Jump to content

Սրտի արհեստական ռիթմավար (փեյսմեյքեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտի արհեստական ռիթմավար
Սրտի ռիթմը վերականգնող բժշկական սարք Խմբագրել Wikidata
Սրտաբանությունում օգտագործվող բժշկական սարք Խմբագրել Wikidata
Ենթադաս• բժշկական սարքավորում
 • active implantable medical device Խմբագրել Wikidata
Առողջական վիճակառիթմիա, նախասիրտ-փորոքային պաշարում, Դանդաղասրտություն Խմբագրել Wikidata
2022 Har­mo­ni­zed System Code902150 Խմբագրել Wikidata

Սրտի ռիթմավար, նաև հայտնի որպես սրտի արհեստական ​​ռիթմավար, սրտի ռիթմը վերականգնող սարք,իմպլանտացված բժշկական սարք է, որն առաջացնում է էլեկտրական ազդակներ, և էլեկտրոդներով փոխանցում սրտի մեկ կամ մի քանի բաժինների: Յուրաքանչյուր ազդակ ստիպում է սրտի թիրախ բաժիններին կծկվել և արյուն մղել,[1] այդպիսով կարգավորելով սրտի էլեկտրական հաղորդչական համակարգի գործառույթը:

Սրտի ռիթմավարի հիմնական նպատակը սրտի կանոնավոր հաճախականությունը պահպանելն է, երբ վերջինս խանգարված է, սրտի բնական հաղորդչական համակարգի անկանոն աշխատանքի, կամ սրտի էլեկտրական հաղորդչական համակարգի պաշարման հետևանքով: Ժամանակակից սրտային ռիթմավարները արտաքինից ծրագրավորվող են և սրտաբանին թույլ են տալիս յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել օպտիմալ սրտային ռիթմի ռեժիմ: Ռիթմավարների մեծ մասը ավտոմատ կերպով կանոնավորվում են հյուսվածքների կողմից արյունամատակարարման դինամիկ պահանջարկով, իսկ որոշները ուղարկում են ազդակների ֆիքսված հաճախականություն[2]։

Սրտի ռիթմավարի հատուկ տեսակ, որը կոչվում է իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, համատեղում է սրտի ռիթմավարի և դեֆիբրիլյատորի գործառույթները մեկ իմպլանտացվող սարքում:[3] Մյուսները, որոնք կոչվում են երկփորոքային սրտի ռիթմավարներ, ունեն մեկից ավելի էլեկտրոդներ, որոնք խթանում են սրտի փորոքներին տարբեր դիրքերում՝ դրանց միաժամանակ կծկումը ապահովելու համար[4]։

Սրտի խթանման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միախոռոչ սրտի ռիթմավար ունեցող անձի ԷԿԳ: Ուշադրության է արժանի սուր էլեկտրական ատամիկներից մեկի շուրջը գտնվող շրջանակին այն դիրքում, որտեղ սովորաբար պետք է սպասել P ատամիկի:
Երկխոռոչ սրտի ռիթմավար ունեցող անձի ԷՍԳ

Հարվածային խթանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակ բռունցքի օգտագործմամբ հարված՝ հայտնի նաև որպես տրանսթորակալ մեխանիկական խթանում, կրծոսկրի ձախ ստորին եզրին աջ փորոքի հատվածում, 20-30 սմ հեռավորությունից՝ փորոքային զարկ առաջացնելու համար (British Journal of Anesthesia-ն ենթադրում է, որ սա պետք է արվի փորոքային ճնշումը 10-15 մմ ս.ս. բարձրացնելու համար՝ էլեկտրական ակտիվություն առաջացնելու համար): Սա հին մեթոդ է, որն օգտագործվում է միայն որպես կյանք փրկող միջոց, մինչև հիվանդին էլեկտրական ռիթմավար դնելը:[5]

