Սփրինգբոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սփրինգբոկ
Սփրինգբոկ (արու)
Սփրինգբոկ (արու)
Սփրինգբոկ (էգ)
Սփրինգբոկ (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ենթաընտանիք Antilopinae
Տրիբա Antilopini
Ցեղ Antidorcas
Տեսակ Սփրինգբոկ (A. marsupialis)
Միջազգային անվանում
Antidorcas marsupialis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սփրինգբոկ[1][2][3] կամ ցատկող այծքաղ[2] (լատին․՝ Antidorcas marsupialis), աֆրիկյան այծքաղ, որը պատկանում է իսկական այծքաղների ենթաընտանիքին (Antilopinae)։ Ընդ որում A. marsupialis տեսակը ներկայումս գոյություն ունեցող Antidorcas (Սփրինգբոկներ) ցեղի միակ տեսակն է, որը Gazella (Վիթեր), Saiga (Սայկագի), Procapra (Ձեռենի) և ուրիշ ցեղերի հետ միասին մտնում է Antilopini տրիբայի կազմի մեջ[4]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգբոկն արտաքնապես շատ է հիշեցնում Թոմսոնի վիթ տեսակին։ Նրա նման այն ունի գորշ դարչնագույն-սև շերտ, որը մարմնի վերին դեղին-շագանակագույն մասը բաժանում է ստորին սպիտակ մասից։ Սփրինգբոկի սպիտակ դունչն աչքերից մինչև բերանի անկյուններ ընդգծված է մուգ շերտով[5][6]։ Երբեմն հանդիպում են միատեսակ նրբերանգով առանձնյակներ[7]։

Սփրինգբոկներին բնորոշ հատկանիշն այսպիսին է. նրա կողմից հաճախ կատարվող ուղղահայաց ցատկերի ժամանակ նրա մեջքի վրա բաժանվում են մաշկի երկայնակի ծալքերի եզրերը (մեջքով անցնում է մինչև պոչ)՝ ընդ որում մերկացնելով շլացնող սպիտակ մորթին[3]։ Սփրինգբոկի հենց այս վարքն ու թեթևությունն է ընկած նրա տվյալ անվան հիմքում. «սփրինգբոկ»-ը հոլանդերեն և գերմաներեն լեզուներից թարգմանաբար նշանակում է «ցատկող նոխազ (արու այծ)»։ Antidorcas ցեղի լատիներեն անունը գալիս է հին հունարեն՝ ἀντί (հակառակ) և δορκάς (այծյամ, վիթ) բառերից և նշանակում է «ոչ վիթ» (այսինքն՝ այս կենդանին չի պատկանում վիթերի ցեղին)։ Տեսակի անվան մեջ marsupialis ածականն առաջացել է լատին․՝ marsupium (գրպան) բառից և տվյալ դեպքում հղում է կատարում վերևում հիշատակված գրպանանման մաշկի ծալքին[8]։

Սփրինգբոկի մարմնի երկարությունը 120-150 սմ է, հասակի բարձրությունը՝ 70-90 սմ, իսկ զանգվածն ընկած է 18-45 կգ-ի միջակայքում[3]։ Երկու սեռերն էլ ունեն օղակաձև կառուցվածքով, սև և քնարաձև եղջյուրներ, բայց նման չեն Թոմսոնի վիթի եղջյուրներին[5][7]։ A. m. marsupialis ենթատեսակին պատկանող էգերի եղջյուրները սովորաբար զգալիորեն ավելի կարճ են, քան արուներինը (163-229 մմ համեմատ 229-300 մմ-ի)։ Էգերը և արուները տարբերվում են եղջյուրների երկարությամբ. արուների մոտ այն թույլ է արտահայտված[7]։

Չնայած իր մարմնակազմությանը՝ սփրինգբոկը շատ նման է վիթերի ցեղի ներկայացուցիչներին[6]։ Նրան առանձնացրել են առանձին ցեղի մեջ՝ դա պայմանավորելով նրանով, որ սփրինգբոկի ատամների կառուցվածքը տարբերվում է վիթերի ատամներից. սփրինգբոկի ստորին ծնոտի վրա գտնվում է ատամի տասը արմատներ, իսկ վիթերն ունեն տասներկու ատամ[9]։

