Սև ամուր (լատին․՝ Mylopharyngodon piceus), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստան առաջին անգամ ներմուծվել է 20-րդ դարի վերջին տասնամյակում։ Երբեմն հանդիպում է Մեծամոր գետում ու նրա ջրերով սնվող ջրանցքներում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից։ Նախընտրում է դանդաղահոս և տղմոտ կամ ավազոտ հատակ ունեցող խոր գետերն ու լճերը։ Խոշոր ձուկ է։ Մարմինն իլիկաձև է, երկարությունը՝ 40-45 (երբեմն՝ մինչև 65) սմ, զանգվածը՝ 8 կգ և ավելի։ Որովայնի վրա ողնուցը բացակայում է։ Դունչը բութ է, բերանը՝ կիսաստորին։ Աչքերը փոքր են։ Թեփուկները համեմատաբար խոշոր են, կողագծում՝ 39-42 հատ։ Կլանային ատամները մեծ են՝ լայն ծամող պսակով, միաշարք կամ երկշարք։ Պոչային լողակի կտրվածքը միջին խորության է։ Մեջքային լողակը և հետնալողակը կարճ են՝ համապատասխանաբար՝ 9-11 և 10-11 ճառագայթով։ Մեջքը և գլխի վերին մասը գրեթե սև են, կողքերը՝ մի փոքր ավելի բաց գույնի։ Փորիկը մոխրասպիտակավուն է՝ թույլ արծաթավուն նրբերանգով, լողակները՝ մուգ մոխրագույն։ Սեռահասուն է դառնում 5-10 տարեկանում՝ կախված միջավայրի պայմաններից։ Ձկնկիթը պելագիալ է, շատ խոշոր ու թափանցիկ։ Սնվում է փափկամարմիններով, ջրային միջատներով և խեցգետնակերպներով։ Միսն ունի բարձր համային արժեքներ, սակայն ՀՀ կարպային տնտեսություններում լայն տարածում չունի և աճեցվում է ժամանակ առ ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։