Միջմաշկային խթանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջմաշկային խթանումը, որը նաև կոչվում է արտաքին խթանում, խորհուրդ է տրվում բոլոր տեսակի հեմոդինամիկորեն նշանակալի բրադիկարդիաների սկզբնական կայունացման համար: Գործընթացը կատարվում է հիվանդի կրծքավանդակի վրա երկու խթանող բարձիկներ տեղադրելով՝ կամ առաջակողմնային, կամ առաջահետին դիրքում: Փրկարարը ընտրում է սրտի ռիթմի հաճախականությունը և աստիճանաբար մեծացնում խթանման հոսանքը (չափվում է մԱ-ով) մինչև էլեկտրական կլանումը (բնութագրվում է ԷԿԳ-ի վրա լայն QRS համալիրով և բարձր, լայն T ատամիկով)՝ համապատասխան պուլսով: ԷԿԳ-ի վրա խթանման արտեֆակտը և մկանների ուժեղ ցնցումները կարող են դժվարացնել դրա իրագործումը: Արտաքին խթանման վրա երկար ժամանակ պետք չէ հույսը դնել: Դա հարկադրված քայլ է, որը ծառայում է որպես կամուրջ մինչ ներերակային խթանման կամ բուժական այլ միջոցների կիրառումը:[6]

Էպիկարդիալ խթանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակավոր (էպիկարդիալ) փորոքային ռիթմավարով հիվանդի մոտ շեմի որոշման ԷԿԳ ռիթմի շերտ։ Էպիկարդիալ ռիթմավարի էլեկտրոդները տեղադրվել են աորտայի փականի վիրահատության ժամանակ հիվանդի գիտակցությունը կորցնելուց հետո։ Գրանցման առաջին կեսին, րոպեում 60 զարկ հաճախականությամբ ռիթմավարները հանգեցնում են լայն QRS համալիրի՝ հիսի խրձի աջ ոտիկի պաշարման պատկերով։ Մատակարարվում են աստիճանաբար ավելի թույլ ազդակներ, ինչը հանգեցնում է ասիստոլիայի գրանցման երկրորդ կեսին։ Հետևման վերջում (կարճ) հիպոքսիկ նոպաների պատճառով մկանային կծկումներից առաջանում է աղավաղում։ Քանի որ ռիթմավարի զարկերի նվազումը չի հանգեցնում փորոքային ինքնաբեր ռիթմի, կարելի է ասել, որ հիվանդը կախված է ռիթմավարից և մշտական ռիթմավարի կարիք ունի։

Ժամանակավոր էպիկարդային ռիթմավարն օգտագործվում է սրտի բաց վիրահատության ժամանակ, եթե վիրաբուժական միջամտությունը առաջացնում է նախասիրտ-փորոքային պաշարում։ Էլեկտրոդները տեղադրվում են փորոքի արտաքին պատի, անմիջապես (էպիկարդի) վրա, սրտի բավարար արտամղում պահպանելու համար։[7]

Մշտական ​​էպիկարդիալ ռիթմավարի էլեկտրոդները կարող են վիրաբուժական եղանակով տեղադրվել և թունելավորվել ազդակային գեներատորի գրպանում։ Այս էլեկտրոդները կամ պասիվորեն դիպչում են սրտին և կարվում տեղում, կամ ունեն պտուտակային մեխանիզմ՝ սրտին ակտիվորեն ամրացնելու համար։

Միջերակային խթանում (ժամանակավոր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերակային խթանումը օգտագործվում է ժամանակավոր խթանման համար, այն միջմաշկային խթանման այլընտրանք է: Սրտի ռիթմավարի մետաղալարը տեղադրվում է երակի մեջ՝ ստերիլ պայմաններում, ապա անցկացվում է աջ նախասրտի կամ աջ փորոքի մեջ: Այնուհետև խթանիչ մետաղալարը միացվում է մարմնից դուրս գտնվող արտաքին ռիթմավարին: Միջերակային խթանումը հաճախ օգտագործվում է որպես միջանկյալ միջոց, մինչ մշտական ​​ռիթմավարի տեղադրումը: Այն կարող է մնալ տեղում մինչև մշտական ​​ռիթմավարի տեղադրումը կամ մինչև դրա անհրաժեշտության վերանալը, որից հետո այն հանվում է:

Աջ նախասրտի և աջ փորոքի էլեկտրոդները, ռենտգենոսկոպիկ հսկողության տակ սրտի ռիթմավարի տեղադրման ժամանակ: Նախասրտի էլեկտրոդը կոր է և U-աձև՝ նկարի վերին ձախ մասում:

Մշտական ​​միջերակային խթանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական ​​խթանումը իմպլանտացվող սրտի ռիթմավարով ենթադրում է մեկ կամ մի քանի խթանող էլեկտրոդների միջերակային տեղադրում սրտի խոռոչում կամ խոռոչներում, իսկ սրտի արհեստական ռիթմավարը տեղադրվում է մաշկի տակ՝ անրակի հատվածում: Գործընթացը կատարվում է համապատասխան երակի կտրվածքով, որի մեջ տեղադրվում է էլեկտրոդային լարը, որը ուղղորդվում է երակի ընթացքով՝ սրտի փականի միջով, մինչև սրտի համապատասխան բաժին: Գործընթացը հեշտացվում է ռենտգենոսկոպիայի շնորհիվ, որը թույլ է տալիս բժշկին դիտել էլեկտրոդային լարի անցման ընթացքը կենդանի ժամանակում: Էլեկտրոդի բավարար ամրացումը հաստատելուց հետո էլեկտրոդային լարի հակառակ ծայրը միացվում է սրտի ռիթմավարի գեներատորին:

Մշտական ​​​​ռիթմավարների երեք հիմնական տեսակներ կան, որոնք դասակարգվում են ներգրավված սրտի խոռոչների քանակից և դրանց հիմնական գործողության մեխանիզմից։[8]

  • Միախոռոչ ռիթմավար․ Այս դեպքում սրտի խոռոչներից մեկում՝ նախասրտում, կամ փորոքում, տեղադրվում է միայն մեկ խթանող էլեկտրոդ։[8]
  • Երկխոռոչ ռիթմավար. Այստեղ էլեկտրոդները տեղադրվում են սրտի երկու խոռոչներում։ Մեկը խթանում է նախասիրտը, իսկ մյուսը՝ փորոքը։ Այս տեսակն ավելի շատ նման է սրտի բնական խթանմանը՝ օգնելով սրտին համակարգել նախասրտերի և փորոքների միջև գործառույթը։[8]
  • Երկփորոք ռիթմավար. Այս սրտի ռիթմավարն ունի երեք էլեկտրոդ, որոնք տեղադրված են սրտի երեք խոռոչներում։ Մեկը նախասրտում է, իսկ երկուսը՝ յուրաքանչյուր փորոքում։ Այն ավելի բարդ է տեղադրել։[8]
  • Ռիթմ կախյալ ռիթմավար. Այս ռիթմավարn ունի սենսորներ, որոնք հայտնաբերում են հիվանդի ֆիզիկական ակտիվության փոփոխությունները և ավտոմատ կերպով կարգավորում ռիթմի հաճախականությունը՝ օրգանիզմի նյութափոխանակության ակտիվությանը համապատասխան[8]։

Սրտի արհեստական ռիթմավարն հերմետիկորեն փակ սարք է, պարունակում է սնուցման աղբյուր՝ սովորաբար լիթիում-յոդիդային մարտկոց։ Այն ունի սենսոր, որը մշակում է սրտի էլեկտրոդների կողմից գրանցվող սրտի իքնավար ռիթմի էլեկտրական ակտիվությունը, որոշում համակարգչային տրամաբանությունը և ելքային շղթա, որը ռիթմավարի ազդակը փոխանցում է էլեկտրոդներին։

Ամենից հաճախ գեներատորը տեղադրվում է կրծքավանդակի պատի ենթամաշկային ճարպի տակ, կրծքավանդակի մկանների և ոսկրերի վերևում։ Այնուամենայնիվ, տեղադրումը կարող է տարբեր լինել յուրաքանչյուր դեպքի համար։

Ռիթմավարի արտաքին պատյանը նախագծված է այնպես, որ այն հազվադեպ է մերժվում իմունային համակարգի կողմից։ Այն սովորաբար պատրաստված է տիտանից, որը իներտ է մարմնում։

Անլար ռիթմավար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի անլար ռիթմավարները սարքեր են, որոնք չափսերը պարկուճի չափ են և այնքան փոքր են, որ թույլ են տալիս գեներատորը տեղադրել սրտի մեջ, այդպիսով խուսափելով սրտի ռիթմավարի էլեկտրոդների անհրաժեշտությունից:[9] Քանի որ սրտի ռիթմավար էլեկտրոդները կարող են ժամանակի ընթացքում խափանվել, առանց այդ բաղադրիչների սրտի ռիթմավար համակարգը տեսական առավելություններ ունի: Անլար սրտի ռիթմավարները կարող են տեղադրվել սրտի մեջ՝ օգտագործելով ուղղորդվող կաթետեր, որը մտցվում է ազդրային երակի մեջ աճուկի կտրվածքի միջոցով:[9]