Սփրինգբոկի կարիոտիպում հաշվարկվել է 56 քրոմոսոմ[9]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգբոկը Հարավային Աֆրիկայի էնդեմիկ տեսակ է[3]։ Այն միակ իսկական այծքաղն է, որը բնակվում է Հարավային Աֆրիկայի բաց սավաննաներում. հանդիպում է ՀԱՀ-ում, Նամիբիայում, Անգոլայում և Բոտսվանայում[10]։

Վարքագիծ և ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգբոկները հիմնականում բնակվում են քարքարոտ կամ ավազոտ հողերով, ցածր խոտածածկույթով և առանձին տեղակայված թփերով կիսաանապատներում։ Նրանք խուսափում են ինչպես բարձր խոտածածկույթից, այնպես էլ իսկական անտառներից, իսկ ստիպված մտնում են խիտ թփուտներ միայն այն ժամանակ, երբ ձգտում են թաքնվել սառը ձմեռային քամիներից։ Սփրինգբոկների սննդակարգի մեջ մտնում են խոտ, ընձյուղներ, բողբոջներ և թփերի տերևներ։ Առանց ջրի նրանք կարող են ապրել ամիսներով[11]։

Երիտասարդ սփրինգբոկը ցատկելիս

Սփրինգբոկն աչքի է ընկնում իր ուղղաձիգ ոստյուններով, որոնք նա անում է անհանգստության դեպքում։ Կանգնած վիճակից կարող է ցատկել 2-3 մետր բարձրությամբ, ընդ որում ոտքերը մնում են ձգված և ամուր, մեջքը կորանում է վերև, իսկ մաշկի ծալքերից մեջքի վրա տեսանելի են դառնում հեռվից երևացող երկար, սպիտակ մազեր։ Այս վարքագիծը, ըստ երևույթին, նախազգուշացնում է ցեղակիցներին գիշատչի մոտենալու մասին, սակայն նման ցատկեր կատարում են նաև ձագերը միմյանց հետ խաղալու ժամանակ[6][11]։ Այլընտրանքային վարկածն այն է, որ այն հանդիսանում է գիշատիչներին ազդանշան այն մասին, որ նկատվել են, և հարձակումն անիմաստ է։ Եթե հարձակումը տեղի է ունենում, սփրինգբոկը կարող է արագությունը զարգացնել մինչև 90 կմ/ժ։ Այս տվյալներով՝ նա ամենաարագն է բոլոր կաթնասունների մեջ և երկրորդ տեղի համար (վագրակատվից հետո) մրցում է վիլորոգի և գարնայի հետ։

Չորային եղանակին սփրինգբոկներն ապրում են խմբերով (5-50 կենդանիներ)[11], իսկ անձրևային եղանակին՝ այնուամենայնիվ, կարող են միավորվել հսկայական հոտերի մեջ։ Այդ հոտերը, որոնց կազմում սփրինգբոկները սկսում են տեղափոխվել ավելի լավ արոտավայրեր, նախորդ դարերում կազմված են եղել ավելի քան մեկ միլիոն առանձնյակից։ Այսօր դրանցից ամենամեծն ունի շուրջ 1500 կենդանի։ Չորային շրջանում էգերը և ձագերը կազմում են հարյուրավոր կենդանիներից բաղկացած փոքր հոտեր։ Երիտասարդ արուները կազմում են հոտեր, որոնց մեջ մտնում են մոտավորապես հիսուն արու (ամուրի)։ Մեծահասակ արուները վարում են նստակյաց ապրելակերպ և պաշտպանում են իրենց սեփական արեալները, որոնց տարածքը տատանվում է 10-40 հեկտարի միջև։ Բոլոր էգերին, որոնք մտնում են իրենց արեալի մեջ, նրանք համարում են իրենցը և պաշտպանում նրանց այլ արուների ոտնձգություններից։

