Սցինտիլյացիա
Սցինտիլյացիա (լատիներեն՝ scintillatio - առկայծում), կարճատև (~10−4 –10−9 վրկ) լուսային բռնկում (լյումինեսցենցման բռնկում), որն առաջանում է սցինտիլյատորներում՝ իոնացնող ճառագայթումների ազդեցությամբ։
Սցինտիլյացիան առաջինը դիտել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ու․ Կրուկսը (Crooks, 1832-1919), 1903 թվականին՝ α-մասնիկներով ZnS-ից պատրաստված էկրանը ճառագայթելիս։ Սցինտիլյատորի (լյումինաֆորի մի տեսակ) ատոմները կամ մոլեկուլները իոնացնող ճառագայթման (լիցքավորված մասնիկների) էներգիայի հաշվին գրգռվում են և ապա, անցնելով նորմալ վիճակի, առաքում են լուսային քվանտներ, այսինքն՝ դիտվում է սցինտիլյացիայի երևույթ։ Սցինտիլյացիայի մեխանիզմը, ճառագայթման սպեկտրը և լուսարձակման տևողությունը կախված են լյումինեսցենտային նյութի տեսակից, իսկ պայծառությունը կախված է լիցքավորված մասնիկների բնույթից և այն էներգիայից, որը մասնիկը կորցնում է նյութի միջով անցնելիս (օրինակ, α-մասնիկների և պրոտոնների սցինտիլյացիան զգալիորեն պայծառ է β-մասնիկների սցինտիլյացիայից)։
Սցինտիլյացիայի յուրաքանչյուր բռնկում մի մասնիկի ազդեցության արդյունք է։ Այդ երևույթի հիման վրա են աշխատում սցինտիլյացիոն հաշվիչները, որոնք օգտագործվում են փորձարարական ֆիզիկայում՝ որպես տարրական մասնիկների դետեկտորներ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 174)։ |