Հիմնական գործառույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խթանման ռեժիմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ռիթմավարները սովորաբար ունեն մի քանի գործառույթներ: Ամենահիմնական ձևը վերահսկում է սրտի բնական էլեկտրական ռիթմը: Երբ ռիթմավարի էլեկտրոդը կամ «էլեկտրական լարը» չի հայտնաբերում սրտի էլեկտրական ակտիվությունը խոռոչում՝ նախասրտում կամ փորոքում՝ սովորական զարկերակի ժամանակահատվածում, առավել հաճախ՝ մեկ վայրկյանում, այն խթանում է կամ նախասիրտը, կամ փորոքը կարճ ցածր լարման ազդակով: Եթե այն զգում է էլեկտրական ակտիվություն, ապա դադարում է խթանել: Այս զգայուն և խթանող գործունեությունը շարունակվում է զարկերակի առ զարկի հիմունքներով և կոչվում է «պահանջարկով խթանում»: Երկխոռոչ սարքի դեպքում, երբ վերին խոռոչները ունենում են ինքնաբուխ կամ խթանված ակտիվացում, սարքը սկսում է հետհաշվարկ՝ որպեսզի համոզվի, արդյոք ընդունելի և ծրագրավորվող ժամանակահատվածում տեղի է ունենում փորոքի ակտիվացում, հակառակ դեպքում կրկին կտրամադրվի ազդակ:

Ավելի բարդ ձևերը ներառում են նախասրտային և փորոքների խոռոչները զգալու և/կամ խթանելու ունակությունը։

Հակաբրադիկարդային խթանման NASPE/BPEG վերանայված ընդհանուր կոդը[10]
IIIIIIIVV
Խթանվող խոռոչ(ներ)Զգացող խոռոչ(ներ)Զգացողությանը արձագանքՀաճախականության մոդուլյացիաԲազմատեղային խթանում
O = Ոչ մեկO = Ոչ մեկO = Ոչ մեկO = Ոչ մեկՈչ մեկ
A = ՆախասիրտA = ՆախասիրտT = ԱկտիվացվածR = Հաճախականության մոդուլյացիաA = Նախասիրտ
V = ՓորոքV = ՓորոքI = ԱրգելակվածV = Փորոք
D = Կրկնակի (A+V)D = Կրկնակի (A+V)D = Կրկնակի (T+I)D = Կրկնակի (A+V)

Սրանից ելնելով՝ հիմնական փորոքային «պահանջարկով» խթանման ռեժիմը VVI է կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության համար ավտոմատ հաճախականության կարգավորմամբ VVIR՝ այս ռեժիմը հարմար է, երբ նախասրտերի զարկերի հետ համաժամեցում չի պահանջվում, ինչպես նախասրտերի ֆիբրիլյացիայի դեպքում: Համարժեք նախասրտերի խթանման ռեժիմը AAI կամ AAIR է, որը նախընտրելի ռեժիմ է, երբ նախասրտային-փորոքային հաղորդականությունը անվնաս է, բայց բնական սրտի ռիթմավարի սինոատրիալ հանգույցը անվստահելի է՝ սինուսային հանգույցի հիվանդություն (SND) կամ սինուսի հիվանդ համախտանիշ: Երբ խնդիրը նախասրտային-փորոքային բլոկադան է (AVB), սրտի ռիթմավարը պարտավոր է հայտնաբերել (զգայել) նախասրտերի զարկը և նորմալ ուշացումից (0.1–0.2 վայրկյան) հետո ակտիվացնել փորոքային զարկը, եթե դա արդեն տեղի չի ունեցել. սա VDD ռեժիմ է և կարող է իրականացվել մեկ սրտի խթանման էլեկտրահաղորդիչով՝ աջ նախասրտում (զգայելու համար) և փորոքում (զգայելու և տեմպավորելու համար): Այս AAIR և VDD ռեժիմները հազվագյուտ են ԱՄՆ-ում, բայց լայնորեն կիրառվում են Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:[11][12] DDDR ռեժիմն առավել հաճախ է օգտագործվում, քանի որ այն ներառում է բոլոր տարբերակները, չնայած սրտի ռիթմավարները պահանջում են առանձին նախասրտային և փորոքային էլեկտրահաղորդիչներ և ավելի բարդ են և օպտիմալ արդյունքների հասնելու համար, պահանջում են իրենց գործառույթների ուշադիր ծրագրավորում:

