Սքրափբուքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Exquisite-kmix.png
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (սեպտեմբերի 25, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները: Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Սքրափ-էջի օրինակ

Սքրափբուքինգ, սքրեփբուքինգ (անգլ.՝ scrapbooking, անգլ.՝ scrapbook բառից՝ սքրապ – կտրվածք, կտրածո, book – գիրք, տառեր․ «գիրք կտրածոներից»), ձեռագործ արվեստի տեսակ, որն իր մեջ ներառում է ընտանեկան կամ անձնական լուսանկարների պատրաստում և ձևավորում։

Ստեղծագործության այս տեսակի նպատակն անձնական և ընտանեկան պատմության պահպանումն է լուսանկարների, լրագրերի կտրածոների, նկարների, ձայնագրությունների և հիշարժան այլ մանրուքների տեսքով։ Առանձին պատմությունների պահպանման և փոխանցման համար սովորական պատմությունների հետ մեկտեղ օգտագործվում են տեսողական և շոշափելիքի յուրահատուկ եղանակներ[1][2]։ Սքրափբուքինգի հիմնական գաղափարն ապագա սերունդների համար ինչ-որ իրադարձության լուսանկարների և այլ հիշարժան իրերի երկարաժամկետ պահպանումն է։

Բառարաններում սովորաբար սքրափբուք եզրույթը ներկայացվում է ավելի լայն իմաստով՝ ալբոմ կտրածոներ փակցնելու համար[3] կամ տպագրությունների կտրվածքների, պատկերների, լուսանկարների ալբոմ[4], բայց հաճախ այդ եզրույթը հենց վերաբերում է հատուկ կերպով ձևավորված լուսանկարչական ալբոմներին[1][5], որոնք կազմված են ֆոտոկոլաժների միջոցով ամբողջական միտք ունեցող առանձին էջերից։ Այսպիսի ալբոմները կարող են լինել ամենատարբեր թեմաներով՝ հարսանիք, տարեդարձ, երեխայի ծնունդ, արձակուրդները ծովում և այդպես շարունակ։

Անհրաժեշտ է նշել, որ սքրափբուքինգը չի սահմանափակվում դասական ալբոմների ստեղծմամբ[6]․ սքրափբուքինգի վարպետների հավաքածուներում հանդիպում են նաև ակորդեոն-ալբոմներ (լեպորելլո), տնակների, տուփերի/զամբյուղների տեսքով ալբոմներ և նույնիսկ առանձին բացիկներ (այսպես կոչված կարդմեյքինգ կամ կարդեյքինգ, անգլ.՝ cardmaking, բառացի՝ «պատրաստի բացիկ»)[7]։ Գոյություն ունի նաև այսպես կոչված «թվային սքրափբուքինգ», որի դեպքում լուսանկարների ձևավորման և զարդարման համար օգտագործվում են համակարգչային զանազան ծրագրեր (ունիվերսալ գրաֆիկական խմբագրիչներ կամ մասնագիտացված ծրագրային ապահովում՝ նախատեսված լուսանկարների մշակման և տարբեր տեսքի և ձևի շրջանակներով երիզապատելու համար, օրինակ՝ Scrapbook MAX!, Wondershare Scrapbook Studio, PhotoMix, ScrapbookFlair, ArcSoft Scrapbook Creator Memories Edition и «Мастер Коллажей»[8])[9]։ Ծրագրերի ստանդարտ գործիքների միջոցով տրվում է առանձին էջերի կամ ամբողջական ալբոմի տեսք, որոնք հետագայում պետք է տպագրվեն կամ էլ պահպանվեն ֆայլի ձևով։

Սքրափբուքինգի պատրաստման աշխատանքը պարզեցնում են նախօրոք պատրաստված բազմաբնույթ ձևանմուշները, որոնցում օգտագործվել են ամրակի տարբեր ձևեր (օղակ, ժապավեն, զսպանակիկներ)։ Կարելի է նաև այն ինքնուրույն պատրաստել՝ կտրելով ստվարաթղթից և տալով սրտի, ամրոցի, տնակի, ծաղկի կամ դեկորատիվ այլ տարրերի տեսք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթա Հարիի սքրափբուքը

