանակում հրեա սպաներ չկային, իսկ Կայսերական բանակի սպայական կորպուսի իշխող վերնախավը բացահայտ և թաքնված հակասեմական դիրքորոշում ուներ և հետագայում աջակցեց նացիստների հակասեմական քաղաքականությանը[18]։

Ռատենաուն գերմանացի հրեաների՝ գերմանական հասարակությանը լիակատար և արմատական ձուլման համոզված կողմնակիցն էր։ 1897 թվականին հրատարակված «Höre, Israel!» («Լսի՛ր, Իսրայել») հոդվածում նա գրել է[19]․

Տարօրինակ տեսարան։ Գերմանական կյանքի միջավայրում՝ մեկուսացած, օտար մի մարդկային ցեղախումբ՝ ճոխ ու աչքի ընկնող հանդերձանքով, խառնվածքով՝ բորբոքուն և վարքագծով՝ եռանդուն։ Ասիական մի հորդա Բրանդենբուրգյան մարզի հողի վրա։ Այս մարդկանց հարկադրված ուրախությունը չի մատնում այն հին, չմարած ատելության չափը, որի ծանրությունն ընկած է նրանց ուսերին։ Նրանք քիչ են գիտակցում, որ միայն այնպիսի մի դարաշրջանը, որը զսպում է բոլոր բնական ուժերը, կարող է նրանց պաշտպանել այն ճակատագրից, ինչին նրանց հայրերը ստիպված կլինեին բախվել։ Միմյանց հետ սերտորեն կապված, արտաքին աշխարհի առջև խիստ փակված՝ այսպես են նրանք ապրում կիսակամավոր, անտեսանելի գետոյում․ ոչ թե ժողովրդի կենդանի անդամ են, այլ նրա մարմնի մեջ գտնվող օտար օրգանիզմ։ ... Ուրեմն ի՞նչ պետք է տեղի ունենա։ Պատմության մեջ նախադեպը չունեցող մի իրադարձություն՝ որևէ ցեղի գիտակցված ինքնակրթությունը՝ արտաքին պահանջներին հարմարվելու համար։ ... Ձուլում՝ այն իմաստով, որ ցեղային հատկանիշները՝ անկախ նրանից՝ դրանք լավն են, թե վատը, որոնք ակնհայտորեն ատելություն են առաջացնում գերմանացի հայրենակիցների շրջանում, պետք է վերացվեն և փոխարինվեն ավելի համապատասխան հատկանիշներով ... Այս գործընթացների նպատակը չպետք է լինի գերմանացիների ընդօրինակումը, այլ այնպիսի հրեաների ձևավորումը, որոնք իրենց բնույթով և դաստիարակությամբ գերմանացի են։

Պատերազմական հումքի վարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռատենաուն առանցքային դեր ունեցավ Պատերազմի նախարարությանը համոզելու գործում՝ ստեղծել Ռազմական հումքի վարչությունը, որի ղեկավարությունը նա ստանձնեց 1914 թվականի օգոստոսին և որտեղ սաահմանել է դրա հիմնական քաղաքականությունն ու գործառնական ընթացակարգերը։ KRA-ն զբաղվում էր այն հումքի հարցերով, որի մատակարարումը վտանգված էր բրիտանական շրջափակման պատճառով, ինչպես նաև Գերմանիայի կողմից օկուպացված Բելգիայից և Ֆրանսիայից ստացվող պաշարներով։ Այն սահմանում էր գները, կարգավորում էր հումքի բաշխումը պատերազմի համար կենսական նշանակություն ունեցող արդյունաբերություններին և սկսել է փոխարինող հումքի մշակման գործընթացը[20]։

Նա 1915 թվականի մարտին լքել է Ռազմական հումքի վարչությունը (KRA) և նույն տարվա հունիսին, իր հոր մահից հետո, դարձել է AEG ընկերության նախագահը[7]։

