Վալենտին Մանկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալենտին Մանկին
Valentin Mankin Star.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` արական
Մասնագիտացում` մարզիկ
Երկիր` Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ` օգոստոսի 19, 1938(1938-08-19)
Ծննդավայր` Կիև, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ` հունիսի 1, 2014(2014-06-01) (75 տարեկանում)
Մահվան վայր` Վիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա

Վալենտին Գրիգորևիչ Մանկին (ուկր.՝ Валентин Григорович Манкін, օգոստոսի 19, 1938(1938-08-19), Կիև, ԽՍՀՄ - հունիսի 1, 2014(2014-06-01), Վիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա)[1][2], ուկրաինացի խորհրդային առագաստանավորդ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Մանկինը ծնվել է Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Օլևսկի շրջանի Բելոկորովիչի գյուղում: Մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է հանրապետության մայրաքաղաք Կիև: Հենց այստեղ էլ 1954 թվականից սկսել է հաճախել «Վոդնիկ» ակումբի առագաստանավային սպորտի խմբակի պարապմունքներին[3]: Երկու տարի անց տասնութամյա պատանին նվաճել է իր առաջին ոսկե մեդալը՝ հաղթելով Զապորոժիեում անցկացված մրցումներում և հռչակվելով Ուկրաինական ԽՍՀ չեմպիոն: 1959 թվականին դարձել է ԽՍՀՄ առագաստանավային սպորտի առաջության հաղթող և ոսկե մեդալակիր: 1962 թվականին ավարտել է Կիևի ինժեներաշինարարական ինստիտուտը: 1968 թվականին փայլուն կերպով մասնակցել է իր առաջին ամառային օլիմպիական խաղերին, որոնք անց էին կացվում Մեխիկոյում: Այստեղ նա «Ֆինն» առագաստանավային դասում բացարձակ առավելության հասավ իր 35 մրցակիցների նկատմամբ, յոթ մրցափուլերից հինգում գրավեց առաջին կամ երկրորդ տեղ և վերջնական հաշվարկով ճանաչվեց օլիմպիադայի հաղթող ու արժանացավ ոսկե մեդալի:

1972 թվականին Մյունխենում անցկացված օլիմպիական խաղերում Մանկինը փոխեց առագաստանավի դասը, այս անգամ հանդես եկավ «Տեմպեստ» («Փոթորիկ») դասում (Վիտալի Դիրդիրայի ընկերակցությամբ) և դարձյալ հաղթանակ տոնեց: Ամառային հաջորդ օլիմպիադայում, որն անցկացվեց Մոնրեալում, ուկրաինացի առագաստանավորդը բավարարվեց արծաթե մեդալով:

41 տարեկան հասակում նա մասնակցեց իր վերջին օլիմպիական խաղերին, որոնք անցկացվեցին 1980 թվականին Մոսկվայում: Այս անգամ հանդես եկավ «Աստղ» դասում, Ալեքսանդր Մուզիչենկոյի ընկերակցությամբ: Մրցակցությունը թեժ էր ու համառ, մինչև վերջին՝ յոթերորդ մրցափուլը անհնար էր որոշել, թե ով հաղթանակ կտոնի: Լարելով բոլոր ուժերն ու կամքը, գործի դնելով ողջ վարպետությունը՝ Մանկինն ու Մուզիչենկոն գերհամառ պայքարում վերջին րոպեներին ուղղակի պոկեցին հաղթանակը և հռչակվեցին օլիմպիական խաղերի չեմպիոն: Դա Մանկինի երրորդ օլիմպիական ոսկին էր, հիրավի փառահեղ հաղթանակ, մարզական հազվադեպ մի սխրանք, որով նա իր անունը ոսկե տառերով անմահացրեց ուկրաինական և խորհրդային սպորտի պատմության մատյանում: Մինչև 2008 թվականը Մանկինը մնում էր աշխարհում միակ օլիմպիական եռակի չեմպիոն առագաստանավորդը, որը օլիմպիադայի ոսկե մեդալ էր նվաճել առագաստանավային երեք տարբեր դասերում:

1980-ական թվականների վերջերին նա մեկնեց Իտալիա՝ Լիվոռնո՝ որպես Իտալիայի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն և այդ երկրի հավաքական թիմի մարզիչ: Այստեղ նա փաստորեն հիմնադրեց առագաստանավային սպորտի իտալական դպրոցը, պատրաստեց բազմաթիվ բարձրակարգ մարզիկներ, որոնց թվում են Լուկա Դևոտին ու Ալեսսանդրա Սենսինին, հիմնեց նաև օլիմպիական մարզումային կենտրոն, որը կոչվեց Իտալիայի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի նախագահ Բեպպե Կրոչեի անունով:

Վալենտին Մանկինը վախճանվեց 2014 թվականի հունիսի 1-ին իտալական Վիարեջո քաղաքում[4]: Նրա կտակի համաձայն՝ աճյունի մոխիրը հանգուցյալի դստեր, թոռնիկի, ուկրաինացի, ռուս, իտալացի անվանի առագաստանավորդների ներկայությամբ սփռվեց Տիրենյան ծովի ալիքների վրա:

Առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիայի՝ 2015 թվականի նոյեմբերին անցկացված ամենամյա խորհրդաժողովում որոշվեց Վիտալի Մանկինի անունը ընդգրկել աշխարհահռչակ մարզիկների փառքի սրահում[5]: Դրանից շուրջ երեք տասնամյակ առաջ՝ 1987 թվականին նրա անունն արդեն ներառվել էր հրեա աշխարհահռչակ մարզիկների փառքի սրահում:

Վաստակի գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1968)
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1984)
  • «Պատվո նշան» շքանշան — կրկնակի պարգևատրում
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան[6]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Манкин В. Г. От Акапулько до Киля // «Катера и яхты» : журнал. — 1973. — № 3(43). — С. 52-59.
  • В. Г. Манкин Белый треугольник / лит. запись В. П. Пожиловой. — М.: Молодая гвардия, 1981. — 224 с.
  • В. Г. Манкин Рулевому «Звёздника» // Катера и яхты. — Л.: Судостроение, 1983. — Т. 3(103). — С. 44—49. — 112 с.
  • Использование тренажеров в физической подготовке яхтсменов : Метод. рекомендации / Манкин В. Г., Томилин К. Г.. — М.: Гос. ком. СССР по физ. культуре и спорту, Гл. упр. науч.-метод. работы, Упр. гребного и парус. спорта, 1986. — 12 с.
  • В. Г. Манкин Сюрпризы олимпийского Пусана // Катера и яхты. — Л.: Судостроение, 1989. — Т. 1(137). — С. 14—25. — 112 с.
  • В. Г. Манкин Валюта — не панацея. Интервью Главного тренера Сборной СССР // Катера и яхты. — Л.: Судостроение, 1989. — Т. 5(141). — С. 18—21. — 112 с.
  • Евгения Бакунова (2010-08-18)։ «Валентин Манкин: Я занимаюсь парусом круглые сутки и счастлив»։ MainSail.Ru российский яхтенный интернет журнал։ Վերցված է 2016-09-17։ «Мне повезло — у меня был настоящий тренер Сергей Машовец, который открыл мне горизонты.» 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]