Կտրածոներով և հիշարժան իրերով ալբոմ հավաքելն առաջին անգամ հիշատակվում է 1598 թվականին։ Այդ ժամանակ սկսել են հավաքել բանաստեղծություններ, քաղվածքներ, սեփական դիտարկումները և փակցնել սովորական գրքերի մեջ։ Անգլիայում հայտնի դարձան տետրերը, որտեղ գրառում էին սիրելի բանաստեղծությունները, հիշարժան աֆորիզմները և քաղվածքները (անգլ.՝ commonplace books)։ Այսպես, 1706 թվականին տպագրվեց փիլիսոփա Ջոն Լոքի New Method of Making Commonplace books գիրքը։ Մոտավորապես նույն ժամանակ էլ ի հայտ եկան, այսպես կոչված, «ընկերության գրքերը» (անգլ.՝ friendship books)․ Գերմանիայում աղջիկները հավաքում էին իրենց ընկերուհիների մազերը և դրանցով հյուսում բարդ նախշեր՝ զարդարելով ժապավեններով և ծաղիկներով։ Սակայն գրառումներով տետրերը տարբերվում են ժամանակակից սքրափբուքինգներից, քանի որ պարունակում էին միայն տեքստի որոշ մասնատված մասեր, իսկ սքրափբուքերում սովորաբար ուշադրություն է դարձվում և ընդգծվում է որոշակի մարդ կամ իրադարձություն[Ն. 1]։

Սքրափբուքինգն իր ժամանակակից տեսքն ընդունել է 17-րդ դարում։ 1826 թվականին Գերմանիայում սկսեցին ակտիվորեն հավաքել կտրածոներ ալբոմներից, որքանով որ տպագրվում էին նկարներով, փորագրանկարներով և վիմագրություններով ալբոմներ։ Սակայն իրական հաջողություն բերեց Ջոն Փուլի (անգլ.՝ John Poole) Manuscript Gleanings and Literary Scrapbook գիրքը, որտեղ նկարագրվում են բանաստեղծություններ, նշումներ և այլ կտրածոներ ստեղծագործաբար ձևավորելու տարբեր եղանակներ։ «Սքրափբուքինգ» տերմինն ի հայտ է եկել 1830-ական թվականներին[Ն. 2]։

Արևմուտքում սքրափբուքինգի զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն սքրափ-ալբոմ

1775 թվականին լույս տեսավ Անգլիայի պատմության մասին գիրք, որի հեղինակը Ջեյմս Գրեյնջերն էր։ Գիրքն այդպես էլ աննկատ կմնար, եթե չլիներ մեկ փաստ․ նրա վերջին էջերը դատարկ էին թողնվել, որպեսզի ընթերցողները լրացնեն։ Շուտով բազմաթիվ հեղինակներ դիմեցին նման հնարքի՝ դրանով իսկ ակնարկելով, որ գիրքը, չնայած և ունի որոշակի քանակությամբ օրինակ, բայց անհատականացնել կարող է յուրաքանչյուրը։ Բացի այդ, ավելի ուշ հայտնի գիրք տպողներն զբաղվում էին օրաթերթերի և դպրոցական օրագրերի տիրաժավորմամբ, որոնք շատ դուր եկան Եվրոպայի իգական բնակչությանը։ Այժմ էլ երիտասարդ օրիորդներն իրենց տետրերում կատարում էին անհրաժեշտ գրառումներ և նշումներ՝ չմոռանալով ամեն ձևով զարդարել դրանք[Ն. 3]։

Սքրափբուքինգի զարգացման կարևոր քայլ էր լուսանկարչության առաջացումը։ Այդ ուղղությամբ առաջին փորձարկումներն իրականացրեց Ժոզեֆ Նյեփսը, 1826 թվականին նա ստեղծեց լուսանկարի առաջին նմուշները[Ն. 4]։ 19-րդ դարի վերջին մեկ այլ գյուտարար՝ Ջորջ Իստմենը, աշխարհին ներկայացրեց պարզագույն լուսանկարչական ապարատը, որը սքրափբուքինգի երկրպագուների առջև նոր հորիզոններ բացեց։

1872 թվականին հայտնի գրող Մարկ Տվենն արտոնագրեց իր «ինքնուրույն լցվող» ալբոմը, որի անբաժանելի մասն էջերի վրայի սոսնձի շերտն է՝ հիշարժան մանրուքները փակցնելու համար։ 1901 թվականին ստեղծեց այդպիսի ալբոմի ավելի քան 57 տեսակ[Ն. 5]։