Հետպատերազմյան պետական գործիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականության մեջ Ռատենաուն չափավոր լիբերալ էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա միացավ Գերմանական դեմոկրատական կուսակցությանը (DDP) և հետպատերազմյան քաոսի պայմաններում իր քաղաքական դիրքորոշմամբ շարժվեց դեպի ձախ։ Լինելով սոցիալական հավասարության ջերմեռանդ կողմնակից՝ նա մերժում էր արդյունաբերության պետական սեփականությունը և դրա փոխարեն պաշտպանում էր աշխատողների ավելի մեծ մասնակցությունը ընկերությունների կառավարմանը[21]։ Նրա գաղափարները մեծ ազդեցություն ունեցան հետպատերազմյան կառավարությունների վրա, թեև 1919 թվականին, երբ նրա անունը Վայմարյան ազգային ժողովում հիշատակվեց որպես Գերմանիայի նախագահի թեկնածու, մյուս անդամների շրջանում ծիծաղի պոռթկում առաջացավ[22]։ Խոսելով ծայրահեղ աջակողմյան այն կազմակերպությունների մասին, որոնք առաջացան 1919 թվականի հունվարին տեղի ունեցած՝ կոմունիստական ոգեշնչմամբ Սպարտակիստական ապստամբությունից ընդամենը մի քանի ամիս անց, նա Ռայխստագում հայտարարել է, որ դրանք «այնպիսի պետության արդյունքն են, որտեղ դարեր շարունակ ոչ ոք չի իշխել, եթե չի եղել ռազմական ֆեոդալիզմի ներկայացուցիչ կամ դրա կողմնակից դարձած անձ»։

1920 թվականին նա աշխատել է Սոցիալականացման հանձնաժողովում՝ փորձագետների մի խմբում, որը Ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից ստեղծվել էր 1918 թվականի նոյեմբերին՝ գերմանական տնտեսության որոշ հատվածների սոցիալականացման հնարավոր ուղիներն ուսումնասիրելու նպատակով։ Նա նաև մասնակցել է Սպայի համաժողովին, որտեղ քննարկվում էին Գերմանիայի զինաթափման և ռազմատուգանքների հարցերը։ Իր միջազգային հեղինակության և բանակցային հմտությունների շնորհիվ նա 1921 թվականի մայիսին դարձավ վերականգնման նախարար կանցլեր Յոզեֆ Վիրթի կառավարության կազմում։ Նա աջակցում էր Վիրթի «կատարման քաղաքականությանը», որի նպատակն էր ցույց տալ, որ Գերմանիան ի վիճակի չէ բավարարել Անտանտի՝ ռազմատուգանքների վերաբերյալ պահանջները՝ միաժամանակ բարեխղճորեն փորձելով կատարել դրանք։ Հոկտեմբերին նա Ֆրանսիայի հետ կնքել է Վիսբադենի համաձայնագիրը՝ գերմանական մասնավոր հատվածի կողմից ֆրանսիական պատերազմի զոհերին ապրանքների մատակարարման վերաբերյալ։ Ռատենաուն հոկտեմբերի վերջին հրաժարական է տվել նախարարի պաշտոնից, երբ DDP-ն դուրս է եկել իշխող կոալիցիայից, սակայն նա շարունակել է աշխատել կառավարության համար՝ մասնակցելով Լոնդոնի բանակցություններին և Կաննի համաժողովին, որտեղ քննարկվում էին ռազմատուգանքների հարցերը[7]։

Արտաքին գործերի նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Ռատենաուն դարձել է արտաքին գործերի նախարար Վիրթի երկրորդ կաբինետում։ Նրա պնդումը, որ Գերմանիան պետք է կատարի Վերսալի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն միաժամանակ ձգտի վերանայել դրա դրույթները, կատաղեցրեց ծայրահեղ գերմանացի ազգայնականներին[23]։ Նա նաև զայրացրել է նրանց՝ Խորհրդային Միության հետ Ռապալլոյի պայմանագիրը բանակցելով, որը ստորագրվել է 1922 թվականի ապրիլի 16-ին՝ Ջենովայի համաժողովի շրջանակներում։ Ռապալլոյի պայմանագիրը, որը կարգավորեց Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև հարաբերությունները, թույլ է տվել Գերմանիային վերադառնալ միջազգային դիվանագիտական ասպարեզ, սակայն միևնույն ժամանակ մեկուսացրել է նրան արևմտյան տերություններից[24]։