Փետրվար-մայիս ամիսներին սփրինգբոկների մոտ սկսվում է մրցաշրջանը։ Հղիությունը տևում է մոտավորապես 170 օր. ծննդաբերությունը տեղի է ունենում օգոստոս-դեկտեմբերի ամիսներին, ընդ որում ծնվում է սովորաբար մեկ ձագ (հազվադեպ՝ երկու)[12]։ Նորածին սփրինգբոկը ոտքի է կանգնում երկրորդ կամ երրորդ օրը. ծննդից 5-6 ամիս հետո երիտասարդ սփրինգբոկին կտրում են մոր կրծքից։ Էգերը սեռահասուն են դառնում 6-7 ամսական հասակում, իսկ արուները՝ 2 տարեկանում[13]։

Փոխհարաբերություններ այլ օրգանիզմների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագրակատուն և նրա կողմից սպանված սփրինգբոկը

Սփրինգբոկի հիմնական թշնամին վագրակատուն (Acinonyx jubatus) է։ Մեծահասակ սփրինգբոկների վրա հարձակվում են նաև գորշ բորենիներ (Hyaena brunnea), ընձառյուծներ (Panthera pardus), առյուծներ (P. leo), կրարակալներ (Caracal caracal), պտավոր բորենիներ (Crocuta crocuta) և աֆրիկյան վայրի շներ (Lycaon pictus)։ Ձագերի համար, բացի դրանից, վտանգ է ներկայացնում սևամեջք շնագայլերը (Canis mesomelas), տափաստանային կատուները (Felis lybica), մրջնակերները (Mellivora capensis) և արծիվները՝ մարտական արծիվը (Polemaetus bellicosus), կաֆրյան արծիվը (Aquila verreauxii) և քարարծիվը[14]։

Սփրինգբոկները ենթակա են մի շարք վարակիչ և մակաբուծային հիվանդությունների։ Նրանց մոտ գրանցվել են սիբիրախտի և կոդրիոզի դեպքեր։ Էնդոպարազիտների թվում հայտնի են տարբեր կլոր որդեր, որոնք պատկանում են Trichostrongylidae, Strongylidae, Dictyocaulidae և Ancylostomatidae ընտանիքներին, ինչպես նաև՝ Taenia (սեռ) տիպի երիզորդներ, որոնց թրթուրները (ցիստիցերկոզ) առաջացնում են ցիստիցերկոզներ։ Էկտոպարազիտների թվում են Linognathidae ընտանիքին պատկանող մազակերներ, արյունածծուկներ, քթաըմպանային գոռեխներ և զանազան իքսոդովյան տզեր[14]։

Տաքսոնոմիա և էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգբոկի առաջին գիտական նկարագրությունը 1980 թվականին տվել է գերմանացի կենսաբան Էբերհարդ Ֆոն Ցիմերմանը, որը նրան դասել է Antilope ցեղին[15]։ 1945 թվականին շվեդացի կենսաբան Կարլ Յակոբ Սունդեվալը սփրինգբոկին դասել է Antidorcas առանձին ցեղին[16]։

Մոլեկուլա-ֆիլոգենետիկական անալիզի տվյալներով, որը 2013 թվականին կատարվել է գերմանացի կենսաբանների կողմից, ֆիլոգենետիկ կապերը, որոնք մտնում են Antilopini եռյակի կազմի մեջ, կարելի է պատկերել հետևյալ կալադագրամայով[17].

  Antilopini
  Antilopina  

 Gazella  (Վիթեր)

 Antilope  (Գարնաներ)

 Nanger

 Eudorcas

 Antidorcas  (Սփրինգբոկներ)

 Litocranius  (Գերենուկներ)

 Saiga  (Սայգակներ)

  Ourebina  

 Ourebia  (Օրիբաներ)

  Raphicerina  

 Madoqua  (Դիկդիկներ)

 Dorcatragus  (Բեյրաներ)

 Raphicerus  (Սթենբոկներ)

  Procaprina  

 Procapra  (Ձերեններ)

Կալահարյան սփրինգբոկների խումբ Կալահարի անապատի հարավ-արևմտյան մասում
Հարավամերիկյան սփրինգբոկ և մեծ կուդու ջրատեղում

Այսպիսով, սպրինգբոկի ցեղը մտնում է Antilopina ենթատեսակի մեջ, իսկ Գերենուկների ազգը նրա համար հանդիսանում է քույրական խումբ (այլ ուսումնասիրությունների տվյալներով՝ Սայգակի ազգից)[17]։