Նյութեր, գործիքներ և տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքրափ-գործիքների պահպանում

Սքրափ-էջերը և սքրափ-ալբոմները նախատեսված են երկարատև պահպանության համար, այդ պատճառով էլ տեխնիկան օգտագործում է հատուկ նյութեր, որպեսզի ժամանակի ընթացքում որակը չկորցնի․ թուղթը չդեղնի, լուսանկարները ցիրուցան չլինեն և չպոկվեն, էջերը չաղավաղվեն և այլն։ Բոլոր նյութերը, որոնց հպվում են լուսանկարները, պետք է քիմիապես չեզոք լինեն, այսինքն՝ առանց քիմիական թթուների և լիգնինի (acid-free and lignin-free), այդ թվում՝ թուղթը, սոսինձը, գունավոր նշիչները և պիտակը։ Այս մոտեցումը թույլ է տալիս լուսանկարները պահպանել շատ երկար ժամանակ[5]։

Սքրափբուքինգ պատրաստելիս հնարավոր են մի շարք դժվարություններ[10]

  1. Այս հոբբին էժան չէ ոչ նյութերի տեսակետից, ոչ էլ գործիքների (չնայած որոշ դեպքերում թույլատրվում է օգտագործվել այլընտրանքային գործիքներ)։
  2. Տարրերի օպտիմալ օգտագործման համար անհրաժեշտ է հիշել (կամ սովորել) օտար լեզուներ։
  3. Բոլոր պարագաները պահելու համար պետք է մեծ տարածություն, իսկ աշխատանքի ստեղծման համար՝ բավականին երկար ժամանակ։
  4. Նույնիսկ սքրափբուքինգի ինտենսիվ զարգացման պայմաններում պարագաների մի մասը կարելի է ձեռք բերել արտասահմանյան խանութներից բանկային քարտերի կամ փոստի միջոցով։
  5. Չնայած հատուկ նյութերին՝ աշխատանքը պետք է պահել այնպիսի տեղում, որտեղ անհասանելի են արևի ուղիղ ճառագայթները, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ չեն լինում, ինչպես նաև անհասանելի են երեխաների համար։

Թուղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքրափբուքինգի թուղթը թողարկվում է հատուկ[Ն. 6], ավելի հաճախ 30х30 սմ չափերով։ Այն գունավոր և նախշավոր թուղթ է, որը կարող է զարդարված լինել փայլերով, լաքե կամ թավշյա տարրերով[Ն. 7]։ Բացի այս թղթից՝ կարելի է օգտագործել տարբեր գույնի և նախշերով կալկա, ինչպես նաև ստվարաթուղթ (այդ թվում՝ ծալքավոր), գունամատիտներով նկարչության թուղթ, ակվարելային թուղթ, լուսանկարչական ժապավեն, կրաֆտ-թուղթ (փաթեթավորման)[Ն. 8]։ Հաճախ օգտագործում են հաստ ստվարաթուղթ․ օրինակ՝ ալբոմի համար շապիկ պատրաստելիս։ Վարպետներին հասանելի են շատ ռեսուրսներ, որտեղից կարելի է ներբեռնել (անվճար կամ էլ փոքր գումարով) և տպագրել բարձր որակի հիմնապաստառներ սքրափբուքինգի համար։ Բայց պետք է հիշել, որ այս դեպքում թուղթն արխիվային չէ։

Այլ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքրափ-էջերի ձևավորման համար կարելի է օգտագործել ինչպես արդյունաբերական եղանակով արտադրված ծավալային տարրերի հավաքածու (բրադսներ[Ն. 9], մետաղյա օղակներ, ստրազներ, «մարգարտի» կեսեր, պատրաստի ծաղիկներ և դրանցից պատրաստված իրեր, ծավալային տառեր, շրջանակներ, չիպբորդ[Ն. 10], տարբեր տեսակի կոճակներ, այդ թվում նաև մեղվի, սրտի, աստղի, բանալու, ձկների, թագի, ժամացույցի, խեցու, բաժակի, նույնիսկ ակնոցի տեսքով առանձին արտադրված կոճակներ (այդպիսի կոճակները կարող են անցքեր կամ ոտքեր չունենալ կարելու համար, դրանք բացառապես սոսնձելու համար են), այնպես էլ տանը եղած պոկված շղթա, խեցի և ծովային հարթ քարեր, ժամացույցի անվակներ, հարթ ականջօղեր և հագուստի պիտակներ, նվերների ժապավեններ և փաթեթներ, դրոշմանկարներով թղթե անձեռոցիկներ․ ամեն ինչ գործին պետք է գալիս[11]։ Իսկ սքրափբուքինգի հատուկ հավաքածուներում թղթից և ստվարաթղթից բացի զետեղում են նաև պատրաստի կպչուն պիտակներ, զարդեր և այլ դեկորատիվ տարրեր։ Աշխատանքին կարելի է բազմազանություն հաղորդել նկարների, նախշերի և նշումների (սովորական կամ այսպես կոչված «փայլեցված»[Ն. 11], փոխադրանկարներով) միջոցով։