Ավտոմատ սրտի ռիթմավարները նախագծված են այնպես, որ ցանկացած պահի սրտի բնական հաճախականությամբ դրանց աշխատանքը անջատել լինի, երբ այն վերադարձել է ոչ պաթոլոգիական նորմալ սինուսային ռիթմի և կարողանան սրտի էլեկտրական ակտիվությունը վերսկսել, երբ կրկին տեղի ունենա պաթոլոգիական իրադարձություն:[13] «Փորոքային պահանջարկով սրտի ռիթմավարը» ԷՍԳ-ի վրա առաջացնում է նեղ ուղղահայաց ցատկ, լայն QRS համախտանիշից անմիջապես առաջ: «Նախասրտային պահանջարկով սրտի ռիթմավարի» ցատկը հայտնվում է P ալիքից անմիջապես առաջ (էլեկտրասրտագրություն):[14]

Համեմատաբար, ակտիվացող սրտի ռիթմավարը ակտիվանում է անմիջապես սրտի հյուսվածքում էլեկտրական ակտիվություն սկսելուց հետո: «Փորոքային ակտիվացող սրտի ռիթմավարը» ազդակը առաջացնում է անմիջապես փորոքային հյուսվածքում ազդակի ստեղծումից հետո, և այն դրսևորվում է որպես QRS համակցության հետ միաժամանակյա ցատկ: «Նախասրտային ակտիվացող սրտի ռիթմավարը» այն ռեժիմն է, որի դեպքում ազդակը առաջանում է նախասրտում էլեկտրական իրադարձությունից անմիջապես հետո: Այն դրսևորվում է որպես լիցքաթափում p ալիքին հաջորդող, բայց QRS համակցությունից առաջ, որը սովորաբար լայնանում է:[15]

Սիրտը կազմված է գրգռվող հյուսվածքից, և միոկարդը «գործի դնելու» և սրտի գործելունեությունը ապահովելու համար, որոշակի լարման էլեկտրական ազդակ է անհրաժեշտ։ Դրան հասնելու նվազագույն լարումը կոչվում է շեմ։ Քանի որ սա հավանականային հատկություն է, օգտագործվող իրական լարումը շեմից բարձր է (սովորաբար 50-100% տարբերությամբ)։ Բացի այդ, էլեկտրական ազդակն ունի ժամանակային բաղադրիչ, և շեմի ճիշտ նկարագրությունը լարումն ու ազդակի արանքն է։

Բոլոր էլեկտրական շղթաները պահանջում են կաթոդի և անոդի միջև ամբողջական միացում: Որոշ խթանող էլեկտրոդների դեպքում սրտի հետ երկու միացումներն էլ ապահովվում են մեկ էլեկտրոդով («երկբևեռ»), իսկ որոշները՝ միայն մեկ միացում («միաբևեռ»): Միաբևեռի դեպքում երկրորդ միացումը ներքին է՝ սրտից դեպի գեներատոր՝ մարմնի (արյուն, հյուսվածք և այլն) միջով:

Կարևոր է նաև իմպեդանսը: Որքան ցածր է դիմադրությունը, այնքան ավելի շատ հոսանք է անհրաժեշտ շեմային լարման հասնելու համար և նվազեցնում է մարտկոցի կյանքի տևողությունը: Իմպեդանսը կախված է խթանող էլեկտրոդի ամբողջականությունից և էլեկտրոդ-հյուսվածքային միջերեսից սրտի հետ:

Զգացողություն և զգայունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի ռիթմավարի գործառույթի կարևոր կողմերից մեկը սրտի ներքին ակտիվության զգացումն է: Սա կոչվում է զգացողություն: Ավելի մեծ զգացվող լարումները ցանկալի են, և ենթադրվում է, որ փորոքը ավելի մեծ լարումներ է արտադրում, քան նախասրտերը:

Միջադեպը զգալու համար նվազագույն լարումը կոչվում է զգայունություն: Որքան բարձր է զգայունությունը, այնքան քիչ է զգացվում, և հակառակը: Զգայունության չափազանց ցածր մակարդակը կարող է խնդիրներ առաջացնել P ալիքների, T ալիքների և աղմուկի զգացողության հետ կապված. այս երևույթների զգացողությունը կոչվում է «գերզգայունություն»: Չափազանց բարձր զգայունությունը կարող է հանգեցնել P ալիքների բացթողման նախասրտերում և QRS համախտանիշի բացթողման փորոքներում, և կոչվում է «թերզգայունություն»:

Հաշվի առնելիք հանգամանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի ռիթմավարը կարող է տեղադրվել արթուն ժամանակ՝ օգտագործելով տեղային անզգայացում՝ մաշկը թմրեցնելու համար՝ հանգստացմամբ, կամ առանց դրա, կամ ընդհանուր անզգայացմամբ։[16] Սովորաբար, վարակի ռիսկը նվազեցնելու համար, հակաբիոտիկ է տրվում:[16] Սրտի ռիթմավարները սովորաբար տեղադրվում են կրծքավանդակի առջևի մասում՝ ձախ կամ աջ ուսի շրջանում: Մաշկը պատրաստվում է իմպլանտի տեղամասի վրայի մազերը կտրելով կամ սափրելով՝ այնուհետև մաշկը մաքրվում է քլորհեքսիդինի նման ախտահանիչով: Կտրվածք է կատարվում անրակի ոսկրի տակ, և մաշկի տակ ստեղծվում է տարածություն կամ գրպան՝ սրտի ռիթմավարի գեներատորը տեղավորելու համար: Այս գրպանը սովորաբար ստեղծվում է մեծ կրծքային մկանի վերևում (պրեկեկտորալ), բայց որոշ դեպքերում սարքը կարող է տեղադրվել մկանի տակ (ենթամկանային):[17] Էլեկտրոդ կամ էլեկտրոդներ են մտցվում սրտի մեջ մեծ երակի միջոցով՝ ուղղորդվելով ռենտգենյան պատկերման (ֆլուորոսկոպիա) միջոցով: Էլեկտրոդների ծայրերը կարող են տեղադրվել աջ փորոքում, աջ նախասրտում կամ պսակաձև սինուսում՝ կախված պահանջված սրտի ռիթմավարի տեսակից։[16] Վիրահատությունը սովորաբար ավարտվում է 30-ից 90 րոպեի ընթացքում: Իմպլանտացիայից հետո վիրաբուժական վերքը պետք է պահվի մաքուր և չոր, մինչև այն լավանա: Տեղադրումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում ուսի որոշ շարժումներ կարող են առաջացնել սրտի ռիթմավարի էլեկտրոդների տեղահանման ռիսկ:[16]

Սրտի ռիթմավարի գեներատորի մարտկոցները սովորաբար ծառայում են 5-ից 10 տարի: Երբ մարտկոցները մոտենում են իրենց կյանքի ավարտին, գեներատորը փոխարինվում է մի ընթացակարգով, որը սովորաբար ավելի պարզ է, քան նոր իմպլանտը: Փոխարինումը ներառում է կտրվածքի կատարում՝ առկա սարքը հանելու, էնդելները հին սարքից անջատելու և դրանք նոր գեներատորին վերամիացնելու, նոր սարքը վերամիացնելու և մաշկը փակելու համար:[16]

Սրտի ռիթմավարի պարբերական ստուգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրտի ռիթմավար կրող հիվանդների կողմից օգտագործվող հեռակառավարման մոնիթորինգի սարքի երկու տեսակ

Սրտի ռիթմավարը տեղադրելուց հետո այն պարբերաբար ստուգվում է՝ համոզվելու սարքի պատշաճ գործունակության մեջ։ Սարքը կարող է ստուգվել այնքան հաճախ, որքան անհրաժեծտ է։ Սրտի ռիթմավարի ռուտինային ստուգումները սովորաբար կատարվում են կաբինետում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, չնայած դա կարող է տարբեր լինել՝ կախված հիվանդի/սարքի վիճակից և հեռակա մոնիթորինգի հասանելիությունից: Սրտի ռիթմավարի ավելի նոր մոդելները կարող են ստուգվել հեռակա կարգով՝ հիվանդը իր սրտի ռիթմավարի տվյալները փոխանցում է տանը գտնվող բջջային հեռախոսային ցանցին միացված հաղորդչի միջոցով։

