Վալենտինա Դմիտրիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Դմիտրիևա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29 (մայիսի 11), 1859[1]
ԾննդավայրQ4125531?, Բալաշովսկի ուեզդ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 18, 1948(1948-02-18)[1] (88 տարեկան)
Մահվան վայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, մանկագիր, արձակագիր, հեղափոխական, բժիշկ և վիպասան
 Valentina Dmitryeva Վիքիպահեստում

Վալենտինա Իովովնա Դմիտրիևա (ռուս.՝ Валентина Иововна Дмитриева, ամուսնությամբ` Երշովա, ապրիլի 29 (մայիսի 11), 1859[1], Q4125531?, Բալաշովսկի ուեզդ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18, 1948(1948-02-18)[1], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս հեղափոխական, գրող։ Հեղափոխական շարժման մեջ է եղել 1870-ական թվականների վերջերից, Պետերբուրգում ընդգրկված էր «Ժողովրդի կամք»-ի հետ կապված խմբի մեջ։ Հետագայում եղել է էսեռների կուսակցության անդամ։ Տպագրվել է «Եվրոպայի տեղեկատու», «Ռուսական միտք», «Ռուսական հարստություն», «Գործ» ամսագրերում։ 1917 թվականից հետո համագործակցել է խորհրդային մամուլի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Դմիտրիևան ծնվել է 1859 թվականի ապրիլի 28–ին (մայիսի 10) Սարատովի նահանգի Բալաշովսկի ուեզդի Վորոնինո գյուղում, ճորտատիրական կալվածքի կառավարիչի ընտանիքում։ 1873 թվականին ընդունվել է Տամբովի կանանց գիմնազիայի 4-րդ դասարան, որը ավարտել է 1877 թվականին։ Գիմնազիան ավարտելուց հետո աշխատանքի է անցել Բալաշովսկի ուեզդի Պեսչանկա գյուղում որպես ուսուցչուհի։ 1878 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի բժշկական դասընթացներ, որն ավարտել է 1886 թվականին։

1880 թվականի հունվարի 18-ից մինչև 26-ը Դմիտրիևային պահել են Պետրոպավլովյան ամրոցում, որից հետո տեղափոխելեն III բաժին, 1880 թվականի ապրիլի 4-ից մինչև 14-ը նրան պահել են նախնական կալանքի տանը, իսկ ազատվելուց հետո գտնվել է ոստիկանության հատուկ հսկողության ներքո։ Արդարադատության և Ներքին գործերի նախարարների համաձայնությամբ Դմիտրիևայի գործը կարճվել է (1880 թվականի օգոստոս), բայց նա գտնվել է ոստիկանության գաղտնի վերահսկողության ներքո։ Ազատ արձակվելուց հետո մեկնել է գյուղ, նախ` Տամբովի, ապա` Սարատովի նահանգ։

Վալենտինա Դմիտրիևան 1890-ական թվականներին

1891 թվականի վերջում ամուսնու` Վլադիմիր Արկադևիչ Երշովին ձերբակալելուց և ազատ արձակելուց հետո նրա հետ միասին բնակություն են հաստատել Վորոնեժում։ 1892-1893 թվականներին աշխատել է Նիժնեդեվիցկում (Վորոնեժի նահանգ), 1894 թվականին աշխատել է Զադոնսկում որպես համաճարակային բժիշկ։

1901 թվականի ամռանը մեկնել է արտասահման Վորոնեժի նահանգապետի կողմից տրված անձնագրով, նրա վերադարձի նկատմամբ անհրաժեշտ հսկողություն է սահմանվել ոստիկանության կողմից։ Արտասահմանում նա հարաբերություններ է հաստատել սոցիալ-հեղափոխականների հետ, համագործակցել «Հեղափոխական Ռուսաստան»-ի հետ և գրել հեղափոխական պատմվածքներ։ Այնուհետև վերադարձել է Վորոնեժ։