Առավել մեծ կիրառություն ունեն հիշարժան իրերը՝ հագուստի պիտակները, ավիատոմսերը, կինոյի և սովորական տոմսերը, բուկլետները, այցեքարտեր, մենյուները, քարտեզները, գրառումները, նամակները և ծրարները, ամսագրերի կտրածոները, հին գրքերի էջերը, փաթեթավորման ծրարները, գործվածքի, ժապավենի, ժանյակի կտորները և այլն[11]։ Օրինակ՝ մանկական ալբոմում կարելի է պահել ծննդատան հաշվեպիտակը, ծրարում՝ մազերի խոպոպներ, հարսանեկան ալբոմում՝ հրավիրատոմսի կամ տոնական սեղանի քարտի նմուշ։

Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքրափբուքինգի պարագաներ

Նյութերի և առարկաների սոսնձման համար կիրառվում են տարբեր տեսակի սոսինձներ և սոսնձող նյութեր․ ունիվերսալ սոսինձ փոքր մետաղական և պլաստիկ մասերը (օրինակ՝ կոճակ կամ փոքրիկ բանալի) փակցնելու համար, սոսինձ-մատիտ թղթե մասերի և լուսանկարների համար, սոսինձ-սփրեյ խոշոր մասերի և ֆոնի համար, տարբեր չափերի, ձևի և հաստության սոսինձ-բարձիկներ տարրերը վեր պահելու համար, երկկողմանի կպչուն ժապավեն և այլն։ Միայն չպետք է մոռանալ, որ սոսնձի բաղադրությանը, ինչպես թղթի դեպքում, ներկայացվում են բարձր պահանջներ․ ինչքան հնարավոր է քիչ թթվայնություն և թափանցիկություն[12][13]։

Թուղթը կտրելու համար օգտագործում են տարբեր ձևերի մկրատ և դանակ։ Մկրատները լինում են ձևավոր եզրերով, օրինակ՝ ալիքաձև, զիգզագաձև, ֆեստոնի ձևով։ Թղթի ծայրերը կարելի է ձևավորել ձևահան դակիչներով։ Դրանք կարող են ֆիգուրաներով կտրատել ծայրերը կամ էլ ծայրերին դեկորատիվ անցքեր անել, օգնում են ստանալ ժանյակի կամ լուսանկարչական ժապավենի տեսք։ Բացի այդ՝ ձևահան դակիչների օգնությամբ կարելի է արագ կտրել շրջան, տերև, սիրտ, ճյուղ և այլն։

Սքրափբուքինգում կարևոր դեր են խաղում նաև գրենական պիտույքները՝ մատիտները (օրինակ՝ ջրաներկային), գրիչները (արխիվային որակի, այսինքն՝ որի թանաքը չի խամրում), գունավոր նշիչները (լաքե, որ գրում են լուսանկարի վրա)։ Սոսինձ-փայլերն օգնում են զարդարել տառերը կամ ձևավորել մյուս մասերը։ Գոյություն ունեն 2 տեսակի ծայրակալով գունավոր նշիչներ՝ բարակ՝ գրելու համար, և վրձինով՝ նկարները, տառերը, դրոշմները ներկելու համար։ Գրառումները կարելի է կատարել գեղագրական գրչածայրով կամ էլ գեղագրական գրչածայրին նմանեցված գրչով։ Սակայն ցանկացած գործիք օգտագործելուց առաջ պետք է համոզվել, որ այն քիմիապես չեզոք է[5]։