Դեռևս քիչ հայտնի նացիստական կուսակցության առաջնորդները և այլ ծայրահեղական խմբավորումներ պնդում էին, որ նա «հրեա-կոմունիստական դավադրության» մասնակից էր, չնայած այն հանգամանքին, որ նա լիբերալ գերմանացի ազգայնական էր, որը մեծապես նպաստել էր երկրի ռազմական ջանքերին[5]։ Բրիտանացի քաղաքական գործիչ Ռոբերտ Բութբին նրա մասին գրել է. «Նա այնպիսին էր, ինչպիսին միայն գերմանացի հրեան կարող էր միաժամանակ լինել՝ մարգարե, փիլիսոփա, միստիկ, գրող, պետական գործիչ, ամենաբարձր և մեծագույն մակարդակի արդյունաբերող մագնատ և այն երևույթի առաջամարտիկը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «արդյունաբերական ռացիոնալացում»»[25]։

Սպանությունը և դրա հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռատենաուի առանձնատունը Բեռլինի Քյոնիգսալլե փողոցում

1922 թվականի հունիսի 24-ին՝ Ռապալլոյի պայմանագրի ստորագրումից երկու ամիս անց, Ռատենաուն սպանվում է։ Նա Բեռլին-Գրյունևալդում գտնվող իր տնից ուղևորվում էր Արտաքին գործերի նախարարություն՝ Վիլհելմշտրասե փողոցում, երբ նրա մեքենային մոտեցավ մեկ այլ մեքենա, որի ղեկին Էռնստ Վերներ Տեխովն էր, իսկ հետևի նստատեղին՝ Էրվին Կերնը և Հերման Ֆիշերը։ Կերնը մոտ տարածությունից ինքնաձիգով կրակ է բացում, ինչի հետևանքով Ռատենաուն անմիջապես զոհվում է։ Ֆիշերը ձեռքի նռնակ է նետում մեքենայի մեջ, որից հետո Տեխովը արագ հեռացնում է նրանց դեպքի վայրից[26]։

Դավադրությանը մասնակցում էին նաև Տեխովի կրտսեր եղբայրը՝ Հանս Գերդ Տեխովը, ապագա գրող Էռնստ ֆոն Զալոմոնը և Վիլի Գյունթերը, որոնց աջակցում և օժանդակում էին ևս յոթ անձինք, որոնցից մի քանիսը դեռևս դպրոցականներ էին։ Բոլոր դավադիրները ծայրահեղ ազգայնական գաղտնի «Կոնսուլ» կազմակերպության անդամներ էին[27]։ Գրյունևալդի Քյոնիգսալլե փողոցում տեղադրված հուշաքարը նշում է հանցագործության վայրի տեղը։

Պատմաբան Մարտին Զաբրոն որպես սպանությունները պատվիրած անձ մատնանշում է «Կոնսուլ» կազմակերպության ղեկավար Հերման Էրհարդտին։ Էրհարդտը և նրա մարդիկ կարծում էին, որ Ռատենաուի մահը կհանգեցնի կառավարության տապալմանը և կդրդի ձախ ուժերին գործել Վայմարյան Հանրապետության դեմ՝ դրանով իսկ հրահրելով քաղաքացիական պատերազմ, որի ընթացքում Ռայխսվերը (Գերմանիայի զինված ուժերը) կդիմեր «Կոնսուլ» կազմակերպությանը օգնության համար։ Ակնկալվող հաղթանակից հետո Էրհարդտը հույս ուներ հաստատել ավտորիտար վարչակարգ կամ ռազմական բռնապետություն[28]։

Նա շատ զգուշորեն հոգ է տանում, որպեսզի իր և մարդասպանների միջև որևէ կապ չբացահայտվի։ Թեև Ֆիշերը և Կերնը կապ են հաստատում «Կոնսուլ» կազմակերպության բեռլինյան մասնաճյուղի հետ՝ դրա ռեսուրսներն օգտագործելու համար, նրանք հիմնականում ինքնուրույն էին գործում՝ սպանության պլանավորման և իրականացման ընթացքում։[25] Պատմաբան Մայքլ Քելլոգը պնդում էր, որ Վասիլի Բիսկուպսկին, Էրիխ Լյուդենդորֆը և նրա խորհրդական Մաքս Բաուերը՝ բոլորը «Aufbau Vereinigung» կազմակերպության անդամներ, որը բաղկացած էր ցարական աքսորյալներից և վաղ շրջանի նացիստներից, մասնակցել են Ռատենաուի սպանության գաղտնի համաձայնեցմանը, թեև նրանց մասնակցության իրական չափը լիովին պարզ չէր[29]։

