Սևագլուխ դրախտապան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևագլուխ դրախտապան
Սևագլուխ դրախտապան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Դրախտապաններ
Ցեղ Սևագլուխ դրախտապան
Լատիներեն անվանում
Emberiza melanocephala
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Սևագլուխ դրախտապան (լատին․՝ Emberiza melanocephala), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանի կեցվածքով թռչուն է։ Մարմնի երկարություն 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 2630 սմ, կենդանի զանգվածը՝ 23-30 գրամ։ Հասուն արուի գլուխը սև է, մարմինը վերևից՝ դարչնագույն-շիկակարմիր, թևերը՝ սևավուն, մարմինը ներքևից՝ դեղին։ Էգի մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ներքևից՝ փոփոխական բաց դեղին։ Երիտասարդն ավելի բաց գույնի է և խայտավոր, ներքնապոչը՝ բաց դեղին։ Արուներն անընդմեջ երգում են՝ տեսանելի տեղում նստած։ Բնակվում է բաց թփուտային տարածքներում՝ կիսաանապատներից մինչև ենթալպյան մարգագետիններ։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը՝ մայիսի առաջին տասնօրյակին։ Արուները էգերից 3-5 օր շուտ սկսում են միալար, հոգնեցուցիչ երգը։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսի երկրորդ տասնօրյակից հունիսի վերջը։ Զուգավորմանը համընթաց էգը զբաղվում է բնի կառուցմամբ (մայիսի երկրորդ տասնօրյակից մինչև հունիսի վերջը)՝ 5 օրվա ընթացքում (1 ժամում 10 անգամ շյուղեր է բերում բույն)։ Արուն ուղեկցում և պաշտպանում է էգին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից հյուսված։ Բնադրում է գետնին, ցածր թփուտներին, հազվադեպ՝ ծառերին։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջից։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ՝ մուգ պտերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը' 13-14 օր։ Ձագերը բներում հայտնվում են հունիսի առաջին կեսից հուլիսի առաջին տասնօրյակը, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հուլիսի վերջը։ Անվտանգ պայմաններում բնից դուրս են գալիս կյանքի 9-10-րդ, վտանգի դեպքում՝ 7-8-րդ օրը։ Բնային կյանքում ձագերին կերակրում է էգը՝ միջատներով, սերմերով, ցորենի, գարու, վարսակի հատիկներով։

Աշնանային չուն՝ մինչև օգոստոսի վերջը։

1985 թվականից սկսած՝ նկատվում է թվաքանակի վտանգավոր անկում, ուստի անհրաժեշտ է անհատական պաշտպանության միջոցների կիրառում։ Սևի ու դեղինի գեղեցիկ համադրությամբ փետրավորման շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք է ներկայացնում հատկապես անազատ պայմաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ դրախտապան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ դրախտապան» հոդվածին։