Հիմնական տեխնիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խնդիրը, որին բախվում են սքրափբուքերի բոլոր սկսնակները, էջում տարրերի դասավորման խնդիրն է։ Անհրաժեշտ է էջը դասավորել այնպես, որ նրա կենտրոնական տարրը (առավել հաճախ՝ լուսանկարը) չկորչի, և բոլոր օժանդակ տարրերով հնարավոր լինի հեշտությամբ վերակառուցել դրանց հետ կապված պատմությունը։ Հաճախ այդ խնդիրը կարելի է լուծել սկրափլիֆտինգի օգնությամբ[Ն. 12], այսինքն՝ կոնկրետ դեպքի համար հաջող և տեղին դասավորությունը «փոխ առնել» ավելի փորձառու սքրափբուքերից, բայց կարելի է փորձել և այսպիսի ունիվերսալ եղանակ․ էջը բաժանել բաղադրիչների քանակով քառակուսիների[Ն. 13]: Չպետք է մոռանալ էջի յուրաքանչյուր բաղադրիչի կառուցվածքի վերլուծությունը՝ վերնագիր, հիմնական ֆոն, լրացուցիչ ֆոն, զարդարանք, գրառումներ[Ն. 14]: Վերջինս սքրափ-էջերի ամենակարևոր տարրերից է, իր մեջ ներառում է կոնկրետ տարրերը նկարագրող տեքստային գրությունները, հեշտացնում է հիշողությունների որոնումը կամ նույնիսկ այդ տարրի մասին մի փոքր շարադրանքը[Ն. 15]։

Աշխատանքին նրբաճաշակություն հաղորդելու նպատակով օգտագործվում են տարբեր տեխնիկաներ ու հնարներ և դրանց համար արտադրվում են հատուկ միջոցներ, օրինակ՝ թղթի «հնեցման» համար՝ թանաք և վերևը զմռնիտով սպունգ, դրոշմազարդելու համար՝ տախտակներ և գործիքներ, «տաք դրոշմելու» համար՝ սոսինձ, փոշի, ֆեն, ասեղնագործությունը նմանակելու համար՝ թղթի վրա անցքեր անելու համար անվակներ, դրոշմակնքելու համար՝ տարատեսակ դրոշմակնիքներ (ռետինե և պոլիմերային) ու թանաքե բարձիկներ (տարբեր հատկություններով) և այդպես շարունակ։

Կարելի է առանձնացնել մի քանի «հիմնական» տեխնիկաներ, որ հնարավորություն են տալիս էջն էականորեն բազմազան դարձնել՝ իրական դարձնելով նույնիսկ ամենահամարձակ մտահղացումները․

  • Դիսթրեսսինգ (անգլ.՝ distress - պատուհաս)[Ն. 16]։ Ամենահայտնի տեխնիկաներից մեկը, որի օգնությամբ էջերը հնեցվում են։ Այս տեխնիկայի գործադրման եղանակ է պատառոտված եզրերի ստեղծումը[Ն. 17], որի համար օգտագործվում է դիստրեսային թանաք, կրակելյուր[Ն. 18], կատարվում է գուներանգում, թղթի հնեցում, մաշվածության հաղորդում, արվում են քերծվածքներ և այդպես շարունակ։
  • Էմբոսսինգ (բառացի նշանակությունը՝ ուռուցիկ նկարների դրոշմում)[Ն. 19]։ Այս տեխնիկան ունի երկու տարբերակ՝ դրոշմման մեթոդ (ստացվում է կաղապարով նկարը փայլաթիթեղի կամ մետաղի բարակ շերտի վրա դրոշմելու միջոցով) և խոնավ էմբոսսինգ (ստացվում է հատուկ փոշին տաքացնելու և հալելու միջոցով)։
  • Դրոշմակնքում[Ն. 20]․ հնարավորություն է տալիս թանաքի և դրոշմի, ինչպես նաև տարբեր ապլիկատորների օգնությամբ ստանալ էֆեկտներ, որոնք հատուկ են միայն սքրափբուքերի երևակայությանը։

Բազմաթիվ վարպետներ իրենց սքրափ-էջերը կարում են կարի մեքենայով, և արդեն դեկորատիվ դեր կատարում են տարաբնույթ գծերը, կամ աշխատանքին ավելացնում են գործվածք, կամ էլ էջը պատրաստում են գործվածքից և դրա վրա կարում լուսանկար։