A. marsupialis տեսակի կազմի մեջ մտնում են 3 ենթատեսակ, որոնք ներկայումս որոշ ուսումնասիրություններով առանձնացվում են առանձին տեսակների մեջ[18][19]։

  • A. m. marsupialis (= Antidorcas marsupialis) - Հարավաֆրիկյան սփրինգբոկ[18], Հարավաֆրիկյան Հանրապետություն Օրանժ գետի հարավում անվանական ենթատեսակ. անհատների ընդհանուր թիվը մոտ 1 100 000 է, որից 1 000 000-ն ապրում է Կառուում։
  • A. m. hofmeyri (= Antidorcas hofmeyri) - Կալախարյան սփրինգբոկ[18], Հարավաֆրիկյան Հանրապետության Օրանժ գետի հյուսիս, Բոտսվանա և հարավային Նամիբիա։ Հարավային Աֆրիկայում թվաքանակը կազմում է 150 000 կենդանի, Բոտսվանայում՝ 100 000 կենդանի, Նամիբիայում՝ 730 000 կենդանի։
  • A. m. angolensis (= Antidorcas angolensis) - Անգոլական սփրինգբոկ[18], հյուսիսային Նամիբիա և հարավային Անգոլա։ Անգոլայում բնակվում են 10 000 առանձնյակներ, իսկ Նամիբիայում թվաքանակն անհայտ է։

Առավել վաղ շրջանի սփրինգբոկի պեղված մնացորդները հայտնի են Աֆրիկայի պլիոցենյան բաժնում (հայտնաբերվել են նաև մնացորդներ, որոնք վերաբերել են հաջորդող դարաշրջաններին), ընդ որում այդ ժամանակ սփրինգբոկների արեալը մայրցամաքում զբաղեցրել է բավականին ընդարձակ շրջաններ՝ ներառելով նույնիսկ Հյուսիսային Աֆրիկան։ Հայտնի են Antidorcas ցեղի 3 տեսակների բրածոներ. առաջին երկուսը (A. australis և A. bondi) ոչնչացել են շուրջ 7 հազար տարի առաջ, իսկ A. recki տեսակը էվոլյուցիայի ընթացքում պլեյստոցենի սկզբին տվել է A. marsupialis-ի ժամանակակից տեսքը, որի ամենավաղ բրածոների մնացորդները հայտնաբերել են Ֆլորիսբադի գտնվելու վայրում (Հարավաֆրիկյան Հանրապետության Ֆրի Սթեյթ գավառում) և թվագրվել է 100 հազար տարի առաջ։

Սփրինգբոկ և մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգբոկը պատկերված է եղել ՀԱՀ-ի նախկին զինանշանի վրա[8]։ ՀԱՀ-ի հավաքականները տարբեր մարզաձևերում, այդ թվում՝ ռեգբիում, հաճախ կրում են «սփրինգբոկ» մականունը։ Այս կենդանու հանդեպ կապվածությունը, սակայն, թուլացել է, քանի որ մարդկանց գիտակցության մեջ այն ասոցացվում է նախկին պետության և նրա ապարտհեյդ համակարգի հետ։ «South African Airways» ավիաընկերությունը 1997 թվականին այն իր խորհրդանշանից հեռացրել է (չնայած Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համակարգով «սփրինգբոկը» շարունակում է մնալ ավիաընկերության ազդակոչ)։

