Վագրերի հարձակումներ մարդկանց վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Կալկուտայի մարդակերի» ծավալագրական լուսանկարը (1903), Ալիփոր կենդանաբանական այգի, Կալկուտա։ Վագրը խլել է 200 մարդկային կյանք։

Մարդկանց վրա կատվազգիների ընտանիքից ամենաշատը հարձակվում են վագրերը։ Վագրերը, որպես կանոն, բնակվում են Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում, իսկ այս բնակավայրերը խիտ բնակեցված են մարդկանցով։ Հաշվված է, որ վագրերի հարձակումներից զոհվել է 373000 մարդ[1]։

Սկզբնական շրջանում համարվում էր, որ մարդկանց վրա հարձակվում են միայն վնասվածք ունեցող կամ ծեր վագրերը։ Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտությունները ցույց տվեցին, որ երիտասարդ և առողջ վագրերը ևս հարձակվում են մարդկանց վրա։ Գիտատեխնիկական պրոգրեսի զարգացման և ուրբանիզացիայի հետ մեկտեղ, մարդկանց սպանությունը վագրերի կողմից նվազեց, սակայն 2000 թվականից հետո նման դեպքեր գրանցվում են՝ հատկապես Սունդարբանում։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Վերեգաշչինի «Մարդակերը» կտավը

Հարձակման պատճառ կարող է դառնալ այն, որ մարդիկ երբեմն մտնում են վագրերի տարածք, որի արդյունքում վագրին սկսում է թվալ, թե տվյալ մարդն իր բնական որսն է։ Նրանք հարձակվում են նաև տնային կենդանիների և շների վրա։ Վագր մարդակերները միշտ մենակ են որսի դուրս գալիս և երբեք խմբերով չեն հավաքվում (ինչպես անում են առյուծները որսի ժամանակ)։

Վագրերը, որոնք վնասվածք են ստանում կամ ծերանում են, իրենց համար այնպիսի որս են փնտրում, որին կարող են հեշտությամբ սպանել։ Մարդու որսը վագրից քիչ ժամանակ է խլում, ինչպես նաև քիչ ուժ է ծախսում։ Այդպիսի վագրերին, որպես կանոն, արագ սպանում են, սակայն կան և այնպիսիները, որոնք ամիսներով մարդ են սպանում, իսկ երբեմն էլ տարիներով։ Երիտասարդ և առողջ վագրերը հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, սակայն այդպիսիներ կան։ Նրանց սպանել շատ դժվար է։ Այդուհանդերձ, վագրերը ոչ միշտ են ուտում իրենց զոհերին, կարող են միայն սպանել։ Նրանց կողմից սպանված մարդկանց թիվը հասնում է հարյուրների, նույնիսկ հազարների[2]։ Կա վարկած, ըստ որի, եթե վագրը պատահաբար փորձում է մարդու միս, սովորում է դրան և այլևս չի կարողանում մարդ չուտել։ Այսպիսով, օրինակ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Վիետնամի պատերազմի ժամանակ զոհված շատ զինվորների մարմիններ երկար ժամանակ ընկած էին դաշտերում։ Վագրերն ուտում էին այդ մարմինները և կախում ձեռք բերում մարդկային մսից[3]։

Վագրերի կողմից մարդկանց վրա հարձակումների վերաբերյալ հաշվարկներ չեն կատարվում և այդ պատճառով այս երևույթի զանգվածայնության մասին դատել կարելի է միայն մոտավոր՝ հիմնվելով հայտնի բնագետների, որսորդների գրքերի, ինչպես նաև համացանցի տվյալների վրա։ Վագրերի բնակության բնական միջավայրում՝ Հարավարևելյան Ասիայի տարածքում, նման զոհերն ամենաշատն են։ Սակայն վագրերի հարձակումները եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ևս հազվադեպ երևույթ չեն։

Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Քորբեթը սպանված չամպավատյան էգ վագրի հետ

Հաշվված է, որ ԱՄՆ-ում 1990-2014 թվականներին գրանցվել է վագրերի՝ մարդկանց վրա հարձակման 748 դեպք։ Այդ հարձակումների արդյունքում 23 մարդ զոհվել է և մի քանի հարյուրը՝ վիրավորվել։ Վագրերը հարձակվում են կենդանաբանական այգու և կրկեսի աշխատակիցների, այցելուների, զբոսաշրջիկների վրա[4]։ Մարդիկ հաճախ ինքներն են վագրերին դրդում հարձակման՝ հատկապես գտնվելով կենդանաբանական այգում։ Նրանք բարկացնում են վագրերին, քարեր նետում նրանց ուղղությամբ, փորձում են ձեռք տալ և վանդակի մեջ մտնել։ Որոշ դեպքեր՝

  • 1907-1938 թվականներին վագրերը և ընձառյուծները մշտապես հարձակվում էին մարդկանց վրա։ Ընդհանուր առմամբ 33 կենդանի ահաբեկում էր Հնդկաստանի և Նեպալի բնակիչներին[5]։ Այդ ժամանակի ամենաարյունարբու գիշատիչներից մեկը համարվում է չամպավատյան էգ վագրը՝ բենգալյան վագրը, որը կատարել է, ինչպես կարծում են հետազոտողները, 436 սպանություն։ Նեպալում սպանել է մոտ 200 մարդ։ Երբ կառավարությունը նրա դեմ մոբիլիզացրեց մի ամբողջ բանակ, վագրը, կարծես դա զգալով, փախուստի դիմեց Կումաոն հնդկական շրջանում, որտեղ սպանեց ավելի քան 200 մարդ։ Սպանություններ կատարեց այնքան ժամանակ մինչև հայտնի որսորդ Ջիմ Քորբեթը սպանեց նրան 1907 թվականին։
  • 2014 թվականին Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում 27-ամյա Յան Ցզինհայն ասաց, որ չի կարող նայել, թե ինչպես են բենգալյան վագրերին արմատախիլ արել իրենց բնական շրջապատից և չեն կարողանում որսի դուրս գալ այնպես, ինչպես նրանց սահմանված է բնության մեջ։ Նա ասաց, որ պատրաստ է զոհաբերել իրեն նրանց հարմարավետության համար և անձամբ մտավ վագրերի մոտ՝ վանդակի մեջ։ Սակայն կենդանաբանական այգու աշխատակիցներն արագ նրան հետ վերադարձրին[4]։
  • 2016 թվականի ապրիլին Փալմ Բիչ կենդանաբանական այգում հարձակման զոհ դարձավ 38-ամյա Սթեյսի Քոնվիզերը։ Նրան մեծավանդակում սպանեց 13-ամյա մի արու վագր, որին հանդիսատեսը չի տեսել, հաղորդեց այգու մամուլի քարտուղար Նակի Քարթերը։ Վագրին քնեցրին (սակայն չսպանեցին) և միայն այն ժամանակ, երբ քնաբերն ազդեց, ոստիկանները կարողացան մտնել մեծավանդակ[6]։
  • Նույն թվականի ապրիլին Բառնաուլի «Անտառային հեքիաթ» կենդանաբանական այգի մտան 2 աշակերտուհիներ։ Երեկո էր, այգին փակ էր, սակայն աղջիկները ցանկանում էին սելֆի անել վագրի հետ[7]։ Նրանցից մեկը մտավ վանդակ և վիրավորվեց վագրի կողմից (բարեբախտաբար ոչ լուրջ)։ Նրան փրկեցին և հոսպիտալացրին։ Ըստ որոշ տվյալների՝ երկու աղջիկներն էլ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ էին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]