Կիրառվում են նաև գեղարվեստական այլ հնարներ, այնպիսի, ինչպիսիք են՝ ասեղնագործությունը, կվիլինգը, փոփ-ապը, դեկուպաժը, այրիս-ֆոլդինգը (ծիածանային հորինվածք), օրիգամին և ձեռագործ աշխատանքի այլ հնարներ։

Ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է առանձնացնել սքրափ-էջերի ստեղծման ընթացքում օգտագործվող հետևյալ հիմնական ոճերը[14]

Վինտաժ

Vintage - Այս ոճը բնութագրվում է հին լուսանկարների կամ հին էլեմենտներով նկարների, ինչպես նաև ցանկացած «պատմական» առարկաների (հին բացիկ, նամականիշ, զարդ) օգտագործմամբ, որոնք ժամանակին եղել են արդիական։ Գունային գամման սովորաբար ընտրվում է այն ժամանակին համահունչ, որն արտացոլում է վինտաժ ոճի էջը։

Հերիտաժ

Heritage (Ժառանգություն)։ Ձևավորման համար օգտագործվում են հին լուսանկարներ։ Բնորոշ առանձնահատկությունն է այն ժամանակաշրջանին բնորոշ գունային գամմայի ստեղծումը, որից փոխառնվել է լուսանկարը։

Եվրոպական ոճ

European - Եվրոպական ոճ, հիմնական նշանները՝ խստություն և զսպվածություն։ Հիմնականում օգտագործվող տեխնիկան՝ լուսանկարների կտրատում հատուկ գործիքների միջոցով։ Սովորաբար առանձնանում է լուսանկարների մեկ սկզբունքով և սյուժեով ու նվազագույն զարդարանքով։ Տարբերակիչ հատկանիշը՝ բավականաչափ (սովորաբար երեքից ավելի) լուսանկարներ մեկ էջում։

Ամերիկյան ոճ

American - Ամերիկյան ոճը սքրափբուքինգում համարվում է դասական, նրա կարևոր տարբերակիչ հատկանիշն է բազմաբնույթ զարդերի մեծ քանակությունը, ինչը, սակայն, հաշվեկշռված է տվյալ էջի համար, չի իշխում լուսանկարին։

Հնամաշ փայլ

Shabby chic (Հնամաշ փայլ) - Մյուս ոճերից տարբերվում է նրանով, որ տևականության էֆեկտ ստեղծելու համար օգտագործվում են գզգզված ծայրերով ժապավեն, ճչան ֆոն, բազմապիսի մաշվածություն, ճմռթվածություն։ Որպես ֆոն հաճախ օգտագործվում են չորացած ծաղիկներ (բաց վարդագույն, կանաչ, գունամատիտով նկարված)։

Մաքուր և պարզ

Clean and Simple (Մաքուր և պարզ) - Օգտագործվում են հասարակ զարդարանքներ։ Մյուս ոճերից տարբերվում է բաղադրիչների «քառակուսայնությամբ», գծերի հստակությամբ, գրաֆիկական պարզ մոտեցմամբ, մեկ տառատեսակի օգտագործմամբ (հնարավոր է տառաչափի բազմազանություն էջի տարբեր տարրերի առանձնացման նպատակով)։ Սովորաբար որպես ֆոն օգտագործվում է համասեռ պայծառ գույնը։ Հաճախ այս ոճի էջը նման է հավաքված փաազլի․ ոչինչ ավելորդ չէ։

Mixed media

Mixed media - Ոճերի, նյութերի և տարբեր տեխնիկաների խառնուրդ։

Ամենագլխավորը և ամենաբարդը՝ էջը չծանրաբեռնել ոճերի առատությամբ, ինչպես նաև չփորձել համատեղել անհամատեղելին։

