Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Հրեշտակապետաց Եկեղեցի
Yekeghetsakan hamalir Mayr Ator 1.JPG
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Օծման թվական2011
Ներկա վիճակգործող
ՃարտարապետՋիմ Թորոսյան
Կառուցման սկիզբսեպտեմբերի 10, 2007
Կառուցման ավարտնոյեմբերի 5, 2011
Հիմնադրվածնոյեմբերի 5, 2011

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Վաղարշապատ քաղաքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի հարևանությամբ։ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաների աղոթատեղին է. սաները եկեղեցում մասնակցում են ամենօրյա ժամերգություններին և պատարագներին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբոց Հրեշտակապետաց դամբարան-եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2007 թվականի սեպտեմբերի 10-ին, եկեղեցու խաչերի օծումը՝ 2011 թվականի օգոստոսի 23-ին, եկեղեցու նավակատիքը՝ նոյեմբերի 4-ի երեկոյան։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին կառուցվել է «Հորիզոն 95» շինարարական ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանի մեկենասությամբ։ Եկեղեցու ճարտարապետը Ջիմ Թորոսյանը[1] է, կոնստրուկտորը՝ Հովհաննես Մեյրոյանը, քանդակագործը՝ Երվանդ Քոջաբաշյանը։

Ինչպես նշվում է նախագծի բացատրագրում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հանձնարարվել էր կառուցել մի եկեղեցի՝ ի նշանավորումն հայ եկեղեցական շինարարական վերածննդի։ 25 մետր տրամագծով այս կլոր եկեղեցին ծառայում է որպես կապող օղակ Կոմիտասի Հրապարակի և Մայր Աթոռի համալիրի միջև։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին կառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աթարբեկյան փողոցին հարակից այգու առանցքով Գևորգյան ճեմարանի բակի հյուսիս-արևմտյան կողմում, այնպես որ այն բոլոր կողմերից լրացնում է Էջմիածնի համալիրի ուրվագիծը։

Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է 2011 թվականի նոյեմբերի 5-ին՝ Հրեշտակապետաց տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ[2]։

Եկեղեցու օծման արարողությանը ներկա են գտնվել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և թեմական պատվիրակներ, Մայր Աթոռի բարերարներ, միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողներ[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին կենտրոնագմբեթ եկեղեցի է, հատակագծում ունի շրջանաձև հորինվածք։

Շրջանաձև հորինվածքը մինչև 12.5 մետր կազմված է 3 մետր մուտուլային բացվածքով ելուստավոր 15 նիստերից և 6 մետր լայնությամբ արևելյան ուղղանկյուն խորանից։ Եկեղեցու մուտքերը երկուսն են՝ գլխավորը գտնվում է արևմտյան, իսկ մյուսը՝ արևելյան կողմում։

Եկեղեցին շարունակում է հայ ճարտարապետական մտքի բազմախորան եկեղեցիների հորինվածքը, ինչպես Խնծկոնքի համալիրի հուշարձաններն են, Անիի Սբ. Փրկիչ եկեղեցին և այլն։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու աղոթասրահը մինիմալիստական կերտվածք ունի։ Եկեղեցու ներքին մակերևույթը միասնական է, որի վրա վերևից ներքև հաջորդաբար զետեղված են թմբուկի խաչերը, որմնախորշերի առանցքով կախված կանթեղները, վեղարի տակ քանդակված որմնագիր արձանագրությունը՝ «Դու ես ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը մեր», ինքնատիպ լուծումով խորանն ու գավազանասյունները, հյուսիսային կողմում առանձին կանգնած մկրտության ավազանը։

Խորանի 60 սմ. բարձրությամբ բեմը դեպի դահլիճ առաջացած ուղղանկյուն հարթակ է, նրա առաջնաբեմի երկու անկյուններում յուրահատուկ մասշտաբով գավազաններն են։

Եկեղեցու բնական լույսի ընտրված ուժգնությունը մեղմ է ու մաղվող, ինչը եկեղեցու ներքին տարածքին հաղորդում է աղերսի և հոգևոր խաղաղության մթնոլորտ։

Սրբոց Հրեշտակապետաց դամբարան-եկեղեցու Խորանի հյուսիսային կողմում է պտուտակաձև աստիճանները, որոնք ոլորապտույտ տանում են դեպի մեմորիալ սրահը։ Այն շուրջանակի 8 սյուներով իրականացված պարագծային միջանցքով և կենտրոնական սրահով համադրված տարածություն է։ Սրահի խորանային մասի հետնապատի կիզակետում մի մեծ խաչ է, որը վերցնում է ողջ ինտերիերը։ Այստեղ՝ առաստաղի, հատակի հարթությունների վրա ամենուրեք խաչերի հարթաքանդակներ են, իսկ արևմտյան կողմում տեղադրված է հավերժության խորհրդանիշը պատկերող շրջանաձև մեծ բարձրաքանդակ։

Տաճարի արտաքին ծավալատարածական լուծումը կանոնավոր երկրաչափական ձև ունի։ Աղոթասրահն ու գմբեթը ավանդական արմատ 2-ի հարաբերությամբ են։ Դրանք բաժանող կամարակապը հարավարևելյան կողմից վերևից եզերված է վիմագիր արձանագրությամբ՝ «Եւ նստաւ տապանն եօթներորդում ամսեանն ի քսան եւ եօթն ամսոյն ի լերինս Արարատայ, եւ օրհնեաց Աստուած զՆոյ եւ զորդիս նորա եւ ասէ ցնոսա՝ աճեցէք եւ բազմացարուք եւ լցէք զերկիր եւ տիրեցէք դմա»:

Եկեղեցու վեհությունն ընդգծելու համար նրա ենթածավալների համամասնությունը դեպի վերև նվազողական օրինաչափությամբ է։ Չորս ճակատների առանցքներն ու ճանաչողական տարրերը ընդգծվել են հարթաքանդակային լուծումներով, ինչպիսիք են դեպի քաղաքային հրապարակի կողմնուղղված ճակատի քանդակը, որ պատկերում է Սբ. Գրիգոր Լուսավորիչի տեսիլքով մայր Տաճարի արարումն ու հիշատակագրությունը՝ «Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա» եւ «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգս Հայոց կապեալ կայ»:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]