Պետական հիշատակի արարողությունը Ռատենաուի դագաղով Ռայխստագում, 1922 թվականի հունիսի 27-ին

Միլիոնավոր գերմանացիներ հավաքվեցին փողոցներում՝ իրենց վիշտը արտահայտելու և հակահեղափոխական ահաբեկչության դեմ բողոքի ցույցեր անցկացնելու համար։ Երբ Ռատենաուի մահվան լուրը հայտնի դարձավ Ռայխստագում, նիստը վերածվեց խառնաշփոթի։ Հատկապես ծաղրի և արհամարհանքի թիրախ դարձավ Գերմանիայի ազգային ժողովրդական կուսակցության (DNVP) քաղաքական գործիչ Կառլ Հելֆերիխը, քանի որ նա վերջերս կատաղի հարձակում էր իրականացրել Ռատենաուի դեմ[30]։ Հաջորդ օրը՝ պաշտոնական հիշատակի արարողության ընթացքում, Կենտրոն կուսակցությունից կանցլեր Յոզեֆ Վիրթը հանդես եկավ ելույթով, որը շուտով հայտնի դարձավ։ Մատնացույց անելով խորհրդարանի դահլիճի աջ կողմը՝ նա ասաց. «Ահա՛ թշնամին է, և դրա վերաբերյալ որևէ կասկած չկա․ թշնամին աջ կողմում է»[31]։

Հանցագործությունն ինքնին շուտով բացահաըտվում է։ Վիլի Գյունթերը հրապարակավ պարծեցել էր իր մասնակցությամբ։ Հունիսի 26-ին ձերբակալվելուց հետո նա առանց որևէ բան թաքցնելու խոստովանեց իր մասնակցությունը հանցագործությանը։ Հանս Գերդ Տեխովը ձերբակալվում է հաջորդ օրը։ Էռնստ Վերներ Տեխովը, որը այցելության էր գնացել իր հորեղբորը, երեք օր անց վերցվել է կալանքի տակ։ Ֆիշերը և Կերնը մնացին ազատության մեջ[32]։

Համարձակ փախուստից հետո, որը Գերմանիան ավելի քան երկու շաբաթ պահեց լարված սպասման մեջ, նրանց հայտնաբերել են Թյուրինգիայի Զաալեք ամրոցում, որի սեփականատերը «Կոնսուլ» կազմակերպության գաղտնի անդամ էր։ Հուլիսի 17-ին նրանց դիմակայել են ոստիկանության երկու հետախույզներ։ Մինչ նրանք սպասում էին ուժեղացման ուժերի ժամանմանը՝ ստեղծված դիմակայության ընթացքում, հետախույզներից մեկը կրակել է պատուհանի ուղղությամբ՝ չիմանալով, որ գնդակը գլխին դիպչելով սպանել էր Կերնին։ Այնուհետև Ֆիշերը ինքնասպան է եղել[32]։

Ռատենաուի հիշատակի արարողությունը, 1923 թվականի հունիս

Երբ գործը 1922 թվականի հոկտեմբերին ներկայացվել է դատարան, Էռնստ Վերներ Տեխովը միակ մեղադրյալն էր, որին մեղադրանք էր առաջադրվել սպանության համար։ Եվս տասներկու մեղադրյալներ կանգնեցին դատարանի առաջ՝ տարբեր մեղադրանքներով, որոնց թվում էին Հանս Գերդ Տեխովը և Էռնստ ֆոն Զալոմոնը, որոնք ուսումնասիրել էին Ռատենաուի առօրյա սովորությունները և կապի մեջ էին եղել «Կոնսուլ» կազմակերպության հետ, ինչպես նաև Արևմտյան Գերմանիայում «Կոնսուլ» կազմակերպության ղեկավար Կառլ Տիլեսենը՝ Մաթիաս Էրցբերգերի սպանող Հայնրիխ Տիլեսենի եղբայրը, և նրա օգնական Հարտմուտ Պլաասը։ Դատախազությունը մի կողմ թողեց դավադրության քաղաքական հետևանքները և կենտրոնացավ հակասեմականության հարցի վրա[33]։