Ազատ ոճ

Free style (Ազատ ոճ) - Հիմնական գծերը՝ պայծառ ֆոն, համարձակ գունային համադրություն, մատիտով կամ էլ գունավոր նշիչներով ձեռագիր արված վերնագիր և գրառումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rothamel, Susan Pickering The Encyclopedia of Scrapbooking Tools & Techniques. — P. 8.
  2. Rothamel, Susan Pickering The Encyclopedia of Scrapbooking Tools & Techniques. — P. 9.
  3. Greer, J., «Girls and Literacy in America: Historical Perspectives to the Present Moment», 2003, ABC-CLIO
  4. Marien, Mary Warner (2006). Photography: A Cultural History. Laurence King Publishing. 
  5. «Mark Twain's interactive scrapbook» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2010-02-26 
  6. Екатерина Жукова.։ «Особенности бумаги для скрапбукинга.» (ռուսերեն)։ Վերցված է 2009-11-09 
  7. matildushka.։ «Виды бумаги.» (ռուսերեն)։ Վերցված է 2009-11-09 
  8. Наталья Днепровская.։ «Трудно начинающему скрапбукеру - ведь у него совсем нет материалов. Как же быть, ведь многие спорят, что спецматериалы для скрапбукинга не идут ни в какое сравнение с теми, что могут предоставить нам обыденные магазины?» (ռուսերեն)։ Վերցված է 2009-11-09 
  9. «бра́дс» (ռուսերեն)։ Վերցված է 2010-02-26 
  10. «чипбо́рд» (ռուսերեն)։ Վերցված է 2010-02-26 
  11. «нати́рка» (ռուսերեն)։ Վերցված է 2010-02-26 
  12. «скрапли́фтинг» (ռուսերեն)։ Վերցված է 2010-03-03 
  13. Екатерина Беликова.։ «Выбор расположения» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2010-03-03 
  14. Дарья Пнева.։ «Анатомия страницы» (ռուսերեն)։ Վերցված է 2010-03-03 
  15. Екатерина Беликова.։ «Советы по написанию заметок к фотографиям» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2010-03-03 
  16. «дистре́ссинг» (ռուսերեն)։ Վերցված է 2009-11-09 
  17. Екатерина Беликова.։ «Рваный край» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-11-09 
  18. Наталья Днепровская.։ «Тим Хольтц / Tim Holtz - Кракелюр» (ռուսերեն)։ Վերցված է 2009-11-09 
  19. «эмбо́ссинг» (ռուսերեն)։ Վերցված է 2009-11-09 
  20. «шта́мпинг» (ռուսերեն)։ Վերցված է 2009-11-09 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gina Lee.։ «Making Memories Last» (անգլերեն)։ CBS News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-11-10 
  2. Андрей Краснов.։ «Южноуральцы вспомнили старое хобби» (ռուսերեն)։ ГТРК «Южный Урал»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2010-02-05 
  3. Мюллер В.К.։ «Англо-русский словарь Мюллера»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին 
  4. Ермолович Д.И., Красавина Т.М. (2004)։ «Universal (Ru-En) (к версии ABBYY Lingvo x3)»։ Русский язык-Медиа։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին 
  5. 5,0 5,1 5,2 Екатерина Беликова.։ «Что такое скрапбук?» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-11-05 
  6. Анастасия Цыганкова.։ «Полезная информация о видах альбомов» (ռուսերեն)։ Վերցված է 2009-11-05 
  7. Эльвира Габдуллина.։ «Открытка с частичкой души» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2010-02-05 
  8. Шляхтина С. (2008)։ «Уникальный фотоальбом в стиле "скрапбук" своими руками»։ Компьютер-Пресс, №7։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին 
  9. Eleanor Levie.։ «Scrapbooking, cyberstyle» (անգլերեն)։ U.S. News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-11-10 
  10. Анастасия Цыганкова.։ «10 фактов о скрапбукинге» (ռուսերեն)։ Վերցված է 2010-03-03 
  11. 11,0 11,1 Наталья Трофимова.։ «Скрапбукинг: пригодится всё!» (ռուսերեն)։ Северный рабочий։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-11-10 
  12. Ирина Ван Дер Мост.։ «Клей, жидкий клей. Еще раз о клее» (ռուսերեն)։ Վերցված է 2011-03-15 
  13. Ирина Ван Дер Мост.։ «Клей для работы с бумагой» (ռուսերեն)։ Վերցված է 2011-03-15 
  14. Ольга Львова.։ «Статья о стилях в скрапбукинге.» (ռուսերեն)։ Վերցված է 2009-11-09 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Susan Pickering Rothamel The Encyclopedia of Scrapbooking Tools & Techniques. — Sterling Publishing Company, Inc, 2005. — 320 p. — ISBN 978-1402710315

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]