Սևակ Ղազարյան
Սևակ Ղազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 15, 1988 (34 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Սևակ Արմենի Ղազարյան (հունիսի 15, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, խմբագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու[1], «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (2018 թվականի սեպտեմբերից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1988 թվականի հունիսի 15-ին, Երևանում: 1994-2004 թվականներին սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում: 2004 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը՝ գերազանց առաջադիմությամբ: 2008-2010 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ գերազանց առաջադիմությամբ: 2010-2013 թվականներին եղել է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտ: 2009 թվականից մամուլում տպագրել է մի շարք գիտական հոդվածներ: 2010 թվականին պաշտպանել է մագիստորոսական ատենախոսություն «Հրանտ Մաթևոսյանը և ռուս «գյուղագրությունը»» թեմայով: 2013 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը. գեղարվեստական արձակ և գրականագիտություն» թեմայով[2]: Աշխատությունը առանձին գրքով հրատարակվել է 2014 թվականին: 2011 թվականից կազմել, խմբագրել և ծանոթագրել է հայ և համաշխարհային գրականության բազմաթիվ հեղինակների ստեղծագործություններ։ 2013-2021 թվականներին աշխատել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնում՝ որպես դասախոս։ 2017-2018 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում՝ որպես մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ։ 2018 թվականից աշխատում է «Մագաղաթ» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, 2021 թվականից` «Դարակ» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր։ 2018 թվականի սեպտեմբերից «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենն է։