1902 թվականի մարտի 31-ի գիշերը Դմիտրիևան խուզարկության է ենթարկվել և «Հյուսիսային Միության» գործով ներգրավվել հետաքննության մեջ, այս գործը կարճվել է առանց նրա համար հետևանքների։ 1907 թվականից, Վորոնեժում Ժողովրդական համալսարանի բացումից հետո, Վալենտինա Իովովնան այնտեղ զբաղվել է կրթական աշխատանքներով։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նա մասսայական ելույթներ է ունեցել Վորոնեժի նահանգի քաղաքներում և գյուղերում` գյուղացիներին, բանվորներին և զինվորներին բացատրելով կատարված հեղաշրջման հետևանքները։

Վորոնեժում տիրող ծանր պայմաններից ելնելով` 1919 թվականին նա տեղափոխվել է Սոչի, որտեղ խորհրդային իշխանության հաստատումից հետո սկզբում աշխատել է Վիճակագրական բյուրոյում, այնուհետև` մշակութային կրթական բնագավառում։

1923 թվականից զբաղվել է հուշագրություններով։ Բնակվել է Սոչիում, դասախոսություններ է կարդացել, աշխատել է գեղարվեստա-ագիտացիոն բաժնում որպես հրահանգիչ, հաճախել շինարարների ակումբին կից ստեղծված գրական խմբակի պարապմունքներին։

1933 թվականին ծանոթացել է Նիկոլայ Օստրովսկու հետ, և գրական խմբակի պարապմունքները հաճախ անցկացվել են երիտասարդ գրողի բնակարանում։ 1935 թվականին «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպի հեղինակի խնդրանքով Դմիտրիևան աշխատել է «Պավել Կորչագին» պիեսի վրա (բեմականացումը նախատեսվում էր մոսկովյան Բանվորական երիտասարդության թատրոնի համար)։ Աշխատանքը չավարտվեց, քանի որ Բանվորական երիտասարդության թատրոնի ղեկավարությունը նախընտրեց այլ հեղինակի։

Պատերազմի տարիներին Դմիտրիևան, հաշվի չառնելով տարեց հասակը, շեֆական աշխատանքներ է կատարել հոսպիտալներում, ապրել է միայնակ և համեստ։ Նա իր տունը կտակել է Գրողների միությանը[2]։

Մահացել է 1947 թվականի փետրվարի 18-ին (այլ տվյալներով` 1948 թվականին)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրիևան սկսել է տպագրվել 1877 թվականից։ Առավել մեծ արժեք են ներկայացնում նրա հուշագրային ակնարկային ստեղծագործությունները` «Գյուղերով։ Բժշկի գրառումներից» (1896), «Կամավորը» (1889), «Ինքնակենսագրություն» (1901 թվականին ընդլայնված տեսքով դրանք լույս տեսան 1930 թվականին «Այդպես է եղել» անվանումով), ինչպես նաև ոչ ծավալուն պատմվածքներ և վիպակներ, որոնցում Դմիտրիևան նկարագրում է գյուղական սովորույթները։ Իր գրական գործունեության ընթացքում նա հանդիպել է Մաքսիմ Գորկու, Լեոնիդ Անդրեևի, Վիկենտի Վերեսաևի և այլ հայտնի գրողների հետ։ Նրա գործերը տպագրվել են «Ռուսական միտք», «Եվրոպայի տեղեկատու » և «Ռուսական հարստություն» ամսագրերում[3]։

Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն և հրատարակվել Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում։ Ժամանակակիցները Դմիտրիևային անվանում էին «գաղափարական բալլետրիստ», որը կարողացել է իր ստեղծագործություններում արտահայտել 19-րդ դարի վերջի և 20 դարի սկզբի Ռուսաստանի հասարակական կյանքի առավել էական և բնորոշ իրադարձությունները[4]։

Դմիտրիևան գրել է նաև երեխաների համար, մեծ ժողովրդականություն է վայելում նրա «Փոքրիկը և Բզեզը» (1896) պատմվածքը, որը հրատարակվել է շուրջ քսան անգամ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոչիում Դմիտրիևայի անունով փողոց կա։ Այդ փողոցում գտնվող մեկ հարկանի տանը գրողն ապրել է մինչև իր կյանքի վերջը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Полякова М. М. Дмитриева В. И. // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  2. 2,0 2,1 «Валентина Иововна Дмитриева: «Так было…»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Dictionary of Russian Women Writers. Greenwood Publishing Group. 1994. էջեր 151–154. ISBN 0-313-26265-9.
  4. Русские детские писатели XX века. — С. 160.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]