Մագնիսական դաշտեր, ՄՌՏ և այլ կենսակերպի խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի ռիթմավարի տեղադրումից հետո, հիվանդի կենսակերպը սովորաբար առանձնապես չի փոխվում: Սակայն կան մի քանի որոշակի գործողություններ, որոնք խորհուրդ չի տրվում՝ կոնտակտային սպորտաձևերը և ինտենսիվ մագնիսական դաշտերի ազդեցությունը սրտի ռիթմավարի վրա:

Սրտի ռիթմավար կրող հիվանդին կարող է անհրաժեշտ լինել, որոշ առօրյա գործողություններ փոփոխվել: Օրինակ, մեքենայի անվտանգության գոտին կարող է անհարմար լինել, եթե այն անցնի սրտի ռիթմավարի վրայով: Կանայք վիրահատությունից հետո որոշ ժամանակ չեն կարողանա կրել կրծկալներ, իսկ ավելի ուշ կարող են ստիպված լինել կրել ուսի լայն ամրակներով կրծկալներ:

Որոշ սպորտաձևերի և ֆիզիկական ակտիվության համար կարելի է կրելսրտի ռիթմավարի հատուկ պաշտպանիչ՝ հնարավոր վնասվածքները կամ սրտի ռիթմավարի էլեկտրոդների շարքից դուրս գալը կանխելու համար։

Սրտի ռիթմավարները կարող են ազդվել մագնիսական կամ էլեկտրամագնիսական դաշտերից, ինչպես նաև իոնացնող և ակուստիկ ճառագայթումից: Այնուամենայնիվ, 2013 թվականի ուսումնասիրությունը պարզել է, որ «Սրտանոթային իմպլանտացվող էլեկտրոնային սարքերի (ՍԻԷԴ) ստացողների մոտ ԷՄԻ-ի (էլեկտրամագնիսական խանգարումներ) հետ կապված կլինիկորեն նշանակալի անբարենպաստ իրադարձությունների ընդհանուր ռիսկը շատ ցածր է: Հետևաբար, կենցաղային տեխնիկայի օգտագործման ժամանակ հատուկ նախազգուշական միջոցներ անհրաժեշտ չեն: ԷՄԻ-ի շրջակա միջավայրի և արդյունաբերական աղբյուրները համեմատաբար անվտանգ են, երբ ազդեցության ժամանակը սահմանափակ է, և ՍԻԷԴ-ներից հեռավորությունը առավելագույնի է հասցվում: ԷՄԻ-ի առաջացրած իրադարձությունների ռիսկը ամենաբարձրն է հիվանդանոցային միջավայրում»:[18] Ուսումնասիրությունը թվարկում և աղյուսակավորում է խանգարման բազմաթիվ աղբյուրներ և բազմաթիվ տարբեր հնարավոր հետևանքներ՝ սխեմաների վնասում, ասինխրոն խթանում և այլն: Հին սարքերում առկա վտանգի որոշ աղբյուրներ նոր սարքերում վերացվել են:

Պետք է խուսափել ուժեղ մագնիսական դաշտերի հետ կապված գործունեությունից, օրինակ, աղեղային եռակցումը,[19] և ծանր սարքավորումների սպասարկումը, որոնք կարող են ուժեղ մագնիսական դաշտեր առաջացնել: Որոշ բժշկական պրոցեդուրաներ, մասնավորապես մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՊ), շատ ուժեղ մագնիսական դաշտեր կամ այլ պայմաններ, որոնք կարող են վնասել սրտի ռիթմավարները:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «UpToDate». www.uptodate.com. Վերցված է 2022-08-02-ին.
  2. ↑ «Pacemakers». Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
  3. ↑ «Overview of Pacemakers and Implantable Cardioverter Defibrillators (ICDs) – Health Encyclopedia – University of Rochester Medical Center». www.urmc.rochester.edu. Վերցված է 2022-08-02-ին.
  4. ↑ «Biventricular Pacemaker». Cleveland Clinic. Վերցված է 2022-08-02-ին.
  5. ↑ Eich C, Bleckmann A, Paul T (2005 թ․ հոկտեմբեր). «Percussion pacing in a three-year-old girl with complete heart block during cardiac catheterization». Br J Anaesth. 95 (4): 465–67. doi:10.1093/bja/aei209. PMID 16051649.
  6. ↑ Shah, Maully; Rhodes, Larry; Kaltman, Jonathan (2017). Cardiac Pacing and Defibrillation in Pediatric and Congenital Heart Disease (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 978-0-470-67109-2.
  7. ↑ Valchanov, Kamen; Jones, Nicola; Hogue, Charles W. (2018). Core Topics in Cardiothoracic Critical Care. Cambridge University Press. ISBN 978-1-108-66567-4.[Հղում աղբյուրներին]
  8. 1 2 3 4 5 «Pacemakers, Patient and Public Information Center: Heart Rhythm Society». Արխիվացված է օրիգինալից 2010-06-19-ին.
  9. 1 2 «The leadless pacemaker: A new era in cardiac pacing». Hospital Healthcare Europe (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2019-02-02-ին. Վերցված է 2019-02-01-ին.
  10. ↑ Bernstein AD, Daubert JC, Fletcher RD, Hayes DL, Lüderitz B, Reynolds DW, Schoenfeld MH, Sutton R (2002). «The revised NASPE/BPEG generic code for antibradycardia, adaptive-rate, and multisite pacing. North American Society of Pacing and Electrophysiology/British Pacing and Electrophysiology Group». Pacing Clin Electrophysiol. 25 (2): 260–64. doi:10.1046/j.1460-9592.2002.00260.x. PMID 11916002. S2CID 12887364.
  11. ↑ Böhm A, Pintér A, Székely A, Préda I (1998). «Clinical Observations with Long-term Atrial Pacing». Pacing Clin Electrophysiol. 21 (1): 246–49. doi:10.1111/j.1540-8159.1998.tb01097.x. PMID 9474681. S2CID 23277568.
  12. ↑ Crick JC (1991). «European Multicenter Prospective Follow-Up Study of 1,002 Implants of a Single Lead VDD Pacing System». Pacing Clin Electrophysiol. 14 (11): 1742–44. doi:10.1111/j.1540-8159.1991.tb02757.x. PMID 1749727. S2CID 698053.
  13. ↑ Dubin, Dale (2000). Rapid Interpretation of EKG's: An Interactive Course (անգլերեն). Cover Publishing Company. ISBN 978-0-912912-06-6.
  14. ↑ «UpToDate». www.uptodate.com. Վերցված է 2018-09-10-ին.
  15. ↑ Baltazar, Romulo F. (2012). Basic and Bedside Electrocardiography. Lippincott Williams & Wilkins. ISBN 978-1-4511-4791-9.
  16. 1 2 3 4 5 Ramsdale, David R. (2012). Cardiac pacing and device therapy. Rao, Archana. London: Springer. ISBN 978-1-4471-2939-4. OCLC 822576869.
  17. ↑ Pena, Rafael E.; Shepard, Richard K.; Ellenbogen, Kenneth A. (2006 թ․ դեկտեմբեր). «How to Make a Submuscular Pocket». Journal of Cardiovascular Electrophysiology. 17 (12): 1381–83. doi:10.1111/j.1540-8167.2006.00665.x. PMID 17081202. S2CID 38032736.
  18. ↑ Beinart, R; Nazarian, S (2013 թ․ դեկտեմբերի 24). «Effects of external electrical and magnetic fields on pacemakers and defibrillators: from engineering principles to clinical practice». Circulation. 128 (25): 2799–809. doi:10.1161/CIRCULATIONAHA.113.005697. PMC 3908865. PMID 24366589.
  19. ↑ Marco D, Eisinger G, Hayes DL (1992 թ․ նոյեմբեր). «Testing of work environments for electromagnetic interference». Pacing Clin Electrophysiol. 15 (11 Pt 2): 2016–22. doi:10.1111/j.1540-8159.1992.tb03013.x. PMID 1279591. S2CID 24234010.