Մինչ իր սպանությունը Ռատենաուն հաճախակի թիրախ էր դառնում դաժան հակասեմական հարձակումների, իսկ մարդասպանները նույնպես անդամակցում էին բռնի հակասեմական «Գերմանական ժողովրդական պաշտպանության և դիմադրության միությանը» (Deutschvölkischer Schutz- und Trutzbund)։ Ըստ Էռնստ Վերներ Տեխովի՝ Կերնը պնդել էր, որ Ռատենաուն պետք է սպանվեր, քանի որ նա սերտ կապեր ուներ բոլշևիկյան Ռուսաստանի հետ և նույնիսկ իր քրոջը ամուսնացրել էր կոմունիստ Կառլ Ռադեկի հետ, ինչը ամբողջությամբ հորինված պնդում էր։ Կերնը նաև պնդում էր, որ Ռատենաուն ինքն էր խոստովանել, թե հանդիսանում է «Սիոնի երեք հարյուր երեցներից» մեկը, ինչպես նկարագրված էր տխրահռչակ հակասեմական կեղծարարության՝ «Սիոնի իմաստունների արձանագրությունների» մեջ։ Էռնստ ֆոն Զալոմոնը հետագայում պնդեց, որ Կերնի այդ փաստարկը պարզապես պատրվակ էր։ Պատմաբան Նորման Քոնը կարծում է, որ Տեխովի վկայությունը հիմնավոր է[34]։

1929 թվականի հունիսին՝ հանցագործության վայրում առաջին հուշատախտակի բացման արարողությունը։ Առաջին շարքում են նախկին կանցլեր Յոզեֆ Վիրթը և պաշտպանության նախարար Վիլհելմ Գրյոները։

Մեղադրյալները վճռականորեն հերքում էին, որ Ռատենաուին սպանել էին նրա հրեական ծագման պատճառով[35][36]։ Դատախազությանը չհաջողվեց ամբողջությամբ բացահայտել «Կոնսուլ» կազմակերպության մասնակցությունը դավադրությանը։ Տիլեսենը և Պլաասը դատապարտվեցին հանցագործության մասին չհայտնելու համար և համապատասխանաբար դատապարտվեցին երեք և երկու տարվա ազատազրկման։ Զալոմոնը ստացավ հինգ տարվա ազատազրկում՝ սպանությանը օժանդակելու համար։ Էռնստ Վերներ Տեխովը հազիվ խուսափեց մահապատժից, երբ վերջին պահին տված խոստովանության միջոցով կարողացավ համոզել դատարանին, որ ինքը գործել էր միայն Կերնի կողմից մահվան սպառնալիքի ներքո։ Փոխարենը նա դատապարտվեց տասնհինգ տարվա ազատազրկման՝ սպանությանը որպես օժանդակող մասնակցելու համար[33]։

Սկզբնական շրջանում Ռատենաուի սպանության արձագանքները ամրապնդեցին Վայմարյան Հանրապետությունը։ Ամենանշանակալի քայլը «Հանրապետության պաշտպանության մասին օրենքի» ընդունումն էր, որն ուժի մեջ մտավ 1922 թվականի հուլիսի 22-ին։ Այն ստեղծեց հատուկ դատարաններ՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող բռնության դեպքերը քննելու համար, սահմանեց խիստ պատիժներ քաղաքական սպանությունների համար և կառավարությանը լիազորություն տվեց արգելել ծայրահեղական խմբավորումները[37]։ Քանի դեռ գոյություն ուներ Վայմարյան Հանրապետությունը, հունիսի 24-ը շարունակում էր մնալ հանրային հիշատակի արարողությունների օր։ Հասարակական հիշողության մեջ Ռատենաուի մահը գնալով ավելի շատ ընկալվում էր որպես ժողովրդավարության համար կատարված նահատականման զոհաբերություն[6]։

Վալթեր Ռատենաուին նվիրված հուշաքարը Բեռլինում

Իրավիճակը փոխվեց 1933 թվականին՝ նացիստների իշխանության գալուց հետո։ Նացիստները հետևողականորեն վերացրել են Ռատենաուի հանրային հիշատակը՝ ոչնչացնելով նրան նվիրված հուշարձանները, փակելով նրա նախկին առանձնատանը գործող Վալթեր Ռատենաուի թանգարանը և վերանվանելով նրա անունով կոչված փողոցներն ու դպրոցները։ Դրա փոխարեն՝ 1933 թվականի հուլիսին Զաալեք ամրոցում հանդիսավոր կերպով բացվել է Կերնի և Ֆիշերի հիշատակին նվիրված հուշատախտակ, իսկ 1933 թվականի հոկտեմբերին մարդասպանների գերեզմանի վրա կանգնեցվեց հուշարձան[38]

