Սփռուն ներզատական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սփռուն ներզատական համակարգ (դիֆուզային ներզատական համակարգ), ներզատական համակարգի բաժին, կազմված է ներզատական գեղձ չհանդիսացող օրգաններում գտնվող ներզատական բջիջների ամբողջությունից։ Այս օրգաններն են՝ ուրցագեղձը, երիկամները, սիրտը, ընկերքը, մարսողական ուղին, ուղեղը, ճարպային հյուսվածքը, արյունատար անոթները։ Սփռուն ներզատական համակարգի մի մասն է APUD-համակարգը, որի բջիջները ապակարբօքսիլացնում են ամինաթթուներին և սինթեզում հորմոններ[1]:

Սփռուն ներզատական համակարգի հիմնական նշաններին՝ բջիջների ցրվածությունը տարբեր օրգաններում։ Նրա կողմից արտադրվող հորմոններնն ունեն էնդոկրին, նեյրոէնդոկրին, պարակրին ազդեցություններ[2][3]:

Երիկամների ներզատական ֆունկցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամները հիմնական արտազատական ֆունկցիայի հետ մեկտեղ կատարում են նաև ներզատական ֆունկցիա։ Նրանց կողմից սինթեզվում են հետևյալ հորմոնները՝ Էրիթրոպոետին, ռենին և կալցիտրիոլ։

Սրտի ներզատական ֆունկցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջ նախասրտի բջիջները սինթեզում են նատրիումամուղ (ատրիոպեպտիդ, նատրիումուրետիկ) հորմոն, որի հիմնական նպատակը օրգանիզմից նատրիումի իոնների հեռացումն է, արյան ճնշման և ծավալի փոքրացումը։

Մարսողական ուղու ներզատական ֆունկցիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփռուն ներզատական համակարգի ամենամեծ բաժինը մարսողական ուղու ներզատական մասն է։ Ներզատական բջիջների մեծ մասը տեղակայված է ստամոքսում, բարակ աղիներում և ենթաստամոքսային գեղձում։ Դրանց որոշակի քանակ կա նաև կերակրափողում և հաստ աղիներում։ Մարսողական ուղու լորձաթաղանթի բջիջների կողմից արտադրվող հորմոնները կոչվում են էնտերինային հորմոններ։ Դրանց թվին են դասվում գաստրինը, սեկրետինը, խոլեցիստոկինինը, անոթաակտիվ աղիքային պեպտիդը (ԱԱՊ), ստամոքսաարգելակող պեպտիդը (ՍԱՊ), գրելինը, էնտերոգաստրինը, գլյուկագոնը (էնտերոգլյուկագոն), P-նյութը, բոմբեզինը, էնկեֆալինը, նեյրոթենզինը, սոմատոստատինը, վիլիկինիը, մոթիլիննը և այլ հորմոններ։ Այս հորմոնները մասնակցում են ստամոքսաաղիքային ուղու ներծծողական, հյութազատական և շարժողական ակտիվության կարգավորմանը։ Դրանցից ոմանք արտադրվում են նաև այլ օրգաններում ու հյուսվածքներում (սոմատոստատին, P-նյութ, էնկեֆալին և այլն)։

Ուրցագեղձի ներզատական ֆունկցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրցագեղձը (թիմուսը) համարվում է օրգանիզմի ներզատական և իմունային համակարգերն ամբողջականացնող օրգան։ Այն ապահովում է T-լիմֆոցիտների տարբերակումը, հասունացումն ու արտազատումը։ Այս գործընթացն իրականանում է ուրցագեղձում սինթեզվող հորմոնային նյութերի՝ թիմոզինի և թիմոպոետինի մասնակցությամբ։

Ճարպային հյուսվածքի ներզատական ֆունկցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպային հյուսվածքի կողմից արտադրվող հիմնական հորմոնը լեպտինն է, որը մասնակցում է ախորժակի կարգավորմանը։ Այն ազդում է ենթատեսաթմբի վրա և արգելակում քաղցի զգացում առաջ բերող Y-նեյրոպեպտիդի արտադրությունը, առաջացնում հագեցման զգացողություն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Яглов В. В., Яглова Н. В., Итоги и перспективы изучения диффузной эндокринной эпителиальной системы. Клиническая и экспериментальная морфология, 2012, № 3, с.3
  2. Приводится по: Фундаментальная и клиническая физиология / Под ред. А. Г. Камкина и А. А. Каменского. — М.: «Академия», 2004.
  3. Ընտանի կենդանիների ֆիզիոլոգիա, Տերտերյան Ե. Ե., Համբարձումյան Գ. Ռ. Մինասյան Ս. Մ. Մխիթարյան Ռ. Ս., Երևան, 2014