Նախկինում սփրինգբոկը շատ տարածված էր իր ավանդական բնակավայրերում։ Դեռևս 19-րդ դարում դիտորդները բախվել են սփրինգբոկների գաղթող հսկայական կուտակումների հետ, որոնց գլխաքանակն ավելի քան 1 միլիոն էր։ Սակայն իրավիճակը փոխվել է, քանի որ սփրինգբոկները, չնայած իրենց հայտնիությանը, երկար ժամանակ ենթակա էին ինտենսիվ որսի։ Նախ և առաջ նրանց միսը գնահատվում էր, երկրորդ, նրանք համարվում էին վնասատուներ, քանի որ նրանց հոտերը տրորում էին հացահատիկային դաշտերը։ Կազմակերպված զանգվածային հրաձգությունը 19-րդ դարում հանգեցրել է Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում սփրինգբոկների լիակատար ոչնչացմանը, և միայն 20-րդ դարում դրանք հարևան պետություններից կրկին բնակություն են հաստատել այնտեղ։ 2013 թվականի դրությամբ սփրինգբոկների ընդհանուր պոպուլյացիան գնահատվել է 2 000 000-2 500 000 առանձնյակ[20]։ Տեսակը գտնվում է Բնության պահպանության միջազգային միության հազվագյուտ կենդանիների ցանկում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Банников А. Г., Флинт В. Е. Отряд Парнокопытные (Artiodactyla) // Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 492—493. — 558 с. — ISBN 5-09-001434-5
  2. 2,0 2,1 Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 129. — 10 000 экз.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Баскин Л. М.  Спрингбок // Африка. Энциклопедический справочник. Том 2 / Гл. ред. А. А. Громыко. — М.: Советская энциклопедия, 1987. — 671 с. — С. 392.
  4. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference, 3rd ed. Vol. 1 / Ed. by D. E. Wilson and D. M. Reeder. — Baltimore: Johns Hopkins University Press, 2005. — xxxv + 743 p. — ISBN 0-8018-8221-4 — P. 677—678.
  5. 5,0 5,1 Жизнь животных, т. 6, 1971, с. 519.
  6. 6,0 6,1 6,2 Акимушкин И. И.  Мир животных. Млекопитающие, или звери. 3-е изд. — М.: Мысль, 1994. — 445 с. — ISBN 5-244-00740-8 — С. 218.
  7. 7,0 7,1 7,2 Cain, Krausman, Germaine, 2004, էջ 2
  8. 8,0 8,1 Cain, Krausman, Germaine, 2004, էջ 5
  9. 9,0 9,1 Cain, Krausman, Germaine, 2004, էջ 1
  10. Cain, Krausman, Germaine, 2004, էջ 2—3
  11. 11,0 11,1 11,2 Жизнь животных, т. 6, 1971, էջ 520
  12. Жизнь животных, т. 6, 1971, էջ 521
  13. Cain, Krausman, Germaine, 2004, էջ 3
  14. 14,0 14,1 Cain, Krausman, Germaine, 2004, էջ 4
  15. Von Zimmermann, E. A. W.  Geographische Geschichte des Menschen, und der Allgemein Verbreiteten Vierfüssigen Thiere: Nebst Einer Hieher Gehörigen Zoologischen Weltcharte. — Leipzig: Weygandschen Buchhandlung, 1780. — S. 427.
  16. Sundevall C. J.  Melhodisk öfversigt af Idislande djuren, Linnés Pecora // Kungl. Svenska Vetenskapsakademiens Handlingar, 1844. — S. 271.
  17. 17,0 17,1 Bärmann E. V., Rössner G. E., Wörheide G.  A revised phylogeny of Antilopini (Bovidae, Artiodactyla) using combined mitochondrial and nuclear genes // Molecular Phylogenetics and Evolution, 2013, 67 (2). — P. 484—493. — doi:10.1016/j.ympev.2013.02.015.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Castello J. R. (2016) Bovids of the World: Antelopes, Gazelles, Cattle, Goats, Sheep, and Relatives. — Princeton University Press. — Pp. 82—87. — 664 p. — ISBN 978-0-691-16717-6
  19. Groves C., Grubb P. 2011. Ungulate Taxonomy. — The Johns Hopkins University Press. — Pp. 154—155. — 310 p. — ISBN 1-4214-0093-6
  20. Официальный сайт Красной книги МСОП.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жизнь животных. Энциклопедия в 6 тт. Т. 6: Млекопитающие / Общ. ред. Л. А. Зенкевича. — М.: Просвещение, 1971. — 628 с.
  • Cain J. W., Krausman P. R., Germaine H. L.  Antidorcas marsupialis // Mammalian Species, 2004, 753. — P. 1—7. — doi:10.1644/753.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Спрингбок». // Сайт animalbox.ru — Կենդանական աշխարհի հանրագիտարան — Описание, фото- и видеоматериалы. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սփրինգբոկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սփրինգբոկ» հոդվածին։