  • Reflektionen (1908)
  • Zur Kritik der Zeit (1912)
  • Zur Mechanik des Geistes (1913)
  • Von kommenden Dingen (1917)
  • Vom Aktienwesen. Eine geschäftliche Betrachtung (1917)
  • An Deutschlands Jugend (1918)
  • Die neue Gesellschaft (1919) The New Society translated by Arthur Windham, (1921) New York: Harcourt, Brace and Co.
  • Der neue Staat (1919)
  • Der Kaiser (1919)
  • Kritik der dreifachen Revolution (1919)
  • Was wird werden (1920, a utopian novel)
  • Gesammelte Schriften (6 volumes)
  • Gesammelte Reden (1924)
  • Briefe (1926, 2 volumes)
  • Neue Briefe (1927)
  • Politische Briefe (1929)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Walther Rathenau (նիդերլ.)
  3. 1 2 Encyclopædia Britannica
  4. 1 2 3 4 5 6 Ратенау Вальтер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 «The Idea of Europe». The Last Europeans. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
  6. 1 2 Sabrow, 1996, էջեր 336–337
  7. 1 2 3 4 Albrecht, Kai-Britt; Eikenberg, Gabriel; Walther, Lutz (2014 թ․ սեպտեմբերի 14). «Walther Rathenau 1867–1922». Deutsches Historisches Museum (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  8. ↑ Mendelsohn, Ezra; Cohen, Richard I.; Hoffman, Stefani (2014). Against the Grain: Jewish Intellectuals in Hard Times. Oxford; New York: Berghahn Books. էջ 106. ISBN 978-1-782-38003-0.
  9. 1 2 Dallas, 2000, էջ 303
  10. ↑ Naranch, Bradley D. (2000 թ․ սեպտեմբեր). «"Colonized Body", "Oriental Machine": Debating Race, Railroads, and the Politics of Reconstruction in Germany and East Africa, 1906–1910». Central European History. 33 (3): 299–338. doi:10.1163/156916100746356 – via Cambridge University Press.
  11. ↑ Dernberg, Bernhard; Rathenau, Walther (2019). East, John W. (ed.). «Dernburg and Rathenau on German East Africa: Official Reports on a Study-Tour through Colonial Tanzania in 1907». Academia.
  12. ↑ Naranch, Bradley D. (2000 թ․ սեպտեմբեր). «"Colonized Body", "Oriental Machine": Debating Race, Railroads, and the Politics of Reconstruction in Germany and East Africa, 1906–1910». Central European History. 33 (3): 299–338. doi:10.1163/156916100746356 – via Cambridge University Press.
  13. ↑ Dernberg, Bernhard; Rathenau, Walther (2019). East, John W. (ed.). «Dernburg and Rathenau on German East Africa: Official Reports on a Study-Tour through Colonial Tanzania in 1907». Academia.
  14. ↑ Volkov, 2012, էջ 70
  15. ↑ Wehler, 1985, էջ 106
  16. ↑ Fink, Carole (Summer 1995). «The murder of Walther Rathenau». Judaism: A Quarterly Journal of Jewish Life and Thought. 44 (3). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
  17. ↑ Rathenau, Walther (1918). An Deutschlands Jugend [To Germany's Youth] (գերմաներեն) (Project Gutenberg ed.). Berlin: S. Fischer Verlag. էջ 9.
  18. ↑ Wehler, p. 160
  19. ↑ «Walther Rathenau, "Hear, O Israel!" (1897)». GHDI (German History in Documents and Images). Վերցված է 2024 թ․ մայիսի 27-ին.
  20. ↑ Asmuss, Burkhard. «Die Kriegsrohstoffabteilung». www.dhm.de (գերմաներեն). Deutsches Historisches Museum. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. ↑ Wehler, 1985, էջ 235
  22. ↑ Volkov, 2012, էջ 179
  23. ↑ Dallas, 2000, էջ 517
  24. ↑ Sabrow, Martin (2003). «Rathenau, Walther». Neue Deutsche Biographie 21 (գերմաներեն). էջեր 174-176 [Online-Version]. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
  25. ↑ Simkin, John (1997 թ․ սեպտեմբեր). «Walther Rathenau». Spartacus Educational. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
  26. ↑ Sabrow, 1994, էջեր 86–88
  27. ↑ Sabrow, 1994, էջեր 146–149
  28. ↑ Sabrow, 1994, էջեր 149–151
  29. ↑ Kellogg, Michael (2005). The Russian Roots of Nazism: White Russians and the Making of National Socialism, 1917–1945. New York: Cambridge University Press. էջեր 15, 166, 176–179. ISBN 978-0-521-84512-0.
  30. ↑ Sabrow, 1996, էջեր 323–324
  31. ↑ Küppers, Heinrich (1997). Joseph Wirth: Parlamentarier, Minister und Kanzler Der Weimarer Republik [Joseph Wirth: Parliamentarian, Minister and Chancellor of the Weimar Republic] (գերմաներեն). Stuttgart: Franz Steiner Verlag. էջ 189. ISBN 978-3-515-07012-6.
  32. 1 2 Sabrow, 1994, էջեր 91–103
  33. 1 2 Sabrow, 1994, էջեր 103–12, 139–42
  34. ↑ Cohn, Norman (1967). Warrant for Genocide: The Myth of the Jewish World Conspiracy and the Protocols of the Elders of Zion. New York: Harper & Row. էջեր 145–146.
  35. ↑ Sabrow, Martin (1999). Die verdrängte Verschwörung: der Rathenau-Mord und die deutsche Gegenrevolution [The Repressed Conspiracy: the Rathenau Murder and the German Counter-Revolution] (գերմաներեն). Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag. էջ 184. ISBN 978-3-596-14302-3.
  36. ↑ Sabrow, Martin (1998). «Die Macht der Erinnerungspolitik» [The Power of the Politics of Memoryt]. Die Macht der Mythen: Walther Rathenau im öffentlichen Gedächtnis: sechs Essays [The Power of Myths: Walther Rathenau in Public Memory: Six Essays] (գերմաներեն). Berlin: Das Arsenal. էջեր 75–76. ISBN 978-3-931-10911-0.
  37. ↑ Jackisch, Barry A. (2016). The Pan-German League and Radical Nationalist Politics in Interwar Germany, 1918–39. London: Routledge. էջ 148. ISBN 978-1-317-02185-8.
  38. ↑ Martin Sabrow (1998), «Erstes Opfer des "Dritten Reichs"?», Die Macht der Mythen: Walther Rathenau im öffentlichen Gedächtnis: sechs Essays, Berlin: Das Arsenal, էջեր 90–91, ISBN 978-3-931109-11-0, Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին

Գրականության երկրորդային աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության առաջնային աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vossiche Zeitung – a newspaper
  • Tagebuch 1907–22 (Düsseldorf, 1967)
  • Count Harry Kessler, Berlin in Lights: The Diaries of Count Harry Kessler (1918–1937) Grove Press (New York, 1999)
  • Rathenau, W., Die Mechanisierung der Welt (Fr.) (Paris, 1972)
  • Rathenau, W., Schriften und Reden (Frankfurt-am-Main, 1964)
  • Rathenau, W., The Sacrifice to the Eumenides (1913)
  • Walther Rathenau: Industrialist, Banker, Intellectual, And Politician; Notes And Diaries 1907–1922. Hartmut P. von Strandmann (ed.), Hilary von Strandmann (translator). Clarendon Press, 528 pages, in English. October 1985. 978-0-19-822506-5 (hardcover).

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Յոզեֆ Վիրտ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար
1922
Հաջորդող՝
Յոզեֆ Վիրտ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Ռատենաու» հոդվածին։
  1. ↑ Antisemitic parties included the Christian Social Party, the Antisemitic League, the Social Empire Party, the German People's Union, the German Reform Party, the German Antisemitic Union, the Antisemitic German Social Party, the Antisemitic People's Party, the United Association of Antisemitic Parties, the German Fatherland Party, and the German Socialist Workers' Party.
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found.